Քյուրաթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Քյուրաթաղ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներԴյուդյուքչյու
ԲԾՄ703 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն274 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Քյուրաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քյուրաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում` Հադրութի շրջանում` նախկին Դիզակ գավառում` Արևասարի արևելահայաց լանջի ստորոտում։ Շրջկենտրոն Հադրութ քաղաքից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 74 կմ հեռավորության վրա։ Գյուղն ունի լեռնային տեղադրություն։ Արևմտյան հատվածը անտառածածկ է[2]։ Ունի 578,0 հա տարածք, որից 529,99 հա գյուղատնտեսական նշանակություն, 3,0 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ՝ «Մեծ» և «Արտեզյան ջրհոր»։

Վաղ միջնադարից սկսած Արևասարի շրջակայքում գյուղի տեղանքը մի քանի անգամ փոխվել է։

Պատմություն խմբագրել

Գյուղի մասին պատմական տեղեկությունները բավականին աղքատ են։ Տեղեկությունները հիմնված են հուշարձանների և վիմագրերի վրա, որոնց համաձայն գյուղի ծաղկուն շրջանը եղել է ուշ միջնադարը։ 19-րդ դարում գյուղում հաստատվեցին հայերը Ղարադաղից և գյուղն անվանեցին Քյուրաթաղ։ Գյուղից հարավ ընկած տարածքում պահպանվում են Հականոր գյուղատեղիի մնացորդները։ Տարբեր հեղինակների կողմից փորձեր են եղել գյուղի անվան բացատրությունը ստուգաբանել:Հայտնի է Դուդուկչի, Խորքյուրաթաղ, Կիրաթաղ, Հյուքյուրաթաղ անվանումներով։ Արմատը բարբառային քյուրա՝ կրակ բառն է, որը թաղ արմատին միանալով՝ ստացել է Կրակի թաղ անվանումը[2]։ 1905-1906 թվականների հայ-թուրքական ընդհարումների ընթացքում գյուղն ավերվել է։

Գյուղի 1743 թվականին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու վրա փորագրված արձանագրության մեջ բնակավայրը անվանվել է Քյուրաթաղ։

Գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող Վնեսա սարի վրա գտնվող Վնեսա ղալա բերդը դարեր շարունակ Քյուրաթաղի և հարևան բնակավայրերի անվտանգության ապահովման լավագույն միջոց է հանդիսացել[2]։

Ցարական Ռուսաստանը Այսրկովկասում, այդ թվում Արցախում, ազգային հենարան ստեղծելու նպատակով, 19-րդ դարի 30-ական թվականներին դուխոբորների ու մոլականների հազարավոր ընտանիքներ բնակեցնում է տարածաշրջանում[2]։ 1830 թվականին մոլոկանների ընտանիքներ են վերաբնակվում Քյուրաթաղ գյուղում։ Նրանք հետագայում հեռացել են բնակավայրից։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության բանակի կազմում գյուղից մասնակցել է 112 հոգի, որից 62-ը զոհվել է[2]։ Նրանցից օդաչու Աշոտ Գասպարյանը արժանացել է Խորհրդային միության հերոսի բարձր կոչմանը։

Արցախյան ազատամարտ խմբագրել

Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ գյուղի երիտասարդությունը շուրջ 60 հոգի, անդամագրվել էր կամավորական շարժմանը։ Նրանցից 8 ազատամարտիկներ զոհվել են, իսկ 2 հոգի էլ ճանաչվել են որպես անհայտ կորած[2]։

ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի հետմահու արժանացել է Ռոման Պողոսյանը, ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հետմահու Ռուսլան Մարտիրոսյանը և Գառնիկ Գասպարյանը[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն խմբագրել

Քյուրաթաղում ապրում էին Պողոսյան, Գասպարյան, Շահնազարյան, Պետրոսյան,Նավասարդյան, Մարտիրոսյան, Ալեքսանյան, Բալասանյան, Դանիելյան, Բաբայան,Առաքելյան, Ղալայան, Ղազարյան, Ավետյան, Ալավերդյան, Ավանեսյան, Օհանջանյան, Աղաջանյան ազգատոհմերի ներկայացուցիչները[2]։

Քյուրաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 321 մարդ, կա 81 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 315 303 304

Տնտեսություն խմբագրել

Արցախում խորհրդային կարգեր հաստատելուց հետո՝ 1930 թվականին, գյուղում կոլտնտեսություն է կազմավորվել։ 1950 թվականին խոշորացման քաղաքականության արդյունքում այն միավորվել է Ուխտաձորի տնտեսությանը։ 1974 թվականին կոլտնտեսությունը վերակազմավորվեց սովխոզի։ 1988 թվականին տնտեսությունների ապախոշորացումից հետո Քյուրաթաղի կոլտնտեսությունը շարունակեց գործել մինչև 1998 թվականի հողերի սեփականաշնորհումը[2]։

