Օսմանա-վենետիկյան պատերազմ (1570-1573)

Օսմանա-վենետիկյան չորրորդ պատերազմ (իտալ.՝ Guerra di Cipro), հայտնի է նաև՝ Կիպրոսի պատերազմ, տեղի է ունեցել 1570-1573 թվականներին Օսմանյան կայսրության և Վենետիկի Հանրապետության միջև։ Վերջինիս է միացել Սրբազան լիգան՝ Հռոմի պապի հովանավորությամբ քրիստոնյա պետությունների կոալիցիա, որի մեջ մտնում էին Հաբսբուրգյան Իսպանիան (Նեսապոլի և Սիցիլիայի թագավորությունների հետ միասին), Ջենովայի Հանրապետությունը, Սավոյի դքսությունը, Հիվանդախնամների միաբանությունը, Տոսկանայի մեծ դքսությունը և իտալական այլ պետություններ։

Օսմանա-վենետիկյան պատերազմ
Թվական1570 թվականի հունիս 27 – 1573 թվականի մարտի 7
Մասն էOttoman–Venetian Wars?
ՎայրԿիպրոս, Հոնիական ծով և Էգեյան ծով
ԱրդյունքՕսմանյան հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրությունՍրբազան լիգա (1571)։
Հրամանատարներ
Սելիմ II
Սոքոլու Մեհմեդ փաշա
Փիյալի փաշա
Լալա Մուսթաֆա փաշա
Մուեզզինզադե Ալի փաշա
Քըլըչ Ալի փաշա
Մարկո Անտոնիո Բրագադին (մահապատժի է ենթարկվել)
Ալվիսե Մարտինենգո
Սեբաստիանո Վենիեր
Խուան Ավստրիացի
Մարկանտոնիո Կոլոնա
Ջիովանի Անդրեա Դորիա
} Ջակոպո Սորանցո
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Սելիմ II սուլթանի օրոք տեղի ունեցած այս պատերազմը սկսվել է Վենետիկի տիրապետության տակ գտնվող Կիպրոս կղզի օսմանյան ներխուժմամբ։ Մայրաքաղաք Նիկոսիան և մի շարք այլ քաղաքներ արագորեն անցել են օսմանյան բանակի գերակա ուժի տիրապետության տակ, միայն Ֆամագուստան է մնացել Վենետիկի ձեռքում։ Քրիստոնեական օգնությունը ուշացել է, որի արդյունքում 1571 թվականի օգոստոսին՝ 11 ամիս տևած պաշարումից հետո, Ֆամագուստան ևս ընկել է։ Երկու ամիս անց՝ Լեպանտոյի ճակատամարտի ժամանակ, միացյալ քրիստոնեական նավատորմը ոչնչացրել է օսմանյան նավատորմը, սակայն չի կարողացել օգտվել այս հաղթանակից։ Օսմանցիներն արագորեն վերակառուցել են իրենց ռազմածովային ուժերը, և Վենետիկը ստիպված է եղել խաղաղության բանակցություններ վարել՝ օսմանցիներին հանձնելով Կիպրոսը և վճարելով 300 000 դուկատ տուրք։

Նախապատմություն խմբագրել

1489 թվականից ի վեր հարուստ և մեծ Կիպրոս կղզին եղել է Վենետիկի տիրապետության տակ։ Կրետեի հետ միասին Կիպրոս կղզին եղել է Վենետիկի Հանրապետության խոշոր տարածքներից մեկը, որտեղ 16-րդ դարի կեսերին բնիկ հունական բնակչություն կազմել է շուրջ 160 000 հոգի[1]։ Բացի իր տեղադրությունից, որը հնարավորություն էր տալիս վերահսկողության տակ պահել Լևանտի առևտուրը, կղզին նաև ունեցել է բամբակի և շաքարի շահութաբեր արտադրություն[2]։ Իրենց ամենահեռավոր գաղութը պաշտպանելու նպատակով Վենետիկը տարեկան 8000 դուկատ տուրք է վճարել Եգիպտոսի մամլուքյան սուլթաններին, իսկ 1517 թվականի օսմանա-մամլուքյան պատերազմից հետո այս համաձայնագիրը վերահաստատվել է օսմանյան Բարձր դռան հետ[3][4]։ Սակայն Արևելյան Միջերկրականում կղզու ռազմավարական դիրքը Փոքր Ասիայի օսմանյան տարածքների և նոր գրավված Լևանտի ու Եգիպտոսի միջև այն գայթակղիչ թիրախ է դարձրել օսմանյան հետագա նվաճումների համար[5][6]։ Ավելին՝ Վենետիկի տեղական իշխանությունների կողմից օսմանյան նավագնացությանը, ինչպես նաև Մեքքա գնացող ուխտավորներին անհանգստացնող ծովահեններին առաջարկված պաշտպանությունը զայրացրել է օսմանյան իշխանություններին[7][8]։

