Օմար Հասան Ահմեդ ալ-Բաշիր (արաբ․՝ عمر حسن أحمد البشير‎‎; հունվարի 1, 1944(1944-01-01)[1], Hosh Bannaga, River Nile, Anglo-Egyptian occupation of Sudan), սուդանցի պետական և զինվորական գործիչ, 1989 թվականից Սուդանի անփոխարինելի ղեկավար, 1993 թվականից Սուդանի գործող նախագահ[2], 1996 թվականից Սուդանի Ազգային կոնգրես կուսակցության ղեկավար։ 2017 թվականի Զիմբաբվեի զինվորական հեղաշրջումից և Ռոբերտ Մուգաբեին տապալելուց հետո Աֆրիկայի ամենաերկար ղեկավարող պետական առաջնորդն է։ 1989 թվականին Սուդանում տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում իշխանության գալով՝ նա ղեկավարել է :en:Revolutionary Command Council for National Salvation| ազգային փրկության հեղափոխության հրամանատարական խորհուրդը, որից հետո դարձել է երկրի նախագահ։ Նրա ղեկավարման տարիներին Հարավային Սուդանում շարունակվել է Քաղաքացիական երկրորդ պատերազմը, որն ավարտվել է խաղաղ համաձայնագրի կնքումով, ինչի արդյունքում Հարավային Սուդանն անկախություն է ձեռք բերել։ Այդ ընթացքում տեղի են ունեցել Դարֆուրի արյունալի դեպքերը, որի արդյունքում մահացել են 200-300 հազար մարդ, իսկ շուրջ 2,7 միլիոն մարդ դարձել են ներքին գաղթականներ[3]։ Զուգահեռ 2011-2015 թվականներին կոնֆլիկտ է առաջացել Հարավային Կորդովանի անջատողականների հետ։ Ալ-Բաշիրի օրոք Սուդանի պետական ապարատն իսլամացվել է, ինչը քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից (մինչև անգամ Սուդանը բնորոշվել է որպես « Վտարված երկիր»)։ Միևնույն ժամանակ նավթի արտահանման և վաճառքի շնորհիվ հնարավոր է եղել տնտեսության մեջ որոշակի հաջողություններ արձանագրել, լավ հարաբերություններ են ձևավորվել Չինաստանի, Ռուսաստանի[2][4] և այլ պետությունների հետ։ 2008 թվականի հուլիսի 21-ին Միջազգային քրեական դատարանը ալ-Բաշիրին ձերբակալման սանկցիա է տվել՝ Դարֆուրի ցեղասպանության մեղադրանքով, որտեղ էթնիկ զտումներ են կատարվել։ Այսպիսով ալ-Բաշիրը պետության առաջին գործող նախագահն է դարձել, որի դեմ արդարադատության միջազգային մարմինների կողմից մեղադրանք է առաջադրվել։ Միջազգային քրեական դատարանի այդ որոշումն Արաբական պետությունների լիգայի, Աֆրիկյան միության, Չմիավորման շարժման կողմից քննադատության է ենթարկվել, որոնք հրաժարվել են այն կատարելուց[5][6][7]։ 2015 թվականի ապրիլին Սուդանի համընդհանուր ընտրությունների ժամանակ վերընտրվել է հերթական նախագահական ժամկետով՝ ընտրողների ձայների 94,05 % պաշտոնական արդյունքով։ 2016 թվականին հայտնել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին չի պատրաստվում առաջադրվել[8]։ Սակայն 2018 թվականին իշխող Սուդանի Ազգային կոնգրեսն իր աջակցությունն է հայտնել ալ-Բաշիրին՝ կայանալիք ընտրություններին[9]։

Օմար ալ-Բաշիր
 
Կուսակցություն՝ National Congress Party?
Կրթություն՝ Sudanese Military College? և Եգիպտական ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 1, 1944(1944-01-01)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Hosh Bannaga, River Nile, Anglo-Egyptian occupation of Sudan
Քաղաքացիություն  Սուդան
 
