Գոյություն ունի ոչ միայն նյութական և հոգևոր բարիքների ծառայություններ, այլև քաղաքական բարիքի շուկա։ Քաղաքական գործընթացի միջոցով առաջարկվող հասարակական և մասնավոր բարիքները կոչվում են քաղաքական[1]։ Քաղաքական բարիքի նկատմամբ պահանջարկը ներկայացնում են հասարակության անդամները կամ ընտրողները, իսկ առաջարկը՝ քաղաքական ուժերը, որոնք կամ ցանկանում են պահպանել իրենց քաղաքական իշխանությունը կամ գալ իշխանության։ Մի շարք այլընտրանքներից քաղաքացին ընտրում է այն անհատին կամ քաղաքական ուժը, որից ակնկալում է ստանալ համապատասխան օգուտ, որը, պարտադիր չէ, որ ունենա նյութաիրական բովանդակություն, և նրան, ումից սպասելիքներ ունի։

Պետական հատվածի առաջարկը խմբագրել

Քաղաքական բարիքի առաջարկը ներկայացվում է քաղաքական ուժերի կողմից, որոնք ունեն իրենց ծրագրերը՝ կապված տարաբնույթ խնդիրների (տնտեսական, առողջապահական, կրթական, սոցիալական և այլն) լուծման հետ։ Այդ ուժերը իրենց լծակներն ունեն պետական օրենսդիր, գործադիր և դատական կառույցներում և տնօրինում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Նրանց շուրջը համախմբվում են նաև տարբեր հզոր ֆինանսական միավորումներ՝ բանկեր, խոշոր կորպորացիաներ և այլն, որոնք սկսում են հասարակության անդամներից քվե հավաքելու գործընթացը՝ ընտրություններում հաղթելու համար։ Առաջարկում են իրենց հասարակական բարիքը, որը ծրագրերի, խոստումների, միջոցառումների մի ամբողջ համալիր է։ Ընտրապայքարում օգտագործվում են զգալի ֆինանսական, կազմակերպչական և լոբբիստական ռեսուրսներ։ Պետական հատվածի առաջարկի նպատակը ընտրություններում հաղթելը և ռենտա ստանալն է, որը դրսևորվում է տարբեր արտոնությունների, նպատակների, օրենսդրի կողմից «հարմարավետ» օրենքների ընդունման և այլ նմանատիպ փոխշահավետ գործունեության միջոցով։ Օրինակ՝ ռազմարդյունաբերական համալիրը կարող է ընտրութուններում օժանդակել այն քաղաքական ուժին, որը հետագայում՝ ընտրություններում հաղթելուց հետո, պետք է կողմ քվեարկի ռազմական ծախսերի (պատվերների) մեծացման ծրագրերին։

Պետական հատվածի պահանջարկը խմբագրել

Հասարակության անդամների պահանջարկը պետական հատվածի գործունեության նկատմամբ ի հայտ է գալիս օրենքի գերակայության և կարգուկանոն հաստատելու, մենաշնորհների (մոնոպոլիաների) դեմ պայքարելու, արտաքին բացասական էֆեկտները վերացնելու, եկամուտները արդար բաշխելու միջոցով։ Վերոնշյալ խնդիրները քաղաքական ուժերի ծրագրերի հիմնական մասն են կազմում։ Սակայն հասարակության նախապատմությունները նշված հիմնահարցերի վերաբերյալ տարբեր են։ Երբեմն հասարակության անդամները քվեարկում են այնպիսի ծրագրերի օգտին, որոնց իրագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական համակարգի բնականոն կենսագործունեության վրա։ Քաղաքական որևէ ուժ, հաղթելով ընտրություններում, փորձում է կատարել իր նախընտրական խոստումները և, օրինակ՝ բարձրացնել նպաստները։ Սակայն պետական բյուջեի եկամուտները չեն բավարարում, և նա ստիպված բարձրացնում է հարկերը, որը բացասաբար է անդրադառնում գործարար ակտիվության վրա և տեղի է ունենում տնտեսական անկում։ «Քաղաքական գործիչները ձգտելով վերընտրվել, կարևոր շարժառիթ ունեն՝ պաշտպանելու այն քաղաքականությունը, որն ապահովում է ընթացիկ եկամուտներ՝ ապագա ծախսերի դիմաց, հատկապես, երբ ապագայի ծախսերի ժամկետը չի համընկնում ընտրության օրվա հետ։ Պետության գործունեությունն աղավաղվում է այն օրենսդրությամբ, որը հաստատում է անմիջական ընթացիկ եկամուտներ՝ ապագա ծախսերի դիմաց։ Միաժամանակ դեմ է այն օրենսդրությանը, որը հաստատում է անմիջական և հեշտ գնահատվող ծախսեր և ապահովում է ապագա եկամուտներ, որոնք բարդ և դժվար է գնահատել։ Հասարակական որոշումների ընդունման այս բնորոշ գործընթացը տնտեսագետները համարում ն անհեռատեսության հետևանք»[2]։ Պետական հատվածի գործունեության մեջ առաջանում են նմանատիպ բազմաթիվ հակասություններ, որոնց հիմնական պատճառներն են․

  • սոցիալական տարբեր խավերի շահերի միջև առկա հակասությունները,
  • ճշգրիտ տեղեկատվության բացակայություն,
  • պետական բյուրոկրատիայի վերարտադրման ներքին ձգտումը։

Պետական հատվածը հետապնդում է իր շահը, որը տնտեսագիտական գրականության մեջ ներկայացվում է որպես ռենտայի կամ օգուտի հետապնդում։ Ռենտայի հետապնդում նշանակում է «անհատների և շահագրգռված խմբերի գործողությունները, որոնք նախատեսում են պետական քաղաքականությունը վերակառուցել այն ձևով, որը ուղղակիորեն և անուղղակիորեն իրենց կվերաբաշխի ավելի շատ եկամուտ»[3]։ Այսպիսի իրավիճակում հայնտվում են գրեթե բոլոր երկրները, երբ ռացիոնալ անտեղյակության հետևանքով ընտրություններին մասնակցում է 50 տոկոսից քիչ ավելին կամ պակասը, այսինքն՝ հասարակության անդամների մի զգալի մասն անտարբեր է պետական զանգվածի գործունեության նկատմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գոռթնի Ջ․, Ստրոուպ Ռ․, Տնտեսագիտություն․ մասնավոր և հասարակական ընտրություն, Եր․, 1999, էջ 114
  2. Գոռթնի Ջ․, Ստրոուպ Ռ․, Տնտեսագիտություն․ մասնավոր և հասարակական ընտրություն, Եր․, 1999, էջ 119
  3. Գոռթնի Ջ․, Ստրոուպ Ռ․, Տնտեսագիտություն․ մասնավոր և հասարակական ընտրություն, Եր․, 1999, էջ 116

Աղբյուրներ խմբագրել

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- էջ 445։