Տարբեր տարիների կոլտնտեսությունը ղեկավարել են Հարություն Առաքելյանը,Աղալում Ալեքսանյանը, Սուրեն Ամիրջանյանը, Աշոտ Գասպարյանը, Վոլոդյա Նավասարդյանը, Էդիկ Նավասարդյանը[2]։

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (1683 թ.), Վնեսա ամրոցը (10-14-րդ դարեր), միջնադարյան գյուղատեղիներ։ Դրանցից մեկի տարածքում գտնվում է Տնջրին աղբյուրը, դրա համար էլ գյուղատեղին կոչվում է աղբյուրի անունով։ Մյուս գյուղատեղին Հականոր գետակի ափին է, տարածքում պահպանվել է գերեզմանատուն և հազիվ նշմարելի եկեղեցու ավերակներ։ Մյուս հայտնի գյուղատեղին կոչվում է Մրղուզ կամ Մուրղուզ, որը գտնվում է գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղի աղբյուրներն են՝ Մեծ, Արտեզյան ջրհոր, Պոտուն կամ Պետրոսի և Հեռե[2]։ Հեռե, Հեռի կամ Հեռու աղբյուրը գտնվում է գյուղի հարավ-արևմտյան եզրին, ունի պարզ կառուցվածք, ունի արձանագրություն, ըստ որի այն կառուցվել է 1913 թվականին։

Գյուղի արևմտյան թաղամասում է գտնվում 1683 թվականին կառուցված եկեղեցին, որի հիմնադրման մասին տեղեկությունները քիչ են:1841-1844 թվականներին այն հիշատակվում էր Ս. Հովհաննես, իսկ 19-րդ դարավերջին հավանաբար վերանորոգումից հետո կոչվել է Ս. Աստվածածին։ Գործել է մինչև 1925 թվականը, 1927 թվականին վերածվել է գյուղական ակումբի, հետո՝ պահեստի։ 2012 թվականին եկեղեցին վերանորոգվել է քյուրաթաղցի Արմեն Դավթյանի միջոցներով։ Այն երկթեք տանիքով եռանավ բազիլիկ շինություն է, որի կիսակլոր խորանի կողքերին առկա են մեկական ավանդատներ։ Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է, շքամուտքը՝ հարավից։ Եկեղեցու որմերին ագուցված են խաչաքանդակներ, պահպանվել են 10 վիմական արձանագրություն, որոնցից երկուսը շինարարական բնույթի են, իսկ մյուսները՝ նվիրատվական[7]։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ[8]

Գյուղը էլեկտրաֆիկացված էր։ Ուներ խմելու ջրագիծ։ Ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետ ծառայությունը, անլար հեռախոսակապը, բնակչությանը հասանելի են։

2017 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով և Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ գործում էր գյուղապետարանը, գրադարանը, բուժկետը և հանդիսությունների սրահ։ Գյուղում առկա էին առևտրային օբյեկտներ[2]։

Կրթություն խմբագրել

1886 թվականին Քյուրաթաղում գործել է 15 աշակերտներից կազմված նախակրթարան։

1888 թվականին գյուղում բացվել է եկեղեցական-ծխական դպրոց։ 1890-ական թվականներին հայկական դպրոցների փակման պայմաններում գյուղում դպրոցը շարունակել է գործել գաղտնի[2]։

1907-1908 ուսումնական տարում բացվել է մեկդասյա երկսեռ դպրոց։ Ուսուցիչն էր Վրույր Առաքելյանը[2]։

1927 թվականին գյուղում դպրոցական շենք է կառուցվել։ Դպրոցը յոթամյայի կարգավիճակ ուներ։ Մինչև 1970-ական թվականների կեսերը աշակերտների թիվը տատանվում էր 90-100-ի միջև։ Հետագա տարիներին աշակերտների թիվը սկսեց նվազել։ 2004-2005 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 32 աշակերտ, դասավանդում՝ 14 ուսուցիչ։ 2000 թվականին դպրոցը միջնակարգի կարգավիճակ ստացավ։ Ըստ 2018-2019 ուսումնական տարվա տվյալների՝ դպրոցում սովորում էր 55 աշակերտ, դասավանդում՝ 23 ուսուցիչ[2]։

Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Անդրանիկ Մայիլյանը, Ապրես Առաքելյանը, Մարո Բարությանը, Երեմ Սահակյանը, Խուդան Բաբայանը, Վոլոդյա Նավասարդյանը, Մարգո Դավթյանը, Մարտին Քալաշյանը, Եղիշե Ղալայանը,Արմեն Աբրահամյանը, Ալեքսանդր Շահնազարյանը, Էլզա Գասպարյանը[2]։

2015 թվականին գյուղի հիմնական դպրոցում սովորել է 51 աշակերտներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 254–256.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Էմմա, Աբրահամյան (2022, 17, 56-64). «Քյուրաթաղ». Վարձք.
  8. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 138.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել