Քաշմիր (քաշմիրի՝ कॅशीर, کٔشِیر, դոգրի՝ कश्मीर, բալթի, کشمیر, Դևանագարի՝ कश्मीर), վիճելի տարածք Հինդուստան թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածում, պատմական նախկին իշխանություն Հիմալայներում։ Քաշմիրի բաժանումներն ամրագրված չեն սահմանների մասին պաշտոնական համաձայնությամբ, իսկ կոնկրետ շրջանը համարվում է լարվածության օջախ այն զբաղեցնող երկրների, առավելապես Հնդկաստանի և Պակիստանի միջև։

Քաշմիրի քարտեզ։ Կանաչով նշված է Պակիստանի վերահսկողության տարածքները, մուգ-շագանակագույնով՝ Հնդկաստանի Ջամմու և Քաշմիրի, հաստ շտրիխով՝ Չինաստանի Աքսայչինի

Քաշմիրը հյուսիսում սահմանակցում է Աֆղանստանին, արևելքում՝ Չինաստանի Սինչզյան-Ույղուրական և Տիբեթի ինքնավար շրջաններին, հարավում՝ Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ և Փանջաբ նահանգներին, իսկ արևմուտքում՝ Պակիստանին։

Ներկայումս Քաշմիրը բաժանված է հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի (ներառյալ Լադախ պրովինցիան), որի տարածքը 101 387 կմ² և բնակչությունը՝ 10,1 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Ազադ Քաշմիր ինքնահռչակ չճանաչված պետության[1] («Ազատ Քաշմիր»), որի տարածքը 13 000 կմ², իսկ բնակչությունը՝ 3,6 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Գիլգիտ-Բալիստան շրջանի («հյուսիսային տարածքներ»), որի տարածքը 72 500 կմ² և բնակչությունը՝ 1 մլն մարդ և իրավասորեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքների, որի մակերեսը 37 555 կմ² և բնակչությունը մի քանի հազար են։ Քաշմիրի ընդհանուր տարածքը 222 236 կմ² է։

Ստուգաբանություն խմբագրել

 
Սուրյա աստծու տաճար (Բհավանայում, կառուցված մոտավորապես 490-555 թվականներին, սյունաշարը՝ 693—729 թվականների։ Լուսանկարը՝ Ջոն Բուրգի, 1868 թվական

«Նիլամաթա Պուրանեում» ասվում է, որ Քաշմիր անվանումը գալիս է का «ջուր» և शिमिरि śimiri «չորացնել» բառերից, որը նշանակում է «չորացրած ջուր»։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Քաշմիրը համարվում է Քաշյապա-միր (Քաշյապմիր կամ Քաշյապմերու) անվանման հապավում, որը նշանակում է «Քաշյապի ծով» կամ «Քաշյապի լեռ»։ Լեգենդի համաձայն, Քաշյապա իմաստունը ցամաքեցնում է ներկայիս Քաշմիրի հովտի տեղում եղած Սատիսար լիճը։ Նիլամաթա Պուրանը հայտնում է, որ «Քաշմիրա» անվանումը նախորդում է ներկայիս «Քաշմիր» անվանմանը։ Այնուամենայնիվ, քաշմիրցիները խոսակցականում ասում են «Քյոշիր», որը «Քաշմիր» անվանման հնչյունային հապավումն է։

Պատմական քաշմիրյան «Ռաջատարանգինի» ժամանակագրության մեջ նկարագրված է Կալհանը 12-րդ դարում, նաև ասված է, որ Քաշմիրի հովտում եղել է լիճ։ Այն ցամաքեցվել է մեծ իմաստուն Քաշյապի կողմից։

Պատմություն խմբագրել

Քաշմիրի ակունքները գալիս են Սրինգար հնագույն առևտրային քաղաքից, որը տեղակայված է բարձրալեռնային Հիմալայներում։

Իր երկար և ամբողջական պատմության ընթացքում քաղաքը եղել է քարավանային ուղիների խաչերուկ (այդ թվում պատմական Մետաքսի ճանապարհ) Հեռավոր Արևելքի, Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի միջև։ Քաշմիրի հյուսիսը բնակեցվել է հիմնականում իսլամի հետևորդներով, հարավը՝ հինդուիզմի, իսկ արևելքը՝ բուդդիզմի։ Սակայն, ընդհանուր առմամբ, ենթադրվում է, որ դավանանքները կարողացել են պահպանել հարաբերակցության անհրաժեշտ հավասարակշռությունը և ընդհանուր ինքնությունը։

1846 և 1947 թվականների ընթացքում եղել է մեծ կիսանկախ պետություն, որը բրիտանացի գաղութատիրական վարչակազմը պաշտոնապես վաճառել է հինդուիստական մահառաջաներին, էթնիկ դոգրային։ 1949 թվականին Հնդկաստանի և Պակիստանի միջև պակիստանա-հնդկական առաջին պատերազմի արդյունքում Քաշմիրը նրանց միջև բաժանվեց գրեթե հավասարապես և այդ կարգավիճակում է մինչև այժմ։ Նահանգի շուրջ հակամարտությունը հանգեցրել է 1965 թվականին պակիստանա-հնդկական երկրորդ պատերազմին և 1999 թվականին Կարգիլյան պատերազմին։

Բուդդայականությունը և հինդուիզմը Քաշմիրում խմբագրել

 
Բուդդայական ստուպայի ավերակներ, մոտ 500 թվական

Մաուրյաների պետության կայսր-բուդդիստ Աշոկա Մեծը, լեգենդի համաձայն, հիմնադրել է Քաշմիրի հին մայրաքաղաք Շրինագարին, որի ավերակները ժամանակակից Սրինագար քաղաքի ծայրամասում է։ Քաշմիրը երկար ժամանակ մնացել է Հնդկաստանում բուդդայականության ամրոց[2]։

Համաձայն բուդդայական աղբյուրների, Քաշմիրում հաղթեց Սարվաստիվադա փիլիսոփայական դպրոցը[3]։ Արևելյան և կենտրոնաասիական վանականները նկարագրել են իրենց այցելությունները Քաշմիր։ Մեր թվարկության 4-րդ դարի ավարտին հայտնի վանական Կումարաջիվան Քաշմիրում Բանդահադատայի մոտ ուսանել է Դիրգհագմա և Մադհայագամա։ Նա դարձել է մեծ թարգմանիչ և շնորհիվ նրա աշխատանքների բուդդայականությունը տարածվել է Չինաստան։ Նրա մայրը՝ Ջիվան, ամենայն հավանականությամբ, Քաշմիրում մեկուսի կյանք է վարել։ Բուդդայական վանական Վիմալակշան ճանապարհորդել է Քաշմիրից Կուչա և հետո դասավանդել է Կումարաջիվային։

Շանկարան 8-րդ դարի վերջում կամ 9-րդ դարի սկզբում Քաշմիրում այցելել է Sarvajñapīṭha IAST տաճար։

Մշակույթ և խոհանոց խմբագրել

 
Մինարո ազգի կանայք ազգային հագուստներով։ Կարգիլ, հյուսիսային Լադախ

Քաշմիրի խոհանոցն իր մեջ ներառում է դում-ալուն (խաշած կարտոֆիլը մեծաքանակ համեմունքներով), չամանը (կոշտ պանիր), ռոգան ջոշը (գառան միսը համեմունքներով), յակինը (գառան միսը, պատրաստված կաթնաշոռով և քիչ համեմունքներով), լակխը (սպանախի նման տերևներ), ռիստա-գուշտաբան (լոլիկով և կաթնաշոռով կոլոլակ), դանիվալ-կորմը և, իհարկե, պանիրը։ Ավանդական վազվանը պատրաստում են տոներին, որը տևում է մի քանի օր, երբ տապակում են բանջարեղենը և միսը՝ սովորաբար գառան։ Խոհարարները կարող են բաղադրատոմսն ընտրել իրենց հայեղոցությամբ։

Շատ տեղերում ալկոհոլն արգելված է։ Թեյը պատրաստում են երկու տարբեր եղանակներով․ նուն-չայ կամ աղի թեյ, որն ստացվում է վարդագույն (անվանում են դեղձի գույնով թեյ) և կախվախ, որը տոնական թեյ է, պատրաստվում է զաֆրանով, համեմունքներով (հիլ, դարչին), շաքարով և մի քանի տեսակ թեյի տերևներով։

Զբոսաշրջության պատմությունը Քաշմիրում խմբագրել

19-րդ դարում Քաշմիրն իր մեղմ կլիմայով գրավեց զբոսաշրջիկներին։ Հինդուսներից բացի ազատ Քաշմիր սկսեցին այցելել նաև եվրոպացի մարզիկները և ճանապարհորդները։ Ռավալպինդիի երկաթգիծն արագ հասանելիություն ապահովեց դեպի Սրինագար։ Երբ հունիսի սկզբին Սրինագարում եղանակը տոթ է դառնում, ապահովված անգլիացիները և հինդուսները տեղափոխվում են Քաշմիրի ամառային «մայրաքաղաք» դարձած առողջարանային Գուլմարգ քաղաք։ Մեկ այլ հայտնի հանգստավայր է դարձել Ռավալակոտ բնակավայրը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Azad Kasmir». Encyclopædia Britannica.(չաշխատող հղում)
  2. A.K. Warder, Indian Buddhism. Motilal Banarsidass 2000, page 256.
  3. A.K. Warder, Indian Buddhism. Motilal Banarsidass 2000, pages 263—264.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաշմիր» հոդվածին։