Քուշեշ-Դավթյան դպրոց, միջնակարգ, երկսեռ, կիսապետական դպրոց Թեհրանում։ Նախապես բացվել է որպես Հայկազյան դպրոցի մասնաճյուղ՝ Քուշեշ անունով։ 1932-1933 թվականներին հնդկահայ բարերար Գավիթ Դավթյանի միջոցներով վերակառուցվել և կոչվել է Քուշեշ-Դավթյան։ 1957-1958 թվականներին հայ բնակչության միջոցներով կառուցվել է դպրոցի նոր քառահարկ շենքը, որն իր ուսումնական հարմարություններով լավագույնն է քաղաքում։ 1954 թվականին բարերար Մարգար Սարգսյանի նվիրատվությամբ կառուցվել է Մարիամյան դպրոցը, որի նորակառույց շենք են տեղափոխվել Քուշեշ-Դավթյան դպրոցի իգական դասարանները։ Դասավանդվում են պետական ծրագրով նախատեսված հանրակրթական առարկաներ՝ պարսկերեն։ Հայոց լեզուն և կրոնը դասավանդվում են արտաժամյա։ Ուսուցիչները հիմնականում պարսիկներ են, կան նաև հայեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: