Օճառ մարդկային ճարպից, օճառ, որի ստացման համար, ըստ Նյուրնբերգյան դատավարության, աշխատել են Երրորդ ռայխի մի շարք գիտնականներ։ Ոչ մեծ խմբաքանակ արտադրվել է Դանցիգի անատոմիական ինստիտուտի պրոֆեսոր Ռուդոլֆ Շպանների կողմից։ Այս փորձարկումների նպատակն ու մասշտաբները ցայսօր էլ համարվում են հետազոտությունների և գիտական երկխոսությունների առարկա։

Օճառ մարդկային ճարպից
Գդանսկի բժշկական ակադեմիայի պատին փակցրած հուշատախտակ, որում նշված է, որ այս շենքում են իրականացվել մարդկային ճարպից օճառ ստանալու փորձերը[1]

Պատմություն խմբագրել

Կարծիքները, որ գերմանացիները մարդկային դիակներից օճառ են պատրաստել, ի հայտ են եկել դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Անգլիական Թայմս պարբերականը 1917 թվականի ապրիլին հայտարարեց, որ գերմանացիներն իրենց զինվորների դիակներով օճառ և այլ արտադրանք են պատրաստում[2]։ 1925 թվականին Միացյալ Թագավորության վարչապետը այս հայտարարությունը որակեց կեղծիք[3]։

Շշուկներն այն մասին, որ Գերմանիայում կրկին օճառ են պատրաստում մարդկանց դիակներից, հայտնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։ Այստեղ արտադրված օճառների փաթեթի վրա գրված էր «RJF» հապավումը, որը վերծանվում էր որպես «Reines Jüdisches Fett» («մաքուր հրեական ճարպ»)։ Իրականում այն նշանակում էր «Reichsstelle für industrielle Fettversorgung» (Արդյունաբերական ճարպի մատակարարման պետական կառավարում)։

Ավելի ուշ, պրոֆեսոր Ռուդոլֆ Շպանները բանտարկյալների դիակներից արտադրեց 100 կիլոգրամ օճառ։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ այս մասին հայտնել են ինստիտուտում այդ նախագծի վրա աշխատող անձինք։ 1945 թվականի մայիսի 28-ին Զիգմունդ Մազուրը հարցաքննության ժամանակ հայտնեց, որ աշխատել է այդ անատոմիական ինստիտուտում որպես պրեպարատոր՝ պատրաստուկագործ։ Դիակներն այնտեղ տեղափոխվել են Քյոնիգսբերգի և Դանցիգի բանտերից։ Ըստ բաղադրատոմսի օճառ ստանալու համար հարկավոր էր. 5 կգ մարդկային ճարպ, 10 լիտր ջուր և 500-1000 գրամ նատրիումի հիդրօքսիդ՝ կաուստիկ սոդա։ Այս ամենը եփում էին 2-ից 3 ժամ։ Սառելուց հետո օճառը բարձրանում էր մակերևույթ։ Այդ խառնուրդին ավելացնում էին սոդա, աղ, թարմ ջուր և կրկին եփում էին։ Օճառն ուներ անդուր հոտ, որի վերացման համար օգտագործում էին բենզալդեհիդ։ Մազուրը հայտնում էր, որ իր կարիքների համար՝ զուգարանի և լվացքի, վերցրել է 4 կգ այդ տեխնոլոգիայով ստացած օճառ։

Ըստ Մազուրի խոսքերի, անատոմիական ինստիտուտ են այցելել կրթության նախարար Բեռնհարդ Ռուստը, առողջապահության նախարար Լեոնարդո Կոնտին, Դանցիգի գաուլեյթեր Ալբերտ Ֆորստերը։ Ցուցմունք են տվել նաև երկու անգլիացի ռազմագերիներ՝ Ջոն Հենրի Վիթոնն ու Ուիլյամ Անդերսոն Նիլին, ովքեր շինարարությամբ են զբաղվել Դանցիգի անատոմիական ինստիտուտում։ Նրանք փաստել են, որ իրոք, այստեղ օճառ են ստացել մարդկային դիակներից։

Նացիստների որսորդ Տուվիահ Ֆրիդմանն իր ինքնակենսագրական գրքում հավաստիացրել է, որ երբ գերմանացիներից նոր ազատագրված Դանցիգում հետաքննիչ էր աշխատում, տեսել է այն շենքը, որտեղ այդպիսի փորձեր են կատարվել[4].

  Մենք այն զգացողություւնն ունեինք, որ դժոխքում ենք։ Սենյակներից մեկը լցված էր մորեմերկ դիակներով։ Մյուս սենյակում տախտակներ էին դասավորված, որոնց վրա ձգված էին մաշկազերծ արված մարդկային կաշիներ։ Շենքի մյուս ծայրում մենք գտանք մանրամասն գրառումներ և հաշվետվություններ, ինչպես նաև բժշկական և վիրահատական գործիքներ։

Մենք դուրս եկանք այդ սենյակներից՝ ուժ չունենալով հավատալ մեր իսկ աչքերով տեսածներին և որոշեցինք պահակախումբ դնել այդտեղ։ Ժամապահներ կարգելով նացիստների բարբարոսության այդ ապացույցների մոտ՝ մենք նկատեցինք մեկ այլ` ավելի փոքր շինություն, որը ծանր կողպեքով փակված էր։ Մենք ներխուժեցինք այնտեղ և գրեթե անմիջապես գտանք մի վառարան, որի վրա գերմանացիները փորձարկում էին օճառ ստանալու եղանակները` որպես հումք օգտագործելով մարդկային ճարպը։ «Օճառի» մի քանի կտորներ ընկած էին հատակին։

 

Ժամանակակից գնահատականներ խմբագրել

Լայն տարածում գտած պատմությունները, ըստ որոնց հրեաներից օճառներ են պատրաստել, մի շարք գիտնականներ համարում են ընդամենը ռազմական տարիների բանահյուսություն[5]։ Այս տարբերակի հետ համամիտ են պատմաբաններ Վալտեր Լակերը, Գիտտա Սերենին, Դեբորա Լիպշտադտը[6][7][8], Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Եդուգա Բաուրերն ու Յադ Վաշեմ արխիվի տնօրեն Շմուլ Կրակովսկին[9][10][11]։ Մանրամասն կերպով այս տեսակետը շարադրվել է պրոֆեսոր Յոախիմ Նեանդերի կողմից «The Danzig Soap Case։ Facts and Legends around "Professor Spanner" and the Danzig Anatomic Institute 1944-1945» հոդվածում։

2006 թվականի հոկտեմբերին Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը վերջացրեց պաշտոնական հետաքննությունը։ Ըստ հետաքննության արդյունքների, պարզ դարձավ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի պրոֆեսոր Ռուդոլֆ Շպանները, Գդանսկից ոչ հեռու գտնվող Անատոմիական ինստիտուտում, օգտագործել է մարդկային ճարպը՝ օճառ ստանալու նպատակով։ Լաբորատոր հետազոտության արդյունքում, որն իրականացվել է Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ցուցադրած օճառի հետ, պարզ դարձավ, որ դրանում պարունակվում են մարդկային ճարպի մասնիկներ։ Տեխնոլոգիաները կարողացան այդ հանցագործությունն ապացուցել միայն 21-րդ դարում[12][13][14][15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ślad nieludzkiego mydła na ścianie akademii». wiadomosci.gazeta.pl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  2. Phillip Knightley, The First Casualty (New York: 1975), pp. 105—106.
  3. Arthur Ponsonby, Falsehood in Wartime (New York: 1929), pp. 102, 111—112.
  4. Тувья Фридман. Охотник на нацистов. Издание Института Документации нацистских военных преступлений. Хайфа. 2007 год. Перевод на русский — Михаила Неймана.
  5. The soap myth Jewish Virtual Library. Accessed December 29, 2006.
  6. Walter Laqueur, The Terrible Secret (Boston: 1980), pp. 82, 219.
  7. Gitta Sereny, Into That Darkness (London: A. Deutsch, 1974), p. 141 (note).
  8. Nazi Soap Rumor During World War II, Los Angeles Times, May 16, 1981, p. II/2.
  9. Bill Hutman, Nazis never made human-fat soap, The Jerusalem Post — International Edition, week ending May 5, 1990.
  10. Holocaust Expert Rejects Charge That Nazis Made Soap from Jews, Northern California Jewish Bulletin, April 27, 1990. (JTA dispatch from Tel Aviv.) Facsimile in: Christian News, May 21, 1990, p. 19.
  11. A Holocaust Belief Cleared Up, Chicago Tribune, April 25, 1990. Facsimile in: Ganpac Brief, June 1990, p. 8.
  12. «SOAP MADE FROM HUMAN REMAINS» (անգլերեն). Nizkor. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  13. «Доказано: нацисты делали мыло из людей». MIGnews.com. 8 октября. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 4 июля 2008-ին.
  14. «Zakończono śledztwo w głośnej "sprawie profesora Spannera"» (լեհերեն). wiadomosci24.pl. 2006 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  15. «Auschwitz-Birkenau - Human Fat Was Used to Produce Soap in Gdansk during the War» (անգլերեն). en.auschwitz.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  16. Страшное мыло

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել