Քսերոֆիտներ (հին հունարեն՝ ξερός - չոր և φυτόν - բույսեր), բույսեր, որոնք հարմարված են ապրելու չոր պայմաններում (ունեն հողային և մթնոլորտային երաշտին հարմարվելու ունակություն), կարող են դիմանալ գերտաքացմանը և ջրազրկմանը։ Դրանք հիմնականում տափաստանային, անապատային և կիսաանապատային բույսեր են։

Քսրոֆիտների չորային անտառը Ֆորմասի պրովինցիայում, Արգենտինա
Զոշուա ծառը քսերոֆիտի օրինակ է

Ներածություն խմբագրել

Բույսերը հողից կլանում են ջուր, որը գոլորշանում է բոևյսի ընձյուղից և տերևներից։ Այս գործընթացը կաչվում է տրանսպիրացիա։ Չորային պայմաններում սովորական մեզոֆիլիկ բույսից ավելի արագ ջուրը կգոլորշանար քան վերջինս այն կկլաներ, որի պատճառով բույսը կչորանար և կմահանար։

Քսերոֆիտները ունեն տարբեր հարմարություններ, որոնցով կարողանում են գոյատևել ջրի պակասի պայմաններում։ Տարբեր տեսակներ տարբեր կերպ են հարմարվել չորային պայմանների, սակայն դրանք բոլորը միտված են ջրի պահպանմանն ու հայթայթմանը։

Էկոլոգիական խմբեր խմբագրել

Բաժանվում են մի շարք էկոլոգիական խմբերի.

Սուկուլենտներ

Սուկուլենտներ՝ ունեն ջուրը ամբարող հյուսվածքներ (մսալի տերևներ կամ ցողուններ), արմատային համակարգը մակերեսային է, հորիզոնական, տերևային մակերեսը նվազում է, վերածվում փշերի կամ թեփուկների։ Գերջերմադիմացկուն են։ Հայաստանում տարածված են մատիտեղանման գեղածնկիկը, օրոճը, օշանը, ջերմատներում՝ հալվեն, ագավին։

 
Հեմիքսերոֆիտներ

Հեմիքսերոֆիտներ՝ ունեն խորը թափանցող հզոր արմատներ, չեն դիմանում ջրի պակասին և ուժեղ շոգին։ Ինտենսիվ գոլորշիացման շնորհիվ կանխվում է հյուսվածքների գերտաքացումը։ Հայաստանում հայտնի են սիբեխը, կարմրանը, ուղտափուշը և այլն։

Էվքսերոֆիտներ

Էվքսերոֆիտներ կամ իսկական՝ քսերոֆիտներ արմատները խորը չեն, աճում են խոնավության մշտական կամ սեզոնային պակասի պայմաններում։ Աչքի են ընկնում դանդաղ գոլորշիացմամբ, բարձր շոգեդիմացկունությամբ, թառամելու տևական վիճակին դիմանալու ընդունակությամբ։ Կարող են հարմարվել չորային կլիմայում ապրելուն և բազմանալուն։ Հայաստանում աճում են փետրախոտը, օշինդրը, մոմիկը, լերդախոտը, բորակաթուփը, աղուտ և գիպսոտ տարածքներում՝ կալիախոտը, աղապատուկը, ցմախը և այլն։

Պոյկիլոքսերոֆիտներ

Պոյկիլոքսերոֆիտները իրենց ջրային հաշվեկշիռը չեն կանոնավորում։ Ընդունակ են դիմանալու ամենախիստ չորային պայմաններին (պլազմայի թեթևակի դոնդողացման շնորհիվ)։ Ջրազրկման պայմաններում ընկնում են կենսադադարի (անաբիոզ) մեջ։ Բարենպաստ պայմաններում վերականգնում են իրենց բնականոն գործունեությունը։ Հայաստանում տարածված են քարաքոսերը, կիսաանապատային կապտականաչ ջրիմուռները և այլն։

Գրականություն խմբագրել

  • Коровкин О. А. Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М.: Дрофа, 2007. — С. 89. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). — 3000 экз. — ISBN 978-5-358-01214-1
  • D. J. Taylor, N. P. O. Green, G. W. Stout (2001). Biological Science 1 & 2, third edition. Cambridge University Press. ISBN 0-521-56178-7

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։