Քառանիվ կառք (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր, Լճաշեն)
Քառանիվ կառք կամ Կառք՝ քառանիվ, կամարակապ ծածկով (մ․թ․ա․ 15-14-րդ), փայտյա կառք, թափքի չափսերը՝ 350 x 220 x 140 սմ, իսկ լուծը՝ 300 x 80 x 20 սմ է։ Հայտնաբերվել է Հայաստանի ամենանշանավոր բրոնզեդարյան հնավայրերից մեկի՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տարածքում կատարված պեղումների (1956-1974 թթ.) ժամանակ[1]։ Հ. Մնացականյանի թերևս ամենամեծ հայտնագործություններից մեկն է հայ հնագիտության պատմության մեջ, որն այժմ պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում՝ թիվ 2009-609 համարի ներքո։
Քառանիվ կառք | |
---|---|
նյութ | փայտ |
ստեղծվել է | Ք ա. XV դար |
Ժամանակաշրջան
խմբագրելՀայաստանի Սևանի ավազանի ամենամեծ գյուղում՝ Լճաշենում լայնածավալ պեղումների ժամանակ (1956-1974) հայտնաբերվել են ուշբրոնզեդարյան դամբարաններ՝ կիրառական արվեստի և մշակույթի բացառիկ գտածո-նմուշներով, որոնք կազմում են Հայաստանի հնագիտական ֆոնդերի ամենամեծ ու բազմազան հավաքածուն (մոտ 60-70%-ը)։ Գտածոները վերագրվում են բրոնզեդարյան և վաղ երկաթի դարաշրջանին (Լճաշեն-մեծամորյան մշակույթ)։ Դրանց թվում կան մ․թ․ա․ 15-14-րդ դարերին վերագրվող փայտյա սայլեր, կառքեր և մարտակառքեր, ինչպես նաև հայ հնագիտական պատմության կարևորագույն հայտնագործություններից մեկը` քառանիվ կառքը (Ք. ա. XV դար)[2][3]։
Կառուցվածք
խմբագրելՍայլը կազմված է չորս անիվներից և համապատասխանաբար՝ երկու Սռնիներից, որոնք անշարժ միացված են առջևի և ետևի զույգ անիվներին։ Սայլի անիվների տրամագիծը՝ 120 սմ է։ Անիվներից յուրաքանչյուրը երեք խոշոր կտորներից է պատրաստված, որոնք իրար են գամված փայտե սեպերով։
Սայլի թափքի հիմքը ուղղանկյունաձև է, 175×100×96 սմ չափերով։ Այն պինդ ամրացված է սռնուն։ Թափքը ծածկելու համար նախատեսված է կամարածածկ, որն իրենից ներկայացնում է 16 պայտաձև և ճկված ձողեր, որոնք ունեն լայնական միջանցիկ անցքեր։ Այդ կամարածածկի վրայով ձգվել է փայտե նրբաձողերից հյուսված խիտ ցանցաձև ծածկը։ Վարդյակներով և պարույրներով հարդարված քանդակազարդ տախտակները ծածկում են թափքի առաջամասը և ետնամասը։
Սայլի քաշանի երկարությունը 310 սմ է։ Այն երկճյուղ է և գամված է թափքին։ Ծայրում ունի ձևավոր լուծ, որի երկարությունը 200 սմ է։ Սռնու անշարժությունը կարող էր դժվարեցնել սայլի շրջադարձը փոքր տարածքներում։ Երկար քաշանը ընձեռում էր դյուրին շրջապտույտի հնարավորություն։
Դետալներ և օգտագործված նյութեր
խմբագրելՔառանիվ սայլի դետալները, որոնք պատրաստվել են տարբեր փայտատեսակներից, միացված են բացառապես փայտե սեպերով և գամերով։ Մետաղը ծառայել է միայն արտաքին հարդարանքի, զարդերի համար։ Սայլի մասերը կազմված են հետևյալ փայտատեսակներից.
Ձևավորում
խմբագրելՔառանիվ կառքի քաշանի և լծի միացման տեղը զարդարվել է բրոնզե մարտակառքի խմբաքանդակներով[4]։ Սայլի հետ մեկտեղ դամբարանից գտնվել են հանգուցյալի կարգավիճակին պատշաճ զենքեր, զարդեր, պաշտամունքի և կենցաղային բազմազան իրեր։ Լճաշենի դամբարաններից հայտնաբերված բոլոր քառանիվ և երկանիվ սայլերը զարդարված են եղել կենդանիների և թռչունների բրոնզե արձանիկներով։ Նման սայլերը դամբարան էին իջեցվում լծված զույգ եզներով կամ ձիերով։
Պատմական-մշակութային նշանակություն
խմբագրելՀայաստանի պատմության պետական թանգարանի հնագիտության բաժնի վարիչ (1949-1968 թթ., 1972-1974 թթ.) Հարություն Մնացականյանը, որը ղեկավարել է Լճաշենի մի շարք հնագիտական արշավախմբեր և բացահայտել է Սևանի ավազանի հնագիտական հուշարձանները հաճախ կրկնել է.
…Պրպտել ու գտնել լճի հազարամյա գաղտնիքը, սառը ջրերի տակ թաքնված մարդկային մտքի գոհարները։ ...Պետք է բարձրացնել այն սև վարագույրը, որի հետևում թաքնված է Սևանա լճի հազարամյակների գաղտնիքները[5][6]։ - Խոսում են հուշարձանները, Ե., 1968, էջ 111 և 208
|
Լճաշենի գտածոներից հստակորեն երևում է, որ դրանք աստիճանաբար զարգացում ապրած առարկաներ և նյութեր են։ Հետևաբար իրար հաջորդած այդ նյութերը վկայում են, որ այստեղի մշակույթն առաջացել է ավելի քան երկու հազարամյակում միևնույն վայրում նստակյաց կյանքի հետևանքով իրար անընդմեջ հաջորդած սերունդների գործունեության արդյունքում։ Դամբարանները վկայում են արքաների և գերագույն քրմերի այստեղ կատարված թաղումների մասին[7]։
Իհարկե, մինչև Լճաշենի պեղումները Հայաստանում հայտնաբերված բրոնզի դարաշրջանին պատկանող արժեքավոր նյութեր նույնպես շատ ունեինք, ինչպես, օրինակ, Կիրովականի հռչակավոր դամբանաբլուրից, Ցամաքաբերդից, Նոր Բայազետի (Կամո) նախկին գավառից, Դեբեդ գետի ձորից և այլ վայրերից, բայց դրանք իրենցից ներկայացնում էին մի որոշակի կարճատև ժամանակաշրջանի մշակույթ, ուստի և չէին կարող բացահայտել միևնույն վայրի նյութական մշակույթի մի քանի հազարամյակների հաջորդական զարգացման պատկերը։ Լճաշենի պեղումներով վերացվեց այդ բացը և թերևս այդ է պատճառներից մեկը, որ մինչև օրս էլ Լճաշենի մշակույթը մնում է անգերազանցելի։ - Հարություն Մնացականյան, «Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները», Երևան, 1968
|
Մշակութային արժեքի պահպանություն
խմբագրելՀայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը 2005 թվականի հոկտեմբերի 24-ին վավերացրել է Հայաստանի Կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1643 որոշումը։ Ըստ այդ որոշման ներկայացրած 19 մշակութային արժեքներից մեկն էլ «Քառանիվ Ծածկով կամարակապ Կառքն» է (Ք. ա. XV դար), որը ներառված է ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեք ներկայացնող մշակութային արժեքների ցանկում[8]։
Այն դասվում է այնպիսի մշակութային արժեքների շարքում, ինչպիսիք են Հայաստանի պատմության թանգարանում պահվող Մշո Առաքելոց դուռը, Էրեբունի ամրոցի սեպագիր արձանագրությունը, Մշո ճառընտիրը և Մատենադարանում պահպանվող այնպիսի ձեռագրերը, ինչպիսիք են՝ տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում հայտնաբերված Ավետարանները Այրիվանցու Ճառընտիրը, նաև Թորոս Ռոսլինի Ավետարանը, Ճաշոցը[3]։
Գրականություն
խմբագրելՀարություն Մնացականյան - Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Եր. 1968
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՔԵՇԻՇՅԱՆ Մ. Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (Ծննդյան 110-ամյակի առթիվ)(չաշխատող հղում)
- ↑ //ՀՀ Գեղարքունիքի մարզ, Լճաշեն, դիասայլ, Ք.ա. XV-XIV դդ., փայտ (պեղ.` Հ. Մնացականյանի, լուս.՝ Վ. Հակոբյանի)
- ↑ 3,0 3,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ, 13 հոկտեմբերի 2005 թվականի N 1643-Ն
- ↑ Քառանիվ կառք, ԽՄԲԱՔԱՆԴԱԿ՝ ՑՈՒԼՈՎ ԵՒ ԱՅԾԵՐՈՎ Հայաստանի պատմության թանգարան
- ↑ Հ. Մնացականյան «Խոսում են հուշարձանները», 1968
- ↑ ՀԱՅ ՇԼԻՄԱՆԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ՀՀ ՊՆ, «Հայ Զինվոր» պաշտոնաթերթ
- ↑ Հակոբ Սիմոնյան 8. Հայաստանը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում (Ք.ա. 1500-800 թթ.) 2016/06/14 Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, 2005 թ. հոկտեմբերի 18, Երևան, ծածկագիր Հ.2009-609, ՀՊԹ
Արտաքին հղումներ
խմբագրել- 8. Հայաստանը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում (Ք.ա. 1500-800 թթ.), 2016/06/14
- Սոնա Մանուկյան (հնագետ) Լճաշեն-Մեծամորյան մշակույթի բրոնզե գոտիները նույն ժամանակաշրջանի քանդակներում Արխիվացված 2017-11-01 Wayback Machine, 18 Ապրիլ 2015, «Արվեստագիր»
Աղբյուրներ
խմբագրել- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|