Կայք՝ albashir.sd
 
Պարգևներ
Սերբիայի Հանրապետության օրդեն

Կենսագրություն

խմբագրել

Օմար ալ-Բաշիրը ծնվել է 1944 թվականի հունվարի 1-ին՝ Խոշե Բաննագա, գյուղում՝ Շենդի քաղաքի մոտ՝ Խարթումից 150 կմ դեպի հյուսիս՝ գյուղացու ընտանիքում։ Պատկանում է արաբական ջաալին ցեղախմբին[10]։ Հայրական կողմից պապը պատկանել է սևամորթ ֆալատա ցեղին և Սուդան է եկել Ում Աուդամ քաղաքի ոռոգման համակարգի կառուցման նպատակով, որտեղ էլ սպանվել է[10]։ Նրա ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Խոշե Բաննագա, որտեղ էլ ծնվել է Օմար ալ-Բաշիրը։ 1964 թվականին նա Խարթումում ավարտել է միջնակարգ դպրոցը[11]։ 1966 թվականին Օմար ալ-Բաշիրն ավարտել է Սուդանի զինվորական ակադեմիան՝ Խարթումում[12]։ Սովորել է նաև Մալազիայում, Պակիստանում և ԱՄՆ-ում[13]։ 1973 թվականի հոկտեմբերին եգիպտական զինված ուժերի կազմում մասնակցել է Դատաստանի օրվա պատերազմին[10], ղեկավարել է 8-րդ մոտոհետևակային բրիգադը[13]։ 1975-1979 թվականներին հանդիսացել է Սուդանի զինվորական ատաշեն ԱՄԷ-ում[12]։ Հայրենիք վերադառնալով նշանակվել է Պարաշյուտային բրիգադի կայազորի հրամանատար, իսկ 1981 թվականից՝ Խարթումի պարաշյուտային կայազորի հրամանատար[10], այդ պաշտոնին մնացել է մինչև 1987 թվականը[12]։

Որպես պետության ղեկավար

խմբագրել

1989 թվականի հունիսի 18-ին հայտարարվել է եգիպտական հատուկ ծառայությունների կողմից հակակառավարական դավադրության բացահայտման մասին։ Դրա հետևանքով բարձրագույն և միջին կազմի տասնյակ զինվորականներ ձերբակալվել են։ Շատ շուտով՝ հունիսի 30-ին, զինվորականները, բրիգադի գեներալ Օմար ալ-Բաշիրի գլխավորությամբ իրականացրել են հերթական զինվորական հեղաշրջումը։ Պետական բարձրագույն մարմին է դարձել ազգային փրկության հեղափոխության հրամանատարական խորհուրդը, որը կազմված էր բանակի 15 բարձրագույն սպաներից։ Ազգային փրկության հեղափոխության հրամանատարական խորհրդի ներկայացուցիչը, վարչապետը և պաշտպանության նախարարը դարձել է Օմար ալ-Բաշիրը, որը հեղաշրջումից հետո ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում[14]. Ավելի ուշ ալ-Բաշիրը իշխանության բռնագրավման պատճառը բացատրելու համար ասել է․ «Ժողովրդավարությունը, որով չես կարող կերակրել ժողովրդիդ, արժանի չէ գոյություն ունենալու»[15]։ Իշխանության գալով՝ գեներալ ալ-Բաշիրը ցրել է կառավարությունը, արգելել է քաղաքական կուսակցությունները, մեկուսացրել է ազատ մամուլը։ Օմար ալ-Բաշիրը շարունակել է երկրի իսլամացման քաղաքականությունը։ 1991 թվականի փետրվարին նա հրաման է ստորագրել աստիճանաբար Սուդանի ողջ տարածքում շարիաթի նորմերի վրա հիմնված քրեական օրենսգրքի ընդգրկման վերաբերյալ[16]։

1993 թվականի հոկտեմբերի 16-ին ազգային փրկության հեղափոխության հրամանատարական խորհուրդը ինքնացրման որոշում է ընդունել և Օմար ալ-Բաշիրին նշանակել է Սուդանի նախագահ[17]։

