Բացել գլխավոր ցանկը

Քրոնիկական ալկոհոլամոլություն

Քրոնիկական ալկոհոլամոլություն, հիվանդություն, որն առաջանում է մշտապես չափից ավելի սպիրտային խմիչքներ օգտագործելուց։ Առաջին ախտանշաններն են ալկոհոլի հանդեպ օրգանիզմի բարձր հանդուրժողականությունը մեծ քանակությամբ սպիրտային խմիչքներ ընդունելիս (հաճախ ուղեկցվում է առանց թունավորման նշանների և հետագա նողկանքի զգացման) և փսխման անհետանալը։ Միաժամանակ առաջանում է հիվանդագին հակում ալկոհոլի հանդեպ (սպիրտային խմիչքի մասին անդադար մտքեր, խմիչքն ընդունելու կանխավայելման հետ կապված՝ տրամադրության բարձրացում)։

Քրոնիկական ալկոհոլամոլություն
Plakat za boj proti alkoholizmu 1930.jpg
Ալկոհոլիզմի դեմ պայքարի համար նախատեսված պաստառ

ԱխտաբանությունԽմբագրել

Ալկոհոլային հարբեցումԽմբագրել

 
Աշխարհի երկրների բնակչության (15+) մեկ շնչի օգտագործած ալկոհոլի քանակը։ 2005 թվականի տվյալներ
     > 19 լ      15 լ      10 լ      5 լ      < 0.2 լ      տվյալներ չկան

Ալկոհոլային հարբեցումը դառնում է հարբեցողի բավարարվածության և բարեկեցության զգացողության միակ վիճակը, մյուս իրադարձություններն արժեզրկվում են։ Սպիրտային խմիչքի բացակայության ժամանակ, նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում, առաջանում են ցրվածություն, գրգռվածություն, իջնում է աշխատունակությունը։ Սպիրտային խմիչքների սովորություն դարձած քանակությունն ընդունելուց հետո տրամադրությունը լավանում է, ֆիզիկական լարումը և հոգեկան գործունեության ուժգնությունը՝ բարձրանում, ուշադրությունը՝ կենտրոնանում։ Ժամանակի ընթացքում հիվանդագին հակումը դրսևորվում է ալկոհոլի հանդեպ անզուսպ ցանկությամբ, որն սկսում է ղեկավարել հիվանդի վարքագիծը։ Հակումը կարող է հասնել քաղցի, ծարավի ուժգնության և ուղեկցվել բբերի լայնացմամբ, քրտնոտությամբ և այլն։ Հարբեցողությունը ձեռք է բերում կանոնավոր, մշտական բնույթ։ Փոխվում է հարբեցման ձևը թուլանում է սպիրտային խմիչքի հանգստացնոդ, թուլացնող ազդեցությունը, և ընդհակառակը, ուժեղանում է տոնուսավորոդ, դրդող հատկությունը։ Սթափ ալկոհոլամոլը թորշոմած է, թափթփված, ընկճված, հարբածը՝ գործունյա, շարժուն, աշխույժ։ Բարեհոգությունը, սակայն, շատ արագ փոխարինվում է գրգռվածությամբ, զայրույթով (ցասումով) կամ լացկանությամբ։ Հնարավոր են չհիմնավորված խանդը, անիրավացի վիրավորվածությունը, հարձակվոդականությունը և այլն։ Հարբելիս առաջանում են հիշողության խանգարումներ՝ կատարվածի մանրուքները չհիշելը կամ սթափվելիս հարբած ժամանակ կատարվածը լրիվ վերհիշելու անհնարինությունը։

Ալկոհոլային քաղցԽմբագրել

Ալկոհոլային քաղցի (աբստինենցիա) համախտանիշն առաջանում է աստիճանաբար, սովորաբար հիվանդության 4-10-րդ տարում։ Սկզբում առաջանում է անհարմարավետության, ջարդվածութւան զգացում՝ վեգետատիվ թույլ ախտանշաններով (հորանջում, դող, աղիքների տոնուսի անկում)։ Երբ ալկոհոլային քաղցը հասնում է գագաթնակետին, այն արտահայտվում է բազմաթիվ ախտանշաններով՝ բբերի լայնացում, քրտնոտություն, դող, հորանջում, մկանային լարվածություն և ձեռքերի դող, շարժումների համակարգման խանգարում, ռեֆլեքսների սաստկացում, արյան ճնշման բարձրացում, սրտխփոց, անքնություն և ախորժակի կորուստ։ Ալկոհոլի հանդեպ անզուսպ հակման ուժեղացման հետ միաժամանակ, առավոտվա ալկոհոլային քաղցն սկսում է անցնել ցերեկային հարբեցողության։ ժամանակի ընթացքում առաջանում են լուրջ հոգեկան խանգարումներ։

