Կալիդասա (कालिदास, Kālidāsa IAST, բառացի՝ Կալի աստծու ծառա), հին Հնդկաստանի մեծագույն դրամատուրգներից և պոետներից մեկը, որ գրել է սանսկրիտով։ Կալիդասայի ստեղծագործությունները խորհրդանշում են դասական հնդկական գրականության ծաղկումը։ Նրա դրամաներն ու բանաստեղծություններն առաջին հերթին հիմնված են Վեդաների, Մահաբհարաթայի ու Պուրանների վրա[1]։

Կալիդասա
Ծնվել էանհայտ
Ծննդավայրանհայտ
Վախճանվել էանհայտ
Վախճանի վայրանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, դրամատուրգ և գրող
Լեզուսանսկրիտ
Ժանրերէպոս, լիրիկա, դրամա և Sanskrit drama?
Ուշագրավ աշխատանքներՌագհուվամշա, Աբհիջնյանաշակունտալամ (դրամա), Mālavikāgnimitram?, Vikramōrvaśīyam?, Kumārasaṃbhava?, Meghadūta? և Ṛtusaṃhāra?
 Kālidāsa Վիքիպահեստում

Կալիդասայի կյանքի մասին շատ բան հայտնի չէ, և եղած տեղեկություններն էլ վերցված են նրա բանաստեղծություններից ու դրամաներից[2]։ Նրա աշխատանքների ստեղծման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն առավել հավանական է, որ դրանք գրվել են մ.թ. 4-5-րդ դարերում[3][4]։

Կալիդասայի «Շակունտալա» դրաման արևելյան գրականության առաջին ստեղծագործություններից մեկն է, որ թարգմանվել է եվրոպական լեզուներով և Եվրոպային ներկայացրել Արևելքի գրականությունը։

Կենսագրություն խմբագրել

Ժամանակաշրջան խմբագրել

Կալիդասայի կյանքի ժամանակն ու հանգամանքներն անհայտ են։ Չի պահպանվել այդ ժամանակաշրջանի՝ բանաստեղծին վերաբերող որևէ փաստաթուղթ։ Չկան նաև ժամանակակիցների և սերունդների կողմից կատարված հիշատակումներ։ Հայտնի են նրա մասին ժողովրդական լեգենդներ, սակայն դրանք վստահելի չեն։ Կալիդասայի կյանքի մասին ենթադրություններ անելու համար միակ հիմքը նրա ստեղծագործությունների, դրանց լեզվի ու կերպարների պատմագրական վերլուծությունն է։ Ոչ մի փաստական վկայություն իրենց հեղինակի մասին այդ ստեղծագործությունները չեն պարունակում։ Միևնույն ժամանակ շատ քիչ պատմական փաստաթղթեր են պահպանվել այդ ժամանակաշրջանի Հնդկաստանի վերաբերյալ, և լեգենդների թիվը գերազանցում է հավաստի տեղեկությունների թվին։

Ամենավաղը, որ համարվել է Կալիդասայի ապրելու ժամանակաշրջան, մ.թ.ա. 8-րդ դարն է։ Հիպոլիտ Ֆոշը (ֆր.՝ Hippolyte Fauche) ենթադրել է, թե բանաստեղծն ապրել է Արևային դինաստիայից Ագնիվառնայի կառավարման ժամանակ։ Հենց նրանով է ավարտվում Կալիդասայի «Ռագհուվամշա» աշխատության մեջ ներկայացված թագավորների շարքը, որ նվիրված է այդ դինաստիայի ներկայացուցիչներին։ Մյուս կողմից, ժողովրդական ավանդությունները Կալիդասայի կյանքը կապում են Մալավայի կառավարիչ Բհոջա Պարամարա թագավորի կառավարման ժամանակաշրջանի հետ, որ իշխել է Դհարայում և Ուդջայնում շուրջ 1040-1090 թվականներին։ Գոյություն ունեն հնդկական գրականության պարականոն (ուշ շրջանի) ստեղծագործություններ, որոնցում ներկայացվում է Կալիդասայի կյանքը պալատում։ Կալիդասայի ապրած լինելու հնարավոր ժամանակաշրջանը (մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ. 9-րդ դար) ներկայում բավական նեղացվել է։

Կալիդասայի դրամաներն ու մյուս ստեղծագործությունները չեն ներառում ուղղակի հիշատակումներ իրենց ստեղծման ժամանակի վերաբերյալ։ Հույն ստրկուհիների մասին հիշատակությունները վկայում են համեմատաբար ուշ ժամանակաշրջանի մասին, իսկ պրակրիտների ձևը գործող որոշ անձանց խոսքում ցույց է տալիս, որ դրանց երկար ժամանակ է բաժանում Աշոկա թագավորի կամ Պիյադասիի գրվածքներից։ Կասկածելի է, սակայն, որ Կալիդասան ապրած լինի 9-րդ դարում, քանի որ այդ դարում ստեղծագործած այլ գրողների աշխատանքները պարզ վկայում են գրական անկման մասին, այնինչ Կալիդասայի դրամաները հնդկական պոեզիայի կուլմինացիոն կետ են։

«Մալավիկա և Ագնիմիտրա» պիեսի հերոսներից մեկը Ագնիմիտրա թագավորն է։ Եթե հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Կալիդասան նրա անձնական կյանքի մասին պիես կարող էր գրել միայն որոշ ժամանակ անցնելուց հետո, իսկ թագավորի կառավարման ժամանակը հայտնի է (մ.թ.ա. 149-141 թվականներ), ապա Կալիդասան պետք է ապրած լինի մ.թ.ա. 2-րդ դարից ոչ վաղ։ Նրա ապրելու ամենաուշ ժամանակը որոշվում է ըստ Այհոլի գրության թվագրման՝ 634 թվական։ Քանի որ դրանում Կալիդասայի մասին խոսվում է որպես պոեզիայի դասականի, ապա նա պետք է ապրած լինի VI դարից ոչ ուշ։

 
Չանդրագուպտա II (մետաղադրամ Բրիտանական թանգարանի հավաքածուից)

Անտիկ և միջնադարյան մի շարք գրքերի համաձայն՝ Կալիդասան եղել է պալատական բանաստեղծ Վիկրամադիտյա անունով թագավորի պալատում ինը այլ նշանավոր բանաստեղծների ու գիտնականների հետ միասին։ Ըստ տարածված տարբերակի՝ լեգենդար Վիկրամադիտյա թագավորն իշխել է Ուդջայնում շուրջ մ.թ.ա. 1-ին դարում, սակայն այդ վարկածը հերքվել է գիտնականների կողմից, քանի որ այդ ինը նշանավոր անձինք ապրել են տարբեր ժամանակներում, իսկ Վիկրամադիտյա թագավորի՝ պատմական անձ լինելու հանգամանքն էլ ստույգ չէ, քանի որ Ուդջայնում իշխել են տարբեր թագավորներ, որ կրել են «Վիկրամադիտյա» տիտղոսը, և դրանց թվում առավել հայտնի են Չանդրագուպտա II-ը (մոտ 380 – 415) և Յաշոդհարմանը (6-րդ դար)[5]։

Կալիդասայի՝ մ.թ.ա. 1-ին դարում ապրած լինելու փաստը կասկածի տեղիք է տալիս նաև այն պատճառով, որ այդ դեպքում պատմամշակութային տեսանկյունից պետք է մեծ տարբերություն լիներ նրա դրամաների և հնդիկ մեծ այլ դրամատուրգի՝ Բհավաբհուտիի ստեղծագործությունների միջև, իսկ վերջինիս՝ VIII դարում ապրած լինելու հանգամանքը բավական ստույգ է։ Երկուսի ստեղծագործությունների բովանդակություններն էլ փաստում են, որ դրանք ստեղծվել են համեմատաբար մոտ ժամանակներում։ Հոլադացի սանսկրիտիստ Կերնը, հիմնվելով Կալիդասայի ենթադրյալ ժամանակակցի՝ աստղագետ Վարահամիհիրայի աշխատանքներում հանդիպող աստղագիտական տվյալների վրա, նրան ապրած է համարում 6-րդ դարի առաջին կեսին։

