Քարինտակի ինքնապաշտպանություն, ռազմական գործողություններ, որոնք տեղի են ունեցել 1992 թվականին Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։

Քարին տակ գյուղը 2015 թվականին

Նախապատմություն խմբագրել

1988 թվականին իրավիճակը Քարին տակ գյուղում լարված էր, և անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով՝ շատ անգամ սովետական բանակի զինվորականներն ադրբեջանցի ՕՄՕՆ-ականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, դրամ, ռադիոընդունիչ, հագուստ և այլն[1]։ Շուշի քաղաքից դեպի հարավ ձգվող ժայռերի կատարներից սկսեցին սադրիչ գործողություններ, նախ պայթեցվում էին հսկայական ժայռաբեկորներ, որոնք գլորվում էին բարձունքից, ավերում տներ, ահաբեկում կանանց ու երեխաներին։ Այնուհետև, քարե զանգվածներին ավելացան ավտոմեքենաների, ապա՝ «Բելառուս» մակնիշի տրակտորների հնացած անվադողերը, որոնց ամրակցում էին պայթուցիկ սարքեր։ Դրանց պատճառով ավերվել են մեկ տասնյակից ավելի տներ։ Եթե սկզբում Շուշիից, Նաբիլարի (ավան, որտեղ բնակություն էին հաստատել ադրբեջանցի հովիվները) շրջակայքից, «Զաստավ» կոչվող դիտակետից կրակում էին որսորդական հրացաններով ու ավտոմատներով, ապա 1991 թվականի սկզբներին սկսեցին գործածել խորհրդական արտադրության ավելի մեծ տրամաչափի զենքեր ու նաև գնդակոծել զրահամեքենաներից։

Հրամանատար Վաղարշակ Առուշանյանի օրագրից. «1988 թվականի մայիսի 17-ին Շուշիի հայ բնակչությունը ժայռի արահետով մի կերպ հասել էր գյուղ։ Շուշիից գաղթած բնակչության քանակը հասնում էր 718 հոգու։ Ես և գյուղխորհրդի նախագահ Մաքսիմ Հարությունյանը երկու մեքենա ուտելիք բերեցինք։ Գյուղի բնակչությունն ամեն ինչ անում էր, որպեսզի բռնի կերպով տեղահանվածներն իրենց լավ զգային։ Գյուղում մնացին 17 օր։ Սեպտեմբերի 22-ին վերջին հայ ընտանիքները թողեցին իրենց ծննդավայր Շուշին։ Քաղաքը լրիվ հայաթափվեց»[2]։ 1988 թվականի սեպտեմբերի 19-ին գյուղից վերև՝ ժայռերի կատարներին, ադրբեջանցիների մեծ բազմություն էր հավաքվել։ Բազմության միջից լսվում էին սպառնալիքներ, հայհոյանքներ. «Թողե՛ք գյուղը, հեռացե՛ք, հողը մերն է, իրավունք չունեք այդտեղ ապրելու։ Եթե ինքնակամ չհեռանաք, ապա երկրորդ Սումգայիթ կսարքենք»։ 1988 թվականի սեպտեմբերից ադրբեջանցիները Ստեփանակերտի հետ կապն ապահովող ճանապարհը փակեցին։ 1989 թվականին Ռոլես Աղաջանյանի տնօրինած շինարարական կազմակերպությունն անտառների միջով Շոշ-Քարին տակ նոր ճանապարհը բացեց։ 1989 թվականի հուլիսի 10-ին ժամը 19-ից մինչև 24-ը որսորդական ու մանր տրամաչափի հրազենով կրակում էին գյուղի վրա։ Այդ տեսարանին ականատես էին նաև գյուղում հերթապահող խորհրդային զինծառայողները։ Իրավիճակի մասին տեղեկացվեց շրջանային պարետը։ Վերջինս ներկայացավ գյուղ, ասաց. «Մենք առանց վերադասի հրամանի իրավունք չունենք միջամտելու»։ Սակայն երեկոյան Ադրբեջանի հեռուստատեսության հաղորդագրությունների ժամանակ ասացին, թե իբր Քարին տակ գյուղից քարկոծում են Շուշի քաղաքը։

