Քլայվ Սթեյփլս Լյուիս
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Քլայվ Սթեյփլս Լյուիս (անգլ.՝ Clive Staples Lewis, նոյեմբերի 29, 1898[1][2][3][…], Բելֆասթ[4] - նոյեմբերի 22, 1963[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն) բրիտանացի նովելիստ, պոետ, ակադեմիկ, գրական քննադատ, էսսեիստ, մեդիվալիստ, սիրողական աստվածաբան ու քրիստոնեական ապոլոգետիկ էր։ Նրան լայն ճանաչում են բերել գեղարվեստական ու քրիստոնեական ապոլոգետիկ աշխատությունները։
Քլայվ Սթեյփլս Լյուիս անգլ.՝ Clive Staples Lewis | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Clive Staples Lewis |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելֆասթ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1963[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Holy Trinity Church |
Գրական անուն | N. W. Clerk[5] և Clive Hamilton[5] |
Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս և աստվածաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Համալսարանի քոլեջ (1925), Campbell College?, Մալվերն քոլեջ և Wynyard School? |
Ժանրեր | mirabilia?[6], ֆենթեզի, գիտական ֆանտաստիկա և apologetics? |
Գրական ուղղություններ | Inklings? |
Ուշագրավ աշխատանքներ | Նարնիայի ժամանակագրություններ, Զուտ քրիստոնեություն, The Screwtape Letters?, The Space Trilogy?, Till We Have Faces?, Surprised by Joy? և Fern-seed and elephants and other essays on Christianity? |
Աշխատավայր | Մագդալեն քոլիջ |
Պարգևներ | |
Ամուսին | Joy Davidman?[9] |
Զավակներ | Դուգլաս Գրեշեմ և David Gresham? |
Ներշնչվել է
| |
C. S. Lewis Վիքիպահեստում |
Ըստ «Ուրախությունից անակնկալի եկած» ինքնակենսագրականի, մանուկ ժամանակ մկրտվել է Իռլանդիայի Եկեղեցում, բայց դեռահասության ժամանակ հեռացել է իր հավատքից։ Այնուամենայնիվ, 32 տարեկանում վերադարձել է քրիստոնեական հավատքին։ Հավատքը խորը ազդեցություն է ունեցել նրա աշխատությունների վրա, և պատերազմի ընթացքում հեռարձակված քրիստոնեության մասին իր ռադիոհաղորդումներն նրան մեծ ճանաչում են բերել։
Լյուիսը 1956 թ ամուսնացել է ամերիկացի գրող Ջոյ Դեվիդմենի հետ, ով 17 տարով փոքր էր իրենից։ Սակայն կինն ամուսնությունից 4 տարի անց մահանում է՝ քաղցկեղի պատճառով։ 3 տարի անց երիկամային անբավարարությունից մահանում է Լյուիսը։ 2013 թ՝ մահվան 50 ամյակին, Վեսթմինսթերյան Աբբայությունում հարգանք է մատուցվել գրողի հիշատակ։ Քլայվ Լյուիսի աշխատանքները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով ու վաճառվել միլինավոր պատճեններով։
Կենսագրություն
խմբագրելՄանկությունը
խմբագրելՔլայվ Լյուիսը ծնվել է 1898 թ նոյեմբերի 29-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում։ Լյուիսի պապը՝ Ռիչարդը 19-րդ դարի կեսերին Ուելսից տեղափոխվել է Իռլանդիա։ Հայրն Ալբերտ Ջեյմս Լյուիսն էր (մասնագիտությամբ փաստաբան), մայրը՝ Ֆլորենս Օգուստա Լյուիսը, ով Անգլիկան եկեղեցու հովվի դուստրն էր։ Ուներ ավագ եղբայր՝ Ուարրեն Համիլթոն Լյուիսը։
4 տարեկանում, երբ Լյուիսի շուն Ջեքսին սատկեց ավտովթարի պատճառով, Լյուիսը հայտարարեց, որ իր անունն այդուհետ Ջեքսի է։ Դրանից հետո նա ոչ մի այլ անվան չէր արձագանքում։ Հետագայում ընդունեց Ջեք անունը, որով էլ ճանաչվեց ընտանիքի ու ընկերների շրջանում։ 7 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցին Արևելյան Բելֆաստի Ստրենդթաուն թաղամաս, «Լիթթլ Լիա»՝ Լյուիսի մանկության տունը։
Որպես փոքրիկ տղա՝ խիստ հետաքրքրված է եղել անտրոպոմորֆիկ կենդանիներով, հաճախ գրել ու պատկերել է իր սեփական կենդանական պատմվածքները (եղբոր հետ ստեղծել է գրական «Բոքսեն» աշխարհը՝ բնակեցված ու կառավարված կենդանիների կողմից)։
Լյուիսը սիրում էր ընթերցել։ Հոր տանը շատ գրքեր կային, ուստի ընթերցելու համար գիրք գտնելը համարում էր այնքան հեշտ, «որքան դաշտում խոտի նոր շյուղ գտնելը»։
Նախքան մոր քաղցկեղից մահանալը՝ Լյուիսը կրթություն է ստացել մասնավոր ուսուցիչների կողմից։ Դրանից հետո՝ 1908 թ, ուղարկվում է Ուեթֆորդի Ուինյարդ դպրոց, ուր իր եղբայրն ընդունվել էր 3 տարի առաջ։ Դպրոցը, սակայն, մի քանի տարի անց փակվեց՝ աշակերտների սակավության պատճառով։ Հետո Լյուիսը մի քանի ամիս ուսանեց Քեմփբելլի Քոլեջում, որտեղից դուրս եկավ շնչառական խնդիրների պատճառով։ Նրան ուղարկեցին Ուորսեթշայրի Մալվերն՝ առողջարանային քաղաք, որտեղ սովորեց Չերբուրգ Հաուզ նախապատրաստական դպրոցում։ Այս տարիների ընթացքում թողնում է իր մանկությունից եկած քրիստոնեական հավատքն ու դառնում աթեիստ՝ հետաքրքվում առեղծվածայինով ու դիցաբանությամբ։ 1913 թ ընդունվում է Մալվերն Քոլեջ, որն իր համար հասարակայնորեն մրցակցային էր. այստեղ էլ ուսանում է մինչ հաջորդ տարվա հունիսը։ Դրանից հետո մասնավոր ուսանում է իր հոր նախկին ուսուցիչ Ուիլյամ Թ. Քըրքփեթրիքի մոտ։
Դեռահաս տարիներին տարված է եղել իսլանդական ավանդազրույցներում պահպանված սկանդինավյան հինավուրց գրականությամբ (երգեր ու լեգենդներ), որոնք անվանել է «Հյուսիսայնություն»։ Այս լեգնենդերն իր մեջ ուժեղացրին ներքին մղումը, որն էլ հետագայում անվանեց «ուրախություն»։ Սկսեց սիրել բնությունը. այն հիշեցնում էր Հյուսիսի պատմվածնքերի մասին, որոնք էլ իրենց հերթին հիշեցնում էին բնության գեղեցկության մասին։ Հեղինակի դեռահաս տարիքի գրությունները հեռացան կենդանական պատմվածքներից. Լյուիսը սկսեց օգտագործել արվեստի տարբեր տեսակներ (էպիկական բանաստեղծություն և օպերա) սկանդինավյան դիցաբանության ու բնության հանդեպ իր հետաքրքրությունը նկարագրելու համար։ Քըրքփեթրիքի հետ ուսանելն իր մեջ հունական գրականության ու դիցաբանության հանդեպ սեր ծնեց ու բարելավեց բանավիճային ու հիմնավոր կշռադատման հմտությունները։ Լյուիսը 1916 թ Օքսֆորդի համալսարանի քոլեջում կրթաթոշակ է ստանում։
«Իմ Իռլանդական Կյանքը»
խմբագրելԼյուիսն Անգլիա ժամանելու սկզբում մշակութային շոկ է ապրում. «Ոչ մի անգլիացի չի հասկանա Անգլիայի՝ ինձ վրա թողած առաջին տպավորությունները»,- գրել է «Ուրախությունից անակնկալի եկած» ինքնակենսագրականի մեջ՝ շարունակելով, – «Անգլիական տարօրինակ ակցենտները, որոնք ինձ շրջապատել էին, կարծես դևերի ձայներ լինեին։ Սակայն ամենավատն անգլիական երկրապատկերն էր … Վեճը հարթելու պահին մեջս ատելություն հղացավ, ու այն բուժելու համար շատ տարիներ պահանջվեցին»։
