Քամեր Անտոնյան

հայ բժիշկ

Քամեր Անտոնի Անտոնյան (1915, մարտի 10 (23), Կ. Պոլիս - 1980, հունվարի 2, Երևան), խորհրդային շրջանի հայ բժիշկ, արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968

Քամեր Անտոնի Անտոնյան
Ծնվել է1915 մարտի 23
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել էհունվարի 2, 1980(1980-01-02) (տարիքը 64)
Մահվան վայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումբժշկական գիտությունների դոկտոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Կեդրոնական վարժարանը, ապա ընդունվել Սորբոնի համալսարան։ 1936 թվականին Ֆրանսիայից հայրենադարձվել է Հայաստան` իր հետ բերելով հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի աճյունը[1]։ Ընդունվել և 1939 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Ավարտելուց հետո ընդգրկվել է ասպիրանտների ցուցակի մեջ, սակայն հրաժարվել է և կամավոր մեկնել Ղափան աշխատանքի։ Եղել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ, ապա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը, բժշկական ուսումնարանի տնօրենը։

1946-1947 թվականներին Քամեր Անտոնյանը աշխատել է Երևանի օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտում։ 1947 թվականին գործուղվել է Ամասիայի շրջան, որտեղ աշխատանքին զուգընթաց զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ 1953 թվականին պաշտպանել է «Ոսկրային փոխպատվաստման ժամանակակից մեթոդների համեմատական գնահատականը կեղծ հոդերի բուժման ժամանակ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։

1954 թվականին Քամեր Անտոնյանը նշանակվել է կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկ, ապա Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, 1956 թվականին՝ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Արյունաստեղծ համակարգի մի շարք հիվանդությունների բուժման լավագույն միջոցները համարելով արյան ու ոսկրածուծի փոխպատվաստումները՝ գիտնականը երկար տարիներ զբաղվել է դոնորներից ոսկրածուծ ստանալու և պահածոյացնելու հարցերով։ Հետազոտելով ճառագայթված կենդանիներին՝ հանգել է այն եզրակացության, որ ոսկրածուծի փոխպատվաստումների միջոցով հնարավոր է հասնել բուժման այնպիսի արդյունքի, որպիսին չի ստացվել ոչ մի հակաբիոտիկից և ոչ էլ արյան փոխներարկումից։ Այդ ուսումնասիրությունների արդյունքը «Հոմոգեն ոսկրածուծի պահածոյացումը ու փոխպատվաստումը և երկրորդային հիվանդությունների կանխարգելումը» թեմայով դոկտորական ատենախոսությունն է, որը պաշտպանել է 1966 թվականին։

1971 թվականին աշխատանքի է անցել ընդհանուր հիգիենայի և պրոֆհիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես կլինիկահեմատոլոգիական լաբորատորիայի վարիչ։

Քամեր Անտոնյանը հրատարակել է 100-ից ավելի գիտական աշխատանքներ, հեղինակ է մի շարք գյուտերի[1]։

Երկեր խմբագրել

  • Ինչ պետք է գիտենալ դոնորության և արյան խմբերի մասին / Ք. Անտոնյան, Ս. Ալավերդյան, ՀԽՍՀ Առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1957։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։