Ըստ Քարին տակ գյուղի բնակիչ Արտյուշա Ավանեսյանի (առաջին վիրավորված խաղաղ բնակիչը գյուղում), այդ ժամանակ խորհրդային զինվորականները զգուշացնում էին քարինտակցիներին ազատել գյուղը։ «Մեզ ասացին՝ երաշխիքներ չկան, որ ադրբեջանցիները չեն գա և չեն ոչնչացնի մեզ. ավելի լավ է հեռանալ։ Իսկ մենք նրանց պատասխանեցինք. «Դուք մի՛ խառնվեք, թո՛ղ ադրբեջանցիները գան»։ Իսկ Մոսկվայից եկած հրամանատարն ասաց. «Ես ձեզ երաշխիք չեմ տալիս, լքե՛ք գյուղը, հեռացե՛ք»։ Բայց ինչպե՞ս մենք կթողնեինք մեր տները, մեր երեխաներին։ Այդպես էլ չլքեցինք գյուղը»։ Արտյուշա Ավանեսյանի խոսքերով՝ Քարին տակից էր սկսվում Ֆիզուլի տանող ճանապարհը։ «Եթե մենք նրանց այստեղ չկանգնեցնեինք, նրանք ուղղակի կմտնեին Սղնախ, իսկ ոչնչացնելով Սղնախը, դուրս կգային Ֆիզուլի և վերջ։ Ղարաբաղը կընկներ շրջափակման մեջ»[3]։ 1989 թվականի հուլիսի 12-ին «Զաստավ» տեղամասում հավաքվել էր ադրբեջանցիների 400-500 հոգուց բաղկացած խումբ։ Նպատակադրվել էին հարձակվել գյուղի վրա։ Զինվորների միջամտությամբ՝ ամբոխը ցրվել էր։

1990 թվականի մարտից սկսվեցին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով գյուղի տղամարդկանց ձերբակալությունները։ Հետագայում գյուղի բնակիչ Մարտին Ամիրջանյանին Շուշիի բանտում ասացին. «Շուտով կգանք և կգրավենք ձեր գյուղը»։ Իսկ նա պատասխանեց. «Ձեզ դա չի հաջողվի։ Մեր գյուղը սկուտեղի վրա մատուցվող խնձոր չէ, որ վերցնեք և ուտեք։ Եթե գնաք մեր գյուղ, ձեր արյունը կթափվի», – ասաց նա[4]։ 1990 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ առաջին առևանգությունը։ Առևանգել էին վարպետ Վահան Մուսայելյանին։ 1990 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 16:40-ին գյուղի մարդատար ավտոբուսը Ստեփանակերտից մեկնեց գյուղ։ Շոշ գյուղի ճանապարհին Ձիատափ («Ջըդըր դուզ») կոչվող տեղամասից գնդացրային կրակ բացվեց, ավտոմեքենան մասնակի վնասվածքներ ստացավ, մարդկային զոհեր չեղան։ Հիշարժան է նաև 1990 թվականին կատարված մի դեպք։ Երբ ադրբեջանցիները բարձրանում էին դեպի ժայռի կատարը, որպեսզի գնդակոծեն գյուղը, նկատում են, որ Շուշիի հեռուստաաշտարակի գագաթին ծածանվում է Հայաստանի դրոշը։ 1992 թվականի հերոսամարտում զոհված գնդացրորդ Ալյոշա Վարդանյանն էր ընկերների հետ գիշերով նման քայլի ձեռնարկողը[5]։

1991 թվականի հունվարի 1-ին, երբ գյուղը նշում էր Նոր տարին, Քարին տակը հոսանքազրկվեց։ Գյուղի բնակիչ Արմիդա Աբրահամյանը պատմում է, որ գյուղն ուներ ներքին հեռախոսային կապ։ Լույս գրեթե չկար, ոչինչ չկար, սակայն գյուղի յուրաքանչյուր տուն և յուրաքանչյուր դիտակետ ապահովված էր հեռախոսային կապով։ Դա հնարավոր էր դարձել Վագիֆ Հովսեփյանի շնորհիվ, ով հիմնադրել էր հեռախոսակայանը՝ հավաքելով այն ձեռքի տակ եղած նյութերից և հեռախոսագծերն անցկացնելով գյուղի տներ և դիքեր։ Դա ինքնաստեղծ կապ էր, և ադրբեջանցիները չգիտեին կայանի գտնվելու վայրը[6]։ 1991 թվականի փետրվարի 27-ին ուժեղ հրետանակոծման պատճառով բոլոր հիմնարկներում դադարեցվեցին աշխատանքները։ 1991 թվականի ապրիլի 26-ին գրանցվեց գյուղի առաջին զոհը։ Երեկոյան ժամը 10:40-ին ավտոմատի կրակոցներից սեփական տան բակում մահացու վիրավորվեց կոլտնտեսական, 4 երեխայի հայր Գուրգեն Ավանեսյանը։ 1991 թվականի մայիսի 7-8-ին Շուշի թռչող ուղղաթիռներն ավտոմատային կրակ բացեցին անասնապահերի ու բանջարանոցներում աշխատող գյուղի խաղաղ բնակչության վրա։