 
Դիվանի որոշում՝ ուղղված Սկյուտարի կադիին օրաբաժինների վերաբերյալ նախքանպատերազմի սկսվելը:

1568 թվականներին Հունգարիայի Հաբսբուրգների հետ ընթացող պատերազմն ավարտելուց հետո օսմանյան ուշադրության կենտրոնում հայտնվել է Կիպրոսը[9]։ Նախքան 1566 թվականին գահ բարձրանալը սուլթան Սելիմ II-ը Կիպրոսի գրավումը դարձրել է իր համար առաջնահերթություն՝ երկրորդ պլան մղելով Իսպանիայի դեմ Մորիսկների ապստամբության աջակցությունը և Հնդկական օվկիանոսում օսմանա-պորտուգալական հակամարտությունները[10]։ Ըստ որոշ լեգենդների՝ Սելիմ II-ի այս վճռականությունը վերագրվել է կիպրական գինիների հանդեպ նրա սիրուն, հատկապես որ նա հայտնի է եղել «հարբեցող» մականվամբ[11]։ Սակայն ժամանակակից տեղեկությունների համաձայն՝ հակամարտության գլխավոր հրահրողը եղել է Ժոզեֆ Նասին՝ պորտուգալացի հույն, որը դարձել է սուլթանի մտերիմ ընկերը և արդեն Սելիմի գահակալության շրջանում նշանակվել Նաքսոսի դուքս։ Նասին հուսով էր, որ Կիպրոսի գրավումից հետո ինքն է դառնալու Կիպրոսի թագավոր, ուստի նախապես պատրաստել էր թագ և թագավորական դրոշ[12]։

Չնայած Վենետիկի հետ խաղաղության պայմանագրին, որը վերահաստատվել էր 1567 թվականին[8][13], և մեծ վեզիր Մեհմեդ փաշայի շուրջ համախմբված խաղաղության կողմնակիցների դիմադրությանը, օսմանյան արքունիքում պատերազմի կողմնակիցները հաղթել են[7]։ Շեյխ ուլ-իսլամի կողմից իրավաբանական բարենպաստ ձևակերպում է տրվել այս գործողությանը, ըստ որի խաղաղության պայմանագրի խախտումն արդարացված է, քանի որ Կիպրոսը «իսլամի նախկին տարածք է» (7-րդ դարում կարճ ժամանակով) և պետք է հետ գրավել[8][14][15]։ Արշավանքի համար անհրաժեշտ գումարը ձեռք է բերվել հունական ուղղափառ եկեղեցու վանքերի և եկեղեցիների բռնագրավման և վերավաճառքի արդյունքում[16]։ Սուլթանի ուսուցիչ Լալա Մուսթաֆա փաշան նշանակվել է արշավանքի ցամաքային ուժերի հրամանատար[17]։ Մուեզզինզադե Ալի փաշան նշանակվել է ծովապետ, սակայն ծովային հարցերում որևէ փորձ չունենալով՝ իր օգնական է նշանակել փորձառու Փիյալե փաշային[18]։

