Քեթլին Մենսֆիլդ Մառի (անգլ.՝ Kathleen Mansfield Murry, հոկտեմբերի 14, 1888(1888-10-14)[1][2][3][…], Վելինգտոն, Նոր Զելանդիա[4] - հունվարի 9, 1923(1923-01-09)[5][2][3][…], Avon[5]), նորզելանդացի մոդեռնիստական գրող, որը ծնվել և մեծացել է գաղութային Նոր Զելանդիայում և ստեղծագործել է Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանվան ներքո։ 19 տարեկան հասակում Մենսֆիլդը մեկնում է Նոր Զելանդիայից և բնակություն հաստատում Միացյալ Թագավորությունում, որտեղ նա մտերմանում է այնպիսի մոդեռնիստական գրողների հետ, ինչպիսիք են Լոուրենսը և Վիրջինիա Վուլֆը։ 1917 թվականին նրա մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվում, որի հետևանքով էլ նա իր մահկանացուն է կնքում 34 տարեկան հասակում։

Քեթրին Մենսֆիլդ
անգլ.՝ Kathleen Mansfield
Ծննդյան անունանգլ.՝ Kathleen Mansfield Beauchamp
Ծնվել էհոկտեմբերի 14, 1888(1888-10-14)[1][2][3][…]
ԾննդավայրՎելինգտոն, Նոր Զելանդիա[4]
Վախճանվել էհունվարի 9, 1923(1923-01-09)[5][2][3][…] (34 տարեկան)
Վախճանի վայրAvon[5]
ԳերեզմանAvon Cemetery
Գրական անունKatherine Mansfield
Մասնագիտությունգրող, օրագրի հեղինակ, բանաստեղծուհի և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԿրթությունWellington Girls' College? և Քուինի քոլեջ, Լոնդոն
Ժանրերմոդեռնիզմ
Գրական ուղղություններՄոդեռնիզմ
ԱմուսինJohn Middleton Murry?
Համատեղ ապրողԲեատրիս Հաստինգս և George Charles Bowden?[6]
Կայքkatherinemansfield.com
 Katherine Mansfield Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփը ծնվել է 1888 թվականին Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում։ Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի Էլիզաբեթ ֆոն Արնիմի զարմուհին էր։ Նա ուներ երկու ավագ քույր, մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին[7]։ Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը, շուտով դառնում է Նոր Զելանդիայի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում[8][9]։ Նրա պապը՝ Արթուր Բյուչեմփը, Նոր Զելանդիայի պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված պատգամավոր էր[9][10]։ 1893 թվականին Մենսֆիլդ ընտանիքը Թորնդոնից տեղափոխվում է Կառորի, որտեղ Քեթրինն իր մանկության լավագույն տարիներն է անցկացնում։ Այս ժամանակահատվածին վերաբերվող որոշ հիշողություններ նա հետագայում օգտագործում է իր «Նախերգանք» պատմվածքում։