1991 թվականի մայիսի 15-ին գյուղամիջում ՕՄՕՆ-ականները կալանքի տակ առան շուրջ 50 հոգու, որոնց նստեցրին ավտոբուսի մեջ։ Խորհրդային զինվորականների միջամտությամբ՝ նրանց բաց թողեցին[1]։ Հատված «Մեմորիալ» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի զեկույցից. «Մեզ հայտնի են դեպքեր, երբ զինվորականները կանխել են ադրբեջանական ՕՄՕՆ-ի գործողությունները՝ խոչընդոտելով նրանց անցնել վերին մակարդակով որոշակիորեն թույլատրելի բռնության չափը։ Օրինակ՝ նրանք թույլ չտվեցի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչների արտաքսումը, ում ադրբեջանական ՕՄՕՆ-ը դուրս էր հանել գյուղից մայիսի 15-ին»[7]։

Հատված Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ՌՍՖՍՀ) Գերագույն խորհրդի կոմիտեի եզրակացությունից. «Մայիս 15 -ին զինծառայողների կողմից կանխվել է Շուշիի շրջանի հայաբնակ Քարին տակ գյուղի բնակիչների տեղահանումը։ Այդ օրը ՕՄՕՆ-ականները գյուղից դուրս էին բերել շատ տղամարդկանց։ Կանայք գյուղից փախչում էին Ստեփանակերտ։ Քաղաքացիական անհատների կողմից երկու տուն էր կրակի մատնվել։ Ժամանած զինծառայողները վերադարձրին դուրս բերված տղամարդկանց և գյուղն առան իրենց պաշտպանության տակ։ Մարդու իրավունքների կոմիտեին հայտնի չեն այլ դեպքեր, երբ ներքին զորքերի բաժինները կամ Խորհրդային բանակը փորձել են թույլ չտալ խաղաղ բնակչության տեղահանումը»[8]։ 1991 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 5:30-ին Շուշիից, Զաստավից ու Նաբիլարից ինքնաձիգներով ու մեծ տրամաչափի հրազենով կրակ է բացվել գյուղի վրա։ Կրակոցները տևել են 11,5 ժամ։ Ավանի կիրճով ադրբեջանցիները մոտեցել են գերեզմանոցին, իսկ Զաստավի կողմից՝ մտել Մեծ քարին ձորը, մի այլ խումբ մտել է Խաչին ձորը։ Լուրջ դիմադրություն են ցույց տվել ինքնապաշտպանական խմբերը։ Հակառակորդն օգտագործել է նռնականետեր, գնդացիրներ, ականանետեր, ինքնաձիգներ։

1991 թվականի դեկտեմբերի 28-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները խանգարելու նպատակով Շուշիի ժայռից ամբողջ երկայնքով թաքստոցներից անընդհատ կրակի տակ են պահել գյուղը։ Ընտրական տեղամասի ճանապարհին ժամը 12:00-ին գնդակոծությունից զոհվում է անասնաբույժ 55-ամյա Ալյոշա Հովհաննիսյանը։ Գնդակոծությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր, սակայն ընտրությունների ընթացքը չի խախտվել։ Վաղարշակ Առուշանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ Երեկոյան դեմ Նաբիլարի կողմից ՕՄՕՆ-ականները հարձակվել են պահակակետերի վրա։ 1992 թվականի հունվարի 8-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 15 համագյուղացիներ գյուղ էին վերադառնում։ Երբ մեքենան մոտեցավ անտառի եզրին, ադրբեջանցիներն առջևից շրջանցեցին մեքենան և ավտոմատային համազարկ բացեցին ուղիղ խցիկի վրա։ Երեք մարդ զոհվեց, երկուսը վիրավորվեցին։ Գնդակոծության պատճառով՝ դիակները հողին են հանձնվեցին գիշերը։ 1992 թվականի հունվարի 19-ի երեկոյան գյուղ ներկայացավ Անգլիայի լորդերի պալատի փոխխոսնակ, հանրահայտ իրավապաշտպան Քերոլայն Քոքսը «Բի-բի-սի»-ի երկու լրագրողների հետ։ Նա հանդիպում ունեցավ բանտից նոր ազատված (փրկագնով) Սերժիկ Թովմասյանի հետ։ Նկարահանեցին գյուղում հրկիզված մի քանի տներ ու ավերածությունները։ Իսկ հունվարի 23-ին «Ամերիկայի ձայնը» հաղորդեց, որ Քերոլայն Քոքսը, արհամարհելով վտանգը, Ստեփանակերտից գնացել է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը, որն ամեն օր հրակոծվում է ադրբեջանցիների կողմից, անձամբ ծանոթացել իրավիճակին։ Նրա հաղորդումները հրապարակվել են մի շարք թերթերում։ 1992 թվականի հունվարի 25-ին գյուղում Սպարտակ Բաբայանի և Անահիտ Վարդանյանի հարսանիքն էր նախատեսված։ Ամբողջ օրը գյուղը գնդակոծվում էր տարբեր տիպի հրազենից[1]։

Ինքնապաշտպանական ջոկատ խմբագրել

1989 թվականի հունիսի 16-ին մշակվեց ինքնապաշտպանության կազմակերպման նախնական ծրագիր, որոշվեցին ջոկատի յուրաքանչյուր անդամի պարտականությունները։ Սակայն խիստ զգացնել էր տալիս զենքի պակասությունը։ Որոշվեց գյուղի շրջակայքում կազմակերպել 7 պահակակետ, որոշվեցին պահակակետերի կազմը և պատասխանատուները։ Ջոկատի հրամանատար նշանակվեց կոլտնտեսության պահեստապետ, 41-ամյա Վաղարշակ Առուշանյանը, ով վայելում էր համագյուղացիների վստահությունը և մեծ հեղինակություն ուներ։ 1991 թվականի մայիսի 15-ին խորհրդային զինվորները, Բերդաձորի հայաթափումից ոգևորված, ադրբեջանցիների հետ մտան գյուղ և առաջարկեցին. «Ձեզ ապահով հանում ենք գյուղից ու տեղափոխում Գորիս»։ Առաջարկը կտրականապես մերժվեց։ 1991 թվականի վերջին ամիսների ընթացքում ադրբեջանցիները երեք անգամ փորձեցին գյուղ մտնել, սակայն, հանդիպելով դիմադրության, հետ նահանջեցին։ Դրանով նրանք ստուգում էին գյուղացիների մարտունակությունը և գյուղին մոտենալու ավելի հարմար ուղիներ որոնում։ Բերդաձորի հայկական բնակավայրերը հայաթափելուց հետո հերթը Քարին տակինն էր։ Վաղարշակ Առուշանյանը 1991 թվականի մայիսի 18-ին խորհրդակցություն է հրավիրում, որի առանցքն այն հարցն էր, թե արդյոք պետք է կանանց, երեխաներին դուրս բերել գյուղից, թե ո՛չ։ Համագյուղացի Հենրիխ Ամիրջանյանը բարձրացավ տեղից. « Բոլորդ գիտեք, որ մեր տունն ամենածայրամասում է գտնվում, եթե թուրքը մտավ, առաջինն իմ տունն է մտնելու, բայց ընտանիքս, նորածին երեխայիս ոչ մի տեղ չեմ տանելու։ Ես իմ ընտանիքով ուրիշ տեղ գնացողը չեմ»։ Մյուս խոսողները համաձայնեցին առաջարկին, որոշեցին ամբողջ գյուղով մնալ և պաշտպանել, իսկ հեռացողներին համարել դասալիք. 1992 թվականի հունվարի սկզբին Ջոկատի կազմը հասավ 45 հոգու[9]։ 1991 թվականից մինչև 1992 թվականի սկիզբը ինքնապաշտպանական ջոկատը ձեռք բերեց 40 ինքնաձիգ, մեկ ականանետ, մեկ նշանառու հրացան, հրացաններ ու մեկ գնդացիր, որը տեղադրվեց Խաչին սեռ կոչված տեղամասում ու վստահվեց գնդացրորդ Ալյոշա Վարդանյանին։

Քարին տակի հերոսամարտ խմբագրել

 
1992 թվականին Քարինտակի ինքնապաշտպանության ժամանակ ոչնչացված ադրբեջանական ռազմական զրահամեքենա

1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը։ Բացի այդ, Շուշիի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Իսկ Զաստավայի կողմից կրակում էին զրահամեքենաները։ Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևի կողմից և ղեկավարվում Շուշի ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Տաջեդդին Մեհտիևի կողմից։ Մեհտիևին հետ կանչեցին Բաքու, որտեղ Ադրբեջանի առաջին հետխորհրդային նախագահ Այազ Մութալիբովն ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից[10]։ «Ազգ» թերթ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվել են Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի վրա»[11]։

Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի հուշերի՝ Քարին տակը, որտեղով անցնում էր Շուշիից Ստեփանակերտ ճանապարհը, կարևոր դեր ուներ Ստեփանակերտի պաշտպանության գործում։ Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատված էին, իսկ գյուղում խրամատներ էին փորված։ Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր Ադրբեջանի Հանրապետության՝ Շուշի եկած կանոնավոր գումարտակին։ Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ՝ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ[12]։ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի համաձայն՝ դեպքի վայր ժամանած լուսանկարիչ Ջոն Ջոնսի տեսավ ձնապատ սարի լանջ, ամբողջովին ծածկված դիակներով։ Ինքը՝ Տաջեդդին Մեհտիևը, պնդում էր, որ Քարին տակի գործողության ժամանակ ադրբեջանական կողմն ընդամենը 17 հոգի կորուստ է ունեցել[13]։

Ինքնապաշտպանության մեկ այլ մասնակից՝ Արսեն Ավանեսյանը, պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված էր, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ ադրբեջանցիները մոտ 300 հոգի էին, հիմնականում, Բաքվից, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները 80-ն էին։ «Նրանք Շուշիից ուղեկցողներ ունեին, որոնք գիտեին՝ որտեղից մտնել, ինչ անել, բայց նրանք մի քանիսն էին, իսկ մնացածը չգիտեին»[14]։ Չնայած, որ հակառակորդը մարդաքանակով և զենքի քանակով գերազանցում էր մի քանի անգամ, ադրբեջանցիները պարտությունից հետո հերոսական Քարին տակը կոչեցին «Արյունոտ ձոր»։ Այժմ պահեստազորի գնդապետ, իսկ 1992 թվականի հունվարի 26-ին Խաչին սեռ պահակակետի պաշտպաններից մեկի՝ Շահեն Այդինյանի խոսքերով, դպրոցական հեռադիտակով իրենք մի օր նկատեցին, որ մի խումբ ադրբեջանցիներ հավաքվել էին ժայռի վրա և ձեռքերով ինչ-որ բաներ էին ցույց տալիս, բացատրում։ «Հետագայում, վերլուծելով կատարվածը, եկել եմ այն եզրակացության, որ հարձակման պլանը ռազմական տեսակետից դասական տարբերակով նրանք մշակել էին շատ ճիշտ։ Հակառակորդը զգալիորեն գերազանցում էր մեզ թվաքանակով, զինամթերքի առումով` նույնպես, յուրաքանչյուր ադրբեջանցի իր ուսին կրում էր զինվորական ուսապարկ, փամփուշտ, նորագույն զենք, որի մասին մենք միայն երազել կարող էինք»[15]։

Մարտի ժամանակ առաջին դիրքի- Խաչին սեռի շրջակայքում ադրբեջանցիները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։ Հայկին արտ կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ՝ սպիտակ «մասխալաթներով»։ Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա Շոշի Ագոյի ջոկատն է, քանի որ նրանք արդեն տեղյակ էին իրադրության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Շոշի ջոկատը գյուղամերձ անտառներում հանդիպել էր պատնեշի։ Հակառակորդը կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով։ «Մասխալաթավորները», առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և հանկարծակի ու անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ։ Ապա ադրբեջանցիները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ։ Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան Շոշի, Սղնախի, Ավետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի և Աշոտ Բեկորի ջոկատները։ Այդ պահից սկսած, ադրբեջանցիները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր։ Ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ այն ժամանակ 16-ամյա Երվանդ Աբրահամյանը, հիշում է՝ ճակատամարտի ընթացքում ադրբեջանցիներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ էին վառել և պարում էին դրա շուրջը, իրենց հաղթանակն էին տոնում։ Նրանք կտրել էին իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտը և պարում էին շուրջը[6]։ Հունվարի 26-ին զոհվեց 22 մարդ, վիրավորվեց՝ 17-ը, գյուղի ընդհանուր կորուստները 1988-1994 թվականներին՝ 45 մարդ։

Վաղարշակ Առուշանյանը և Ալյոշա Վարդանյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, Հենրիխ Ամիրջանյանը, Գարիկ Առաքելյանը և Վագիֆ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են նաև Արթուր Առաքելյանը և Ալեքսանդր Աբրահամյանը, ովքեր այսօր էլ ապրում են հայրենի գյուղում և շենացնում այն։ Ավելի քան 90 քարինտակցիներ պարգևատրվել են «Շուշիի ազատագրման համար», «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Իրավիճակը մարտից հետո խմբագրել

