Քանանական շուն[1] (եբրայերեն՝ כֶּלֶב כְּנַעַנִי‎), Իսրայելում բուծվող շների միակ նախաբնիկ ցեղատեսակ[2]։ Ճանաչված լինելով աշխարհի բոլոր շնաբուծական ակումբների կողմից, այն իր հայրենիքում դեռևս գոյություն ունի վայրի և կիսավայրի ձևով և պայքարում է գոյատևման համար։ Ունի հնագույն ծագում, համարվում է բասենջի ցեղատեսակի մերձավոր ցեղակիցը[1]։

Քանանական շուն
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհՊաղեստին և Քանան
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Մինչև 1930-ական թվականները, քանանական շները գոյություն ունեին որպես կիսավայրի ցեղատեսակ։ Սինայի թերակղզում հայտնաբերվել են երկու հազար տարուց ավելի առաջ քարերի վրա փորագրված այդ կենդանիների նման պատկերներ։ Իսրայելի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. 2000-ական թվականներին թաղված շների մնացորդներ, որոնք նման են ժամանակակից քանանական ցեղատեսակին։ Հավանաբար հենց քանանական շունն է նստած Իսրայելի Աքաբ թագավորի կնոջ` Հեզաբելի գահին։ Ժամանակի ընթացքում ցեղատեսակը մոռացվել էր, շները սկսել էին վայրիանալ, չնայած նրանք բնակվում էին մարդկանց մոտ[3][4]։

Ժամանակակից ցեղատեսակի հիմնադիրը, նախաձեռնողն ու վարժեցնողը համարվում է Ռուդելֆինա Մենցելը, որը Իսրայել էր եկել Գերմանիայից։ 1930-ական թվականներին նա ուշադրություն դարձրեց ազատության մեջ և բեդվինների շրջապատում ապրող տեղական ցեղատեսակներին, սկսեց հավաքել դրանց և պարզեց, որ դրանք կարող են ապրել Մերձավոր Արևելքի բարդ բնակլիմայական պայմաններում։ Բռնված շները հեշտությամբ վարժեցման էին ենթարկվում։ Շուտով դոկտոր Մենցելը կազմակերպեց շնաբուծարան` մշակելով հատուկ ծրագիր և ցեղատեսակի առաջին ստանդարտը, որը հաստատվեց Շնաբուծության իսրայելական ակումբի և Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի կողմից, իսկ ցեղատեսակը կոչվեց քանանական, ի պատիվ հինավուրց բիբլիական երկրի[3][4]։

Ցեղատեսակով սկսեցին հետաքրքրվել այլ երկրներում, նրա ներկայացուցիչները հայտնվեցին Անգլիայում, Ամերիկայում, ՀԱՀ-ում։ 1966 թվականին քանանական շունը ճանաչվեց Կինոլոգիայի միջազգային ֆեդերացիայի (FCI) կողմից և դասվեց շպիցի պարզունակ ցեղատեսակի խմբին[3][5]։

1980-ական թվականներին բռնկված կատաղության համաճարակի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց ոչնչացնել բոլոր վայրի շներին, քանի որ քանանական շների գլխին ևս մահացու սպառնալիք էր կախված։ Այնուամենայնիվ հնարամտությունը թույլ տվեց գրեթե անելանելի իրավիճակում հայտնված վայրի քանանական շներին խուսափել ոչնչացումից, մոտեցող ուղղաթիռների կրակոցներից թաքնվելով փոսերում և որջերում[3]։

Հայրենիքում քանանական շները օգտագործվում են որպես պահակաշներ, ուղեկցող շներ, թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով։ Հաճախ նրանք բնակվում են երկրի սահմանամերձ ականապատված տարածքներում և իրենց արտակարգ բնազդի շնորհիվ անսխալ կերպով են ընտրում իրենց երթուղին, փորում են որջեր, որտեղ էլ ձագեր են ունենում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգտագործվում են որպես հովվաշներ, իսկ ՀԱՀ-ում օգնում են ոստիկանությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քանանական շները անփոխարինելի օգնականներ էին ականների որոնման գործում։ Նրանց հաջողությամբ օգտագործում են որոնողական և փրկարարական աշխատանքներում, որպես կապավորներ և պահակաշներ բանակում[3][6][7][8]։

1992 թվականին քանանյան շունը Շնաբուծության միացյալ ակումբի (UKC) կողմից գրանցվել է էկզոտիկ ցեղատեսակների խմբում, իսկ 1997 թվականին Շնաբուծության Ամերիկյան ակումբի (AKC) կողմից դասվել է հովվաշների խմբին[9]։

Քանանական շները շարունակում էին ապրել բնության մեջ և պարբերաբար համալրել ցեղատեսակի գենոֆոնդը։ Կինոլոգիայի միջազգային ֆեդերացիան իրավունք է վերապահում շնաբուծության ազգային ակումբին այդ շներին տալ «զրոյական» տոհմաբանական կարգ, ինչպես դա արվում է տեղացի բեդվինների կողմից բուծվող սալյուկիների և սլյուգների համար[3]։

Տոհմային շնաբուծարանները հիմնականում գտնվում են Իսրայելում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Շվեդիայում և Դանիայում[1]։

Արտաքին տեսք խմբագրել

Արտաքինից խոշոր շպից է հիշեցնում։ Միջին չափերի, հավասարակշռված, ամուր, քառակուսի ձևաչափով վայրի շուն է, վառ արտահայտված սեռական դիմորֆիզմով, 50-ից մինչև 60 սմ վզակոթով, արուն զգալիորեն մեծ է էգից, քաշը 18-25 կգ է[1][10]։

Գլուխն ուղիղ համամասնություններով բութ սեպաձև տեսք ունի։ Արուների գանգը ավելի լայն է։ Ճակատից դեպի դունչ անկումը կտրուկ չէ, բայց նկատելի է, քիթը սև։ Ծնոտը ամուր է, ատամնաշարը մկրատաձև կամ ուղիղ։ Աչքերը մուգ շագանակագույն են, նշաձև, հոնքերը մուգ եզրագծերով։ Ականջները կանգուն են, տեղակայված են մի փոքր ցած, վերջույթում կլորավուն[10]։

Վիզը մկանուտ է, վզակոթը վառ արտահայտված, մարմնի երկարության հարաբերակցությունը վզակոթի բարձրությանը կազմում է 1/1, մեջքը ուղիղ է, կրծքավանդակը խորն է, չափավոր լայն կողերով, բավականին կորացված, փորը ներս քաշված։ Պոչը բարձր է, ծածկված փափուկ մազերով, պտտված մեջքի վրա։ Վերջավորությունները հավասարակշռված են, թաթերը ամուր, կլորավուն, կատվանման, ամուր բարձիկներով[10]։

Մազածածկույթը խիտ է, կոպիտ և ուղիղ, միջին բարձրության։ Մազածածկույթը լինում է կարմրադարչնագույն, սպիտակ, սև կամ խայտաբղետ։ Ցեղատեսակի համար առավել բնորոշ են անապատային ավազագույնը, ոսկեգույնը, կարմիրը և բաց դեղնավունը։ Շան ձագերը ծնվում են ավելի բաց գույներով, հետագայում մեծանալով գույները մգանում են[7][10]։

Խառնվածք խմբագրել

Աչալուրջ է, ընդունակ է վարժեցման, չի վստահում օտարներին, իր բնույթով ոչ ագրեսիվ շուն է, ունի արագ արձագանքման և պաշտպանական բնազդ, պաշտպանում է ինչպես մարդկանցից, այնպես էլ այլ կենդանիներից։ Շատ ամուր և մտերմորեն կապվում է տիրոջ հետ, նրբանկատ է երեխաների հանդեպ, կռվարար է հատկապես այլ շների հետ հարաբերություններ պարզելիս[1][10]։