Քլայվ Լյուիսը տղա ժամանակվանից սուզվել էր առաջին հերթին սկանդինավյան, հունական, ապա՝ իռլանդական դիցաբանության մեջ, հետաքրքրություն էր դրսևորել իռլանդերենի հանդեպ (սակայն բավարար փաստեր չկան այն մասին, որ սովորել է այդ լեզուն)։ Հետաքրքրված էր Վիլյամ Բաթլըր Յիթս իռլանդացի գրողի գործերով, մասնավորապես այն փաստով, որ վերջինս բանաստեղծության մեջ օգտագործել է Իռլանդիայի կելտական ժառանգությունը։ Ընկերոջն ուղղված նամակի մեջ Լյուիսը գրել է. «Այստեղ բացահայտել եմ ճիշտ իմ սրտից բխող մի գրողի, որով դու նույնպես կհիանաս՝ Վիլյամ Բաթլըր Յիթս։ Նա գրում է բանաստեղծություններ ու ներկայացումներ հազվագյուտ հոգիների ու մեր հին իռլանդական դիցաբանության գեղեցկության մասին»։ 1921 թ Լյուիսը Յիթսի հետ հանդիպել է 2 անգամ։ Զարմացած Յիթսի ու Կելտական Վերակենդանացման (19-20-ական դարեր) հանդեպ իր ժամանակակիցների անտարբերությամբ, Լյուիսը գրել է. «Հաճախ զարմանում եմ, թե Յիթսն իմ հանդիպած մարդկանց մեջ որքան արհամարհված է. թերևս իր հրապուրանքը միանգամայն իռլանդական է։ Եթե, այո, ապա շնորհակալություն աստվածներին, որ ես իռլանդացի եմ»։
Գործունեության սկզբում Լյուիսը մտածում էր իր աշխատանքներն ուղարկել Դուբլինի գլխավոր հրատարակչություններին, գրելով. «Եթե իմ աշխատությունները երբեևէ ուղարկեմ հրատարակչություն, երևի կփորձեմ «Մանսուել»-ին՝ այն դուբլինյան ժողովրդին, ու ինձ կկապեմ իռլանդական դպրոցին»։
Քրիստոնյա դառնալուց հետո Լյուիսի հետաքրքրությունը ձգվեց դեպի քրիստոնեական հոգևորությանը ու հեռու հեթանոսական կելտիկ միստիցիզմից։
Լյուիսը երբեմն անգլիացիների հանդեպ որոշակի շովինիզմ է դրսևորել։ Մեկ այլ իռլանդացու հետ հանդիպումը նկարագրելով, նա գրել է. «Բոլոր իռլանդացիների պես, ովքեր հանդիպում են Անգլիայում, մեր հանդիպումն ավարտվեց անգլո-սաքսոնյան ցեղի անհաղթահարելի թեթևամտության ու ձանձրալիության քննադատություններով։ Վերջիվերջո, կասկած չկա, որ իռլանդացիները միակ ժողովուրդն են. իրենց բոլոր մեղքերը հաշվի առնելով, ինձ հաճելի չէր լինի ապրել ու մահանալ այլ ժողովրդի մեջ»։ Ամբողջ կյանքի ընթացքում Անգլիայում փնտրել է իռլանդացիների ընկերակցությունն ու կանոնավոր կերպով այցելել է Հյուսիսային Իռլանդիան (նույնիկս 1958 թ մեղրամիսն է այնտեղ անցկացրել)։ Սա նա կոչել է «իմ իռլանդակայն կյանքը»։
Տարբեր քննադատներ ենթադրել են, որ իր հայրենի Բելֆաստում սեկտաների կոնֆլիկտի համար ունեցած անհանգստությունն է Լյուիսին ուղղորդել քրիստոնեության էկումենիկ (համընդհանուր) տեսակին հետևելուն։ Ինչպես որ մի քննադատ ասել է, Լյուիսը «բազմիցս գովերգել է քրիստոնեական հավատքի բոլոր ճյուղերը, շեշտելով քրիստոնյաների միաբանության կարիքը այն բանի շուրջ, ինչը կաթոլիկ գրող Գիլբերթ Քեյթ Չեսթերթոնի անվանել է «Զուտ քրիստոնեություն»՝ բոլոր հարանվանությունների (դենոմինացիաների) կիսած դոկտրինալ հավատքի միջուկը։ Մյուս կողմից, Տորոնտոյի համալսարանից Փոլ Սթիվենսը գրել է, որ «Լյուիսի զուտ քրիստոնեությունը դիմակել է հնաոճ ուլստերացի (հյս. իռլանդացու) բողոքականի քաղաքական նախապաշարմունքը, Բելֆաստի միջին խավի անդամի, ում համար նույնիսկ 1950-60-ականներին Հյուսիսային Իռլանդիայից հետ քաշվելը անտրամաբանելի էր»։
Առաջին Աշխարհամարտ
խմբագրել1917 թ Լյուիսը թողնում է իր դասընթացները Բրիտանական Բանակում կամավոր դառնալու համար։ Առաջին Աշխարհամարտի ընթացքում նրան ուղարկեցին Սոմերսեթ Լայթ Հետևակի 3-րդ գումարտակ։ Լյուիսն իր 19-րդ ծննդյան օրը Ֆրանսիայում ժամանում է Սոմմ Արահետ, որտեղ ընթանում էր խրամատային կռիվ։
1918 թ ապրիլի 15-ին բրիտանական ռումբն իր թիրախից հետ է ընկնում։ Արդյունքում Լյուիսը վիրավորովում է, և իր երկու կոլեգաները զոհվում են։ Կազդուրման ժամանակ Լյուիսը տառապում է դեպրեսիայով ու տան կարոտով։ Հոկտմեբերին՝ ապաքինումից անմիջապես հետո, Անգլիայի Էնդովր քաղաքում Լյուիսին նշանակում են ծառայության։ 1918 թ դեկտմեբերին նրան դեմոբիլիզացնում են. Լյուիսը վերադառնում է իր դասընթացներին։
Վերադարձն Օքսֆորդի համալսարան
խմբագրել1920 թ ստանում է Honour Moderations (Mods)-ում (Օքսֆորդի համալսարանի քննությունների շարք հունական ու լատինական գրականությունից) ստանում է Առաջին Կարգի Շքանշան, 1922 թ՝ Greats-ում Առաջին Կարգի Շքանշան (փիլիսոփայություն ու հին պատմություն), 1923 թ՝ Անգլերեն լեզվի Առաջին Կարգի Շքանշան։ 1924 թ համալսարանի քոլեջում դառնում է փիլիսոփայության դասուսույց։ 1925 թ Մագդաղեն քոլեջում (որը Օքսֆորդի համալսարանի քոլեջներից մեկն է) դառնում է անգլիական գրականության դասուսույց. այստեղ աշխատում է մինչ 1954 թ (29 տարի)։
Ջեյն Մուր
խմբագրելԲանակային պատրաստություն անցնելիս Լյուիսի սենյակային հարևանն էր մեկ այլ կադետ՝ Էդվարդ Քորտնի Ֆրանցիս «Փեդի» Մուրը (1898-1918)։ Վերջինիս քույրը՝ Մաուրին Մուրը, ասել է, որ Լյուիսն ու Փեդին երկկողմանի դաշինք էին կնքել. եթե նրանցից մեկնումեկը զոհվեր պատերազմում, կենդանի մնացածը հոգ կտաներ իրենց երկուսի ընտանիքների համար։ Փեդին զոհվում է գործողության ժամանակ 1918 թ., ու Լյուիսը պահում է իր խոստումը։ Փեդին ծանոթացրել էր Լյուիսին իր մոր՝ Ջեյն Քինգ Մուրի հետ, և նրանց միջև միանգամից ընկերություն էր ձևավորվել։ Կնոջ հետ ընկերությունը Լյուիսի համար հատկապես կարևոր էր իր ապաքինման ընթացքում, քանզի իր հայրը նրան չէր այցելում։ Լյուիսն ապրում էր տիկին Մուրի հետ ու հոգ էր տանում նրա մասին մինչ 1940 թ, երբ վերջինս տեղափոխվեց հիվանդանոց։ Լյուիսը նրան ներկայանցում էր որպես իր մայրը (նույնիսկ նամակներում)։ Գրողը, ում մայրը մահացել էր, երբ նա ընդամենը երեխա էր, իսկ հայրը հեռու էր, ուշադրույթուն պահանջող ու էկսցենտրիկ, Ջեյն Մուրի հետ խորապես գորովալից ընկերություն ձևավորեց։
