Քալիլա և Դիմնա, (արաբ․՝ كليلة ودمنة‎‎) գրական-դիդակտիկ հուշարձան՝ արաբերենով և պարսկերենով։ Հիմքը հնդկական «Պանչատանտրա» գիրքն է, որը 6-րդ դարում թարգմանվել է միջին պարսկերենով և ստացել Քալիլա և Դիմնա անվանումը առաջին գլխում գործող երկու շնագայլերի անունով։ Արաբական վերապատումն իրականացրել է պարսիկ Իբն ալ-Մուկաֆֆաան 8-րդ դարում։ Պարսկական չափածո փոխադրությունը կատարել է Ռուդաքին` 10-րդ դարում պահպանվել է միայն մի քանի ոտանավոր, Նասրալլահ Աբու ալ-Մաալին` 1144 թվականին, Հուսեյն Վաիզ Կաշիֆին (Կանոպի լուսատուները)՝ 16-րդ դարում և ուրիշներ։

Նկարներ Կալիլա և Դիմնա գրքից

Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաային մեծ հռչակ է բերել հնդկական բարոյախոսական պատմությունների ժողովածուի թարգմանությունը։ Այն վերանվանվել է երկու շնագայլերի անուններով՝ «Քալիլա և Դիմնա»։ Հաշվի առնելով մուսուլման ընթերցողների հակումները նա ավելացրել է որոշ գլուխներ, օրինակ նախաբանը, որում խոսում է գրքի նշանակության մասին կամ Դիմնայի հանցագործության հետաքննության մասին գլուխը։ Հնարավոր է, որ նրան է պատկանում նաև թագավորի և նրա երեք ընկերների՝ հայտնի հողատիրոջ որդիների մասին գլուխը, որի իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է խստորեն մնա իր շրջապատի սահմաններում և փորձի վերափոխել իր ճակատագիրը, քանզի բան սահմանված է ի վերուստ։ Նա տեքստից հանել է այն ամենը, ինչը կարող էր վիրավորել մուսուլման ընթերցողի զգացմունքները։ Արաբականացնելով թարգմանությունը՝ նա տեքստ է ներմուծել մի քանի մեջբերումներ Ղուրանից։ Այն դիդակտիկ բնույթի ստեղծագործություն է, որում հեղինակը ընթերցողին տալիս է կենսական և բարոյական բնույթի խորհուրդներ, սովորեցնում ինչպես պետք վարվել մարդկանց հետ և ճիշտ ապրել։

Այն հասցեագրված է առաջին հերթին բարձրաստիճան անձանց, իշխաններին ու զինվորական ղեկավարներին։ Փորձելով նրանց իրենց հպատակների հետ վարվելակերպի կանոններ սովորեցնել, կոչ է անում չվստահել մատնիչներին և բացբերաններին, չշտապել մեղադրյալներին դատելիս։ Գիրքը սկսվում է միջնադարյան արաբական ստեղծագործության համար սովորական դարձած Ալլահի և Մուհամմադ մարգարեի փառաբանմամբ։ «Քալիլա և Դիմնա»-ում կա շրջանակային պատմություն հնդկական թագավոր Դաբշալիմի և նրա հպատակ փիլիսոփա Բեյդեբանի մասին, և գրքի շրջանակաձև կառուցվածքը ողջ ստեղծագործությանը տալիս է համաչափ տեսք։ Յուրաքանչյուր գլխի սկզբում հետաքրքրասեր թագավորն այդ փիլիսոփային հարց է տալիս կապված այս կամ այն բարոյական, կենսական և այլ խնդրի հետ և պահանջում է պատասխանել հետաքրքրաշարժ ձևով։ Վերջինս իր պատմությունները ներկայացնում է նախօրոք որոշված նպատակով, «կենդանիների լեզվով»։ Հիմնական առակը, որը պետք է լուսաբանի գլխի գաղափարը, հենց կազմում է գլխի շրջանակը։ Պատմողը երբեմն շեղվում է հիմնական պատմություններից մի ինչ-որ նոր առակում մի նոր միտք լուսաբանելու համար։ Եվ այդպես առակները ավարտվում են մեկը մյուսի մեջ։ Դրանք երկարությամբ նույնանման չեն։ Ընդհանուր գաղափարը երբեք դուրս չի գալիս ընթերցողների տեսադաշտից, որն անհամբեր սպասում է վերջաբանին։

«Քալիլա և Դիմնա»-ում կան տարաբնույթ առակներ։ Հին ժամանակներում կենդանիները չեն գործում, այլ երկար քննարկում ու հիշեցնում են իրար հետ խոսող մարդկանց և դրանց իմաստը քննարկումների մեջ է։ Իսկ մյուս տեսակները հիշեցնում են առակներ և նույնիսկ կենդանի պատմվածքներ՝ հետաքրքրաշարժ բովանդակությամբ։ Գործող անձիք մարդիկ են և շատ են փոխաբերությունները։ Այս պատմություններում կենդանիները դեռևս օժտված չեն իրենց հատուկ հատկանիշներով և ամեն մի կենդանի պատմության մեջ է ներառվում հանգամանքների բերումով տվյալ գործողությունը կատարելու ունակության, այլ ոչ թե ինչ որ հստակ հատկանիշով օժտված լինելու համար։ «Քալիլա և Դիմնա»-ում ոչ միայն մարդիկ են պատմում կենդանիների մասին, այլև կենդանիներն են հաճախ մատնանշում մարդկանց։ Հեղինակը մեծ կարևորություն է տալիս ընկերության թեմային և առանձնացնում երկու տեսակ՝ զուտ շահադիտական և հոգեկան մտերմության վրա հիմնված։ Նա միջոցներ է առաջարկում ընկերությունն ամրապնդելու համար և կոչ է անում չհավատալ չար լեզուներին՝ բերելով առյուծի և ցլի մասին պատմությունը. մի անգամ առյուծի պալատում հայտնվում է տիրոջ կողմից լքված մի ցուլ։ Ցլի ձայնը լսելով առյուծը վախենում է և վախից քարանում։ Նրա ծառաներից մեկը՝ Դիմնան, հասկանում է նրա վախի պատճառը և, առիթից օգտվելով, բարձր պաշտոն պահանջում նրանից։ Սակայն հանգամանքները այլ կերպ են դասավորվում, որ առյուծը ընկերանում է ցլի հետ։ Դիմնան իր վատ արարքներով նպաստում է նրանց միջև ընկերական հարաբերությունների խզմանը։ Գաղափարը այն է, որ ղեկավարը չպետք է կուրորեն հավատա իր խորհրդականին և նրա օգնականները պետք է լինեն միայն արժանավորները։

«Քալիլա և Դիմնան» միջնադարյան Արևելքի իմաստության յուրօրինակ գանձարան է և մեծ ազդեցություն է ունեցել գրականության հետագա զարգացման վրա։

Գրականություն խմբագրել

  • Browne, E. G. (1998), Literary History of Persia, ISBN 0-7007-0406-X
  • Rypka, Jan (1968), History of Iranian Literature, Reidel, ISBN 90-277-0143-1
  • Frye, Richard Nelson (2000), Golden Age of Persia, ISBN 1-84212-011-5

Արտաքին հղումներ խմբագրել