Սկսվեց գյուղի շուրջօրյա ռմբակոծումը տարբեր տիպի զինատեսակներից՝ «Գրադ», Տ-72 տանկեր, ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 զրահամեքենաներ, 82 և 120 մմ ականանետներ, իսկ Շուշիի կիրճի երկայնքով տեղադրված էին գնդացիրներ, ՌՊԳ-7 նռնականետեր և նշանառու հրացաններ[16]։ 1992 թվականի. փետրվարի 2-ին հակառակորդը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է օգտագործել։ Միայն 103 թնդանոթային արկ է բաց թողել։ Ավերվել են բազմաթիվ բնակարաններ։ 1992 թվականի փետրվարի 8-ին հակառակորդը գյուղից տեղափոխել է 4 դիակ, փոխանակել պատանդների հետ։ 1992 թվականի փետրվարի 19-ին գյուղացիները դուրս են եկել ՕՄՕՆ-ականների դիակները թաղելու։ Սակայն ընդամենը 3 դիակ են հուղարկավորել, հակառակորդը գնդացրային ուժեղ կրակ է բացել, որը տևել է ամբողջ օրը։ 1992 թվականի փետրվարի 20-ին ևս 28 դիակ է հանձնվել հողին։ 4 դիակ հանձնվել է հակառակորդին՝ լենինականցի պատանդներին ազատ արձակելու պայմանով։ 11 դիակ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Մինչ այդ ադրբեջանցիները 32 դիակ, տանելով Շուշի և հուղարկավորելով, իրենց ժողովրդին ներկայացրել են, թե իբր Քարին տակից Շուշիի վրա հարձակում է եղել[1]։ Գյուղի ինքնապաշտպանական ուժերը ռադիոկապով ադրբեջանական կողմին առաջարկել են մի քանի օր դադարեցնել կրակը՝ գրոհայինների դիակները վերցնելու համար։ «Ասացինք՝ լուսանկարներ ուղարկեք, կարողանանք դիակները գտնել, կփոխանակենք։ Նկարները բերեցին, բայց դիակներն արդեն սևացած էին, մի քանիսին նմանեցրել ենք, տարել ենք աղբյուրի մոտ։ Իրենք եկան, դրանց մեջ մեկը ռուս էր, էդ դին տարան, իսկ մնացածը թողեցին թափած։ Ասացին՝ մեզ պետք չեն դրանք։ Ստիպված հավաքել ենք դրանք, թաղել»,- ասում է Արթուր Առաքելյանը[17]։ «Մենք զանգեցինք, ասացինք, որ իրենց դիակների հետևից գան, նրանց մեջ 18-20 տարեկան տղաներ էին, բայց նրանց հետևից չեկան։ Մահացածների մոտից գտանք դեղատուփ, որտեղ ինչ-որ բան կար, հետագայում պարզեցինք, որ թմրանյութ էր»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը[18]։ 2007 թվականին Ադրբեջանում կոնֆերանսի ժամանակ որոշվեց միջազգային կազմակերպություններին հայցադիմում ուղարկել՝ «1992 թվականի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի շրջանի Դաշալտի գյուղում ռազմական գործողության պատճառվ» ռազմագերիների և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդրանքով[19]։ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի անգլերեն հրատարակության տիտղոսաթերթին պատկերվել է հայտնի ֆոտոլրագրող Ջոն Ջոնսի լուսանկարը[20]՝ Քարին տակի հայ մարտիկը 1992 թվականի հունվարի 26-ի հարձակման հետևանքով մահացած «մասխալթով» ադրբեջանցի զինվորականների դիերի ֆոնին։ Ավելի ուշ, ադրբեջանական քարոզչությունն այդ դիակները ներկայացրեց, որպես «Խոջալուի խաղաղ բնակիչների սպանդ»[21]։ 1992 թվականի Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի դիտորդների պատվիրակությունն այցելել է Քարին տակ գյուղը[22]։