Այլ ախտանիշներԽմբագրել

 
Ալկոհոլի օգտագործումն արգելող ցուցանակ Փարիզում

Նշված սովորական ախտանշանների (անքնություն, գրգռվածություն, լարվածություն) հետ մեկտեղ կարող են նկատվել անորոշ վախ, տագնապի, մեղավորության զգացում, ընկճվածություն, երբեմն՝ ջղաձգային նոպաներ և սուր պսիխոզ, որի առավել տարածված ձևը «սպիտակ տենդն» է։ Ինչպես սուր պսիխոզը, այնպես էլ ջղաձգային նոպան իջեցնում են հիվանդի մտավոր կարողությունները։

Հիվանդության ընթացքում ալկոհոլամոլության ախտանշաններն աստիճանաբար փոխվում են. ընկնում է օրգանիզմի հանդուրժողականությունը սպիրտային խմիչքի հանդեպ, քրոնիկ, ալկոհոլամոլը հարբում է նույնիսկ փոքր քանակներից, խանգարվում է հիշողությունը։ Երբեմն հարբեցողությունը դառնում է պարբերական, առաջանում է իսկական հարբածություն, որի դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրը հիվանդը խմում է ավելի քիչ, քան նախորդ օրը, և հարբեցումն ավարտվում է հոգեֆիզիոլոգիական ծանր հյուծումով, սպիրտային խմիչքի հետագա ընդունման անհնարինությամբ։ Որոշ հիվանդների մոտ իսկական հարբեցումը ձեռք է բերում բավականաչափ կանոնավոր փուլային բնույթ։

ԽումարաթողԽմբագրել

Քրոնիկ ալկոհոլամոլների մոտ աստիճանաբար փոխվում է նաև խումարաթողի համախտանիշի պատկերը։ Խումարաթողի վիճակը կորցնում է իր լարվածությունը, բայց հիվանդի կյանքին սպառնացող վտանգն ավելանում է։ Քրոնիկ ալկոհոլամոլները խումարաթողի վիճակում դառնում են ծանրաշարժ, թորշոմած, անտարբեր կամ ընկճված, հաճախ ինքնասպանություն են գործում։ Երբեմն ալկոհոլամոլության չբուժված դեպքերի ժամանակ առաջանում են քրոնիկ, պսիխոզներ (խանդի զառացանք, զգայախաբություն, ալկոհոլային թուլամտության ծանր ձև), գիտակցության կորուստ, լուծանքներ ևն։

ՀետևանքներԽմբագրել

 
Ալկոհոլամոլը՝ փողոցում

Քրոնիկ ալկոհոլամոլության կենսաբանական և սոցիալական հետևանքները ծանր են և հիվանդի, և հասարակության համար։ Կենսաբանական հետևանքը հոգեբանաֆիզիոլոգիական առաջընթաց հյուծվածությունն է։ Սկզբում առաջանում են անուժության ախտանշաններ (հոգնածություն, թուլություն, հուզական անհավասարակշռություն), հետագայում դրանց միանում են անքնությունը, ախորժակի կորուստը և տարբեր ֆունկցիոնալ խանգարումներ։

Մտավոր և հոգեկան խանգարումներԽմբագրել

Ալկոհոլամոլությունն աստիճանաբար հանգեցնում է մտավոր կարողությունների թուլացման (հյուծվածություն, վերացականություն), ստեղծագործական ունակությունների նվազման և, նույնիսկ, թուլամտության, հուզական-կամային խանգարումների (անկայունություն, կոպտություն, հարաբերությունների հասարակացում, անհետևողականություն, անզսպություն, անկարգապահություն, անհամբերություն, ցրվածություն), վարքագծի փոփոխություններ (կապերի, շփումների և զբաղմունքների շրջանակի նեղացում), հետաքրքրությունների, հոգեկան զարգացման, գիտելիքների, որակավորման պահանջների կորուստ, բարոյական համոզմունքների աղավաղում, նախկինում իմաստ ունեցող արժեքների հանդեպ արհամարհական վերաբերմունք, հեղինակությունների և մարդկային անձի հանդեպ հարգանքի կորուստ)։