 
Քեթրին Մենսֆիլդի հայրենի տունը Թորնդոնում, Վելինգտոն

Նրա առաջին պատմվածքները հրատարակվում են Բարձրագույն դպրոցի զեկույցում (1898թ.) և Վելինգտոնի օրիորդաց բարձրագույն դպրոցի ամսագրում (1899թ.), երբ ընտանիքը վերադարձել էր Վելինգտոն 1898 թվականին[8][11]։ 1902 թվականին Քեթրինը սիրահարվում է թավջութակահար Առնոլդ Թրոուելին, սակայն նրա զգացմունքը փոխադարձ չէր[12]։ Քեթրինն ինքը կայացած թավջութակահարուհի էր. նա դասեր էր վերցրել Թրոուելի հորից։ Իր օրագրերում Քեթրինը գրում էր, որ իրեն օտար է զգում Նոր Զելանդիայում և հիասթափված է Մաորիների ճնշումից։ Իր հետագա պատմվածքներում, սակայն, նա հաճախ է նկարագրում մաորիական բնավորությունը դրական լույսի ներքո, ինչպես, օրինակ, «Թե ինչպես գողացան մարգարտե կոճակը» պատմվածքում։ 1903 թվականին նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ քույրերի հետ հաճախում է Լոնդոնի «Թագուհու քոլեջ»։ Քեթրինը վերսկսում է թավջութակ նվագելը՝ հավատալով, որ դա մի զբաղմունք է, որին պիտի մասնագիտորեն տիրապետել, բայց նաև սկսում է թղթակցել քոլեջի լրագրին այնպիսի նվիրումով, որ ի վերջո դառնում է դրա խմբագիրը[7][11]։ Նա հատկապես հետաքրքրվում էր ֆրանսիացի խորհրդապաշտների ստեղծագործություններով և Օսկար Ուայլդով։ Միևնույն ժամանակ նա իր ժամանակակիցների շրջանում գնահատանքի էր արժանանում կյանքի նկատմամբ իր կենսուրախ ու խարիզմատիկ մոտեցման համար։ Նա քոլեջում հանդիպում է երիտասարդ գրող, հարավաֆրիկուհի Իդա Բեյքերին (նաև հայտնի է Լեսլի Մուր անվամբ), և նրանք ամբողջ կյանքում ընկերներ են մնում։ Լոնդոնում ապրելու ժամանակ Քեթրինը բնավ չէր հետաքրքրվում քաղաքականությամբ։ Օրինակ, նա այդքան էլ ակտիվորեն չէր աջակցում Միացյալ Թագավորությունում կանանց ընտրական իրավունքի հաստատմանը. Նոր Զելանդիայում կանայք ընտրական իրավունք ձեռք էին բերել 1893 թվականին։ 1903-1906 թվականներին Քեթրինը ճանապարհորդում է մայրցամաքային Եվրոպայում՝ հիմնականում մնալով Բելգիայում և Գերմանիայում։ 1906 թվականին Անգլիայում կրթությունը ավարտելուց հետո նա վերադառնում է Նոր Զելանդիա և միայն այդ ժամանակ է, որ սկսում է պատմվածքներ գրել։ Մի քանի ստեղծագործություններ հրատարակության է հանձնում Ավստրալիայի «Native Companion» հրատարակչությանը. սրանք նրա առաջին շահույթ բերած գործերն էին, և այդ ժամանակից ի վեր նվիրվում է պրոֆեսիոնալ գրող դառնալու գործին։ Հենց այդ ժամանակ էր, որ նա առաջին անգամ օգտագործեց Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանունը։ Սակայն շատ շուտով նա հոգնում է թե՛ գավառական Նոր Զելանդիայից և թե՛ իր ընտանիքից և երկու տարի անց նորից մեկնում է Լոնդոն։ Մնացած ողջ կյանքում հայրը տարեկան 100 ֆունտ ապրուստավճար էր ուղարկում Քեթրինին։ Քեթրինը ռոմանտիկ հարաբերություններ է հաստատել երկու կանանց հետ, որոնց մասին հատկանշական է հիշատակել։ Նա շարունակում էր հանդիպել նաև տղամարդկանց հետ՝ փորձելով իր մեջ ճնշել իր իսկական զգացմունքները։ Նրա առաջին համասեռամոլ հարաբերությունը Մաաթա Մահուպուկուի հետ էր (հայտնի է նաև Մարթա Գրեյս անվամբ), ով մի հարուստ, երիտասարդ մաորի կին էր, որին առաջին անգամ հանդիպել էր Վելինգտոնում՝ Միս Սվեյնսոնի դպրոցում, ապա՝ Լոնդոնում 1906 թվականին։ 1907 թվականին նա գրում է. «Ես ցանկանում եմ Մաաթային, ես սարսափելի ցանկանում եմ նրան։ Դա կեղտոտություն է, գիտեմ, սակայն ճշմարտություն է»։ Նա հաճախ էր Մաաթայի մասին հիշատակում որպես Կարլոտա։ Մաաթայի մասին նա մի քանի պատմվածք է գրել։ 1907 թվականին Մաաթան ամուսնանում է, սակայն պնդում են, որ նա գումար էր ուղարկում Քեթրինին՝ Լոնդոն։ Երկրորդ ռոմանտիկ կապը Էդիտ Քեթլին Բենդոլի հետ 1906-1908 թվականներին էր։ Իր երկրպագությունը Էդիտի նկատմամբ նա դարձյալ արտահայտում էր իր օրագրերում[13]։

