ժամանակաչափ (հին հունարեն՝ χρόνος — «ժամանակ» և μετρέω — «չափել»), ճշգրիտ ժամացույց, որի կառուցվածքում կան ջերմաստիճանի տատանումների ազդեցությունը նվազեցնող և լարազսպանակի ձգանքը լարքի սկզբից մինչև վերջը հավասարեցնող հարմարանքներ։ Տարածված են հպակավոր ժամանակաչափերը, որոնցում ճոճանն ամեն վայրկյան միակցում և անջատում է իրանի վրա հպակային արտանցումներ ունեցող էլեկտրական շղթան։ Այդպիսի սարքը հնարավորություն է տալիս ժամանակաչափի ցուցմունքներն արձանագրել քրոնոգրաֆի ժապավենի վրա, ժամանակի ազդանշաններ (էլեկտրական իմպուլսներ) հաղորդել տարբեր սարքերի։