Լյուիսի կենսագրության Էնդրու Նորման Ուիլսոնի հրատարակությունը Մուրի ու Լյուիսի հարաբերությունների մասին նոր ենթադրություններ վեր հանեց։ Ուիլսոնը (ով Լյուիսին երբեք չէր հանդիպել) փորձեց առաջ բերել այն, թե նրանք որոշ ժամանակ սիրեկաններ են եղել։ Այս կենսագրական հրատարակությունը միակը չէր, որ անդրադարձել էր այս թեմային։ Ջորջ Սեյերը, ով Լյուիսին ճանաչել է 29 տարի, իր «Ջեք. Ք. Ս. Լյուիսի կյանք» աշխատության մեջ փորձել է Լյուիսի՝ քրիստոնյա դառնալուց 14 տարի առաջ ընկած ժամանակահատվածում ընկած հարաբերության վրա լույս սփռել։ Նա գրել է. «Արդյո՞ք նրանք սիրեկաններ էին։ Լյուիսին 1920-ականներին լավ ճանաչած Օուեն Բարֆիլդը մի անգամ ասել է, որ հավանականությունը «50-50» է։ Չնայած՝ նա 26 տարով մեծ էր Լյուիսից, դեռ գեղեցիկ կին էր, ու Լյուիսը հրապուրված էր նրանով։ Սակայն տարօրինակ է. եթե նրանք սիրեկաններ են եղել, ինչու՞ է Լյուիսը նրան «մայրիկ» անվանել։ Նաև գիտենք, որ նույն ննջարանը չեն կիսել։ Առավել հավանական է, որ Լյուիսը տիկին Մուրի հետ կապված էր իր որդուն՝ Փեդիին տված խոստաման պատճառով, ու վերջինս ավելի ցայտուն է դառնում ու ամրանում Մուրի հանդեպ ունեցած որդիական սիրով»։ 1997 թ հրատարակության մեջ Սեյերը միտքը փոխել է. «Ստիպված էի Լյուիսի ու տիկին Մուրի հարաբերության մասին կարծիքս վերափոխել։ Գրքիս 8-րդ գլխում նշել էի, որ համոզված չեմ նրանց հարաբերության մասին։ Սակայն տիկին Մուրի դստեր՝ Մաուրինի հետ զրուցելուց հետո, դատելով Դը Քլինզ տանը նրանց ննջարանների դասավորությունը, համոված եմ, որ նրանք սիրեկաններ էին»։
Լյուիսը տիկին Մուրի մասին միշտ լավ է խոսել, Սեյերին ասելով, թե «Նա մեծահոգի էր ու ինձ էլ սովորեցրեց լինել մեծահոգի»։ 1917 թ իր մանկության ընկեր Արթուր Գրիվզին ուղղված նամակում Լյուիսը գրել է, որ Արթուրն ու տիկին Մուրը աշխարհում 2 ամենակարևոր մարդիկ էին իր համար։
1930 թ Լյուիսն ու իր եղբայր Ուարենը, տիկին Մուրի ու Մաուրինի հետ, տեղափոխվում են Դը Քլինզ տուն, որը գտնվում էր Օքսֆորդի արվարձաններում։ Տան գնմանը ֆինանսապես մասնակցել են բոլորը, ու տունը ժառանգել է Մաուրինը։
Ջեյն Մուրը վերջին տարիներին տառապել է տկարամտությունից (դեմենտիա)։ Վերջիվերջո տեղափոխվել է ծերանոց, ուր Լյուիսը նրան ամեն օր այցելել է։ Ջեյն Մուրը մահացավ 1951 թ, ծերանոցում։
Հավատափոխությունը դեպի քրիստոնեություն
խմբագրելԼյուիսը մեծացել է հոգևոր ընտանիքում. նրանք հաճախել են Իռլանդիայի Եկեղեցի։ 15 տարեկանում դարձել է աթեիստ, չնայած հետագայում իրեն նկարագրել է որպես «պարադօքսայինորեն շատ ջղային Աստծո վրա՝ Նրա գոյություն չունենալու պատճառով»։ Լյուիսը քրիստոնեությունից սկսեց հեռանալ, երբ կրոնը սկսեց դիտել որպես ամենօրյա պարտադիր գործ ու պարտավորվածություն։ Այս ընթացքում նրան հետաքրքրեց առեղծվածայինը, քանզի իր ուսումնասիրությունները ներառում էին նման թեմաներ։ Որպես աթեիզմի ամենաուժեղ փաստարկներ ունեցող մարդ, Լյուիսը մեջբերել է Լուկրեցիուսին (Տիտոս Լուկրեցիուս Կարուս, հռոմեացի պոետ ու փիլիսոփա).
(De rerum natura, 5.198-9)
Եթե Աստված ստեղծած լիներ աշխարհը, այն չէր լինի
Այսքան փխրուն ու մեղավոր, ինչպես որ մենք այն տեսնում ենք։
Լյուիսին աթեիզմից հեռացրել է Ջորջ ՄըՔդոնալդի աշխատությունների հանդեպ հետաքրքրությունը։ Սա ակնհայտ է Լյուիսի «Մեծ բաժանումը» աշխատության 9-րդ գլխում, երբ կիսա-ինքնակենսագրական գլխավոր կերպարը երկնքում հանդիպում է Ջորջ ՄըՔդոնալդին։
«… Ես դողալով փորձեցի ասել այդ մարդուն, թե իր գրածներն ինչ էին արել ինձ համար։ Փորձեցի նրան ասել, որ ցուրտ մի երեկո Լեդերհեդի կայարանում առաջին անգամ գնածս «Ֆանտաստես»-ը (այդ ժամանակ թերևս 16 տարեկան էի) այն է նշանակել ինձ համար, ինչ Դանթեի համար՝ Բեատրիսին առաջին անգամ տեսնելը՝ «Այստեղ է սկսվում նոր կյանքը»։ Սկսեցի խոստովանել, թե զուտ երևակայության ասպարեզում այդ Կյանքը որքան ուշ էր սկսել. դանդաղ ու դժկամությամբ ես ընդունել էի, որ ՄըՔդոնալդի քրիստոնեական աշխարհը դրա հետ պատահական կապից ավելին ուներ, որքան էի ջանացել չտեսնել այն արժեքի իրական անունը, որին հանդիպել էի իր գրքերում։ Այդ արժեքի անունը Սրբություն էր»։
Լյուիսը աստիճանաբար վերադարձավ քրիստոնեությանը։ Դրան նպաստել են իր Օքսֆորդի կոլեգա ու ընկեր Ջ. Ռ. Տոլկիենի (ում հետ հավանաբար ծանոթացել է 1926 թ մայիսի 11-ին) փաստարկներն ու Գ. Ք. Չեսթերթոնի «Հարատև Մարդը» գիրքը։ Մինչ իր հավատափոխությունը կռվել ու դիմադրել է՝ նշելով, որ քրիստոնեությանն է բերվել, ինչպես անառակ՝ «խփելով, պայքարելով, զայրացած ու աչքերն ամեն ուղղությամբ թեքելով՝ փախչելու հնարավորություն գտնելու համար»։ Իր վերջին պայքարը նկարագարել է «Ուրախությունից անակնկալի եկած» ինքնակենսագրականում.
«Պիտի ինձ Մագդաղեն Քոլեջի սենյակում միայնակ պատկերացնեք, գիշերը գիշերի հետևից։ Ամեն անգամ, երբ միտքս աշխատանքիցս մի վայրկյանով շեղվում էր, զգում էի այն Անձի հաստատուն, չմեղմացող մոտենալն ինձ, Ում այդքան չէի ուզում հանդիպել։ Այն, ինչից վախենում էի, վերջպաես պատահեց ինձ հետ։ 1929 թ տրվեցի Սուրբ Երրորդությանն ու ընդունեցի, որ Աստված Աստված է, ծնկեցի ու աղոթեցի. թերևս, այդ գիշեր, Անգլիայի ամենադիմադրող ու ընկճված հավատափոխը»։
1929 թ թեիզմն ընդունելուց հետո, 1931 թ ընդունում է քրիստոնեությունը, որին հաջորդում են բազում քննարկումներ ու ընկերներ Ջ. Ռ. Տոլկիենի ու Հյուգո Դիսոնի գիշերային երկար զբոսանքները։ Գրառել է, որ եղբոր հետ կենդանաբանական այգու ճամփին քրիստոնեությանը մեծ նվիրում է ապրել։ Լյուիսը դառնում է Անգլիայի Եկեղեցու անդամ, որը Ջ. Ռ. Տոլկիենի որոշակիորեն հուսախաբ է անում, քանզի վերջինս հուսով էր, որ Լյուիսը կմիանա Կաթոլիկ եկեղեցուն։
Լյուիսը նվիրյալ անգլիկան էր, ով պաշտպանում էր հիմնական օրթոդոքս անգլիկան աստվածաբանությունը՝ չնայած իր աշխատություններում ջանք է արել ոչ մի կոնկրետ հարանվանության չպաշտպանել։ Ուշ գրություններում, ենթադրվում է, որ առաջարկել է այնպիսի գաղափարներ, որոնք են՝ ներելի մեղքերից սրբվումը քավարանում կամ մահացու մեղքերը, որոնք հիմնականում համարվում են Հռոմեական Կաթոլիկ ուսուցումներ (չնայած՝ Անգլիկան եկեղեցում նման ուսուցումներ նույնպես կան)։ Ամեն դեպքում, նա ինքն իրեն մինչ կյանքի վերջ համարել է լիակատար օրթոդոքս անգլիկան։