Վերադարձ Լոնդոն խմբագրել

Վերադառնալով Լոնդոն՝ Քեթրինը շատ արագ սկսում է բոհեմական կենսակերպ վարել։ Այնտեղ ապրելու առաջին տասնհինգ ամիսների ընթացքում նա հրատարակում է ընդամենը մեկ պատմվածք և մեկ բանաստեղծություն։ Քեթրինը ձգտում է մտերմանալ Թրոուել ընտանիքի հետ, և մինչ Առնոլդը հանդիպում էր ուրիշ կնոջ հետ, Քեթրինը կրքոտ սիրավեպ է սկսում նրա եղբոր՝ Գարնեթի հետ։ 1909 թվականին նա հղիանում է Գարնեթից, սակայն Թրոուելի ծնողները հավանություն չէին տալիս նրանց կապին, և զույգը բաժանվում է։ Նա շտապ ամուսնանում է Ջորջ Բաուդենի հետ, որը երգեցողության ուսուցիչ էր և տասնմեկ տարի իրենից մեծ[14]։ Նրանք ամուսնանում են մարտի 2-ին, բայց հենց նույն երեկո էլ Քեթրինը լքում է նրան, նախքան ամուսնությունը լիարժեք կկայանար։ Քեթրինի՝ Գարնեթի հետ շտապ վերամիանալուց հետո նրա մայրը՝ Էննի Բյուչեմփը, Լոնդոն է գալիս 1909 թվականին։ Նա Բաուդենի հետ չկայացած ամուսնության պատճառ է համարում Քեթրինի և Բեյքերի միասեռական կապը և դստերը տանում Գերմանիա՝ Բավարիայի առողջարանային Բադ Վյորիսհոֆեն քաղաք։ Այստեղ էր, որ փորձելով ճամպրուկը պահարանի գլխին դնել, Քեթրինը վիժում է։ Հայտնի չէ, թե արդյոք մայրը գիտեր այդ վիժման մասին, թե ոչ, նախքան նրա հապճեպ մեկնելը Գերմանիայից, ուր եկել էր դստեր հետ, սակայն վերադառնալով Նոր Զելանդիա, նա Քեթրինին հանում է իր կտակից։ Բավարիայում անցկացրած ժամանակը մեծ ազդեցություն է թողնում Քեթրինի գրական մտահորիզոնի վրա։ Մասնավորապես, նա ծանոթանում է Անտոն Չեխովի ստեղծագործություններին։ 1910 թվականի հունվարին նա վերադառնում է Լոնդոն։ Այստեղ նա մոտ մեկ դյուժին հոդված է հրատարակել տալիս Ալֆրեդ Ռիչարդ Օրիջի «Նոր դարաշրջան» (The New Age) ամսագրում և կապվում Բեաթրիս Հասթինգսի հետ, որը ապրում էր Օրիջի հետ[15]։ Գերմանիայում ձեռք բերած փորձառությունը նպաստում է նրա առաջին տպագիր ժողովածուի ստեղծման՝ «In a German Pension» («Գերմանական պանսիոնում»), որը ավելի ուշ նա կանվաներ «տհասություն»։

Հանդիպում Մառիի հետ խմբագրել

Շուտով Քեթրինը մի թեթև պատմության մեջ է ներքաշվում մի գրական նորարարական ամսագրի հետ, որը կոչվում էր «Ռիթմ»։ Նրա ձեռագիրը մերժվում է ամսագրի խմբագրի՝ Ջոն Միդլտոն Մառիի կողմից, որը ինչ-որ ավելի լուրջ բան է խնդրում գրել։ Ի պատասխան Քեթրինը գրում է «Կինը հանրախանութում» պատմվածքը, որի մեջ կար թե՛ սպանություն, թե՛ հոգեկան հիվանդություն։ Այդ ժամանակ Քեթրինը ոգեշնչված էր ֆովիզմով։

 
1912

1911 թվականին Քեթրինը և Մառին սկսում են հանդիպել, և նրանց հարաբերությունները այնքան են խորանում, որ 1918 թվականին նրանք ամուսնանում են, չնայած մինչ այդ Քեթրինը երկու անգամ լքում է նրան 1911 և 1913 թվականներին[16]։ 1912 թվականի հոկտեմբերին «Ռիթմի» հրատարակիչ Չարլզ Գրենվիլը (երբեմն նշվում է որպես Սթիվեն Սվիֆթ) փախչում է Եվրոպա՝ ամսագրի կուտակած պարտքերը թողնելով Մառիի վրա։ Քեթրինը հոր կողմից իրեն տրվող ապրուստավճարը հանձնում է ամսագրին, սակայն այն լուծարվում է՝ 1913 թվականին վերակազմավորվելով որպես «Կապույտ գրախոսություն», որը նույնպես լուծարվում է երեք համար հրատարակելուց հետո։ 1913 թվականին Քեթրինի և Մառիի ընդհանուր ընկեր Ջիլբերտ Քանանը համոզում է նրանց մի քոթեջ վարձել Բակինգեմշիրի Քոլսբերի վայրում՝ իր հողմաղացի մոտակայքում՝ փորձելով այդպիսով բարելավել Քեթրինի թույլ առողջությունը[17]։ 1914 թվականի հունվարին զույգը տեղափոխվում է Փարիզ այն հույսով, որ միջավայրի փոփոխությունը երկուսի մոտ էլ կարող է խթանել ստեղծագործելուն։ Այդ ընթացքում Քեթրինը գրում է ընդամենը մեկ պատմվածք՝ «Ինչ-որ երեխայական, բայց շատ բնական բան», նախքան Մառիին հետ կկանչեին Լոնդոն, որպեսզի հայտարարագիր ներկայացներ սնանկության մասին։ 1914 թվականին Քեթրինը մի համառոտ սիրավեպ է ունենում ֆրանսիացի գրող Ֆրանցիս Կարկոյի հետ։ 1915 թվականի փետրվարին նրա մոտ՝ Փարիզ կատարած իր այցի մասին նկարագրված է նրա «Անհամեստ ուղևորություն» պատմվածքում։ Քեթրինի կյանքը և ստեղծագործությունը տակնուվրա է լինում սիրելի եղբոր՝ Լեսլի Հերոն «Չամմի» Բյուչեմփի[18] մահվանից հետո՝ 1915 թվականին, որը Ֆրանսիայում մասնակցում էր առաջին աշխարհամարտին որպես նորզելանդացի զինվոր։ Նա սկսում է ապաստան փնտրել Նոր Զելանդիայում անցկացրած իրենց մանկության նոստալգիկ հիշողություններից[19]։ Մի բանաստեղծության մեջ, ուր նկարագրվում էր եղբոր մահվանից հետո տեսած մի երազ, նա գրում է.

  Հիշյալ առվի ափին եղբայրս է կանգնած,

Ինձ է սպասում նա՝ ձեռքին մորի բռնած. «Քո՛ւյր, մարմինս է սա, ա՛ռ, անուշ արա...

 

1917 թվականի սկզբին Քեթրինն ու Մառին բաժանվում են, չնայած Մառին շարունակում էր այցելել նրան իր նոր բնակարանում։ Շուտով Բեյքերը, որին Քեթրինը հաճախ ջերմության և հեգնանքի խառնուրդով անվանում էր «կինս», տեղափոխվում է նրա մոտ։ 1916 թվականից հետո սկսվում է Քեթրինի ամենաբեղմնավոր գրական շրջանը, որը սկսվում է հետևյալ պատմվածքներով՝ «Պարոն Ռեգինալդ Փիքոքի օրը», «Թթու դրած սամիթ», որոնք երկուսն էլ հրատարակվում են «Նոր դարաշրջան» ամսագրում։ Վիրջինիա Վուլֆը և իր ամուսինը՝ Լեոնարդ Վուլֆը, որը վերջին ժամանակներում հիմնել էր Հոգարդ Պրես հրատարակչությունը, նրանից մի պատմվածք են խնդրում, և Քեթրինը ներկայացնում է «Նախերգանք» պատմվածքը, որը նա սկսել էր գրել 1915 թվականին որպես «Ալոե»։ Պատմվածքում նկարագրվում է նորզելանդացիների նոր տուն տեղափոխվելը։ 1917 թվականին Քեթրինի մոտ տուբերկուլյոզ է ախտորոշվում։ Հրաժարվելով առողջարանում մնալուց, որն իրեն կկտրեր գրելուց, նա մեկնում է արտասահման, որպեսզի խույս տա անգլիական ձմեռվանից։ Նա տեղավորվում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի մի մեկուսի և ցուրտ հյուրանոցում, որտեղ թեև իրեն ճնշված էր զգում, բայց շարունակում էր պատմվածքներ գրել, ներառյալ «Ես չեմ խոսում ֆրանսերեն» պատմվածքը։ «Երանություն» պատմվածքը, որի անունով կոչվեց նրա երկրորդ ժողովածուն 1920 թվականին, նույնպես տպագրվեց 1918-ին։ Նրա առողջությունը գնալով վատթարանում էր, և մարտին նա իր առաջին թոքային արյունահոսությունն ունեցավ։ Ապրիլին վերջնականապես ձևակերպվում է Քեթրինի և Բաուդենի ամուսնալուծությունը, և նա ու Մառին ամուսնանում են, սակայն բաժանվում են երկու շաբաթ անց։ Այնուամենայնիվ նրանք նորից հաշտվում են, և 1919 թվականի մարտին Մառին դառնում է «Գրական ակումբ» գրական պարբերականի խմբագիրը, որի համար Քեթրինը գրում է ավելի քան հարյուր գրախոսական, որոնք հետմահու հրատարակվեցին «Վեպեր և վիպասաններ» ժողովածուում։ 1918-1919 թվականների ձմռանը նա և Բեյքերը մնում էին Իտալիայի Սան Ռեմո քաղաքի մի վիլլայում։ Այս ժամանակահատվածում նրանց հարաբերությունները ծայր աստիճան լարվում են, և նա գրում է Մառիին և բացատրում իր ընկճված վիճակը։ Վերջինս Սուրբ Ծննդյան տոներին մնում է նրա հետ։ Չնայած նրանց հարաբերությունները հեռու էին մտերմիկ կոչվելուց 1918 թվականից ի վեր, և նրանք առանձին էին ապրում, Մառիի այդ արարքը դրդում է նրան գրելու «Անհիշաչար մարդը» պատմվածքը հիվանդ կնոջ և նրա համբերատար ամուսնու մասին։ Քեթրինի առաջին ժողովածուին՝ «Երանությանը» (1920թ.), 1922 թվականին հաջորդում է երկրորդը՝ «Խնջույք այգում»։

Կյանքի մայրամուտ խմբագրել

Քեթրին Մենսֆիլդը կյանքի վերջին տարիներն անցկացրել է իր տուբերկուլյոզի համար ոչ ստանդարտ բուժում փնտրելով։ 1922 թվականին նա խորհրդակցում է ռուս բժիշկ Իվան Մանուխինի հետ, որի «հեղափոխական» բուժման հետևանքով, երբ ռենտգենյան ճառագայթներով հարվածում է Քեթրինի փայծախին, վերջինս ջերմային հարված և ստորին վերջույթների ընդարմացում է ստանում։ 1922 թվականի հոկտեմբերին Քեթրինը մեկնում է Ֆոնտենբլո (Ֆրանսիա) և ընդունվում Գեորգի Գուրջիևի «Մարդու ներդաշնակ զարգացում» ինստիտուտ, որտեղ նրան իր խնամքի տակ է առնում Օլգիվանա Լազովիչ Հինցենբուրգը, որը հետագայում ամուսնանում է Ֆրանկ Լլոյդ Ռայթի հետ։ Ինստիտուտում Քեթրինը ավելի շատ հյուր էր, քան թե ուսանող, և նրան չէին պարտադրում հետևել ինստիտուտի խիստ ռեժիմին[20], սակայն նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր դաստիարակի՝ Ալֆրեդ Ռիչարդ Օրիջի հետ։ Մառիին գրած իր վերջին նամակներում նա պատմում է, թե ինչպես է փորձում Գուրջիևի ուսմունքներից որոշները կիրառել իր սեփական կյանքում[21]։ 1923 թվականի հունվարին Քեթրինը մահացու թոքային արյունազեղում է ունենում այն բանից հետո, երբ շտապով բարձրանում էր սանդուղքով[22]։ Նա մահանում է հունվարի 9-ին և թաղվում Ավոն քաղաքի գերեզմանատանը։ Կյանքի վերջին տարիներին Քեթրինը բեղմնավոր գրող էր։ Նրա գործերի մեծ մասն անտիպ էին մնացել մինչև մահը, և Մառին ձեռնամուխ է լինում դրանք խմբագրելու և հրատարակելու գործին։ 1923 թվականին լույս է տեսնում «Աղավնու բույն» ժողովածուն, 1924 թվականին՝ «Ինչ-որ երեխայական բան» ժողովածուն, բանաստեղծությունների մեկ հատոր, «Ալոեն», «Վեպեր և վիպասանները», ինչպես նաև նրա նամակներն ու օրագրերը։

Գնահատում և հիշատակ խմբագրել

Քեթրին Մենսֆիլդի անունով են կոչվում Նոր Զելանդիայի հետևյալ ուսումնական հաստատությունները՝ Ռանգիտոտոի քոլեջը, Ուեստլեյկի օրիորդաց բարձրագույն դպրոցը, Մաքլինս քոլեջը (բոլորն էլ Օքլենդում), Թորանգայի օրիորդաց քոլեջը, Վելինգտոնի օրիորդաց քոլեջը (երկուսն էլ Վելինգտոնում), Ռանգիորայի բարձրագույն դպրոցը Հյուսիսային Քենթերբերիում և Սաութլենդի օրիորդաց բարձրագույն դպրոցը Ինվերքարգիլում։ Վելինգտոնի արվարձան Կառորիի դպրոցը նրա հիշատակը հավերժացնող քարե հուշարձան է տեղադրել դպրոցի դիմաց և հուշատախտակ, որ նա սովորել և ստեղծագործել է այնտեղ։ Սեմյուիլ Մարսդենի ուսանողական դպրոցը նրա անունով գրական մրցանակ է սահմանել։ Վելինգտոնի Թորնդոն շրջանում մի զբոսայգի կոչվում է Քեթրին Մենսֆիլդի անունով։ Ֆրանսիայի Մենտոն քաղաքի այն փողոցը, որտեղ Մենսֆիլդը ապրել և ստեղծագործել է, կրում է նրա անունը, իսկ գրական մի ընկերակցության կողմից Նորզելանդացի երիտասարդ գրողներից մեկին ամեն տարի առաջարկվում է մեկ տարի ապրել և աշխատել նրա նախկին տանը՝ Վիլլա Իզոլա Բելլայում։ Նոր Զելանդիայում նրա անունով է կոչվում պատմվածքի մի նշանավոր մրցույթ։ 1973 թվականին ԲիԲիՍի-ն (BBC) նրա մասին հեռուստասերիալ է նկարահանում, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Վանեսա Ռեդգրեյվը։ Վեց մասից բաղկացած հեռուստանովելը պատմում է Քեթրին Մենսֆիլդի կյանքի և ստեղծագործության մասին։ 2011 թվականին նկարահանվում է «Երանություն» կենսագրական ֆիլմը Քեթրին Մենսֆիլդի Նոր Զելանդիայում անցկացրած կյանքի վաղ շրջանի մասին որպես գրող։ Գլխավոր դերակատարուհին դերասանուհի Քեյթ Էլիոթն է։ Ֆիլմը հեռուստասերիալի կարգավիճակով Նոր Զելանդիայի «Sunday Theatre» հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց 2011 թվականի օգոստոսի 28-ին[23]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ժողովածուներ խմբագրել

  • «Գերմանական պանսիոնում» (1911)
  • «Երանություն» և այլ պատմվածքներ (1920)
  • «Խնջույք այգում» և այլ պատմվածքներ (1922)
  • «Աղավնու բույն» և այլ պատմվածքներ (1923)
  • «Մոնտանա» (1923) վերահրատարակություն (2001)
  • «Բանաստեղծություններ» (1923)
  • «Ինչ-որ երեխայական բան» (1924)
  • «Քեթրին Մենսֆիլդի օրագիրը» (1927, 1954)
  • «Քեթրին Մենսֆիլդի նամակները» (2 հատորով, 1928-29)
  • «Ալոե» (1930)
  • «Վեպեր և վիպասաններ» (1930)
  • «Քեթրին Մենսֆիլդի պատմվածքները» (1937)
  • «Քեթրին Մենսֆիլդի ալբոմը» (1937)
  • «Քեթրին Մենսֆիլդի պատմվածքների ժողովածու» (1945, 1974)
  • «Նամակներ Ջոն Միդլտոն Մառիին, 1913-1922» (1951)
  • «Նոթատետր» (1978)
  • «Քեթրին Մենսֆիլդի գրաքննադատությունները» (1987)
  • «Քեթրին Մենսֆիլդի նամակների ժողովածու» (4 հատորով, 1984-96)
    • Հատոր 1, 1903-17թթ.
    • Հատոր 2, 1918-19թթ.
    • Հատոր 3, 1919-20թթ.
    • Հատոր 4, 1920-21թթ.
  • «Քեթրին Մենսֆիլդի նոթատետրերը» (2 հատորով, 1997)

Պատմվածքներ խմբագրել

  • «Ռոզաբելի հոգնածությունը» (1908)
  • «Գերմանացիներ մսով ճաշին» (1911)
  • «Մի ծննդյան օր» (1911)
  • «Բոց» (1911)
  • «Կինը հանրախանութում» (1912)
  • «Թե ինչպես գողացան մարգարտե կոճակը» (1912)
  • «Միլի»(1913)
  • «Ինչ-որ երեխայական, բայց շատ բնական բան» (1914)
  • «Փոքրիկ դաստիարակչուհին» (1915)
  • «Նկարներ» (1917)
  • «Ալբոմի մի թերթ» (1917)
  • «Թթու դրած սամիթ» (1917)
  • «Ես չեմ խոսում ֆրանսերեն» (1917)
  • «Նախերգանք» (1918)
  • «Արվարձանային հեքիաթ» (1919)
  • «Անհամեստ ուղևորություն» (1920)
  • «Երանություն» (1918)
  • «Միս Բրիլ» (1920)
  • «Հոգեբանություն» (1920)
  • «Հայտնություններ» (1920)
  • «Արև և լուսին» (1920)
  • «Քամին փչում է» (1920)
  • «Պարոն Ռեգինալդ Փիքոքի օրը» (1920)
  • «Մոդայիկ ամուսնություն» (1921)
  • «Ճանապարհորդություն» (1921)
  • «Նրա առաջին պարահանդեսը» (1921)
  • «Պարոն և տիկին Դավեր» (1921)
  • «Մա Փարքերի կյանքը» (1921)
  • «Ուշացած գնդապետի դուստրերը» (1921)
  • «Փոքրիկ աղջիկը» (1912)
  • «Անծանոթը» (1921)
  • «Անհիշաչար մարդը» (1921)
  • «Ծովածոցում» (1922)
  • «Ճանճը» (1922)
  • «Խնջույք այգում» (1922)
  • «Մի գավաթ թեյ» (1922)
  • «Տիկնիկի տունը» (1922)
  • «Մի ամուսնացած տղամարդու պատմություն» (1923)
  • «Դեղձանիկը» (1923)
  • «Երգեցողության դասը»
  • «Իդեալական ընտանիք»
  • «Վեցպենսանոց»
  • «Խնձորենին»

Ֆիլմեր Մենսֆիլդի մասին խմբագրել

  • «Քեթրին Մենսֆիլդ» (1973), հեռուստանովել, գլխավոր դերում՝ Վանեսա Ռեդգրեյվ
  • «Թո՛ղ ամեն մի ազնիվ բան» (1985), ռեժիսոր՝ Ջոն Ռեյդ
  • «Քեթրին Մենսֆիլդ։ Կինը և գրողը» (1987), ռեժիսոր՝ Ժուլիեն Ստրեթոն
  • «Քեթրին Մենսֆիլդի կյանքը և ստեղծագործությունը» (2006), ռեժիսոր՝ Սթեյսի Ուեյմաք Թորնթոն
  • «Երանություն» (2011), Մայքլ Ֆանտլի ֆիլմը[24]

