Օձունի կոթող (կոթող-մահարձան)

Օձունի կոթող (կոթող-մահարձան), հուշակոթող Լոռու մարզի Օձուն գյուղում։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Օձունի կոթող
Օձունի կոթողը
Տեսակմշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրՕձուն[1]
Շինության ձևհուշարձան 7.112/5.1.1
Մասն էԳերեզմանոց
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ7.112/5.1.1

Պատմություն խմբագրել

Գտնվում է Օձուն գյուղի գմբեթավոր բազիլիկ եկեղեցուց (5-6-րդ դդ.) մոտ 10 մ հյուսիս-արևելք։ Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշակոթող է։ Կարծիք կա, որ Օձունի կոթողը խորհրդանշում է քրիստոնեության ընդունումը ոչ միայն Հայաստանում, այլև՝ Վրաստանում և Աղվանքում։ Կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Ավանդության համաձայն՝ այստեղ է թաղված Դվինում սպանված Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը (892-914 թթ.)։ Ըստ կառուցողական արվեստի և պատկերագրական ոճի՝ ոչ ուշ, քան 6-րդ դարի կառույց է։ Ժամանակակից է գմբեթավոր բազիլիկ եկեղեցուն։ Կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աստիճանավոր, 2.4 մ բարձրությամբ պատվանդանի վրա վեր են խոյանում երեք մույթեր, որոնց կամարակապ բացվածքներում տեղադրված են միակտոր քարի 4-մետրանոց մեկական սյուներ (ստելա)։ Կամարներից վերև գեղաքանդակ քիվն է։ Կոթողը հավանաբար պսակված է եղել թևավոր խաչով, որի մասին են վկայում վերին քիվի հարթակում պահպանված ելուստները։ Քառակող նիստերն ամբողջովին քանդակազարդ են։ Թեմատիկ պատկերաքանդակները ներկայացնում են տեսարաններ Հայոց Տրդատ Գ արքայի, Գրիգոր Լուսավորչի, Հռիփսիմյան կույսերի, Գրիգոր Լուսավորչին հալածող նույն Տրդատ արքայի՝ խոզակերպ դառնալու և քրիստոնեություն ընդունելուց հետո վերստին մարդկային կերպարանք ստանալու վերաբերյալ, նաև որոշ դրվագներ Հին և Նոր Կտակարաններից` Իսահակի զոհաբերության տեսարանը, «Երեք մանուկները հրե վառարանում», Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկում, գահին նստած, Կույս Մարիամը՝ ժայռից բխող աղբյուրի մոտ ավետիս ստանալիս և այլն։ Պատկերաքանդակները զետեղված են կոթողի արևելյան և արևմտյան նիստերին՝ ուղղանկյուն շրջանակների մեջ։ Հյուսիսային և հարավային նիստերը հարդարված են բուսական և երկրաչափական պատկերաքանդակներով։

1938, 1950 թթ. կատարվել են կոթողի նորոգման, ամրակայման աշխատանքներ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Տփխիս, հ. 1, 1842։
  • Հասրաթյան Մ., Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1974, N 3։
  • Շախկյան Գ., Օձունի եկեղեցին, Եր., 1983։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Օձունի կոթող». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.