Ըստ ամենատարածված տեսակետի՝ Կալիդասայի ստեղծագործության ծաղկման շրջանը համընկել է Չանդրագուպտա II-ի կառավարման ժամանակի հետ, այսինքն՝ նա ապրել է մեր թվարկության 4-5-րդ դարերում։ Մի շարք արևմտյան գիտնականներ կողմ են այդ վարկածին՝ սկսած Ուիլյամ Ջոնսից ու Արթուր Բերիդեյլ Քիթից[5]։ Հնդիկ շատ գիտնականներ, ինչպիսիք են Վեսուդև Վիշնու Միրաշին և Ռամ Գուպտան, նույնպես Կալիդասային ապրած են համարում այդ ժամանակաշրջանում[6][7]։ Համաձայն այդ տեսակետի՝ Կալիդասայի գրական գործունեությունը կարող էր ծաղկում ապրել Կումարագուպտա I-ի (մոտ 414-455) և, հնարավոր է, Սկանդագուպտայի (մոտ 455-467) օրոք[8][9]։

Կալիդասայի մասին ամենավաղ հնագրական վկայությունը հանդիպում է սանսկրիտով գրությունում, որ թվագրվում է մեր թվարկության մոտ 473 թվականով և գտնվել է Մանդսաուրի Արևի տաճարում[10]։ Նրա անունը բանաստեղծ Բհարավիի անունի հետ միասին հիշատակվում է քարի վրա կատարված գրության մեջ, որ թվագրվում է մեր թվարկության 634 թվականով և գտնվել է Այհոլում (տեղակայված է ներկայիս Կառնատակայում)[11]։

Այսպիսով, թեև հնդկական ավանդությունը որպես Կալիդասայի ապրած ժամանակաշրջան ներկայացնում է մ.թ.ա. I դարը, սակայն նրա ստեղծագործության և մասնավորապես նրա բանաստեղծական տեխնիկայի ընդհանուր բնույթը, 4-րդ դարի հունական աստղագիտության տվյալներին նրա ծանոթ լինելու հանգամանքը և մի շարք այլ փաստեր եվրոպական ուսումնասիրողներին ստիպում է նրա կյանքի ժամանակաշրջան համարել մեր թվարկության IV-V դարերը, երբ իշխել է Հուպտա դինաստիան, որի ներկայացուցիչները կրել են Վիկրամադիտյա տիտղոսը։

Հնդիկ գրականագետ Դ. Ուպադհյայնը, որ Կալիդասայի ստեղծագործության հնդիկ խոշորագույն ուսումնասիրողներից է, անցկացնելով լայնածավալ ուսումնասիրություններ, նշել է Կալիդասայի կյանքի գրեթե ստույգ թվականները՝ 365-445[12]։

Ծննդավայր խմբագրել

Գիտնականները ենթադրում են, որ Կալիդասան կարող է ապրած լինել Հիմալայների մոտ, Ուդջայնի ծայրամասերում կամ Կալինգայում։ Այդ վարկածը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Կալիդասան մանրամասնությամբ է նկարագրել Հիմալայներն իր «Կումարասամբհավա» ստեղծագործության մեջ, արտահայտել իր սերը Ուդջայնի նկատմամբ «Մեգհադուտա» ստեղծագործության մեջ և գովաբանությամբ է խոսել Կալինգայի կայսր Հեմանգադայի մասին իր «Ռագհուվամշա» (վեցերորդ սարգա) ստեղծագործության մեջ։

Սանսկրիտի գիտակ և Քաշմիրի պանդիտ Լաքշմի Դհար Կալլան (1891-1953), գրել է «Կալիդասայի ծննդավայրը» (1926) գիրքը, որում փորձել է որոշել Կալիդասայի ծննդյան վայրը՝ հիմնվելով նրա ստեղծագործությունների վրա։ Նա եզրակացրել է, որ Կալիդասան ծնվել է Քաշմիրում, սակայն շարժվել է դեպի հարավ՝ խնդրելով տեղի կառավարիչների հովանավորությունը։ Լաքշմի Դհար Կալլայի ներկայացրած և Կալիդասայի ստեղծագործություններից վերցված վկայություններից են[13][14][15].