Գրքեր Մենսֆիլդի մասին խմբագրել

Կենսագրական գրքեր խմբագրել

  • «Քեթրին Մենսֆիլդի կյանքը», Էնթընի Ալպերս, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 1980
  • «Քեթրին Մենսֆիլդ։ Ավելի լուրջ տեսակետ», Ջեֆրի Մեյերս, Քուփեր Սքվեր հրատարակչություն, 2002
  • «Քեթրին Մենսֆիլդ։ Հեքիաթասացը», Քեթլին Ջոնս, կենսագիր, Վիկինգ Փինգուին, 2010
  • «Քեթրին Մենսֆիլդ։ Գաղտնի կյանք», Թոմալին, Նյու Յորք, 1988
  • «Քեթրին Մենսֆիլդը և մոդեռնիստական արձակի ծագումը», Կապլան, 1991
  • «Քեթրին Մենսֆիլդի տղամարդիկ», Չարլզ Ֆերոլ, Ջեյն Սթեֆորդ, Վելինգտոն, 2004

Վեպեր խմբագրել

  • «Մենսֆիլդ», Սթիդ, Հարվիլ պրես հրատարակչություն, 2004
  • «Հետապնդման մեջ», Ջոանա Ֆիցպատրիկ, 2010
  • «Քեթրինի ցանկությունը», Լինդա Լապին, Օրեգոնի Ուորդքրաֆ հրատարակչություն, 2008
  • «Չափազանց նուրբ հոգի», Վիրջինիա Վուլֆ, հետահայաց հրատարակություն, 1989

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118577263 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Мэнсфилд Кэтрин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://www.dbalears.cat/cultura/cultura/2005/12/09/109288/antoni-mir-recupera-en-un-llibre-la-vida-de-la-familia-bowden-a-mallorca.html
  7. 7,0 7,1 Katherine Mansfield (2002). Selected Stories. Oxford World's Classics. ISBN 978-0-19-283986-2.
  8. 8,0 8,1 «Katherine Mansfield:1888–1923 – A Biography». Katharinemansfield.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 Dictionary of New Zealand Biography. Ministry for Culture and Heritage http://www.teara.govt.nz/en/biographies/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. Scholefield, Guy (1950) [First ed. published 1913]. New Zealand Parliamentary Record, 1840–1949 (3rd ed.). Wellington: Govt. Printer. էջ 95.
  11. 11,0 11,1 «Mansfield: Her Writing». Katharinemansfield.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. Joanna Woods (2007). «Katherine Mansfield, 1888–1923». Kōtare 2007, Special Issue – Essays in New Zealand Literary Biography – Series One: ‘Women Prose Writers to World War I’. Victoria University of Wellington. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  13. Alison J. Laurie. «Queering Katherine». Victoria University of Wellington. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
  14. Ali Smith (2007 թ․ ապրիլի 7). «So many afterlives from one short life». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. "As mad and bad as it gets", Frank Witford, The Sunday Times, 30 July 2006
  16. Kathleen Jones. «Katherine's relationship with John Middleton Murry». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 22-ին.
  17. Farr, Diana (1978). Gilbert Cannan A Georgian Prodigy. London: Chatto & Windus. ISBN 0-7011-2245-5.
  18. Elizabeth Bowen, Introduction, in Stories by Katherine Mansfield, New York: Vintage Books, an imprint of Random House, 1956
  19. «Katherine Mansfield». Britishempire.co.uk. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
  20. Linda Lappin. "Katherine Mansfield and D. H. Lawrence, A Parallel Quest", Katherine Mansfield Studies: The Journal of the Katherine Mansfield Society, Vol 2, Edinburgh University Press, 2010, pp.72-86.
  21. Vincent O'Sullivan and Margaret Scott, ed. (2008). The Collected Letters of Katherine Mansfield. էջ 360. ISBN 9780198183990.
  22. Susan Kavaler-Adler (1996). The Creative Mystique: From Red Shoes Frenzy to Love and Creativity. էջ 113. ISBN 0-415-91412-4.
  23. http://tvnz.co.nz/sunday-theatre/bliss-280811-video-4335362
  24. Bliss For Platinum Fund Արխիվացված 2011-02-19 Wayback Machine. NZ On Air. retrieved 28 August 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մենսֆիլդ» հոդվածին։