Ընտրություններ

խմբագրել

1996 թվականի մարտի 6-17-ը երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որտեղ հաղթեց Օմար ալ-Բաշիրը, հավաքելով ձայների 75,68 %[18]։ Կենտրոնացված իշխանությունն ամրապնդելու նպատակով 2000 թվականի սկզբում Օմար ալ-Բաշիրը առանձնահատուկ դեկրետ ընդունեց, որով Սուդանի 25 նահանգում նահանգապետեր նշանակեցին։ Սա իսլամիստ նախագահի պատասխանն էր այն մարդկանց, որոնք պահանջում էին նահանգապետերի ուղիղ ընտրություններ։ Նույն ժամանակահատվածում էլ ալ-Բաշիրը հրաման ստորագրեց, որով նշանակվեց Սուդանի Հանրապետության նախագահի խորհրդական։ Օմար ալ- Բաշիրը ձևավորեց 25 նախարարներից կազմված նոր կառավարություն, որոնցից հինգը հանդիսանում էին սուդանցի գեներալներ[19]։ Նույն տարվա դեկտեմբերի 13-23-ը անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Օմար ալ-Բաշիրը վերընտրվել է՝ հավաքելով ձայների 86,5 %[18]։ 2008 թվականի մայիսի 10-ի գիշերը Արդարության և հավասարության շարժման ապստամբները, շարժվելով դեպի մայրաքաղաք, Սուդանի բանակի կողմից կասեցվել են Խաթումից մոտ 200 կմ դեպի արևմուտք ընկած տարածքում՝ Կորդոֆան գավառում։ Ապստամբները սակայն կարողացել են մուտք գործել մայրաքաղաք և գրավել արևմտյան արվարձան հանդիսացող Օմդուրմանը, սակայն ընթացող մարտերի ժամանակ ապստամբները ցաքուցրիվ են եղել[20]։ Օմար ալ-Բաշիրը, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, կատարվածի պատասխանատվությունը դրել է հարևան երկրի՝ Չադի իշխանությունների վրա․ «Այդ ուժերին օժանդակում է Չադը, նրանք Չադում են վերապատրաստվում և հենց այնտեղից են սկսել հարձակումը», հարևան երկրի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները[21]։ 2010 թվականի հունվարին Օմար ալ-Բաշիրը թողել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը[22]։ Նույն թվականի ապրիլի 11-ից 13-ը երկրում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթել է Օմար ալ-Բաշիրը՝ հավաքելով ձայների 68,24 %[23]։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները բոյկոտել են ընտրությունները[24]։

Քաղաքացիական պատերազմ

խմբագրել

Օմար ալ-Բաշիրի կառավարման տարիներին շարունակվել է զինված հակամարտությունը Արևմտյան Սուդանի հետ, որտեղ հիմնականում բնակվում են սևամորթ քրիստոնյաներ։ Կառավարական ուժերը զանգվածային գնդակահարությունների և կտտանքների են ենթարկել տեղացիներին, այրել են գյուղերը, թունավորել ջրամբարները, դաշտերն ու այգիներն ականապատել։ Սուդանի բանակը տանկերի, հրետանու և ավիացիայի օգնությամբ հարվածներ է հասցրել ոչ թե ապստամբների ճամբարներին, այլ բնակելի տներին, դպրոցներին և հիվանդանոցներին։ Երկրի հարավում ձեռք բերելով նավթ՝ կառավարությունն այն վաճառել է Արևմուտքին, իսկ ստացված գումարով զենք է ձեռք բերել։ Բանակը հարկադրել է քրիստոնյա բնակչությանը դավանելու իսլամ, երբեմն կառավարական զորքերն առևանգել են երեխաներին և նրանց դաստիարակել որպես մուսուլմաններ, կամ նրանց վաճառել են արաբական երկրներում՝ որպես ստրուկներ։ Այս բոլոր գործողությունները քրիստոնյա սևամորթների շրջանում միայն ուժեղացրել է անկախության գաղափարը․ Հարավային Սուդանի մրցակից ցեղախմբերը համախմբվել են Խարթումի դեմ պայքարում։ Չկարողանալով պայքարել ապստամբներ դեմ՝ Օմար ալ-Բաշիրը 1999 թվականին Հարավային Սուդանին առաջարկել է «քաղաքակիրթ ինքնավարություն», որը մերժվել է։ 2005 թվականի հուլիսի 9-ին ալ-Բաշիրը հաստատել է երկրի ժամանակավոր սահմանադրությունը վեց տարի ժամկետով, որը երկրի հարավային շրջաններին ինքնավարության ավելի բարձր աստիճան է ապահովել[25]։ 2011 թվականի հունվարի 9-ից 15-ը Հարավային Սուդանում անց է կացվել հանրաքվե՝ Սուդանից անկախանալու նպատակով, որի արդյունքում Հարավի բնակչության 98,83 % անկախությանը կողմ է քվեարկել[26]։ Հուլիսի 9-ին Հարավային Սուդանը հռչակվել է որպես անկախ պետություն։ Ամերիկյան «Parade» լրագրի տվյալներով 2005 թվականին զբաղեցրել է առաջին տեղը ժամանակակից վատթարագույն բռնակալների տասնյակում[27]։

Դարֆուրյան հակամարտություն․ մեղադրանք ցեղասպանության համար

խմբագրել

Դարֆուրի շրջանը գտնվում է Սուդանի արևմուտքում՝ Չադի և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության սահմանին։ Շրջանի բնակչությունը կազմված է աֆրիկացի սևամորթ հողագործներից և արաբալեզու քոչվորներից։ Հակամարտության պատճառ է հանդիսացել Խարթումի և Հարավի ապստամբների միջև նավթից ստացված եկամուտները բաժանելու համաձայնությունը։ Հակամարտությունը սկսել է 2003 թվականի փետրվարին, երբ երկու ապստամբ խմբավորումներ ՝ Սուդանի ազատագրական բանակը և Հանուն արդարության և հավասարության շարժումը զինված պայքար են սկսել կառավարական ուժերի դեմ։ Իշխանությունները մեծաթիվ օգնական ուժեր են ուղարկել Դարֆուր, լայնամաշտաբ քանակով կիրառվել է զինվորական ավիացիան։ Սուդանի կառավարությունը համագործակցել է արաբալեզու քոչվորներից կազմված « Ջանջավիդ» («ձիավոր սատանաներ») աշխարհազորի հետ, որոնք պարբերաբար հարձակվել են սևամորթ գյուղացիների վրա, այրել են ամբողջական գյուղեր և իրականացրել այլ բռնություններ։

2008 թվականի հուլիսին Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պահանջով դիմել է դատարանին՝ Օմար ալ-Բաշիրին ձերբակալելու թույլտվություն ստանալու նպատակով, քանի որ ապացույցներ է հավաքել Դարֆուրում կատարված ցեղասպանությանը, մարդկության դեմ հանցագործությանը, զինվորական հանցագործությանը Սուդանի նախագահի մասնակցության վերաբերյալ[28]։ Հուլիսի 17-ին Խարթումում նախագահին աջակցելու կապակցությամբ ցույցեր են տեղի ունեցել, որին մասնակցել են շուրջ հազար հինգ հարյուր մարդ։ Նրանց կարգախոսն էր․ «Ալ-Բաշիր, առաջ», «Դարֆուրի ցեղախմբերն աջակցում են Ալ-Բաշիրին»[29]։ 2009 թվականի մարտի 4-ին պատմության մեջ առաջին անգամ Միջազգային քրեական դատարանը պետության գործող նախագահին՝ Օմար ալ- Բաշիրին ձերբակալման թույլտվություն է տվել՝ նրան մեղադրելով մարդկության դեմ կատարած հանցագործությունների (սպանություն, բնաջնջում, բռնի տեղահանում, կտտանքների ենթարկել, բռնաբարություն) և զինվորական հանցագործությունների (քաղաքացիական բնակչության դեմ դիտավորյալ ուժի կիրառում, դիակապտություն) համար[30]։ Մինչ այդ ցույցերում ելույթ ունենալով՝ ալ-Բաշիրն արտահայտել է իր դիրքորոշումը․ «Նրանք կարող են վերցնել իրենց ձերբակալման սանկցիան և ուտել այն»[30]։

