Քնարիկ Տեր-Դավթյան
Քնարիկ Սուրենի Տեր-Դավթյան (Քնարիկ Արևշատյան, սեպտեմբերի 6, 1926, Թավրիզ, Իրան - հուլիսի 1, 2021, Երևան, Հայաստան), հայ բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1996):
Քնարիկ Տեր-Դավթյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1926 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | հուլիսի 1, 2021 (94 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Երևանի պետական համալսարան (1950) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1996) |
Մասնագիտություն | բանասեր, պատմաբան և թարգմանիչ |
Աշխատավայր | Մատենադարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Ամուսին | Սեն Արևշատյան |
Երեխաներ | Աննա Արևշատյան |
ԿենսագրությունԽմբագրել
Քնարիկ Տեր-Դավթյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 6-ին, Իրանի Թավրիզ քաղաքում։ 1934 թվականին ընտանիքը հայրենդարձել է Հայաստան։ 1935-1945 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, 1945-1950 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1951-1953 թվականներին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1951-1971 թվականներին գործակցել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ, ռուսերեն թարգմանել հայ միջնադարյան գրականության հուշարձանները։ 1972 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում[1][2][3]։
1975 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Հայ վարքագրությունը 11-15-րդ դարերում» թեմայով։ 1995 թվականին դոկտորական է պաշտպանել՝ «Քրիստոնեական գրականության զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով։ Գիտական գործունեությունն սկսել է թարգմանական աշխատանքներով՝ Անանիա Շիրակացու «Տիեզերագիտություն» (1962) և մի շարք վարքագրական գործեր ամփոփող «Հայ սրբախոսական գրականության հուշարձաններ» (1973) գրքերով։ Այնուհետև հետևողականորեն զբաղվել է հայ միջնադարյան գրականության բնագրերի և հատկապես վարքագրական ու կրոնաբարոյախրատական թեմաներով գործերի ուսումնասիրությամբ, քննական բնագրերի կազմությամբ, ծանոթագրմամբ և ռուսերեն թարգմանությամբ։ 1996 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[2]։
Հեղինակել է վարքերի և վկայաբանությունների ժանրային կառուցվածքը, վարքագրական կոդ հասկացությունը, որի հիման վրա էին ներկայացվում սրբերի ու նահատակների գրական դիմանկարները, վարքագրական ժանրի ձևավորումը բյուզանդական գրականության մեջ, ապա և անցումը հայ գրականությանը սկսած Ոսկեդարյան շրջանից ու հետո ժանրի պատմական զարգացումը հայկական միջնադարում թարգմանական և ինքնուրույն գրական հուշարձանների քննությամբ։ «Հայ վարքագրությունը 11-15-րդ դդ.» (1980) գրքում մանրամասն անդրադարձել է այս հարցերին, հայ սրբախոսական գրականության պատմությունը ներկայացնելով ըստ վարքերի և վկայաբանությունների գրության ժամանակի, որով հայ վարքագրությունը դիտարկվում է հայ գրականության և հայ ժողովրդի պատմության համատեքստում ու վարքագրական գրականության ընթացքի պարբերացումը կատարվում է ըստ այդմ։ Այն կարևոր դրույթն է առաջ քաշվում, որ սկսած 5-րդ դարից և հատկապես Ավարայրից հետո հայ վարքագրության հերոսները դառնում են ոչ միայն պարզապես սրբակենցաղ և ճգնակյաց անձնավորությունները, այլև նրանք, ովքեր այդ հատկանիշներն ունենալուց բացի իրենց կարևոր ավանդն են բերել հայ մշակույթին, դպրությանը և կամ էլ հանուն հավատի ու հայրենիքի նահատակներ են։ Ըստ Քնարիկ Տեր-Դավթյանի՝ հայ սրբախոսական գրականությունն իրենում ներառում է վաղ շրջանի բյուզանդական և ասորական վարքագրությունը, որը գեղարվեստական ու թեմատիկ առումով մեծ ճանապարհ էր անցել քրիստոնեության առաջին նահատակներին նվիրված դատական ակտերից մինչև 4-րդ դարի մեծ կապադովկացիների գործերը[4]։ Ըստ այդմ՝ հայկական առաջին վարքերը նվիրված են հայ հոգևոր-մշակութային կյանքի ժամանակի ամենանշանավոր գործիչներին[2][5][6]։
Քնարիկ Տեր-Դավթյանի գիտական հետաքրքրությունների երկրորդ ուղղությունը հայ միջնադարյան կրոնաբարոյախրատական բնույթի գործերն են[2]։ Նման մի շարք մեծ և փոքր բնագրեր է հրատարակել, այդ թվում 1994 թվականին լույս տեսած «Հայելի վարուց»-ը[7]։
Ռուսերեն թարգմանություններԽմբագրել
- «Աղբյուրներ միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների պատմության (12-15-րդ դդ) (1983)
- «Վկայաբանութիւն Սրբոց Հռիփսիմեանց» (1996)
- Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» (2004)
- Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Փոքուն Հայոց և նորին Մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ» (2015)
- Հովհաննես Սեբաստացու «Պատմութիւն Սեբաստիոյ», Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը»
ԵրկերԽմբագրել
- Источники по истории высших школ средневековой Армении: 12 —15 вв., Ереван, 1983.
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվոգիր (2016)[8]
ԸնտանիքԽմբագրել
- Ամուսին՝ Սեն Արևշատյան, փիլիսոփա, պատմաբան
- Դուստր՝ Աննա Արևշատյան, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Քնարիկ Տեր-Դավթյանի կեսնագրությունը avproduction կայքում
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հայ սրբախոսական գրականության հմուտ հետազոտողը (Քնարիկ Տեր-Դավթյանի ծննդյան 90-ամյակի առթիվ), Վարդան Դևրիկյան»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին։ Վերցված է 2018-09-06
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
- ↑ Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 5 (1350-1500) (անգլերեն)։ BRILL։ 2013-06-21։ ISBN 9789004252783
- ↑ ԵՊՀ Գրադարանի քարտարան(չաշխատող հղում)
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003 ։ Հ. 4:
- ↑ Paris Bibliothèque de l'Église apostolique arménienne -։ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տեր-Դավթյան , Քնարիկ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2018-09-06
- ↑ Վաստակաշատ հայագետներին շնորհվեցին կոմիտեի պարգևներ