Վենետիկի համար վաղուց պարզ էին օսմանյան մտադրությունները Կիպրոսի գրավման վերաբերյալ։ Պատերազմի վախը սկսվել է 1564-1565 թվականներից, երբ օսմանցիները պաշարել են Մալթան․ անհանգստությունը կրկին սրվել է 1567 թվականի վերջին և 1568 թվականին սկզբին, երբ ակնհայտ է դարձել օսմանյան նավատորմի կազմավորման մասշտաբները[19]։ Վենետիկյան իշխանություններն ավելի են անհանգստացել, երբ օսմանյան նավատորմը 1568 թվականի սեպտեմբերին Նասիի հետ միասին այցելել է Կիպրոս՝ կատարելով իբրև թե բարի կամքի այց, որը, սակայն, իրականում կղզու պաշտպանությունը հետախուզելու վատ թաքնված փորձ է եղել[20]։ Կիպրոսի, Կրետեի, Կերկիրայի և այլ վենետիկյան տիրույթների պաշտպանությունն ավելացվել է 1560-ական թվականներին՝ օգտագործելով հայտնի ռազմական ինժեներ Սֆորցա Պալլավիչինիի ծառայությունները։ Ավելացվել են կայազորները, փորձեր են արվել Կրետեի և Կիպրոսի առավել մեկուսացված տարածքները դարձնել ավելի անկախ՝ կառուցելով ձուլարաններ և վառոդի աղացներ[21]։ Սակայն Կիպրոսը չէր կարող առանց օգնության երկար դիմակայել[9]։ Վենետիկից հեռու և մեկուսացված տեղադրության, օսմանյան տիրույթներով շրջապատված լինելու պատճառով այն, ինչպես ժամանակակից պատմաբաններից մեկն է գրել, հայտնվել էր «գայլի բերանում»[22]։ Պաշարների և նույնիսկ վառոդի պակասությունը կարևոր դեր էր խաղալու վենետիկյան ամրոցների անկման գործում[22]։ Վենետիկը նաև չէր կարող օգնություն ակնկալել Միջերկրականում քրիստոնեական կարևոր ուժից՝ Հաբսբուրգյան Իսպանիայից, քանի որ վերջինս զբաղված էր Հոլանդական ապստամբության, ինչպես նաև երկրի ներսում մորիսկների ճնշմամբ[23]։ Վենետիկի համար մյուս խնդիրը կղզու բնակչության վերաբերմունքն էր։ Կաթոլիկ վենետիկցիների կողմից տեղի ուղղափառ հույն բնակչության նկատմամբ վատ վերաբերմունքը և ծանր հարկերը վրդովմունք էին առաջացրել տեղացիների մոտ, ուստի վերջիններս համակրում էին օսմանցիներին[24]։

1570 թվականի սկզբին օսմանյան նախապատրաստությունները և Կոստանդնուպոլսում Վենետիկի բայլո Մարկո Անտոնիո Բարբարոյի նախազգուշացումները համոզել են Վենետիկի իշխանություններին, որ պատերազմն անխուսափելի է։ Շատ շտապ աջակցություն և գումար է ուղարկվել Կրետե և Կիպրոս[25]։ 1570 թվականի մարտին Վենետիկ է ուղարկվել օսմանյան բանագնաց, որը վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով անմիջապես հանձնել Կիպրոսը[9]։  

Չնայած վենետիկյան իշխանությունները մի մասը կողմ էր հանձնել կղզին՝ փոխարենը ստանալով Դալմաթիան և առևտրային որոշ առավելություններ, քրիստոնյա այլ երկրների օգնության հույսը վճռականություն է առաջացրել Վենետիկի մոտ, և վերջնագիրը կտրականապես մերժվել է[26]։

Օսմանյան արշավանք խմբագրել

 
Նիկոսիայի պաշարման քարտեզ, Ջովանի Կամոչչո, 1574

Հունիսի 27-ին սկսվել է դեպի Կիպրոս արշավանքը՝ կազված 350-400 նավերից և 60-100 հազար մարդկանցից։ Օսմանյան ուժերն առանց որևէ դիմադրության հուլիսի 3-ին ցամաք են դուրս եկել Սալինեսում՝ Լառնակայի մոտակայքում՝ կղզու հարավային ափերին, այնուհետև շարժվել են դեպի մայրաքաղաք Նիկոսիա[11][23]։ Վենետիկցիների մի մասը ցանկացել է դիմադրությունը սկսել նախքան օսմանյան ուժերի ցամաք դուրս գալը, սակայն հաշվի առնելով օսմանյան հրետանու գերակա ուժը և այն փաստը, որ պարտությունը կնշանակեր կղզու պաշտպանական ուժերի ոչնչացումը՝ որոշվել է նահանջել դեպի ամրոցներ և դիմադրել մինչև օգնության ժամանումը[27]։ Նիկոսիայի պաշարումը սկսվել է հուլիսի 22-ին և տևել շուրջ 7 շաբաթ՝ մինչև սեպտեմբրի 9-ը[11]։ Քաղաքի բաստիոնային ամրությունների նորակառույց համակարգը, որը լցված էր հողով, հաջողությամբ դիմակայել է օսմանյան ռմբակոծություններին։ Օսմանցիները՝ Լալա Մուսթաֆա փաշայի գլխավորությամբ, խրամատներ են փորել դեպի պատերը և աստիճանաբար լցրել խրամները, մինչ արկեբուզների անընդհատ համազարկը հնարավորություն է տվել սակրավորներին գործել[28]։ Ի վերջո պաշարումից 45 օր անց՝ սեպտեմբերի 9-ին, պաշտպանական ուժերի ռազմամթերքը վերջացել է և 15-րդ հարձակման արդյունքում օսմանցիները կարողացել են անցնել պարիսպները[29]։ Սկսվել է քաղաքի 20 000 բնակիչների կոտորածը։ Նույնիսկ քաղաքի խոզերը, որոնք անմաքուր էին համարվում մուսուլմանների համար, սպանվել են․ միայն կանայք և տղաներն են փրկվել՝ որպես ստրուկներ վաճառվելու նպատակով[28]։ 200 նավերից կազմված քրիստոնեական միացյալ նավատորմը, որը կազմված էր վենետիկյան (Գիրոլամո Զանեի գլխավորությամբ), պապական (Մարկանտոնիո Կոլոննայի գլխավորությամբ) և նեապոլա-ջենովա-իսպանական (Ջիովանի Անդրեա Դորիայի գլխավորությամբ) նավախումբը, որը ուշացումով օգոստոսի վերջին կենտրոնացել էր Կրետեում և շարժվել դեպի Կիպրոս, Նիկոսիայի անկման լուրը լսելուն պես շրջվել և հետ է գնացել[26][30]։

 
Մարկո Անտոնիո Բրագադինը՝ Ֆամագուստայի վենետիկցի հրամանատարը, քաղաքի գրավումից հետո սարսափելի ձևով սպանվել է օսմանցիների կողմից:

Նիկոսիայի անկումից հետո հյուսիսում գտնվող Կիրենիա ամրոցը հանձնվել է առանց դիմադրության, իսկ սեպտեմբերի 15-ին օսմանյան հեծելախումբը մոտեցել է վենետիկյան վերջին հենակետին՝ Ֆամագուստային։ Ժամանակակիցների հաշվարկով արդեն այդ պահին վենետիկյան կողմի կորուստները (այդ թվում նաև տեղական բնակչությունը) կազմել են 56 000 սպանված և գերի[31]։ Ֆամագուստայի վենետիկյան պաշտպանների թիվը կազմել է 8500, ունեցել են 90 հրանոթ, նրանց հրամանատարն է եղել Մարկո Անտոնիո Բրագադինը։ Ֆամագուստան 145 հրացաններով օսմանյան 200 000-ի հասնող ուժերի դեմ դիմակայել է 11 ամիս[32]՝ հնարավորություն տալով Պապին հավաքել դժկամ քրիստոնեական եվրոպական պետություններից հակաօսմանյան լիգա[33]։

Հետագա ամիսների ընթացքում օսմանցիները բերդի շուրջ փորել են երեք մղոն խորությամբ խաչվող խրամատների հսկայական ցանց, որը ապաստան էր տալիս օսմանյան զորքերին։ Երբ պաշարման խրամները մոտեցել են ամրոցին և պարսպից գտնվել են հրետանու հարվածի հեռավորության վրա, փայտանյութից և հողի ու բամբակի հակերից կազմված 10 ամրություններ են կանգնեցվել[34]։ Չնայած ցամաքային հաջողություններին, օսմանյան կողմը ռազմածովային բավականին ուժ չի ունեցել, որպեսզի կարողանա քաղաքը ծովի կողմից ամբողջությամբ շրջափակել։ արդյունքում վենետիկյան ուժերը կարողացել են համալրել իրենց պաշարները։ Երբ հունվար ամսին նման համալրումների լուրը հասել է սուլթան Սելիմ II-ին, նա հետ կանչել է Փիյաել փաշային և Լալա Մուսթաֆա փաշային թողել պաշարման ղեկավար[35]։ Միևնույն ժամանակ Մեհմեդ փաշայի՝ Վենետիկի հետ խաղաղության հասնելու ջանքերը ձախողվել են։ Մեծ վեզիրն առաջարկել է Ֆամագուստայում առևտրային կայան տալ Վենետիկին, եթե վերջինս հանձնի կղզին, սակայն վենետիկցիները, Ալբանիայում Դուրեսի գրավումից և քրիստոնեական լիգա ստեղծելու ընթացիկ բանակցություններով ոգեշնչված, մերժել են[23][36]։ արդյունքում 1571 թվականի մայիսի 12-ին օսմանցիները սկսել են Ֆամագուստայի ամրությունների ինտենսիվ ռմբակոծություն։ Օգոստոսի 1-ին չունենալով ռազմամթերք և պաշարներ՝ կայազորը հանձնել է քաղաքը[34]։ Ֆամագուստայի պաշարման հետևանքով օսմանյան կողմն ունեցել է 50 000 զոհեր[37]։ Օսմանցիները թույլ են տվել քրիստոնյա բնակչությանը և ողջ մնացած վենետիկցի զինվորներին խաղաղությամբ հեռանալ Ֆամագուստայից, սակայն երբ Լալա Մուսթաֆա փաշան տեղեկացել է, որ մուսուլման գերիներ են սպանվել պաշարման ընթացքում, հրամայել է Բրագադինին ողջ-ողջ մաշկել, իսկ նրա զինակիցներին՝ գլխատել։ Այնուհետև Բրագադինի մաշկը քաղաքում պտտել են, որից հետո ուղարկել Կոստանդնուպոլիս[38]։