Ցեղատեսակը կարողացել է գոյատևել իր ծայրահեղ կասկածամտության և հնարավոր վտանգի դեպքում արագ արձագանքման ընդունակության շնորհիվ։ Լինելով լավ վարժեցված և շփվող, քանանները չեն ձգտում դուրս գալ իրենց տարածքից և լինել այն վայրերում, որտեղ շատ անծանոթ մարդիկ և շներ կան, բայց նույնիսկ այդ պայմաններում նրանք իրենց արժանապատվորեն են պահում, դրսևորելով հնազանդություն և ենթարկվելով տիրոջ պահանջներին[4]։

Առողջություն, պահպանություն և խնամք խմբագրել

Քանանական շները առանձնանում են ամուր առողջությամբ, նրանց մոտ գրեթե բացակայում են առավել տարածված ժառանգաբար անցնող հիվանդությունները, սակայն հնարավոր են կմախքի ոսկրային հիվանդություններ, էնդոկրին, նյարդային համակարգի, վերարտադրողական համակարգի և տեսողության հետ կապված խնդիրներ։ Այս շները դիմացկուն են, պահանջկոտ չեն, հեշտությամբ են դիմանում շոգին և ջրի պակասին, ինչպես ցույց են տվել իսրայելցի գիտնականների ուսումնասիրությունները, այս շները ֆիզիոլոգիական հնարավորություն ունեն իրենց օրգանիզմում պահել հեղուկի որոշակի պաշար և դիմանալ շոգին։ Կյանքի միջին տևողությունը կազմում է 12-15 տարի[1][6][8][11]։

Կազմվածքը պահպանելու համար անհրաժեշտ է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, նրանք հաճույքով են մասնակցում ճարպկություն և տոկունություն պահանջող խաղերին։ Քանաններին անհրաժեշտ է լուրջ և կանոնակարգված վարժանքներ, սակայն նույնատիպ վարժանքների չափից ավելի կրկնություններ նրանք չեն սիրում և կարող են հրաժարվել դրանք կատարելուց։ Մազածածկույթի ամենօրյա խնամքն ու մաքրումը իրականացվում է խոզանակով[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Круковер В. Собаки. Самая полная энциклопедия. — М.: Эксмо, 2013. — С. 261. — 464 с. — ISBN 978-5-699-59539-6
  2. Сотская М. Н., Московкина Н. Н. Племенное разведение собак. — М.: ООО «Аквариум-Принт», 2004. — С. 253. — 304 с. — ISBN 5-98435-209-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Блайвас И. Еврейская собака — ханаан // Друг : журнал. — 2002. — № 10 (104). — С. 56—57. — ISSN 1609-0527.
  4. 4,0 4,1 4,2 Полетаева И. Израильская ханаанская собака // Друг : журнал. — 2016. — № 6. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2017.
  5. «FCI breeds nomenclature. CANAAN DOG (273)» (անգլերեն). Federation Cynologique Internationale. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 Мей Дж. Всё о самых популярных породах собак. — СПб.: Кристалл, 2009. — С. 145. — 160 с. — ISBN 978-5-9603-0019-3
  7. 7,0 7,1 7,2 Животные в доме: энциклопедия / Ред. коллегия: В. Г. Гребцова, М. Г. Таршис, Г. И. Фоменко. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 259. — 304 с. — ISBN 5-85270-118-1
  8. 8,0 8,1 «Canaan Dog» (անգլերեն). American Kennel Club. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Canaan Dog» (անգլերեն). United Kennel Club. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «CANAAN DOG. FCI-Standard № 273» (PDF) (անգլերեն). Federation Cynologique Internationale. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. Паджетт Дж. Контроль наследственных болезней у собак / Под ред. М. Р. Погосбековой. — М.: Софион, 2006. — С. 218. — 280 с. — 3000 экз. — ISBN 5-9668-0013-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանանական շուն» հոդվածին։