1954 թ Մագդաղեն Քոլեջում ստանձնում է նոր հիմնված Միջնադարյան ու Վերածննդի Գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Լյուիսի կարիերան ավարտվում է հենց Քեմբրիջի համալսարանում։ Սերտ կապված էր Օքսֆորդ քաղաքի հետ, որտեղ տուն ուներ, ուր մինչ իր մահն անցկացնում էր իր հանգստյան օրերը։
Ջոյ Դեվիդմեն
խմբագրելՀետագայում Լյուիսը հանդիպել է Ջոյ Դեվիդմեն Գրեշամին, ով հրեական ծագում ուներ, նախկին կոմունիստ ու նախկին աթեիստ էր (ընդունել էր քրիստոնեությունը)։ Նա բաժանվել էր իր հարբեցող ու բռնացող ամուսնուց և երկու որդիների՝ Դեվիդի ու Դուգլասի հետ տեղափոխվել էր Անգլիա։ Սկզբում Լյուիսը նրան համարում էր հաճելի ինտելեկտուալ ու անձնական ընկեր և այս հարաբերության մակարդակում էր, որ Լյուիսը համաձայնում է նրա հետ քաղաքացիական ամուսնություն կնքել, որպեսզի Դեվիդմենը կարողանար շարունակել իր կյանքը Միացյալ Թագավորությունում։ Քաղաքացիական ամուսնությունը տեղի է ունենում 1956 թ ապրիլի 23-ին, Օքսֆորդում։ Լյուիսի եղբայրը գրել է. «Ջեքի (Լյուիսի) համար գրավչությունը սկզբում զուտ ինտելեկտուալ էր։ Ջոյը միակ կինն էր, ում նա հանդիպել էր… ով ուներ Լյուիսի ուղեղի պրակտիկությանը հավասար պրակտիկություն։ Թե՛ հետաքրքության իմաստով, թե՛ անալիտիկ գիտակցությամբ, և ամենից կարևոր՝ հումորի զգացումով»։ Կոնքային ցավերից գանգատվելուց հետո Ջոյ Գրեշամը ախտորոշում է ստանում՝ տերմինալ ոսկրային քաղցկեղ։ Լյուիսի ու Գրեշամի հարաբերությունը խորանում է. նրանց քրիստոնեական ամուսնության արարողակարգը տեղի է ունենում 1957 թ մարտի 21-ին, Չըրչիլի հիվանդանոցում, որտեղ գտնվում էր Գրեշամը։
Կնոջ քաղցկեղը որոշ ժամանակ մեղմացավ։ Մինչև Գրեշամի մահը (1960 թ)՝ զույգը Լյուիսի եղբոր հետ ապրում էր ընտանիքի պես։ Ջոյի մահվան տարին զույգը կարճ արձակուրդի մեկնեց Հունաստան՝ Էգեյան ծով. Լյուիսը սիրում էր քայլել, բայց ոչ ճամփորդել, և սա՝ 1918 թ-ից հետո, Անգլիական Նեղուցի միակ այցելությունն էր։ Լյուիսի «Դիտարկված վիշտ» գիրքը բնութագրում է ծանր կորուստի իր փորձառությունն այնպիսի չմշակված, բնական ու անձնական կերպով, որ սկզբում այն հրապարակել է ՆՎ Քլերք կեղծանվամբ, որպեսզի ընթերցողն այն չկապի իր անվան հետ։ Ծիծաղելի է, քանզի Լյուիսի շատ ընկերներ այդ գիրքը խորհուրդ են տվել ընթերցել՝ սեփական թախծի հետ պայքարելու համար։ Լյուիսի մահից հետո, դատական կատարածուի թույլտվությամբ, հրապարակվել է գրքի հեղինակի իրական անունը։
Գրեշամի մահից հետո Լյուիսը շարունակում է խնամել նրա երկու որդիներին։ Դուգլաս Գրեշամը՝ մոր ու Լյուիսի պես քրիստոնյա էր, իսկ Դավիթ Գրեշամը ընդունում է հրեականությունը և դառնում է օրթոդոքս հրեա, սակայն մոր գրվածքներում հրեաները, մասնավորապես մեկ «շոհեթ» (րիտուլական ջարդարար), ներկայացված են ոչ այդքան գովելի կերպով։ Դավիթը տեղեկացնում է Լյուիսին, որ պատրաստվում է դառնալ րիտուալական ջարդարար, որպեսզի հրեական կրոնի այս տիպը աշխարհին ներկայացնի ավելի բարեհաճ լույսի ներքո։ 2005 թ հարցազրույցում Դուգլասն ասում է, որ ինքն ու եղբայրը մոտ չեն եղել, սակայն էլեկտրոնային կապի մեջ են։ Դուգլասը դեռ ներգրավված է Լյուիսի կալվածքների հետ կապված գործերի մեջ։
Հիվանդությունն ու մահը
խմբագրել1961 թ հունիսի սկզբին Լյուիսը առողջական խնդիրներ է ունենում. հայտնաբերում են երիկամների բորբոքում, որի արդյունքում գրանցվում է արյան թունավորում։ Հիվանդության պատճառով Քեմբրիջում բաց է թողնում մեկ կիսամյակ։ 1962 թ առողջությունն աստիճանաբար լավանում է, ու Լյուիսն ապրիլին վերադառնում համալսարան։ Ըստ Լյուիսի ընկեր Ջոն Սոյերի՝ նա 1963 թ արդեն ինքն իրեն նման էր։ 1963 թ հուլիսի 15-ին հիվանդանում է ու տեղափոխվում հիվանդանոց։ Հաջորդ օրը՝ երեկոյան 5-ին, սրտի կաթված է ստանում ու ընկնում կոմայի մեջ, որից արթնանում է մյուս օրը՝ ժամը 2-ին։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վերադառնում է Քլինզ, սակայն աշխատանքի անցնելու համար շատ թույլ էր։ Օգոստոսին թողնում է իր Քեմբրիջի պաշտոնը։ Դրությունը վատթարանում է. նոյեմբերի կեսերին ախտորոշվում է երիկամի քրոնիկական հիվանդության վերջին մակարդակով։ 1963 թ նոյեմբերի 22-ին, 65-ամյակից ուղիղ մեկ շաբաթ առաջ, ժամը 5։30 ընկնում է իր ննջարանում ու մի քանի րոպե անց մահանում։ Թաղված է Օքսֆորդի Ս. Երրորդություն եկեղեցու բակում (այստեղ է թաղված նաև եղբայրը)։
Լյուիսի մահվան օրը սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդին, մահացել է անգլիացի գրող Ալդուս Հաքսլին։ Այս համընկնումով ներշնչված՝ փիլիսոփայության պրոֆեսոր Պետրոս Քրիֆթը գրում է «Դժոխքի ու դրախտի միջև. խոսակցություն մահվանից այն կողմ, ինչ-որ տեղ, Ջոն Քեննեդու, Ք. Ս. Լյուիսի և Ալդուս Հաքսլիի միջև» գիրքը։
Լյուիսի հիշատակը նշվում է Էպիսկոպալ Եկեղեցու օրացույցով նոյեմբերի 22-ին։
Կարիերան
խմբագրելԳիտնական
խմբագրելԼյուիսն իր ակադեմիկական գործունեությունը սկսել է Օքսֆորդի համալսարանում՝ որպես ավարտական կուրսի ուսանող, որտեղ երեք տարբեր առարկայական բնագավառներում արժանացել է ամենաբարձր շքանշանների։ Ապա ընտրվել է որպես Մագդաղեն Քոլեջի խորհրդի անդամ. այստեղ աշխատել է մոտ 30 տարի (1925-1954 թթ)։ 1954 թ Լյուիսին նշանակում են Քեմբրիջի համալսարանի նոր ՝ Միջնադարյան վերածննդի և գրականության ամբիոնի վարիչ։ Ակադեմիկական այդ բնագավառում նշանակման հետ կապված պնդում էր, որ Անգլիական Վերածնունդ գոյություն չունի։ Գիտական հիմնական աշխատության մեջ ծավալվել է ուշ միջնադարի շուրջ՝ հատկապես կենտրոնանալով այդ շրջանում ալեգորիաների (այլաբանությունների) գործածման վրա։ «Սիրո ալեգորիան» (1936 թ) թարմացնում է ուշ միջանդարյան ֆրանսիական ծագում ունեցող «Վարդի սիրավեպը» պատվածքը, որը գրված է ալեգորիկ երազի տեսիլի ոճով։ Գրել է գրական հին գործերի նախաբաններ, ինչպիսին է Լեյմոնի «Բրուտը»։ Իր «Կորած Դրախտի նախաբան» գիրքը համարվում է այդ աշխատության ամենաարժեքավոր քննադատությունը։ Նրա վերջին ակադեմիկական աշխատանքը՝ «Անտեսված պատկեր. միջնադարյան ու Վերածննդի գրականության ներածություն»-ը/1964/ միջանադարյան աշխարհայացքի ամփոփում է՝ վերնագրի մեջ ներառելով տիեզերքի «անտեսված պատկերը»։
Լյուիսը բեղուն գրող էր, ում գրական ընկերների շրջանակը դարձավ ոչ ֆորմալ քննարկումների խումբ։ Այդ գրողներից էին Ջ. Ռ. Տոլկիենը, Նեվիլ Քոհիլը, Լորդ Դեվիդ Սեսիլը, Չարլզ Ուիլիամսը, Օուեն Բարֆիլդը, Լյուիսի եղբայր Ուարեն Լյուիսը։ Տոլկիենի հիմնադրած գրական ընթերցանության «Կոլբիտար» խմբակի շրջանակներում Լյուիսը մտերմանում է Քոհիլի ու Տոլկիենի հետ։ Օքսֆորդում ուսուցանել է բանաստեղծ Ջոն Բետջեմանին, քննադատ Քենեթ Տինանին, միստիկ Բեդե Գրիֆֆիթսին, գիտնական Մարտին Լինգսին։ Հետաքրքիր է, որ կրոնական ու պահպանողական Բետջեմանը ատել է Լյուիսին, իսկ լիբերալ Տինանը ամբողջ կյանքի ընթացքում հիացել է նրանով։
Ջ. Ռ. Տոլկիենի մասին Լյուիսը գրել է «Երջանկությամբ զարմացած» ինքնակենսագրականի մեջ. «Երբ սկսեցի ուսուցանել անգլերեն լեզվի ֆակուլտետում, 2 հոգու հետ ընկերացա, ովքեր նույնպես քրիստոնյա էին. այս 2 մարդիկ հետագայում ինձ շատ պիտի օգնեին վերջին աստիճանը բարձրանալիս։ Նրանք Դիսոնն ու Տոլկիենն էին։ Նրանց հետ ընկերությունը նշանավորվեց 2 նախապաշարմունքների վերացմամբ։ Աշխարհ գալուց ինձ զգուշացրել էին երբեք չվստահել կաթոլիկին, իսկ անգլերեն լեզվի ֆակուլտետ գալուց զգուշացրել էին երբեք չվստահել լեզվաբանի։ Տոլկիենը երկուսն էր»։
Նովելիստ
խմբագրելԳիտական աշխատությունների կողքին Լյուիսը գրել է բազմաթիվ հայտնի նովելներ. «Տիեզերական եռագրություն» գիտաֆանտաստիկ նովելները, «Նարնիայի քրոնիկները» ֆանտազիան՝ երեխաների համար։ Աշխատությունների հիմնական մասը ներիմաստորեն անդրադառնում է քրիստոնեական թեմաներին, ինչպիսիք են մեղքը, մարդկության անկումը փառքից, ազատագրումը ևն։
Ուխտագնացի հետընթացը (1933 թ)
խմբագրելՔրիստոնյա դառնալուց հետո սա նրա առաջին նովելն էր, որտեղ նկարագրված է քրիստոնեության հետ ոնեցած իր փորձառությունը՝ Ջոն Բունյանի «Ուխտագնացի առաջխաղացումը» աշխատության ոճով։ Ժամանակին գիրքը քննադատները վատ են ընդունել՝ չնայած Դեվիդ Լլոյ-Ջոնսը (Օքսֆորդում Լյուիսի ժամանակակիցներից մեկը) նրան ոգևորել է։ Վերջինս Լյուիսին հարցրել է, թե ե՞րբ մեկ այլ գիրք կգրի։ Լյուիսը պատասխանել է. «Երբ հասկանամ աղոթքի նշանակությունը»։
«Տիեզերական եռագրություն» գիտաֆանտաստիկ նովելները
խմբագրելԱյս աշխատությունը անվանում են նաև «Կոսմիկ Եռագրություն», «Րենսըմ Եռագրություն» (րենսըմ, անգլերեն՝ ransom-փրկագին)։ Անդրադառնում է նրան, ինչը Լյուիսը ժամանակակից գիտաֆանտաստիկ գրականության մեջ համարել է մարդկային որակները դեգրադացնող հակումներ։
Առաջին գիրքը՝ «Լուռ մոլորակից այն կողմ», հավանաբար գրել է Ջ. Ռ. Տոլկիենի հետ վերը նշված հակումների մասին զրույցից հետո։ Լյուիսը համաձայնեց գրել «տիեզերական ճամփորդության» մասին պատմվածք, իսկ Տոլկիենը՝ «ժամանակային ճամփորդության» մասին՝ չնայած այդպես էլ չավարտեց իր «Կորած Ճանապարհը»՝ կցելով «Միջնաշխարհը» ժամանակակից աշխարհին։ Եռագրության գլխավոր հերոսը Էլվին Րենսըմն է։ Տոլկիենն իր նամակներում ակնարկում էր, որ այս կերպարի մի մասը հենց ինքը Տոլկիենն է։
Երկրորդ գիրքը «Պերելանդրա»-ն է, որտեղ Վեներա մոլորակում ներկայացված է նոր Եդեմական Պարտեզ, նոր Ադամ ու Եվա և նոր սողուն, որ գայթակղում է նրանց։ Այս պատմվածքը կարելի է դիտարկել որպես կարծիք այն մասին, թե ինչ կլիներ, եթե երկրային Եվան հաղթահարեր գայթակղությունը ու այդպիսով մարդկային անկումը տեղի չունենար։
Երրորդ գիրքը կրում է «Այդ սարսափելի զորությունը» վերնագիրը. այստեղ արթուրյան լեգենդների միջոցով զարգանում է այն թեման, թե նիհիլստիկական գիտությունը ինչպես է սպառնում մարդկային ավանդական արժեքներին։
Եռագրության մեջ շատ գաղափարներ, հատկապես մարդկային որակների ոչնչացմանը հակադիր գաղափարները (ներկայացված երրորդ գրքում), առավել պաշտոնական կերպով ներկայացված են «Մարդու ոչնչացումը» գրքում, որի հիմքն են հանդիսանում 1943 թ Դուրհամի Համալսարանի Լյուիսի դասախոսությունները։ Նա որոշ ժամանակ անց է կացրել Դուրհամի համալսարանում, որտեղ նրան կլանել ու ողողել էր այնտեղի մայր տաճարը։ Երրորդ գիրքը պատկերված է Անգլիական փոքր «Էջեսթոյ» համալսարանի շրջապատում, որը նման է Դուրհամին, չնայած՝ Լյուիսը, չափերից բացի, ժխտում էր նրանց միջև այլ նմանության առկայությունը։
Ուալտեր Հուփերը՝ Լյուիսի կտակակատարը, մի հատված է հայտնաբերել մեկ այլ գիտաֆանտաստիկ նովելից, որի անունն է «Մութ աշտարակը»։ Րենսըմի կերպարը հանդիպում է նաև այստեղ, սակայն հայտնի չէ՝ արդյոք այս գիրքը նախատեսված է եղել որպես եռագրության մի մաս, թե ոչ։ Բնագիրը վերջիվերջո հրապարակվել է 1977 թ, սակայն Լյուիսին ուսումնասիրող Քեթրին Լինդսկուիգը կասկածում է դրա ստուգության վրա։
«Նարնիայի քրոնիկները» կամ «Նարնիայի տարեգրությունները»
խմբագրելԲաղկացած է 7 գրքից, որոնք երեխաների համար նախատեսված ֆանտազիոն ժանրի պատումներ են։ Այս շարքը համարվում է մանկական գրականության դասականներից։ Լյուիսն այն գրել է 1949-1954 թթ ընկած ժամանակահտվածում, նկարազարդել է Փաուլին Բեյնզը։ Լյուիսի ամենահայտնի աշխատությունն է՝ վաճառված ավելի քան 100 միլիոն օրինակով՝ 41 լեզվով։ Մի քանի անգամ վերամշակվել է (ամբողջական ու մասամբ) ռադիոյի, հեռուստատեսության, բեմի ու կինոթատրոնի համար։ Գրքերը ներառում են քրիստոնեական գաղափարներ, որոնք փոքր ընթերցողի համար հեշտ ընկալելի են։ Քրիստոնեական գաղափարներից բացի Լյուիսը գրքում ներառել է հունական ու հռոմեական դիցաբանությունների, բրիտանական ու իռլանդական ավանդական հեքիաթների կերպարներ։
Մորնի լեռները ներշնչել են Լյուիսին գրել «Նարնիայի քրոնիկները» Լյուիսը դրանց մասին գրել է. «Ես տեսել եմ բնատեսարաններ … որոնք որոշակի լույսի ներքո ինձ ստիպել են զգալ, թե ցանկացախ պահի հաջորդ լեռնաշղթայից մի հսկա կարող է իր (Մորնի լեռները ներշնչել են Լյուիսին գրել «Նարնիայի քրոնիկները»։ Լյուիսը դրանց մասին գրել է. «Ես տեսել եմ բնատեսարաններ … որոնք որոշակի լույսի ներքո ինձ ստիպել են զգալ, թե ցանկացախ պահի հաջորդ լեռնաշղթայից մի հսկա կարող է իր գլուխը բարձրացնել»։)
Այլ աշխատանքներ
խմբագրելԼյուիսն ունի մի քանի աշխատություններ Դրախտի ու Դժոխքի մասին։
Դրանցից մեկն է «Մեծ բաժանումը» կարճ նովելը, որտեղ Դժոխքի մի քանի բնակիչ ավտոբուսով այցելում են Դրախտ ու հանդիպում այնտեղի բնակիչներին։ Նրանց առաջարկություն է արվում. կարող են մնալ դրախտում։ Սակայն այդ դեպքում այն վայրը, որտեղից որ եկել էին, Դժոխքի փոխարեն պիտի անվանեին Քավարան։ Բայց շատերն այդ առաջարկը հարմար չեն գտնում։ Վերնագիրը հղում է Վիլյամ Բլեյքի «Դրախտի ու Դժոխքի ամուսնությունը» աշխատությանը, որի գաղափարը Լյուիսը համարել է «աղետաբեր սխալ»։ Աշխատությունը նաև դիտմամբ արձագանքում է 2 այլ հայտնի գործերին՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությանը» և Ջոն Բունյանի «Ուխտագնացի առաջխաղացմանը»։
«Խառնակչի նամակները» մեկ այլ կարճ աշխատություն է, որը բաղկացած է մեծ դև Սքրութեյփի շողոքորթ խորհուրդների նամակներից՝ ուղղված իր եղբորորդի Վորմվուդին, այն մասին, թե ինչպես լավագույնս գայթակղել ու փորձել որոշակի մարդու ու ապահովել նրա անեծքն ու դատապարտումը։
Վերջին նովելն է՝ «Մինչ մենք դեմքեր ունենանք» աշխատությունը, որը համարել է գեղարվեստական գրականության իր ամենահասուն ու վարպետաց աշխատանքը (չնայած՝ երբեք հայտնի հաջողություն չի ունեցել)։ Այն Լուցիուս Ապուլեիուս իտալացի գրողի «Մետամորֆոզ» նովելի մաս կազմող Կուպիդոնի ու Սայքի առասպելի վերապատմումն է՝ Սայքի քրոջ անսովոր տեսանկյունից։ Աշխատությունը խորը առնչություն ունի կրոնական գաղափարների հետ, սակայն շրջանակն ամբողջովին հեթանոսական է, քրիստոնեական որոշակի հավատամքների հետ կապերը ներիմաստային տեսք ունեն։
Մինչև քրիստոնեության ընդունումը հրապարակել է 2 գիրք. «Հոգիներ գերության մեջ» պոեմների հավաքածուն և «Դայմեր» պատմողական պոեմը (2-րդ հրապարակած աշխատանքը)։ Այս գործերը լույս են տեսել Քլայվ Հեմլիթոն կեղծանվամբ (Հեմլիթոնն իր մոր օրիորդական ազգանունն էր)։ Մահվանից հետո հրապարակվել են մի քանի այլ պատմողական նովելներ. «Անանուն կղզին», «Թմբուկի թագուհին», «Լաունիսլոթ» ևն։
Գրել է «Չորս սերը» գիրքը, որը հռետորապես բացատրում է սիրո 4 տեսակ. ընկերություն, էրոս, մտերմություն և կարեկցություն։
2009 թ «Լեզու ու մարդկային բնություն» անավարտ աշխատության սևագրության մի մաս է հայտնաբերվել, որը Լյուիսը սկսել էր գրել Տոլկիենի հետ։
Քրիստոնեական ապոլոգետիկա
խմբագրելՇատ-շատերը Քլայվ Լյուիսին համարում են իր ժամանակի ամենաազդեցիկ քրիստոնյա ապոլոգետներից մեկը. 2000 թ «Քրիսչիենիթի Թըդեյ» պարբերականը Լյուիսի «Զուտ Քրիստոնեություն» (“Mere Christianity”) գիրքը ճանաչել է 20-րդ դարի լավագույն գիրք։ Կրոնական հավատքի հանդեպ Լյուիսի սկեպտիկ մոտեցման ու դրան հաջորդած քրիստոնեության ընդունման պատճառով նրան կոչել են «Սկեպտիկների առաքյալը»։
Լյուիսը շատ հետաքրքրված ու տոգորված էր քրիստոնեությունը ողջամիտ կերպով ներկայացնելով։ «Զուտ Քրիստոնեություն», «Ցավի խնդիրը», «Հրաշքներ» աշխատությունների հիմնական թեման, այս կամ այն աստիճանով, եղել է քրիստոնեությանը առարկող հայտնի հակադրությունների հերքումը։ Այդ առարկություններից է, օրինակ՝ «Ինչպե՞ս կարող է բարի Աստված թույլատրել, որ այսքան չարիք լինի աշխարհում» թեզը։ Լյուիսին ճանաչել են նաև որպես հայտնի դասախոս ու հաղորդավար. նրա աշխատանքներից որոշները (հատակապես «Զուտ Քրիստոնեությունը») սկզբնավորվել են ռադիոհաղորդումների համար նախատեսված հոդվածներից ու դասախոսություններից։
Ըստ Ջորջ Սոյերի, 1948 թ Էլիզաբեթ Անսքոմբի (նույնպես քրիստոնյա) հետ բանավեճում տարվելը Լյուիսին ստիպեց վերանայել իր արժեքը որպես ապալոգետիկ, ու իր հետագա գրքերը կենտրոնացան բարեպաշտական գրականության ու մանկական գրքերի շուրջ։ Բայց Էլիզաբեթ Անսքոմբը բոլորովին այլ հիշողություններ ուներ բանավեճի արդյունքի ու Լյուիսի վրա դրա թողած ազդեցության մասին։ Վիկտոր Ռեպպերետը Սոյերին նույնպես հակադրվում է՝ ներկայացնելով 1948 թ-ից հետո Լյուիսի ապոլոգետիկ հրապարակությունները, ներառյալ 1960 թ «Հրաշքներ»-ի երկրորդ ու փոփոխված հրապարակումը, որում Լյուիսը անդրադառնում է Անսքոմբի քննադատությանը։ Ուշադրության է արժանի նաև Ռոջեր Թեքմանի դիտարկումը «Էլիզաբեթ Անսքոմբի փիլիսոփայությունը» աշխատանքի մեջ այն մասին, որ Անսքոմբի գրվածքի ինտելեկտուալ ազդեցությունը Լյուիսի փիլիսոփայական ինքնավստահության վրա պետք չէ գերագնահատել. «Այդքան էլ հնարավոր չի թվում, որ Լյուիսն այնքան անվերադարձորեն կոտրված է զգացել, ինչպես հորինել են իր որոշ ծանոթներից. այս ամենը կարծես փքված լեգենդ է՝ «Վիտենգշտեինի պոկերը» աշխատության կատեգորիայից։ Անսքոմբը հաստատ մտածել է, որ Լյուիսի փաստարկները՝ չնայած թերություններով, տանում են դեպի շատ կարևոր մի բան. նա սա ավելի վառ արտահայտված տեսնում էր «Հրաշքների» փոփոխված հրապարակության մեջ»։
Լյուիսը կնոջը հանդիպելուց առաջ գրել է «Ուրախությունից անակնկալի եկած» վերնագրով ինքնակենսագրականն ու շեշտը դրել իր հավատափոխության վրա։ Վերնագիրը Վիլյամ Ուորձվորթի պոեմի առաջին տողն է։ Քրիստոնեական հավատքի մասին Լյուիսի հանրային ելույթներն ու էսսեներից շատերը, որոնք հավաքագրվել են «Աստված մեղադրյալի աթոռին» և «Փառքի ծանրությունը և ուրիշ ճառեր» գրքերի մեջ, այսօր շարունակում են հայտնի մնալ։
«Նարնիայի քրոնիկները», որ համարվում է իր ամենահայտնի աշխատանքը, ունի շատ խորը քրիստոնեական գաղափարներ ու երբեմն համարվում է ալեգորիա։ Լյուիսը, ով եղել է ալեգրորիայի վարպետ, պնդել է, որ գրքերն ալեգորիաներ չեն ու դրանց քրիստոնեական գաղափարները նախընտրում էր անվանել «ենթադրական»։ Ինչպես գրել է 1958 թ դեկտեմբերին ոմն տիկին Հուքին, «Եթե Ասլանը (աշխատության գլխավոր կերպարներից մեկը) ներկայացներ անմարմին Աստվածությունը, ինչպես «Ուխտագնացի առաջընթացի» մեջ Հուսահատություն Հսկան ներկայացնում է հուսահատությունը, նա ալեգորիկ կերպար կլիներ։ Այնուամենայնիվ, նա հորինվածք է, որ երևակայական պատասխան է տալիս հետևյալ հարցին. «Քրիստոսն ինչպիսի՞ն կլիներ, եթե իրականում Նարնիայի պես աշխարհ լիներ, և Նա ընտրեր մարմնավորվել, մահանալ և հարություն առնել, ինչպես որ իրականում արել է մեր աշխարհում»։ Սա ամենևին էլ ալեգորիա չէ»։
«Տրիլեմմա»
խմբագրել«Զուտ Քրիստոնեություն» գրքից բազում անգամ մեջբերված խոսքում Լյուիսը մարտահրավեր է նետել այն գաղափարին, թե Հիսուս Քրիստոսը, թեև մեծ բարոյական ուսուցիչ էր, սակայն Աստված չէր։ Նա փաստարկում է, որ Հիսուսը մի քանի անուղղակի պնդումներ է ներկայացրել աստվածության վերաբերյալ, որոնք տրամաբանորեն բացառում են հետևյալը.