Սրբազան լիգա խմբագրել

Մինչ օսմանյան բանակն արշավանք էր իրականացնում Կիպրոսում, Վենետիկը դաշնակիցներ էր փնտրում։ Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը վերջերս էր խաղաղության հասել Օսմանյան կայսրության հետ, հակված չէր միջամտելու։ Ֆրանսիան Օսմանյան կայսրության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ էր և թշնամական էր տրամադրված Իսպանիայի նկատմամբ, իսկ լեհերն էլ զբաղված էին Ցարական Ռուսաստանի դեմ պաշտպանվելով[39]։ Իսպանական Հաբսբուրգները՝ Միջերկրականի ամենաուժեղ քրիստոնյա ուժը, նախապես հետաքրքրված չէր Վենետիկին օգնելով, քանի որ վերջինս հրաժարվել էր աջակցել 1565 թվականին Մալթայի պաշարման ժամանակ[9][40]։ Ավելին՝ Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը ցանկանում էր իր ուշադրությունը կենտրոնացնել Հյուսիսային Աֆրիկայի բերբերական երկրների վրա։ Իսպանիայի դժկամությունը՝ օգնելու Վենետիկի Հանրապետությանը, ինչպես նաև Դորիայի դժկամությունը՝ վտանգելու իր նավատորմը, արդեն իսկ վտանգավոր ձևով հետաձգել էր 1570 թվականի համատեղ ռազմածովային ջանքերը[31]։ Սակայն Պիոս V-ի ակտիվ միջամտության շնորհիվ 1571 թվականի մայիսի 15-ին ձևավորվել է հակաօսմանյան դաշինքը՝ Սրբազան լիգան, որը կազմված էր 200 թիանավերից, պաշարներով բարձված 100 նավերից և 50 000 հոգուց։ Իսպանական համաձայնությունը ստանալու նպատակով պայմանագրում ավելացվել է կետ՝ ըստ որի Վենետիկը խոստացել է օգնել Իսպանիային Հյուսիսային Աֆրիկայում[9][26][41]։

Ըստ նոր դաշինքի պայմանների՝ ամառվա վերջին քրիստոնեական նավատորմը կենտրոնացել է Մեսինայում՝ Խուան Ավստրիացու գլխավորությամբ, որը Մեսինա է ժամանել օգոստոսի 23-ին։ Սակայն մինչ այդ Ֆամագուստան հանձնվում է, և Կիպրոսը փրկելու ցանկացած փորձ արդեն անիմաստ է դառնում[26]։ Նախքան ճանապարհ ընկնելը, Խուանի առաջին գործն էր լուծել փոխադարձ անվստահության և թշնամության խնդիրը տարբեր զորախմբերի և մասնավորապես վենետիկցիների և ջենովացիների միջև։ Իսպանացի ծովակալն այդ խնդիրը լուծել է բաժանելով տարբեր զորախմբերը և խառնելով տարբեր երկրների նավերը։ Դորիան նշանակվել է աջ թևի հրամանատար, Խունը՝ կենտրոնի, վենետիկցի Ագոստինո Բարբարիգոն՝ ձախ, իսկ իսպանացի Ալվարո դե Բազան՝ պահեստային ուժերի հրամանատր[42]։ Անտեղյակ Ֆամագուստայի ճակատագրին՝ միացյալ նավատորմը Մեսինայից դուրս է եկել սեպտեմբերի 16-ին և 10 օր անց հասել Կերկիրա, որտեղ էլ տեղեկացել է օսմանյան հաղթանակի մասին։ Օսմանյան նավատորմը՝ Մուեզզինզադե Ալի փաշայի գլխավորությամբ, խարիսխ է գցել Լեպանտոյում (Նաֆպակտոս)՝ Կորնթոսի ծոցի մուտքի մոտ[43][44]։

Լեպանտոյի ճակատամարտ խմբագրել

 
1571 թվականի Լեպանտոյի ճակատամարտը՝ փորագրված Մարտին Ռոտայի կողմից:

Երկու կողմն էլ վճռականորեն պատրաստվում էին՝ ըստ որոշ գնահատականների, կուտակելով այդ ժամանակ Միջերկրականում գոյություն ունեցող մակույկների 70-90 տոկոսը[45]։ Երկու կողմերի նավատորմերի ուժերը բավականին հավասարաչափ է եղել. օսմանյան նավատորմն ունեցել է 78 նավ, քրիստոնեականը՝ 212, սակայն քրիստոնեական կողմի նավերն եղել են առավել ամուր։ Երկու նավատորմերն էլ ունեցել են մոտ 30 000 զինվոր, օսմանյան նավատորմն ունեցել է 50 000 նավաստիներ և թիավարներ, իսկ քրիստոնեական նավատորմն ունեցել է 20 000 նավաստիներ և թիավարներ, սակայն վերջինս ունեցել է երկու անգամ ավելի շատ թնդանոթներ, քան օսմանյան նավատորմը, որն էլ այս բացը լրացրել է հմուտ և մեծաթիվ նետաձիգների կորպուսով[46]։ Հոկտեմբերի 7-ին երկու նավատորմերի միջև սկսվել է Լեպանտոյի ճակատամարտը, որը ջախջախիչ հաղթանակ է բերել քրիստոնեական նավատորմին։ Օսմանյան նավատորմը ոչնչացվել է՝ կորցնելով 25-30 հազար մարդ, ազատելով 12 000 քրիստոնյա ստրուկների[47][48][49]։ Ժողովրդական ընկալմամբ, այս ճակատամարտը վճռորոշ դեր է խաղացել օսմանա-քրիստոնեական երկարամյա պայքարում, քանի որ այն վերջ է դրել օսմանյան ռազմածովային հեգեմոնիային, որը հաստատվել էր 1538 թվականի Պրեվեզայի ճակատամարտից հետո[9]։ Սակայն ճակատամարտի անմիջական արդյունքները շատ չնչին են եղել։ Հաջորդած ցրտաշունչ ձմեռը թույլ չի տվել Սրբազան լիգային հարձակողական գործողությունները շարունակել, մինչդեռ օսմանյան կողմը հնարավորություն է ստացել արագորեն վերականգնել ռազմածովային ուժերը[50]։ Միևնույն ժամանակ Վենետիկը վնասներ է կրել Դալմաթիայում, որտեղ օսմանյան ուժերը հարձակում են իրականացրել վենետիկյան տիրույթների վրա։ Խվար կղզին հարձակման է ենթարկվել օսմանյան նավատորմի կողմից, օսմանյան ուժերը այրել են Խվար, Ստարի Գրադ և Վրբոսկա քաղաքները[51]։

Լեպանտոյից հետո ռազմավարական իրավիճակը օսմանյան մեծ վեզիրը բավականին լավ ներկայացրել է վենետիկի բայլոյին. «Քրիստոնյաները խանձել են իմ մորուքը [նկատի ունի նավատորմը], սակայն ես ձեռք եմ կտրել։ Իմ մորուքը կրկին կաճի։ Ձեռքը [նկատի ունի Կիպրոսը]՝ ոչ»[52]։ Չնայած մեծ վեզիրի այս համարձակ հայտարարությանը, օսմանյան նավատորմի կորուստները բավականին մեծ են եղել ոչ թե վնասված նավերի քանակի առումով, այլ նավատորմի փորձառու սպաների, նավաստիների, տեխնիկների առումով։ Հասկանալով, թե որքան բարդ է փոխարինել նման փարձառու մարդկանց, հաջորդ տարվա ընթացքում վենետիկցիներն ու իսպանացիները գլխատել են գերեվարված մասնագետներին[53]։ Ավելին՝ չնայած քրիստոնեական կողմի հաղթանակը ռազմավարական սահմանափակ ազդեցություն է ունեցել, Լեպանտոյում օսմանյան հաղթանակը կարող էր ավելի մեծ հետևանքներ ունենալ. այն կնշանակեր քրիստոնեական ռազմածովային ուժերի վերացում, որը հնարավորություն կտար օսմանյան նավատորմին առանց որևէ խոչընդոտի շրջել Միջերկրականում՝ վտանգի ենթարկելով Մալթայի, Կրետեի, ամենայն հավանականությամբ նույնիսկ Բալեարյան կղզիների և Վենետիկի անվտանգությունը[54]։ Լեպանտոյի ճակատամարտը, 6 տարի առաջ Մալթայում օսմանյան ձախողման հետ միասին, հաստատել են Միջերկրականի դե ֆակտո բաժանումը՝ արևելյան հատվածները թողնելով օսմանյան վերահսկողության տակ, իսկ արևմտյան հատվածները՝ Հաբսբուրգների և նրանց իտալացի դաշնակիցների[55]։

Հաջորդ տարի, երբ քրիստոնեական նավատորմը վերսկսել է ռազմական գործողությունները, հանդիպել է Քըլըչ Ալի փաշայի գլխավորությամբ 200 նավերից կազմված օսմանյան վերականգնված նավատորմի։ Խուանի գլխավորությամբ իսպանական զորակազմը մինչև սեպտեմբեր չի կարողացել հասնել Իոնյան ծով, որը նշանակում է, որ որոշ ժամանակ օսմանցիներն ունեցել են թվական գերազանցություն, սակայն օսմանյան հրամանատարը լավատեղյակ է եղել իր նավատորմի թերությունները, որը արագորեն կառուցվել էր կանաչ փայտից և զինվել էր ոչ փորձառու անձնակազմով։ Ուստի օգոստոս ամսին նա խուսափել է դաշնակիցների նավատորմի հետ բախումից և անվտանգության նկատառումներով ի վերջո շարժվել է դեպի Մեթոնիի ամրոց։ 55 նավերից կազմված իսպանական էսկադրիլիայի ժամանման արդյունքում երկու կողմերի քանակապես հավասարվել են, և վճռական հարվածի հնարավորություն է ստեղծվել, սակայն քրիստոնյա առաջնորդների միջև ծագած անհամաձայնությունների և Խուանի դժկամության պատճառով հնարավորությունը բաց են թողել[56][57]։

Ի հայտ են եկել Լիգայի անդամների շահերի տարբերությունները, և դաշինքը սկսել է քանդվել։ 1573 թվականին Սրբազան լիգայի նավատորմը ընդհանրապես չի նավարկել. Խուանը հարձակվել և գրավել է Թունիսը, որը, սակայն 1574 թվականին վերագրավվել է օսմանցիների կողմից[58][59]։ Վենետիկը, վախենալով Ֆրիուլիի գրավումից և Դալմաթիայի իր տիրույթները կորցնելուց[60], և ցանկանալով շարունակել առևտուրը Օսմանյան կայսրության հետ, Բարձր դռան հետ սկսել է միակողմանի բանակցություններ[57][61]։

Խաղաղ կարգավորում և հետևանքներ խմբագրել

Բանացկությունները վարել է Վենետիկի բայլո Մարկո Անտոնիո Բարբարոն, որը բանտարկված էր 1570 թվականից ի վեր։ Հաշվի առնելով այն փաստը, որ Վենետիկի Հանրապետությունը չի կարողացել վերագրավել Կիպրոսը, 1573 թվականի մարտի 7-ին կնքված պայմանագիրը հաստատել է ստեղծված նոր իրադրությունը՝ Կիպրոսը դարձել է օսմանյան նահանգ, և Վենետիկը վճարել է 300 000 դուկատ փոխհատուցում[57]։ Ավելին՝ Դալմաթիայում երկու ուժերի միջև սահմանը ևս փոփոխվել է հօգուտ օսմանյան կողմի, որը գրավել է փոքր, սակայն կարևոր նշանակություն ունեցող տարածքներ, որոնք ներառում էին քաղաքներին մոտ գտնվող գյուղատնտեսական նշանակության արգասավոր տարածքներ, որն էլ Դալմաթիայում վենետիկյան քաղաքների տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել[62]։

