Քենիայի պատմություն։ Ժամանակակից Քենիայի ազգային կազմը ձևավորվել է 14-19-րդ դարերում ներգաղթերի հետևանքով։ Մ․ թ․ ա․ 5-մ․ թ․ 5-րդ դարերում Արևելյան Աֆրիկա են այցելել հույն, եգիպտացի, չինացի, հնդիկ և արաբ ծովագնացներն ու առևտրականները։ 7-8-րդ դարերում առաջացել են արաբների և աֆրիկացիների բնակավայրեր, 11-15-րդ դարերում Քենիայի առափնյա և նրան հարող ներքին շրջաններում՝ քաղաք-պետություններ։ 16-րդ դարում Արևելյան Աֆրիկայի զգալի մասը գրավել են պորտուգալացիները։ 18-րդ դարում առաջացել են արաբական մի շարք սուլթանություններ։ 19-րդ դարում սկսվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներթափանցումը Քենիայի տարածք։ Անգլո–գերմանական պայմանագրով 1890 թվականին Քենիայի տարածքն անցել է բրիտանական հսկողության տակ, իսկ հետագայում մտել է բրիտանական Արևելյան Աֆրիկա պրոտեկտորատի կազմի մեջ։ 1920 թվականին Քենիան հռչակվել է բրիտանական գյսղութ, առափնյա շրջանները մնացել են իբրև պրոտեկտորատ։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում Քենիայում սկսվել է կազմակերպված հակագաղութատիրական պայքար։ 1960 թվականի մարտին ստեղծվել է Քենիայի աֆրիկացիների ազգային միություն (ՔԱԱՄ) կուսակցությունը, որը պահանջում էր Քենիայի քաղաքական անկախությունը։ 1961 թվականին և 1963 թվականին պառլամենտական ընտրություններում հաղթեց ՔԱԱՄ–ը և կազմեց Քենիայի առաջին աֆրրիկյան կառավարությունը։ 1963 թվականի հունիսի 1-ին Քենիան ստացավ ներքին ինքնավարություն, 1963 թվականի դեկտեմբերի 12-ին՝ դարձավ անկախ պետություն։ 1964 թվականի դեկտեմբերի 12-ին Քենիան հռչակվեց հանրապետություն։ Քենիայի կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմքում դրվեց «աֆրիկյան դեմոկրատական սոցիալիզմի» ուսմունքը։ Կառավարության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը տեղական և օտարերկրյա մասնավոր կապիտալի և աֆրիկացիների ձեռնարկատիրական գործունեության խրախուսումն է։ Արտաքին քաղաքական ասպարեզում Քենիան սերտ կապերի մեջ է Արեմտյան պետությունների, աֆրիկյան մի շարք երկրների հետ, հանդես է գալիս ապարտհեյդի և գաղութատիրության դեմ։ Քենիայի և ԽՍՀՄ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1963 թվականի դեկտեմբերին։ 1964 թվականին կնքվել են տնտեսական և տեխնիկական, մշակութային համագործակցության և առետրային համաձայնագրեր։ 1963 թվականից Քենիան ՄԱԿ–ի անդամ է։ Քենիան Աֆրիկյան միասնության կազմակերպության անդամ է։

Քենիայի դրոշը
Քենիայի զինանշանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 438