«Փորձում եմ յուրաքանչյուրին կանխել այն հիմար բանն ասելուց, որը Նրա մասին շատերը հաճախ ասում են. «Պատրաստ եմ ընդունել Հիսուսին՝ որպես մեծ բարոյական ուսուցիչ, բայց չեմ ընդունում իր պնդումն Աստված լինելու մասին»։ Դա այն բանն է, որ չպիտի ասենք։ Այն մարդը, որ զուտ մարդ է եղել ու ասել է այն բաները, որոնք՝ Հիսուսը, չի կարող լինել մեծ բարոյական ուսուցիչ։ Նա կա՛մ խելագար էր այն աստիճանի, ինչպես այն մարդը, որը պնդում է, թե եփվել է ձվի կճեպի ջրով, կա՛մ էլ դժոխքի սատանան էր։ Պիտի ընդունեք Ձեր որոշումը։ Կա՛մ այս Մարդը Աստծո Որդին էր և Է, կա՛մ՝ մի խելագար և ավելի վատ։ Կարող եք Նրան հիմար համարել, թքել վրան, սպանել որպես մի դև, կամ էլ կարող եք ծնկել Նրա Ոտքերի առաջ, Տեր ու Աստված կոչել, բայց մի արտաբերեք այն սովորական անմտությունը, թե Հիսուսը մեծն բարոյական ուսուցիչ էր։ Նա մեզ այդ հարցում այլընրանք չի թողել։ Նա մտադիր էլ չէր դա անել»։
Այս փաստարկները, որը նա ժամանակի ընթացքում զարգացրել է, հաճախ անվանում են «Լյուիսի տրիլեմմա»։ Քրիստոնյա Ջոշ ՄըքԴաուելը այս գաղափարներն օգտագործել է իր «Ավելին, քան հյուսն» գրքում։ «Լյուիսի տրիլեմմա»-ն, թեև լայնորեն օգտագործվել է քրիստոնեական ապոլոգետիկ գրականության մեջ, սակայն անտեսվել է պրոֆեսիոնալ աստվածաբանների ու աստվածաշնչյան գիտնականների կողմից։
Լյուիսի քրիստոնեական ապոլոգետիկ գաղափարները, հատկապես փաստարկները, քննադատվել են։ Փիլիսոփա Ջոն Բեվերսլուիսը Լյուիսի փաստարկները նկարագրել է որպես «տեքստային տեսանկյունից անփույթ ու աստվածաբանական տեսանկյունից՝ «անհուսալի» և կոնկրետ այս դիտարկումը տրամաբանաորեն անհիմն ու կեղծ դիլեմմայի օրինակ է։ Աստվածաբան Ջոն Հիքը պնդում է, թե Նոր Կտակարանի գիտնականները չեն պաշտպանում այն կարծքիը, որ Հիսուսը պնդել է, որ Աստված է, Ն. Թ. Րայթը քննադատում է Լյուիսին՝ Հիսուսի հրեական ինքնության ու այդ շրջանի կարևորությունը չհասկանալու համար։
Համընդհանուր բարոյականություն
խմբագրելԼյուիսի ապոլոգետիկայի հիմնական դրույթներից է այն, որ գոյություն ունի ընդհանուր բարոյականություն, որը ճանաչել է ամբողջ մարդկությունը։ «Զուտ Քրիստոնեություն» աշխատության առաջին 5 գլուխներում Լյուիսը քննարկում է այն գաղափարը, որ մարդիկ ունեն վարվելակերպի չափանիշ, ու սպասում են, որ մարդիկ դրան կառչած մնան։ Այս չափանիշը կոչվել է Բնական Օրենք։ Լյուիսը պնդում է, որ բոլոր մարդիկ գիտեն, թե որն է այս օրենքը՝ շարունակելով, որ այսպիսի տիեզերական սկզբունքների ամբողջականության հետևում մեկը կամ ինչ-որ բան պիտի կանգնած լինի։
«Սրանք այն 2 բաներն են, որ ուզում եմ նշել։ Առաջին. բոլոր մարդիկ ունեն այս հետաքրքրական գաղափարը, որ իրենք պարտավոր են իրենց պահել որոշակի կերպ և որ դա մի բան է, որից ազատվել չեն կարող։ Երկրորդն այն է, որ նրանք, փաստորեն, այդ ձևով իրենց չեն պահում։ Նրանք գիտեն Բնության Օրենքն ու այն խախտում են։ Այս 2 փաստերը մեր ու տիեզերքի մասին գիտակից ու մաքուր մտածողության հիմունքներն են»։
Համընդհանուր բարոյականությունը Լյուիսը ներկայացրել է նաև իր գեղարվեստական գրականության մեջ։ «Նարնիայի քրոնիկները» շարքում համընդհանուր բարոյականությունը նկարագրվում է որպես «խորը կախարդանք», որն ամենքը գիտեին։
«Զուտ Քրիստոնեություն» գրքի 2-րդ գլխում Լյուիսը գիտակցում է, որ «շատ մարդիկ դժվարանում են հասկանալ, թե այս Մարդկային Բնության Օրենքը… ինչ է»։ Եվ նա սկզբում արձագանքում է այն մտքին, որ «Բարոյական Օրենքը զուտ մեր ամբոխային բնազդն է», և հետո նաև այն մտքին, որ «Բարոյական Օրենքը սոսկ հասարակական համագումար է»։ Վերջին միտքը քննարկելիս նա նշում է, որ մարդիկ հաճախ բողոքում են, որ բարոյական արժեքների մի խումբ մյուսից ավելի լավն է, բայց սա փաստարկում է արդեն գոյություն ունեցող ինչ-որ «Իրական Բարոյականության» համար, որի հետո նրանք համեմատում են այլ բարոյականություններ։ Վերջապես, նշում է, որ բարոյական կոդերի միջև եղած տարբերությունները երբեմն չափազանցվում են այն մարդկանց կողմից, ովքեր շփոթում են բարոյականության մասին հավատքների տարբերությունները փաստերի մասին հավատքների տարբերությունների հետ։
«Ես հանդիպել եմ տարբերությունները չափազանցնող մարդկանց, որովհետև նրանք չեն տարբերել բարոյականության տարբերություններն ու փաստերի մասին հավատքների տարբերությունները։ Օրինակ, մի մարդ ասաց ինձ, «300 տարի առաջ Անգլիայում մարդիկ կախարդներին սպանում էին։ Դուք դա՞ եք անվանում Մարդկային Բնության Օրենք կամ Ճիշտ Վարք»։ Բայց անկասկած, պատճառը, որ մենք կախարդներին մահապատժի չենք ենթարկում այն է, որ մենք չենք հավատում նման բաների։ Եթե հավատայինք, եթե իսկապես մտածեինք, որ կային մարդիկ, որոնք իրենց վաճառել էին սատանային և փոխարենը նրանից ստացել գերբնական ուժեր, որոնք օգտագործում էին հարևաններին սպանելու կամ խելագարության հասցնելու, վատ եղանակ բերելու համար, անշուտ բոլորս կհամաձայնեինք, որ եթե ինչ-որ մեկը արժանի է մահապատժի, ապա այս գարշելի քուիզլինգներն են։ Այստեղ բարոյական սկզբունքների տարբերություն չկա. տարբերությունը զուտ էության մեջ է։ Կախարդներին չհավատալը կարող է գիտության մեջ մեծ առաջխաղացում լինել. եթե ես չեմ հավատում, որ կախարդներ չկան, ապա նրանց չսպանելու մեջ բարոյական առաջխաղացում չկա։ Մարդուն չես համարի մարդկային նրա համար, որ այլևս թակարդներ չի դնում, երբ հավատում է, որ տանը մկներ չկան»։
«Կենդանիների բարոյականություն» թեմայով առաջադիմական գաղափարներ ուներ, մասնավորապես կենդանիների տանջանքների առումով (տեսնում ենք իր որոշ էսսեներում, հիմնականում «Կենդանափորձերի մասին» և «Կենդանիների ցավերի մասին»)։
Ժառանգություն
խմբագրելԼյուիսը շարունակում է գրավել ընթերցողների լայն զանգվածներին։ 2008 թ “The Times” ամսագրիրն իր «1945 թ-ից բրիտանացի 50 մեծագույն գրողները» ցուցակում նրան դասել է 11-րդ տեղը։ Իր գեղարվեստական գրականության ընթերցողները սովորաբար անտեղյակ են այն բաներից, որոնք Լյուիսը համարել է իր աշխատությունների քրիստոնեական թեմաները։ Իր քրիստոնեական ապոլոգետիկան ընթերցվում ու մեջբերվում է քրիստոնեական հարանվանությունների տարբեր անդամների կողմից։ 2013 թ-ին՝ Լյուիսի մահվան 50 ամյակին, Վեսթմինսթերյան Աբբայության Պոետի Անկյունը (կոչումը կապված է այն փաստի հետ, որ աբբայության այս հատվածում հիշատակված են մեծամասնությամբ գրողները) Լյուիսին ճանաչում է Բրիտանիայի ամենամեծ գրողներից մեկը։ 2013 թ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ձոնի ծառայության ժամանակ Լյուիսի կրտսեր խորթ որդին՝ Դուգլաս Գրեշամը հատվածներ է ընթերցել «Վերջին ճակատամարտը» գրքից («Նարնիայի քրոնիկները» շարքի վերջին գիրքը)։ Գերեզմանին ծաղիկներ է դրել Լյուիսի խնամակալ ու գրական խորհրդատու Ուալթեր Հուփերը։ Ճառով հանդես է եկել Քենթերբրիի նախկին արքեպոսկոպոս Րոուեն Վիլյամսը։ Քարե գետնի վրա մակագրված է Լյուիսի տողերից.