Երկու երկրների միջև խաղաղությունը շարունակվել է մինչև 1645 թվականը, երբ Կրետեի համար երկարամյա պատերազմ է սկսվել[63]։ Կիպրոսը օսմանյան տիրապետության տակ մնացել է մինչև 1878 թվականը, երբ այն դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին միացել է Մեծ Բրիտանիային՝ 1925 թվականին դառնալով բրիտանական թագի գաղութ[64]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McEvedy & Jones (1978), p. 119
  2. Faroqhi (2004), p. 140
  3. Finkel (2006), pp. 113, 158
  4. Cook (1976), p. 77
  5. Setton (1984), p. 200
  6. Goffman (2002), p. 155
  7. 7,0 7,1 Finkel (2006), p. 158
  8. 8,0 8,1 8,2 Cook (1976), p. 108
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Finkel (2006), p. 160
  10. Faroqhi (2004), pp. 38, 48
  11. 11,0 11,1 11,2 Turnbull (2003), p. 57
  12. Abulafia (2012), pp. 444–446
  13. Setton (1984), p. 923
  14. Finkel (2006), pp. 158–159
  15. Abulafia (2012), pp. 446–447
  16. Finkel (2006), p. 159
  17. Goffman (2002), p. 156
  18. Finkel (2006), pp. 159–160
  19. Setton (1984), pp. 925–931
  20. Abulafia (2012), p. 446
  21. Setton (1984), pp. 907–908
  22. 22,0 22,1 Setton (1984), p. 908
  23. 23,0 23,1 23,2 Abulafia (2012), p. 447
  24. Goffman (2002), pp. 155–156
  25. Setton (1984), pp. 945–946, 950
  26. 26,0 26,1 26,2 26,3 Cook (1976), p. 109
  27. Setton (1984), p. 991
  28. 28,0 28,1 Turnbull (2003), p. 58
  29. Setton (1976), p.995
  30. Setton (1984), pp. 981–985
  31. 31,0 31,1 Setton (1984), p. 990
  32. Turnbull (2003), pp. 58–59
  33. Hopkins (2007), pp. 87–89
  34. 34,0 34,1 Turnbull (2003), pp. 59–60
  35. Hopkins (2007), pp. 82–83
  36. Hopkins (2007), pp. 83–84
  37. Goffman (2002), p. 158
  38. Abulafia (2012), pp. 448–449
  39. Setton (1984), p. 963
  40. Setton (1984), pp. 941–943
  41. Hopkins (2007), pp. 84–85
  42. Guilmartin (2002), pp. 138–140
  43. Turnbull (2003), p. 60
  44. Guilmartin (2002), pp. 140–141
  45. Guilmartin (2002), p. 141
  46. Abulafia (2012), pp. 449–450
  47. Abulafia (2012), pp. 450–451
  48. Finkel (2006), pp. 160–161
  49. Guilmartin (2002), pp. 141–149
  50. Faroqhi (2004), p. 38
  51. Raukar, Tomislav (1977 թ․ նոյեմբեր). «Venecija i ekonomski razvoj Dalmacije u XV i XVI stoljeću». Journal – Institute of Croatian History (խորվաթերեն). Zagreb, Croatia: Faculty of Philosophy, Zagreb. 10 (1): 222. ISSN 0353-295X. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  52. Guilmartin (2002), p. 149
  53. Guilmartin (2002), pp. 148–149
  54. Guilmartin (2002), pp. 150–151
  55. Abulafia (2012), p. 451
  56. Guilmartin (2002), pp. 149–150
  57. 57,0 57,1 57,2 Finkel (2006), p. 161
  58. Finkel (2006), pp. 161–162
  59. Guilmartin (2002), p. 150
  60. Setton (1984), pp. 1093–1095
  61. Faroqhi (2004), p. 4
  62. Raukar, Tomislav (1977 թ․ նոյեմբեր). «Venecija i ekonomski razvoj Dalmacije u XV i XVI stoljeću». Journal – Institute of Croatian History (խորվաթերեն). Zagreb, Croatia: Faculty of Philosophy, Zagreb. 10 (1): 221. ISSN 0353-295X. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  63. Finkel (2006), p. 222
  64. Borowiec (2000), pp. 19–21

Գրականություն խմբագրել