Ձկներ (լատին․՝ Barbus lacerta cyri), ծածանաձկների ընտանիքի ձուկ։

Քուռի բեղլու
Քուռի բեղլու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Լատիներեն անվանում
Barbus lacerta cyri
Հատուկ պահպանություն

Հայաստանում ամենատարածված ձկներից է։ Հանդիպում է գրեթե բոլոր գետերում, խոշոր ջրամբարներում (մինչև 2300 մ բարձրություններում)՝ բացառությամբ Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի։

Նկարագրություն խմբագրել

Միջին չափի ձուկ է։ Մարմինը՝ գլանաձև է, երկարությունը՝ 14-15 (երբեմն՝ մինչև 25) սմ, զանգվածը՝ 250 գ և ավելի։ Մեջքի եզրագիծը թեթևակի կորությամբ ձգվում է գլխից մինչև պոչային լողակը։ Գլխի երկարությունը գերազանցում է մարմնի բարձրությունը։ Բերանը գտնվում է դնչի ստորին մասում։ Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքը կողքերից սեղմված չէ։ Կողագծում կա 52-67 թեփուկ, մեջքային լողակում՝ 11-12 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է դեպի ներքև կորացած մանր ատամիկներ։ Կլանային ատամները եռաշարք են, հազվադեպ՝ երկշարք։ Գունավորումը փոփոխական է՝ կախված կենսավայրի պայմաններից։ Մեջքը սովորաբար գորշասև է, մոխրականաչ կամ մուգ մոխրագույն, կողքերը, մինչև կողագիծը, մոխրա-կանաչադեղնավուն կամ մոխրադեղին են՝ ոսկեգույն նրբերանգով, դրանից ներքև՝ մոխրադեղնավուն։ Կողքերի վրա հաճախ ցրված են բազմաթիվ մանր, կլորավուն, մուգ պտեր։ Փորիկն արծաթասպիտակ է կամ դեղնավուն։ Մեջքային, կրծքային և պոչային լողակները մոխրագույն են կամ նարնջամոխրագույն (հաճախ պատված են մանր, սև պտերով), փորային լողակները և հետնալողակը՝ նարնջագույն կամ դեղնավուն։

Միսն օժտված է համային բարձր արժեքներով, սակայն փոքրաթվության պատճառով Քուռի բեղլուն արդյունաբերական նշանակություն չունի։ Սիրողական ձկնորսության ցանկալի օբյեկտ է։

Կենսակերպ խմբագրել

Բնակվում է հոսող ջրերում, արագահոս գետերում ու գետակներում։ Հանդիպում է միայնակ կամ սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաքանակ վտառներով։ Վարում է մերձհատակային կենսաձև։ Սննդային ակտիվությունը բարձր է գիշերը, առավոտյան և երեկոյան։

Կենդանակեր է։ Հիմնականում սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, իր և այլ ձկնատեսակների ձկնկիթով, հազվադեպ՝ ջրային բույսերով։

Բազմացում խմբագրել

Սեռահասուն է դառնում 2-4 տարեկանում։ Արուներն էգերից ավելի շուտ են հասունանում։ Բազմանում է մայիս-օգոստոսին (երբ ջրի ջերմաստիճանն անցնում է 14 °C-ից)՝ ջրի արագ հոսքի պայմաններում, գետի խոշոր ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին։ Յուրաքանչյուր էգ (կախված չափերից և տարիքից) կարող է տարեկան 3-5 անգամ փոքր բաժիններով դնել 2-15 հազար ձկնկիթ, որը վառ նարնջագույն է, տրամագիծը՝ 1,3-2 մմ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուռի բեղլու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։