Օյկոֆոբիա (հուն.՝ oîkos - «տուն» և φόβος - «վախ», հայտնի նաև դոմատոֆոբիա և էկոֆոբիա անուններով) հակակրանք կամ ոչ նորմալ վախ տնային միջավայրի և տան նկատմամբ[1]։

Հոգեբուժության մեջ եզրույթը մատնանշում է նաև վախ տան պարագաների, տեխնիկայի, լոգարանի, կենցաղային քիմիական նյութերի և տանը գտնվող այլ առարկաների նկատմամբ[2]։ Ի տարբերություն օյկոֆոբիայի՝ դոմատոֆոբիան կոնկրետ տան նկատմամբ վախն է[2]։

1808 թվականին գրող և ակնարկագիր Ռոբերտ Սաութին այս եզրույթին իմաստային այլ երանգ է տվել. դա, ըստ նրա, նշանակում էր ցանկություն հեռանալ տնից և ճանապարհորդել[3]։ Հետագայում 19-րդ դարի գրողները նույնպես գործածեցին այս տերմինն իր նոր իմաստով։

Եզրույթը գործածվել է քաղաքական ենթատեքստերում` վերաբերելով մի շարք քաղաքական գաղափարախոսությունների, որոնք գովելով այլոց մշակույթը, մերժում են իրենցը։ Ռոջեր Սքրութոնը գործածել է բառն այս իմաստով իր 2004 թվականին հրապարակած գրքում։

Եզրույթի գործածությունը հոգեբուժության մեջ խմբագրել

Հոգեբուժության մեջ օյկոֆոբիան նեղ իմաստով նշանակում է վախ տան ինտերիերի, տարածքի, ավելի կոնկրետ տնային պարագաների, սարքերի, տեխնիկայի, լոգարանի և այլ վտանգավոր համարվող առարկանների նկատմամբ[2]։ Հոգեբուժության մեջ եզրույթը միանշանակ վախն է տան ներսում գտնվող առարկաներից, մինչդեռ տան նկատմամբ վախը դոմատոֆոբիան է[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշ մեկնաբաններ գտել են, որ եզրույթը նշանակում է վախ և խուսափում տնային գործերից հատկապես այն կանանց կողմից, ովքեր դրսում էին և սովոր էին այլ ապրելաոճի[4]։

Սաութիի նկատառումը խմբագրել

1808 թվականին հրապարակած իր «Նամակներ Անգլիայից» գրքում Ռոբերտ Սաութին օյկոֆոբիան նկարագրել է որպես քաղաքակրթության և շքեղության որոշակի ձև՝ նկատի առնելով հարուստ մարդկանց բուժավայրեր, ամառային ամիսներին ծովափնյա հանգստավայրեր այցելելու սովորությունը[5]։ Նա նաև նշում է, որ այն ժամանակ նորաձև էր վայրի լանդշաֆտներ, ինչպիսիք են Շոտլանդական լեռնաշխարհը այցելելը։

Սաութիի այս եզրույթին տված իմաստային նոր երանգը դուր եկավ այլ գրողների և նրանք իրենց ստեղծագործություններում նույնպես սկսեցին այդ իմաստներով գործածել[6]։ Բառի այս իմաստը նույնիսկ ավելացվեց մի շարք բառարաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kahn, Ada (2010). The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties (3rd ed.). էջ 552.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Doctor, Ronald Manual, Ada P. Kahn, and Christine A. Adamec. 2008. The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties (3rd ed.). Infobase Publishing. pp. 281, 286.
  3. Southey, Robert (1808). Letters from England, Volume 1. David Longworth. էջ 311. «Oikophobia.»
  4. Moeller, Robert G. 1993. Protecting motherhood: Women and the family in the politics of postwar West Germany. University of California Press. p. 140.
  5. Southey, Robert. 1808. Letters from England 1. New York: David Longworth. pp. 157–59.
  6. Black, Richard. 1874. The student's manual complete: an etymological vocabulary of words derived from the Greek and Latin. Oxford. p. 84.