Օպտիկական պատկեր, օպտիկական համակարգերի միջոցով ստացվող պատկեր, որը որոշակի ճշգրտությամբ և մասշտաբով վերարտադրում էր առարկայի (օբյեկտի) ուրվագծերը և մանրամասները։ Օրինակ, աչքի օպտիկական համակարգի միջոցով առարկաները և տեսարանները փոքրացած չափերով արտապատկերվում են աչքի ցանցաթաղանթի վրա։ Օպտիկական պատկերի և առարկայի միջև լրիվ համապատասխանություն կլինի այն դեպքում, երբ տվյալ օպտիկական համակարգը կետն արտապատկերի կետով։ Այն կետերի համախումբը, որոնց օպտիկական պատկերը կարելի է ստանալ օպտիկական համակարգի միջոցով, կազմում է առարկաների տարածություն, իսկ այդ կետերի կետային պատկերների համախումբը՝ պատկերների տարածություն։

Օպտիկական պատկերների առաջացումը։ ա. M կետի կեղծ պատկերը (M') հարթ հայելու մեջ, բ․ M կետի կեղծ պատկերը (M') ուռուցիկ գնդաձև հայելու մեջ, գ․ M կետի կեղծ պատկերը (M') և N կետի իրական պատկերը (N') գոգավոր գնդային հայելու մեջ, դ․ AB և MN առարկաների իրական (A՛B՛) և կեղծ (M՛N՛) պատկերները հավաքող ոսպնյակում, ե․ MN առարկայի կեղծ պատկերը (M՛N՛) ցրող ոսպնյակում։ i-ն և j-ն ճառագայթների անկման, i՛-ը և j՛-ը՝ անդրադարձման անկյուններն են, C-ն գնդերի կենտրոնն է, F-ը և F՛-ը ոսպնյակների կիզակետերն են։

Իրական և կեղծ օպտիկական պատկերներ խմբագրել

Օպտիկական պատկերները լինում են իրական և կեղծ։ Եթե օպտիկական համակարգից դուրս եկող ճառագայթները զուգամետ են, ապա դրանց հատման կետերում ստացվում էր առարկայի իրական պատկերը, որը կարելի էր դիտել էկրանի վրա կամ գրանցել լուսանկարչական ժապավենի վրա։ Իսկ երբ օպտիկական համակարգից դուրս եկող ճառագայթները տարամետ են, ապա դրանց երևակայական շարունակությունների հատման կետերում ստացվում է առարկայի կեղծ պատկերը, որը հնարավոր չէ պրոյեկտել էկրանի վրա կամ գրանցել։

Օպտիկական պատկերի չափերը և դիրքը կախված են օպտիկական համակարգի բնութագրերից և առարկայի դիրքից։ Օպտիկական համակարգերի թերությունների առկայությունն ազդում է օպտիկական պատկերի օրակի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Օպտիկական պատկեր» հոդվածից (հ․ 12, էջ 560 )։