«Ես քրիստոնեությանը հավատում եմ այնպես, ինչպես հավատում եմ, որ Արեգակը ծագել է. ոչ միայն որովհետև այն տեսնում եմ, այլև քանզի դրա միջոցով եմ տեսնում մնացած ամեն ինչ»։
Գրի են առնվել հեղինակի որոշ կենսագարականներ, որոնցից մի քանիսը՝ մոտ ընկերների կողմից, օրինակ՝ Ջորջ Սոյեր և Ռոջեր Լենսլին Գրին։ 1985 թ գրող Վիլյամ Նիքոլսոնի «Ստվերների թագավորության» սցենարի բեմականացումը ցուցադրվել է բրիտանական հեռուստատեսությամբ. այն Լյուիսի և կնոջ՝ Ջոյ Դեվիդմեն Գրեշամի կյանքի ու հարաբերության մասին էր (դերակատարներն էին Ջոսս Էքլենդը և Քլեյր Բլումը)։ 1989 թ բեմադրվել է որպես թատերական ներկայացում, իսկ 1993 թ Էնթոնի Հոփքինզի և Դեբրա Ուինգերի դերակատարությամբ վերածվել «Shadowlands» առանձին ֆիլմի։ 2005 թ «Ք. Ս. Լյուիս. Նարնիայից այն կողմ» վերնագրված 1 ժամանոց հեռուստատեսային ֆիլմը, Անտոն Ռոջերսի դերակատարությամբ, Լյուիսի կյանքի մասին ընդհանուր տեսություն տրամադրեց։
Լյուիսը ներշնչանք է հանդիսանում բազում գրքերի համար, որոնցից է իր ընկեր ու թղթակից, ամերիկացի գրող Շելդոն Վանաուկենի «Դաժան ողորմություն» ինքնակենսագրականը։ Հատկապես ազդեցիկ է եղել «Նարնիայի քրոնիկները» շարքը։ Վերջինիս ազդեցությունը քիչ թե շատ նկատում ենք ժամանակակից մանկական գրական այնպիսի աշխատություններում ինչպիսիք են Ջ. Ք. Րոուլինգի «Հարրի Փոթերը», Դանիել Հանդլերի (Լեմոնի Սնիկետ) «Դժբախտ դեպքերի մի շարքը» և այլն։ Փուլլմանը, աթեիստ և Լյուիսի այնչափ կատաղի քննադատ, որ ստացել է «Հակա-Լյուիս» կոչումը, համարել է, որ Լյուիսը թողնում է բացասական ազդեցություն ու իր գրքերում մեղադրել կրոնական քարոզչություն, կանանց հանդեպ ատելություն, ռասիզմ, զգայական սադիզմ ներկայացնելու մեջ։ Մեծահասակների համար ֆանտաստիկ գրականության հեղինակներ, որոնցից է Թիմ Փաուերսը, վկայել են, որ կրում են Լյուիսի ազդեցությունը։
Լյուիսի ետմահու գրականության մեծ մասը խմբագրել է Ուալթեր Հուփերը։ Լյուիսին ուսումնասիրող անկախ գիտնական Քեթրին Լինդսքուիգը պնդել է, որ Հուփերի ճանաչողությունը հուսալի չէ և որ նա սխալ հայտարարություններ է արել ու Լյուիսին կեղծ աշխատություններ է վերագրել։ Լյուիսի խորթ որդին՝ Դուգլասը, խարդախության պնդումները հերքել է, ասելով, որ «Ամբողջ վիճաբանությունը կազմակերպվել էր շատ անձնական պատճառների համար … Քեթրին Լինդսքուիգի բոլոր մտացածին տեսությունները հիմնովին հերքվել են»։
Լյուիսը դեմ էր իր աշխատությունների կենդանի-շարժողական տարբերակների ստեղծմանը։ Նրա հիմնական անհանգստությունն այն էր, որ անտրոպոմորֆիկ կենդանիների կերպարները, «երբ պատմվածքից տարվում են դեպի իրական տեսողական դաշտ, միշտ վերածվում են խեղկատակության կամ մղձավանջի»։
Աշխարհում կան որոշ «Ք. Ս. Լյուիսյան» Հասարակություններ, ներառյալ այն մեկը, որ 1982 թ ստեղծվեց Օքսֆորդում Լյուիսի կյանքի ու «Լյուիսյան» ամեն ինչ գնահատելու համար։ Լյուիսի անունն օգտագործվում է բազում քրիստոնեական կազմակերպությունների կողմից՝ հիմնականում կրթության կամ այլ գրական ոլորտներում կոնսերվատիվ քրիստոնեական արժեքները պահպանելու նպատակով։
«Նարնիայի քրոնիկները» շարքից երեք ֆիլմ է ադապտացվել. «Նարնիայի քրոնիկները. Առյուծը, կախարդուհին և զգեստապահարանը» /2005/, «Արքայազն Կասպիանը» /2008/, «Արշալույսի Տիրակալի ծովային ճամփորդությունը» /2010/։
Լյուիսը գլխավոր կերպար է հանդիսանում Ջեյմս Օուենի «Երևակայական աշխարհագրության քրոնիկները» շարքում։ Գլխավոր կերպարներից մեկն է հանդիսանում Մարկ Ս. Գերմեինի 2009 թ «Ֆրեյդի վերջին սեսիան» ներկայացման մեջ, որը ներկայացնում է 40-ամյա Լյուիսի ու 83-ամյա Ֆրեյդի երևակայական հանդիպումը Ֆրեյդի Լոնդոնյան տանը, 1939, երբ Երկրորդ Աշխարհամարտի սկիզբը մոտ էր։
Մատենագրություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԻնքնակենսագրություն
խմբագրել- Դիտարկված Վիշտ, 1961 (A Grief Observed)
- «Ուրախությունից անակնկալի եկած. իմ վաղ կյանքի ուրվագիծը», 1955 (Surprised by Joy։ The Shape of My Early Life)
Գեղարվեստական գրականություն երեխաների համար
խմբագրել- Նարնիայի ժամանակագրություններ, 7 վեպ
- Հրաշագործի զարմիկը, 1955
- Առյուծը, կախարդը և պահարանը, 1950
- Ձին և իր տղան, 1954
- Արքայազն Կասպիանը, 1951
- Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը, 1952
- Արծաթե բազկաթոռ, 1953
- Վերջին ճակատամարտ, 1956
Գեղարվեստական գրականություն մեծահասակների համար
խմբագրել- «Մութ աշտարակը» և այլ պատմվածքներ, 1977, (“The Dark Tower” and Other Stories), խմբ.՝ Ուալթեր Հուփեր
- Մեծ բաժանումը. Դրամա, 1945 (The Great Divorce։ A Drama)
- Մինչ մենք դեմքեր ունենանք. առասպելի վերապտմում, 1956 (Till We Have Faces։ A Myth Retold)
- Խառնակչի նամակները, 1942, [Սփրութեյփը կենաց է ասում. հավելված, 1961] (The Screwtape Letters, Screwtape Proposes a Toast)
- Ուխտագնացի հետընթացը, 1933 (The Pilgrim’s Regress)
- Տիեզերական Եռագրություն
- Լուռ մոլորակից այն կողմ, 1938 (Out of the Silent Planet)
- Պերելանդրա, 1943 (Perelandra)
- Այդ սարսափելի զորությունը, 1945 (That Hideous Strength)
Վավերագրական և ոչ գեղարվեստական գրականություն
խմբագրել- Բառերի ուսումնասիրություն, 1960
- Կյանքի պատկերներն ըստ Սփենսերի, 1967, խմբ.՝ Ալասդաիր Ֆլովեր
- Խոհեր Սաղմոսներ մասին, 1958
- Ցավի խնդիրը, 1940
- «Կորած դրախտ»-ի նախաբան, 1942
- Անձնական հետիկոսությունը. Վիճաբանություն, 1939, Յ. Մ. Ու. Թիլյարդի հետ
- Հրաշքներ. Նախնական ուսումնասիրություն, 1947
- Զուտ Քրիստոնեություն, 1952[10]
- Նամակներ Մալքոլմին. հիմնականում աղոթքի մասին, 1964
- Չորս սեր, 1960
- Քննադատության փորձ, 1961
- Անգլիական գրականությունը 16-րդ դարում, բացի ողբերգությունից, 1954
- Դեն նետված պատկերը. միջնադարյան ու Վերածննդի գրականության ներկայացում, 1964
- Հեռարձակված զրույցներ, 1942
- Քրիստոնեական պահվածք. հեռարձակված զրույցների հետագա շարք, 1943
- Անհատից այն կողմ. քրիստոնեական պատկերացումն Աստծո մասին, 1944
- Սիրո ալեգորիան. միջնադարյան ավանդության ուսումնասիրություն, 1936
- Մարդու ոչնչացումը, 1943
Պոեզիա
խմբագրել- Դայմեր, 1926
- Պատմողական պոեմներ, 1969, խմբ.՝ Ուալթեր Հուփեր
- Պոեմներ, 1964, խմբ.՝ Ուալթեր Հուփեր
- Հոգիներ գերության մեջ. քնարերգության շրջափուլ, 1919
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://web.archive.org/web/20160401153635/http://jeugdliteratuur.org/auteurs/clive-staples-lewis
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118640526 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ https://books.google.com/books?id=Pp3tC5c4ZcUC&pg=PA120&lpg=PA120&dq=c.s.+lewis+mirabilia&source=bl&ots=eQeAjmjI3f&sig=tOC8fBXjJPFhynjPnuVGa3rwxvI&hl=en&sa=X&ved=0ahUKEwjI36OSh_PVAhVh9YMKHV6nAG0Q6AEIOzAH#v=onepage&q=c.s.%20lewis%20mirabilia&f=false
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ Bertrand G. Trois siècles d'université en Bourgogne — Éditions universitaires de Dijon, 2022. — ISBN 978-2-36441-442-6
- ↑ Kindred Britain
- ↑ Զուտ քրիստոնեություն