2010 թվականի հուլիսի 12-ին Միջազգային քրեական դատարանը Օմար ալ-Բաշիրին ձերբակալման նոր սանկցիա է տվել՝ նրան մեղադրելով Դարֆուրի բնակչության կազմի մեջ ընդգրկված երեք էթնիկական խմբերի՝ ֆորերի (ժողովուրդ), մասալիտների և զագավաների ցեղասպանության կազմակերպման և իրականացման մեջ[31]։ Չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման թույլտվությունը՝ Ալ-Բաշիրը շարունակել է շրջագայել արտասահմանյան երկրներում։ 2011 թվականի նոյեմբերի 28-ին Քենիայի Գերագույն դատարանը նրան ձերբալկալելու սանկցիա է տվել՝ հայտնելով, որ Սուդանի նախագահը կձերբակալվի, եթե հայտնվի Քենիայի տարածքում[32]։

2015 թվականի հունիսի 14-ին Օմար ալ-Բաշիրը մեկնել է Յոհանեսբուրգ՝ Աֆրիկյան միության առաջնորդների համաժողովին մասնակցելու նպատակով։ Դրա հետ կապված Միջազգային քրեական դատարանը պահանջել է ՀԱՀ կառավարությունից ձերբակալել և հանձնել Ալ-Բաշիրին։ Բարձրագույն Դատարանի դատավոր Հանս Ֆաբրիցիուսը որոշել է, որ Սուդանցի առաջնորդը չպետք է լքի ՀԱՀ տարածքը՝ մինչև նրա անձի շուրջ հարցի վերջնական լուծումը։ Սակայն Օմար ալ-Բաշիրը վեհաժողովի առաջին օրվանից հետո լքել է ՀԱՀ և վերադարձել Սուդան[33][34]։ ՀԱՀ իշխող կուսակցությունը՝ «Աֆրիկյան ազգային կոնգրեսը» Միջազգային քրեական դատարանին մեղադրել է կանխակալության մեջ։ «Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի շատ երկրներ, շարունակում են անհիմն իրենց վրա կրել Միջազգային քրեական դատարանի որոշումների ծանրությունը», - ասվել է հայտարարության մեջ[35]։ Օմար ալ-Բաշիրի ՀԱՀ-ում գտնվելու ժամանակ Սուդանի զինված ուժերը շրջափակման մեջ են վերցրել ՀԱՀ-ի Հյուսիսային Դարֆուրում գտնվող խաղաղապահների բազան[36]։ 2016 թվականի մայիսին Օմար ալ-Բաշիրը մեկնել է Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենիի երդման արարողությանը։ Եվ չնայած Ուգանդան հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի անդամ, Ալ-Բաշիրը չի ձերբակալվել։ Որպես բացարկ՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրամիության պատվիրակությունները լքել են միջոցառումը[37]։

Արտաքին քաղաքականություն

խմբագրել

Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ 2011 թվականին Սուդանը ապստամբներին զինել է, որոնք պայքարում էին Կադդաֆիի ռեժիմի դեմ։ 2012 թվականի հունվարին Օմար ալ-Բաշիրը պաշտոնական այցով մեկնել է Լիբիա[38]։ 2017 թվականին Օմար ալ-Բաշիրը ռուսական ինքնաթիռով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին[39][40]։ Այն հարցին, թե ինչու է Պուտինը հանդիպում մի մարդու հետ, որը մեղադրվում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության կատարման մեջ, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել, նշելով միայն, որ Բաշիրը «Սուդանի օրինական նախագահն է և տվյալ դեպքում հանդիսանում է երկրի օրինական ղեկավարը»[41]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Омар аль-Башир - Президент Судана
  3. «Darfur - overview». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Omar al-Bashir Q&A: 'In Any War, Mistakes Happen on the Ground». Արխիվացված է օրիգինալից 2013-11-05-ին. Վերցված է 2018-12-22-ին.
  5. Arab leaders back 'wanted' Bashir
  6. Sudan leader in Qatar for summit
  7. «After Bashir warrant, Sudan united in protest». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Sudan's Omar al-Bashir 'to step down in 2020'». BBC News (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. «Sudan's ruling party backs Bashir for 2020 election: SUNA». Reuters (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 С.Ю.Серёгичев. «МУС - Судан: последний бой президента аль-Башира?» (ռուսերեն). Институт Ближнего Востока.
  11. Кто есть кто в мировой политике. — М.: Политиздат, 1990. — С. 48. — ISBN 5-250-00513-6
  12. 12,0 12,1 12,2 «Profile: Sudan's President Bashir». BBC News. 25 November 2003. Վերցված է 20 May 2010-ին.
  13. 13,0 13,1 Ежегодник БСЭ 1990 года. - М.: СЭ, 1990. - С. 534
  14. История Судана в новое и новейшее время. — «Наука (издательство)», 1992. — С. 201. — ISBN 5-02-017341-X
  15. Серёгичев С. Ю. Судан: исламо-традиционализм и армия. — М.: Институт Ближнего Востока, 2006. — С. 47. — ISBN 5-89394-174-8
  16. Серёгичев С. Ю. Судан: исламо-традиционализм и армия. — М.: Институт Ближнего Востока, 2006. — С. 49. — ISBN 5-89394-174-8
  17. Поляков К. И. История Судана. XX век. — Институт востоковедения РАН, 2005. — С. 337. — ISBN 5-89282-243-5, ББК 63.3(5) (5Су) П 49
  18. 18,0 18,1 «Elections in Sudan» (անգլերեն). AFRICAN ELECTIONS DATABASE.
  19. История стран Азии и Африки в Новейшее время.: Родригес А. М. - М.: ТК Велби, Изд-во Проспект, 2008. - 412 с.
  20. ГРИГОРИЙ Ъ-ПЛАХОТНИКОВ (12.05.2008). «Судану устроили кромешный Чад». "Коммерсантъ". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  21. Григорий Ъ-Плахотников, Ирэна Ъ-Шекоян (14.05.2008). «Чад отгородился от Судана». Газета «Коммерсантъ».
  22. «Президент Судана ушел с поста главнокомандующего перед выборами». РИА Новости. 12/01/2010.
  23. «FACTBOX: Sudan presidential election results» (անգլերեն). Sudan Tribune. 2010 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. Baschir bleibt Sudans Präsident(գերմ.)
  25. ГРИГОРИЙ Ъ-ПЛАХОТНИКОВ (11.07.2005). «Гаранг конституции». Газета «Коммерсантъ».
  26. Вадим Козюлин (21.02.2011). «На нет и Судана нет». Журнал "Огонёк".
  27. «Аль-Башир победил Ким Чен Ира». Газета «Коммерсантъ». 02.03.2005.
  28. «Выдан ордер на арест президента Судана». Русская служба Би-би-си. 04 марта 2009 г.
  29. Елена Пацар (18 июля 2008). «Судный день Судана». «ВЗГЛЯД.РУ».
  30. 30,0 30,1 Михаил Ъ-Зыгарь (05.03.2009). «Президента Судана приговорили к суду». Газета «Коммерсантъ».
  31. «Омар Башир обвинен в геноциде в Дарфуре». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  32. «Судан выслал из страны посла Кении». "Лента.Ру". 29.11.2011.
  33. Президент Судана Омар аль-Башир, ареста которого добивается МУС, покинул ЮАР
  34. «Несмотря на постановление об аресте президент Судана улетел на родину». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  35. Власти ЮАР отпустили на родину объявленного в розыск президента Судана
  36. Миротворцы ЮАР были заложниками армии Судана, пока Омар аль-Башир находился на саммите АС
  37. Сканадал на церемонии инаугурации президента Уганды. 13 мая 2016
  38. «В Ливии принимают президента Судана | euronews, мир». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  39. «Российско-суданские переговоры». Президент России. 23 ноября 2017. Վերցված է 24 ноября 2017-ին.
  40. «Встреча Дмитрия Медведева с Президентом Судана Омаром Баширом». Правительство России. 24 ноября 2017. Վերցված է 24 ноября 2017-ին.
  41. «Песков: Путин встречается с Баширом как с легитимным президентом Судана». РИА Новости. 23 ноября 2017. Վերցված է 24 ноября 2017-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
Ահմեդ-Ալի-ալ-Մարգանի
3-րդ նախագահ
 

հոկտեմբերի 16, 1993 -
Հաջորդող՝
-
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար ալ-Բաշիր» հոդվածին։