Ֆաթմա Նեսլիշահ Սուլթան, հայտնի է նաև որպես Նեսլիշահ Օսմանօղլու (թուրքերեն՝ Fatma Neslişah Osmanoğlu, փետրվարի 4, 1921(1921-02-04), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 2, 2012(2012-04-02)[1], Ստամբուլ, Թուրքիա[2]), մայրական գծով օսմանյան վերջին սուլթան Մուհամմեդ VI Վահիդեդինի, իսկ հայրական գծով Օսմանների արքայատոհմի վերջին խալիֆ Աբդուլ Մեջիդ II-ի թոռնուհի, եգիպտական ռեգենտ Մուհամմադ Աբդել Մոնիմի կինը։

Ֆաթմա Նեսլիշահ
թուրքերեն՝ Fatma Neslişah Osmanoğlu
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1921(1921-02-04)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 2, 2012(2012-04-02)[1] (91 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԱշյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինPrince Muhammad Abdel Moneim?
Ծնողներհայր՝ Şehzade Ömer Faruk?, մայր՝ Rukiye Sabiha Sultan?
ԵրեխաներPrince Abbas Hilmi?
 Neslişah Sultan Վիքիպահեստում

Արքայատոհմի վերջին ներկայացուցիչն է, որ ծնվել է մինչև սուլթանության տապալումը և վերջին մարդը, որ գրանցված է «Օսմանյան արքայատոհմի գրքում»[3]։

Ծագում խմբագրել

Ֆաթմա Նեսլիշահը ծնվել է ծնողների Նիշանտաշիի պալատում 1921 թվականի փետրվարի 4-ին։ Նրա հայրը շեհզադե Օմեր Ֆարուկն էր՝ Օսմանների արքայատոհմի վերջին խալիֆ Աբդուլ Մեջիդ II-ի միակ որդին և ավագ երեխան, մայրը՝ Ռուկիյե Սաբիհա Սուլթանը՝ օսմանյան վերջին սուլթան Մուհամմեդ VI-ի կրտսեր աղջիկը։ Ծննդյան պահից Ֆաթմա Նեսլիշահն ստացել է Նորին կայսերական մեծություն Նեսլիշահ Սուլթան Հազրեթլերի («Devletlû İsmetlû Neslişah Sultan Aliyyetuş'şan Hazretleri») տիտղոսը[2]։ Նրա ծնունդը տոնել են թնդանոթի 121 համազարկով և ոսկի բաժանելով[3]։ Նեսլիշահն ընտանիքի ավագ երեխան էր, նա ուներ երկու քույր՝ Հանզադե Օսմանօղլուն (ծնվել է 1923 թվականին Ստամբուլում) և Նեջլա Հիբետուլլահ Սուլթանը (ծնվել է Նիցցայում 1926 թվականին)։ Արտաքսումից առաջ ընտանիքն ապրում էր Դոլմաբահչեի պալատում։

Արտաքսում խմբագրել

Համաձայն 1924 թվականի մարտի 3-ի № 431 օրենքի՝ Նեսլիշահը, նրա ծնողներն ու քույրը ներառվել են հարկադիր տեղահանության ցուցակում։ Ընտանիքը տեղափոխվել է Նիցցա, որտեղ Նեսլիշահը քույրերի հետ կրթություն է ստացել։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Ֆրանսիայում, որից հետո մեկնել է Եգիպտոս։ Նեսլիշահը սովորել է 4 լեզու՝ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և արաբերեն։

Եգիպտական արքայադուստր խմբագրել

1940 թվականին Ֆաթմա Նեսլիշահն ամուսնացել է Եգիպտոսի վերջին խեդիվ Աբբաս Հիլմիի որդու՝ արքայազն Մուհամմադ Աբդել Մոնիմ Բեյ Էֆենդիի հետ՝ այդպիսով դառնալով Եգիպտոսի արքայադուստր-կոնսորտ[4][5][6]։ Դրանից 2 տարի առաջ 50 միլիոն ամերիկյան դոլար կարողության ժառանգորդ Մուհամմադն իր բարեկամից՝ Եգիպտոսի թագավոր Ֆարուկից, թույլտվություն էր ստացել ամուսնանալու Ալբանիայի թագավոր Ահմեդ Զոգուի քրոջ հետ[7], բայց ամուսնությունն այդպես էլ չի կայացել։

Երբ Հուլիսյան հեղափոխության ընթացքում Ազատ սպաների շարժումը տապալել է Ֆարուկ թագավորին, Մուհամմադը նշանակվել է մանկահասակ թագավոր Ֆուադի խնամակալների խորհրդի նախագահ։ 1952 թվականի սեպտեմբերի 7-ին խորհուրդը լուծարվել է, և Մուհամմեդը դարձել է միանձնյա խնամակալ արքայազն[8]։ Թագուհի-կոնսորի բացակայության պայմաններում նրա պարտականությունները դե ֆակտո կատարել է Նեսլիշահը՝ որպես խնամակալ արքայազնի կին։ Նեսլիշահն զբաղվել է բարեգործությամբ և ներկայացուցչական գործունեությամբ (ներկա է եղել մարզական խոշոր մրցաշարերի և այլն)[9]։

Մուհամմադի խնամակալությունը տևել է 10 ամիս։ 1953 թվականի հունիսի 18-ին Եգիպտոսի հեղափոխական հրամանատարության խորհուրդը վեացրել է միապետությունը։ Չորս տարի անց Մուհամմադն ու Նեսլիշահը ձերբակալվել են նախագահ Նասերի դեմ դավադրությանը մասնակցելու մեղադրանքով։ Նեսլիշահն ամուսնու հետ բանտից ազատ է արձակվել միայն Թուրքիայի նախագահի միջամտությունից հետո։ Նեսլիշահն արտաքսվել է երկրորդ անգամ։ Նա ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ մնացել է մինչև 1963 թվականը։

Վերադարձ հայրենիք խմբագրել

1952 թվականին Թուրքիայում Օսմանյան արքայատոհմի արքայադստեր համար համաներում է հայտարարվել։ 1963 թվականին Նեսլիշահն ընտանիքի հետ վերադարձել է Թուրքիա[2], որտեղ ստացել է քաղաքացիություն և Օսմանօղլու ազգանունը (բառացի՝ Օսմանների որդի, ժառանգ)։ Մուհամմադ արքայազնը մահացել է 1979 թվականին Ստամբուլում, Ֆաթմա Նեսլիշահն մնացել է չամուսնացած աղջկա՝ Իկբալի հետ[9]։

Իր մահվան պահին Նեսլիշահն Օսմանյան արքայատոհմի ամենածեր ներկայացուցիչն էր[10]։ Բուրհանեդին Ջեմի և Էրթուգրուլ Օսմանի մահից հետո Նեսլիշահը արքայատոհմի վերջին կենդանի անդամն էր, որ ծնվել էր Օսմանյան կայսրությունում։

Երեխաներ խմբագրել

Նեսլիշահն ու Մուհամմադն ունեցել են երկու երեխա.

  • Արքայազն Աբբաս Հիլմի – ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 16-ին Կահիրեում։ Ամուսնացել է Մեդիհա Մոմտազի հետ, ունի 2 երեխա.
    • Արքայադուստր Սաբիհա Ֆաթիմա Հիլմի Հանըմ – ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ին Լոնդոնում։
    • Արքայազն Դաուդ Աբդելմոնիմ Հիլմի Բեյ – ծնվել է 1979 թվականի հուլիսի 23-ին Լոնդոնում։
  • Արքայադուստր Իկբալ Հիլմի Աբդուլմոնիմ հանըմսուլթան – ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 22-ին։

Ծագումնաբանություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Twice-exiled former Ottoman princess dies
  2. 2,0 2,1 2,2 «Mehmet Ali Hanedanı tanıtım sayfası» (թուրքերեն). Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  3. 3,0 3,1 İlber Ortaylı Prenseslik Zor Meslek(թուրքերեն) // Milliyet Gazetesi. — 2011.
  4. EMMA REYNOLDS (4.4.2012). «'I belong to this land': Twice-exiled princess who was oldest surviving member of Ottoman dynasty dies in Turkey, aged 91» (անգլերեն). Mail Online. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  5. Montgomery-Massingberd, Hugh Burke's Royal Families of the World. Volume II: Africa & the Middle East. — London: Burke's Peerage, 1980. — С. 35. — ISBN 978-0-85011-029-6. OCLC 18496936
  6. Montgomery-Massingberd, Hugh Burke's Royal Families of the World. Volume II: Africa & the Middle East. — London: Burke's Peerage, 1980. — С. 247. — ISBN 978-0-85011-029-6. OCLC 18496936
  7. «TO WED KING ZOG'S SISTER; Prince Abdul Moneim Receives Egyptian Ruler's Permission» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  8. Yunan Labib Rizk Royal help(անգլ.) // Al-Ahram Weekly. — 2005. — № 727.
  9. 9,0 9,1 Samir Raafat (март 2005). «Egypt's First Ladies» (անգլերեն). Egy.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  10. Ottomanfamily.com

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթմա Նեսլիշահ» հոդվածին։