Քարարծիվ

թռչունների տեսակ
Քարարծիվ
Քարարծիվ
Քարարծիվ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Արծիվներ (Aquila)
Տեսակ Քարարծիվ (A. rapax)
Միջազգային անվանում
Aquila rapax
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Քարարծիվ (լատին․՝ Aquila rapax), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Նախկինում համարվում էր տափաստանային արծվի ենթատեսակ, ներկայումս առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ[1]։

Մարմնի երկարությունը 60-72 սմ է, թևերի բացվածքը՝ 159-183 սմ։ Արուների քաշը 1,6-2 կգ է, էգերինը՝ 1,6-2,5 կգ։

Տարածված է տափաստաններում, սավաննաներում, ցածր խոտածածկով վայրերում, ուր տեսանելիությունը սահմանափակված չէ բնական արգելքներով։ Հանդիպում է Ասիայում և Աֆրիկայում։

Սնվում է կաթնասուններով, թռչուններով, երկկենցաղներով, սողուններով, միջատներով, ձկներով և լեշով։ Որսի առավելագույն քաշը սահմանափակվում է 2 կգ-ով։ Որսի մեծ մասը ձեռք է բերվում գետնի մակերևույթին, երբեմն որսում է նաև օդում, թռիչքի ընթացքում։ Ձկներ որսում է մասամբ ջրի մեջ ընկղմվելով։ Հաճախ զավթում է այլ թռչունների որսը[1]։

Քարարծիվը խոշոր, հզոր գիշատիչ է, ունի կեռ, երկար ու սուր մագիլներ։

Բնադրում է անմատչելի ժայռերում։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված են Իբերիայից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի արևելք` Փոքր Ասիայով մինչև Կովկաս և Իրան։ Նստակյաց է։ Հանրապետությունում տարածված է համարյա ամենուրեք, խուսափում է ամբողջական անտառային զանգվածներից[2]։

Էկոլոգիա

խմբագրել

Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը, բնադրում է ժայռերի վրա, որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ՝ դնելով 1-2 ձու[2]։

Պահպանություն

խմբագրել

Սակավաթիվ, խոցելի տեսակ է։ Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Համաձայն վերջին տվյալների՝ Հայաստանում բնադրում են 34-38 զույգ։ Պոպուլյացիայում բավականին բարձր է ոչ սեռահասուն առանձնյակների թիվը։ Համաձայն 2008 թվականի տվյալների՝ 7 առանձնյակներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում և 91 առանձնյակներ` Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական Տարածաշրջանային Ասոցիացիայի և այլ կենդանաբանական այգիներում։

Աամենաուժեղ բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը։ Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ մի կողմից գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ անազատ պայմաններում թռչնին պահելու համար, մյուս կողմից` իրականացվող վերահսկողության և էկոլոգիական կրթության անբավարար վիճակը։ Բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, ապօրինի որսը։

Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում, «Չվող թռչունների պահպանման մասին» Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Հնդկաստանի ու Կորեայի միջև երկկողմանի համաձայնությունների հավելվածում։ Երեք-չորս զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ-երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում։ Անհրաժեշտ է կարգավորել քարարծվի՝ արեալի սահմաններում թունաքիմիկատների օգտագործումը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Tawny Eagle - Aquila rapax». The Eagle Directory. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարարծիվ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարարծիվ» հոդվածին։