Օսմանյան պատերազմները Եվրոպայում

Օսմանյան պատերազմները Եվրոպայում, 1299 թվականին օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի գլխավորության կազմավորված քոչվոր թուրքերի զավթողական ռազմական գործողությունները Եվրոպա աշխարհամասում, որոնք ծագել են դեռևս զարգացած միջնադարում՝ հասնելով մինչև 20-րդ դար։ Օսմանյան թուրքերի դեպի Եվրոպա ներթափանցումը սկսվել է 13-րդ դարում, երբ վերջիններս կարողանում են զարգացնել Անատոլիայում պարտված բյուզանդացիների նկատմամբ ռազմավարական հաջողությունները և տարածվել դեպի արևմուտք։ 1453 թվականին օղուզական հրոսակներն անցնում են Ոսկեղջյուրը և պաշարում Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։ Բյուզանդիոնի անկումից հետո թուրքերն առճակատվում են բուլղարների և սերբերի հետ, արդյունքում՝ զավթելով վերջիններիս թագավորական տիրույթները։ 14-րդ դարի վերջին արդեն Օսմանյան կայսրության տիրապետության ներքո միավորվում էր գրեթե ողջ Բալկանյան թերակղզին։ 15-16-րդ դարում թուրքերը մեծապես զավթողական պատերազմներ են մղում կենտրոնական Եվրոպայի տարածքների համար՝ առճակատվելով Ավստրիական կայսրության, Հունգարիայի թագավորության, Բոհեմիայի իշխանության և Ռեչ Պոսպոլիտայի հետ[1][2]։ Արդյունքում՝ Սուլեյման I-ի գահակալման տարիներին կայսրությունը հասնում է իր հզորության գագաթնակետին` ներառելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասիը, Կենտրոնական Եվրոպայի որոշ շրջաններ, Արևմտյան Ասիան, Հայկական լեռնաշխարհը, Հյուսիսային Աֆրիկան և Սոմալի թերակղզին։

1423 թվականին նոր պատերազմ է բռնկվում Օսմանյան կայսրության և Վենետիկի հանրապետության միջև, որն ավարտվում է 1718 թվականին։ Ռազմական գործողությունների շրջանակներում թուրքերը ռազմակալում են Կիպրոս, ապա Կրետեն, հաջորդիվ նաև Եգեյան և Միջերկրական ծովի մյուս վենետիկահպատակ հունական կղզիները[3]։ Տարածաշրջանում Վենետիկի հանրապետության վերջին հենակետը մնում է Կորֆու կղզին, որը մինչև վերջ անձնատուր չի լինում թուրքերին և չի ընդունում քոչվորական ցեղերի գերիշխանությունը։ Նվաճյալ տարածքների վրա թուրքական կենտրոնական կառավարության իշխանությունը թուլանում է 18-րդ դարում, երբ եվրոպական տերությունները փորձում են միահամուռ ուժերով ազատագրել զավթված հողերը[4]։ Այդ նպատակով ձևավորվում է հակասուլթանական «Սրբազան դաշինքը», որի շրջանակներում հակաթուրքական ճակատ են ստեղծում Սրբազան Հռոմեական կայսրությունը, Հաբսբուրգյան Ավստրիան, Ռեչ Պոսպոլիտայի թագավորությունը, Ցարական Ռուսաստանը և Վենետիկի հանրապետությունը։ Մեծ թուրքական պատերազմից հետո դաշնակիցները կարողանում են ազատագրել բազմաթիվ տարածքներ, իսկ Չեռնոգորիան ստանում է դե ֆակտո անկախություն։ Հաջորդ տարասկզբին օսմանյան տիրապետության դեմ են դուրս գալիս հույներն ու սերբերը, որոնց անկախության պայքարը պսակվում է հաղթությամբ։ Օսմանյան կայսրությունն իր մնացյալ եվրոպական տարածքները կորցնում է Բալկանյան առաջին պատերազմից հետո, իսկ Առաջին աշխարհամարտից հետո՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը նախատեսում էր թուրքերի վերջնական դուրսմղումը Եվրոպայից։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Alexander Lyon Macfie, The Eastern Question 1774-1923 (2nd ed 1996).
  2. L.S. Stavrianos, The Balkans since 1453 (1958)
  3. Kakissis, Joanna, Athens & the Islands, (National Geographic Society, 2011), p. 224.
  4. Aksan Virginia (2007)։ Ottoman Wars, 1700–1860: An Empire Besieged։ Pearson Education Ltd.։ էջեր 130–5։ ISBN 978-0-582-30807-7 

Արտաքին հղումներԽմբագրել