Ֆիզիկական խանգարումներԽմբագրել

Մարմնական խանգարումները բազմազան են և կարող են առաջանալ քրոնիկ ալկոհոլամոլության սկզբում, եթե որևէ համակարգ թուլացած է (ժառանգականորեն կամ կրած հիվանդությունից հետո)։ Հաճախ ախտահարվում են սիրտանոթային և մարսողական համակարգերը։ Հատկապես տուժում է լյարդը։ Քրոնիկ ալկոհոլամոլությունը լյարդի ցիռոզի առավել հաճախակի պատճառներից է։

Նյարդային համակարգի խանգարումներԽմբագրել

Քրոնիկ ալկոհոլամոլության բնորոշ են նյարդային համակարգի տարբեր խանգարումներ՝ ամբողջ օրգանիզմի նյարդային կարգավորման, շարժումների և քայլվածքի համակարգման խանգարումներ, նյարդաբորբեր։ Հատկապես վտանգավոր է տեսողական նյարդի բորբոքումը, որի դեպքում թուլանում է տեսողությունը, նեղանում է տեսադաշտը (ընկնում է ծայրամասային տեսողությունը), խանգարվում է գունային տեսողությունը (կարմիր և կանաչ գույների)։ Ալկոհոլի փոխնյութերի (սուռոգատներ) օգտագործման դեպքում հնարավոր է նաև լրիվ կուրություն։

Սոցիալական խանգարումներԽմբագրել

Քրոնիկ ալկոհոլամոլությունով տառապող հիվանդների կյանքի տևողությունը կրճատվում է, հաճախ նրանք մահանում են 30 տարեկանում։ Մահվան անմիջական պատճառներն են սիրտանոթային համակարգի ապափոխհատուցումը (այսպես կոչված՝ մահ հարբեցողությունից), վնասվածքները (ալկոհոլամոլների վնասվածքները 7-8 անգամ ավելի են, քան չխմողներինը), դժբախտ պատահարները, սուր լյարդային անբավարարությունը, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումը, ցրտառական հիվանդությունները, սուր պսիխոզները, ինքնասպանությունը և այլն։ Ալկոհոլամոլի բախումները հասարակության հետ արագացնում են նրա անձի փոփոխությունները, բարոյաէթիկական աստիճան, անկումը։ Նա ստիպված է ստել, արդարանալ։ Այդ բոլորը խորանում է մտավոր կարողությունների թուլացմամբ։ Ժամանակի ընթացքում տեղի է ունենում նաև սոցիալական աստիճանական անկում, որակավորման, աշխատանքի, ընտանիքի կորուստ։ Քրոնիկ ալկոհոլամոլության տարածումն իջեցնում է բարոյականությունը և նպաստում հանցագործությունների աճին։

Ժառանգական խանգարումներԽմբագրել

Ալկոհոլամոլների սերնդում էպիլեպսիան, սակավամտությունը, զարգացման տարբեր արատները հանդիպում են ավելի հաճախ, ընտանիքում ճնշող իրադրությունը հանգեցնում է երեխաների ոչ ճիշտ դաստիարակության և զարգացման, նպաստում նյարդային ու հոգեկան խանգարումների առաջացմանը։

ԲուժումԽմբագրել

 
Անանուն ալկոհոլամոլների համար նախատեսված շրջանային կենտրոն

Բուժումը, ալկոհոլով օրգանիզմի տևական թունավորման արդյունքում, հիվանդության մյուս հետևանքների հետ միասին, առաջանում են կենսաբանական գործընթացների այնպիսի փոփոխություններ, երբ, ինքնազսպման տևողությունից անկախ, ալկոհոլի օգտագործումը նորից առաջացնում է հարբեցողության անզուսպ հակում։ Որքան կարճ է տևում իևքնազսպումը, այնքան արագ է առաջանում հակումը։ Հետևաբար, ալկոհոլամոլությամբ տառապող հիվանդների մոտ զսպման ռեժիմի խախտման դեպքում միշտ առկա է հսկողության հանկարծակի կորստյան հավանականությունը։