Հիշարժան պատմություններ խմբագրել

Ադրբեջանի ՕՄՕՆ-ականներն առաջինը ներխուժել են Մարտին և էլմիրա Ամիրջանյանների տուն։ Մարտինը, կինը և երեքամյա Մհերը տանն էին։ Գյուղ մտնելիս առաջինն այդ տունն է։ Առավոտյան Մարտին Ամիրջանյանը գնաց գոմ. այդտեղ էր նրա դիտակետը։ Էլմիրան երեքամյա որդու հետ թաքնվել էր նկուղում։ Գոմի ուղղությամբ ականանետից կրակեցին, պատը փլվեց, բայց Մարտինին ոչինչ չեղավ։ Նա հարմար դիրքում էր։ Պատմում է. «Տեսնում եմ՝ նրանք գալիս են, կրակեցի առաջինին, ընկավ, նրա հետևից երկրորդն է գալիս։ Կրակում եմ, նա ընկնում է, հետո՝ երրորդը»։ Կարծես թե, նրանք չէին հասկանում՝ ինչ է կատարվում, ուր են գնում, ինչ են անում։ Թերևս, նրանք թմրադեղի ազդեցության տակ էին, այդպիսի տպավորություն էր»։ Նկուղը երկու մուտք ուներ, մեկը՝ գյուղի կողմից, մյուսը՝ գոմի, այսինքն՝ տանում էր դեպի այն կետը, որտեղից սկսվում էր գյուղը։ Երբ Մարտինը վերադարձավ տուն փամփուշտների հետևից, տան հետևում գտնվող ադրբեջանցին գնաց մյուս մուտքի կողմը։ Մարտինը հենց շեմին կրակեց առաջին տուն մտնողին։ Զգույշ մոտեցավ նրան և վերցրեց ավտոմատը։ Մյուս երկուսը, տեսնելով, որ առաջինն ընկավ, նահանջեցին և թաքնվեցին։ Ամուսինը Էլմիրային մեկնեց իր ավտոմատը և հրամայեց հսկել դեպի գյուղ տանող մուտքը, իսկ ինքը վերցրեց «ռազմավարային զենքը» և կանգնեց հակառակ ելքի մոտ։ Հետո ադրբեջանցիները հրկիզեցին տունն ու գնացին։ Տունը մի քանի ժամ այրվում էր, մինչդեռ տանտերերը փակվել էին նկուղում[4]։ «Արիության համար» մեդալով պարգևատրվածների թվում է նաև 9-րդ դասարանցի Նարինե Առաքելյանը։ Քարին տակի հերոսամարտի ժամանակ 16-ամյա աղջնակը հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին։ Իսկ երբ օգնում էր երեխաներին տեղափոխել համեմատաբար ապահով տեղ, թշնամու գնդակը խոցեց նրան։

Մոր խոսքերով՝ Նարինեն կապավոր էր։ Գիշերվա ժամը երկուսին քայլում էր ամբողջ շրջանով՝ գիշերային շապիկով, ոտաբոբիկ, որպեսզի ադրբեջանցիների կողմից բռնվելու պարագայում ասեր, իբր երեխայի համար գնում է բժշկի հետևից։ Մինչդեռ իրականում փամփուշտներ էր տանում դիրքեր։ Հետո նա գործին կցեց նաև իր շանը՝ Չալոյին։ Նրա պարանոցին երկտող կամ կապոց էր ամրացնում, իսկ շունը դա հասցնում էր կա՛մ գյուղ, կա՛մ այնտեղից դիրքեր[23]։ Մարտի ժամանակ վիրավորված Ալբերտին և Ալյոշային համագյուղացի Արծվիկ Բաղդասարյանը հանձն առավ «ժիգուլի» ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտ։ Ալբերտը նոր էր ամուսնացել Ադելա Աբրահամյանի հետ, և կինը պնդեց, որ ինքն էլ է մեկնում ամուսնու հետ։ ադրբեջանցիները ուղիղ նշանառությամբ խոցեցին մեքենան. մեքենան պայթեց, փրկվեց միայն վարորդը։ Գյուղի բնակիչ Արմիդա Աբրահամյանը պատմում է. «Երբ բոթ էր հասնում, որ ինչ-որ մեկի տղան զոհվել է, ոչ ոք չէր լացում, որովհետև ձայնը վերև կբարձրանար և լսելի կլիներ ադրբեջանցիներին, ինչը կմատներ մեր գտնվելու վայրերը։ Այդ պատճառով՝ մենք փորձում էինք հնարավորինս անձայն շարժվել։ Մեր ընտանիքում ևս կորուստ կա։ Այդ օրը մեր քույրն ու իր ամուսինը մահացան։ Նորապսակներ էին։ Ամուսինը շատ ծանր վիրավորվել էր, և նրան պետք է մեքենայով տեղափոխեին Ստեփանակերտ, հակառակ պարագայում՝ չէր ապրի։ Քույրս գնաց նրա հետ։ Ճանապարհին Շուշիից մեքենայի ուղղությամբ կրակել են, այն այրվել է, և նրանք երկուսն էլ մահացել են։ Քույրս 22 տարեկան էր, ամուսինը՝ 27: Մեզ մոտից շատ լավ երևում էր Ստեփանակերտի ճանապարհը, և մենք տեսանք՝ ինչպես մեքենան պայթեց։ Ատամներն ամուր սեղմած կանգնել ու լռում էինք, որովհետև մեր լացի ձայնով մենք վտանգի կենթարկեինք մնացածին»[6]։ «Այսօր Ադրբեջանը փորձում է Քարին տակի ոչնչացմանն ուղղված գործողությունները որակավորել որպես կրակային կետի ոչնչացում, որտեղից իբրև կրակում էին Շուշիի ուղղությամբ։ Սակայն Քարին տակից Շուշին գնդակոծելու համար պետք էր այնպիսի զինատեսակ ունենալ, որից հնարավոր կլիներ կրակ բացել գրեթե 90 աստիճանի տակ, որը գործնակնորեն հնարավոր չէ», - նշում է Արցախի ազգային անվտանգության նախկին ղեկավար Աշոտ Խաչատրյանը[24]։

Գյուղի մասին խմբագրել

  1. «Քարից կարծր Քարին տակ» վավերագրական ֆիլմ
  2. «Քարին տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105),1994 թ.
  3. Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ.

Մեջբերումներ խմբագրել

«Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ հայկական այս գյուղն իսկական պատուհաս էր դարձել ադրբեջանցիների համար»,- Քարին տակ գյուղի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը՝ հրամանատար Վաղարշակ Առուշանյանի որդին Քարին տակի հաղթական հերոսամարտի 20-րդ տարեդարձի առթիվ[25]։ «Քարին տակ գյուղի պաշտպանությունը, որն առաջին և վճռորոշ հաղթանակներից մեկն Է, հատուկ տեղ Է գրավում Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարում։ Այդ ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատն ու անձնուրացությունը կարող են չեզոքացնել հակառորդի թվային գերազանցությունը և պարտության մատնել նրան»,- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան[26]։ «Քարին տակը բոլորին ցույց տվեց, որ կարելի Է հաղթել անհավանական պայմաններում՝ անելով, թվում Է թե, անհնարինը։ Քարին տակը մեզ նաև փառավոր հաղթանակի բերեց Շուշիում»,-ասել Է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով անցյալ տարի կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ
  2. Այսպես է սկսվել լեգենդը (Հրամանատարի ընդհատված օրագիրը)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 97 է
  3. Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут» ». [1] Արխիվացված 2017-02-08 Wayback Machine
  4. 4,0 4,1 «Новое время. 13. 10. 2015. «Mуж сказал, что он не бросит дом...»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105), 1994 թ.
  6. 6,0 6,1 6,2 Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[2](չաշխատող հղում)
  7. Доклад Правозащитного центра общества “Мемориал” «Нарушения прав человека в ходе проведения операций внутренними войсками Мвд СССР, советской армией и МВД Азербайджана в ряде районов Азербайджанской республики в период с конца апреля по начало июня 1991 года»доклад-правозащитного-центра-общест/ Արխիվացված 2015-10-24 Wayback Machine
  8. Заключение комитета Верховного Совета РСФСР по правам человека по итогам слушаний, посвященных нарушению прав человека в районе вооруженного конфликта в ряде районов Азербайджанской республики и республики Армения (конец апреля – май 1991 года)[3] Արխիվացված 2013-12-24 Wayback Machine
  9. Արթուր Առաքելյան. «Օր,որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ
  10. Patrick Wilson Gore “Tis Some Poor Fellow's Skull: Post-Soviet Warfare in the Southern Caucasus”, page 74 [4]
  11. «Ազգ» թերթ, 29.01.1992(չաշխատող հղում)
  12. Аркадий Тер-Тадевосян. «Анализ боевых действий в Арцахе (июль 1991- июль 1992 гг.)» [5]
  13. Де Ваал Томас “Черный сад. Армения и Азербайджан между миром и войной” Глава 11. Август 1991 – май 1992 гг. Начало войны. Стр. 130-189
  14. Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут»». [6] Արխիվացված 2017-02-08 Wayback Machine
  15. Վարդգես Բաղյան. «Քարից կարծր Քարին Տակ» Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ171
  16. Արթուր Առաքելյան. «Օր, որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ
  17. Hetq.am. Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»
  18. Razm.info. «Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»
  19. «Голос Армении» (01.02.2007)
  20. «Fights between Armenians and Azeris»
  21. Xocali.net. «Фото № 19. Каринтакская битва»
  22. «Երկիր», 18.02.1992
  23. «Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105),1994 թ.
  24. Кавказский Узел. «20 лет обороне Каринтака»
  25. Գոհար Մարտիկյան. «Ապրելու բանաձևը (20-րդ դարի դյուցազնավեպի հերոսները)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ132
  26. 26,0 26,1 Քարինտակի պաշտպանությունը դարձել է Ղարաբաղի պատմության փառավոր էջերից մեկը