Բուժման խնդիրներԽմբագրել

Բուժման խնդիրներից են՝ սպիրտային խմիչքների չարաշահման դադարեցումը, խումարաթողի համախտանիշի երևույթների վերացումը, խանգարված ֆունկցիաների վերականգնումը, ալկոհոլի հանդեպ հակման ընկճումը, ալկոհոլամոլի անձի վերադաստիարակումը, սթափության կայուն պայմանների ստեղծումը։ Հիվանդն ինքն ի վիճակի չէ առանց բժշկական օգնության կասեցնել հիվանդության ընթացքը։ Հարբեցողության գիտակցական ընդհատումը հնարավոր է միայն հիվանդության սկզբնական փուլերում։ Դեռևս վարքագծի փոփոխություն չկրած հիվանդների մոտ ստեղծված իրադրության (ընդհարումներն ընտանիքում, աշխատանքում) լրջության գիտակցումը կարող է ընկճել ալկոհոլի հանդեպ հակումը։ Հարբեցողության ինքնակամ ընդհատումը սովորաբար հետևում է ալկոհոլային սուր պսիխոզներին, բայց այն հազվադեպ է տևում կես տարուց ավելի։ Հիմնականում անհրաժեշտ է հարկադրել լրացուցիչ բուժման, որում հատուկ դեր ունի ընտանիքը։ Մերձավորներն ավելի շատ հնարավորություն ունեն նկատել հարբեցողության հիվանդագին բնույթը, քանի որ նրանք 1-ինն են բախվում քրոնիկ ալկոհոլամոլության բազմատեսակ և ծանր հետևանքներին։ Որքան բուժումը հետաձգվում է, այնքան դժվար է դառնում չբուժված հիվանդության վտանգավոր հետևանքները վերացնելը։ Բժշկին ուշ դիմելու պատճառը հաճախ հիվանդության սկզբնական ախտանշանները չիմանալն է։

Շրջապատի դերը հիվանդության զարգացման մեջԽմբագրել

Երկար ժամանակ, նույնիսկ, երբ խմիչքի հանդեպ հակումն առկա է, հիվանդը գործուն կերպով խմելու առիթ է փնտրում, որի համար միշտ գտնվում է հարմար ընկերախումբ, շարունակում են քրոնիկ ալկոհոլամոլությունը դիտել որպես կենցաղային հարբեցողություն, շվայտություն, հարբեցող ընկերների ազդեցություն։ Ալկոհոլամոլը և նրա մտերիմները պատրանքներ են ունենում, թե իրադրության փոփոխության հետ կապված՝ հնարավոր է ընդհատել այն։ Դրդապատճառների առատությունը հարբեցողության համար ունի միայն 1 պատճառ՝ հակում խմիչքի հանդեպ։ Երկար ժամանակ մտերիմները հավատում են ալկոհոլամոլների խոստումներին, որ նա կթողնի խմելը կամ կխմի չափավոր։ Որպես կամքի ուժի ապացույց՝ ալկոհոլամոլը մատնացույց է անում ժամանակի որևէ հատվածի ըևթացքում իր զսպվածությունը։

Սակայն ցուցմունքներն ինքնին խոսում են այն մասին, որ չարաշահումը մշտական է, զսպվածությունը՝ բացառություն։ Հիվանդագին վիճակի սխալ գնահատականի հետ մեկտեղ, մտերիմները թույլ են տալիս մեկ այլ տարածված սխալ, նրանք հույս են ունենում, որ հիվանդներն իրենց կամքով կարող են կարգավորել հարբեցողությունը, կերուխում կազմակերպելով տանը («որպեսզի դրսում չխմի»)՝ թույլատրում են հանգըստյան օրերին օգտագործել մեծ քանակությամբ խմիչք («որպեսզի չխմի աշխատանքի ժամին»)։ Սակայն հիվանդության առանձնահատկությունը՝ ալկոհոլի օգտագործումը հսկելու և գիտակցաբար սահմանափակելու անհնարինությունը, այդ միջոցառումները դարձնում են ապարդյուն։ Նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ ընտանեկան ազդեցության բոլոր միջոցներն սպառված են, մտերիմները խուսափում են բժշկի դիմելուց՝ վախենալով խմողին վարկաբեկելուց, և դրանով իսկ նպաստում են հիվանդության առաջացմանը։ Ընտանիքի անդամներից որևէ մեկի ալկոհոլամոլության դեպքում մերձավորների միակ հնարավոր ճիշտ գործելակերպը հարբեցողությունը դադարեցնելու վճռական պահանջն է, իսկ զսպվածության հենց 1-ին անհաջողության դեպքում՝ բժշկական օգնության համար թմրաբանին դիմելը։

Հետբուժական վերականգնումԽմբագրել

Բուժումից հետո ընտանիքում հիվանդին հարկավոր է մոտենալ որպես ծանր հիվանդությունից առողջացողի։ Նրան պետք է աշխատանքի և հանգստի խիստ ռեժիմ, կանոնավոր սնունդ, քանի որ ալկոհոլային քաղցը կարող է հակումը նորից արթնացնել։ Ուժեղ ապրումները նույնպես նպաստում են հիվանդության սրմանը։ Բուժված ալկոհոլամոլների մեծամասնությանն անհրաժեշտ է օգնել հանգիստը, ժամանակը ճիշտ կազմակերպելու, դրանց ձևերը փոփոխելու գործում։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։