  • Այն բույսերի և կենդանիների նկարագրությունը, որոնք հանդիպում են Քաշմիրում, բայց ոչ Ուդջայնում կամ Կալինգայում։ Դրանցից են քրքումի բույսը, մայրի ծառը, Քաշմիրում հանդիպող եղնիկի մի տեսակ և այլն,
  • Քաշմիրին բնորոշ աշխարհագրական առանձնահատկությունների նկարագրություններ, ինչպիսիք են լեռնային փոքր լճերն ու բացատները,
  • Երկրորդական նշանակություն ունեցող վայրերի հիշատակում, որոնք, ըստ Կալլայի, կարող են նույնացվել Քաշմիրի վայրերի հետ։ Այդ վայրերը քիչ հայտնի են Քաշմիրի սահմաններից դուրս, սյդ պատճառով էլ չէին կարող հայտնի լինել որևէ մեկին, որ սերտ կապ չունի Քաշմիրի հետ,
  • Հղումներ քաշմիրական որոշ լեգենդների, օրինակ՝ Նիկումբհայի մասին (հիշատակվում է «Նիլամատա Պուրանա» քաշմիրական տեքստում), հիշատակում է (Շակունտալայում) Քաշմիրի՝ լճից ստեղծված լինելու մասին լեգենդը։ Այդ լեգենդում, որ հիշատակվում է «Նիլամատա Պուրանայում», նշվում է, որ Անանտա անունով ցեղապետը ցամաքեցրել է լիճը, որպեսզի սպանի վիշապին։ Անանտան նախկին լճի տարածքը կոչել է Քաշմիր ի պատիվ իր հոր՝ Կաշյապայի,
  • Ըստ Կալլայի՝ «Շակունտալան» Պրատյաբհիջնայի փիլիսոփայության (Քաշմիրի շայվիզմի ճյուղ) այլաբանական դրամատիզացիան է։ Կալլան հետագայում պնդել է, թե տվյալ ճյուղն այդ ժամանակ հայտնի չէր Քաշմիրից դուրս։

Ըստ բանահյուսության՝ Կալիդասան սկզբում եղել է ոչ խելացի անձնավորություն, որ ամուսնացել է արքայադստեր հետ։ Կնոջ մարտահրավերից հետո նա ուսումնասիրել է Պուրանաներն ու հնդկական գրականության այլ նմուշներ և դարձել մեծ բանաստեղծ։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ Կալիդասան այցելել է Շրի Լանկայի թագավոր Կումարադասային և որոշակի դավաճանության պատճառով սպանվել է այնտեղ[16]։

Մեկից ավելի Կալիդասաների գոյության վարկած խմբագրել

Որոշ գիտնականներ, ներառյալ Մ. Սրինիվասաչարիարը և Տ. Ս. Նարայանա Սաստրին, կարծում են, որ Կալիդասային վերագրվող բոլոր աշխատանքները ստեղծվել են ոչ թե մեկ, այլ տարբեր հեղինակների կողմից։ Ըստ Սրինիվասաչարիարի՝ 8-9-րդ դարերի գրողները ակնարկում են երեք գրական գործիչների մասին, որ ունեցել են Կալիդասա անունը։ Այդ գրողների թվին են պատկանում Դևենդրան (Կավի-Կալպա-Լատա-ի հեղինակը), Ռաջաշեկհարան և Աբհինանդան։ Սաստրին որպես այդ երեք Կալիդասաների ստեղծագործություններ ներկայացնումէ հետևյալը[17].

  1. Կալիդասա, կեղծանունը՝ Մատրիգուպտա, հեղինակել է Սետու-Բանդհան և երեք դրամաներ (Աբհիջնյանաշակունտալամ, Մալավիկագնիմիտրամ և Վիկրամորվաշի),
  2. Կալիդասա, կեղծանունը՝ Մեդհարուդրա, հեղինակել է Կումարասամբհավան, Մեգհադուտան և Ռագհուվամշան,
  3. Կալիդասա, կեղծանունը՝ Կոտիջիտ, հեղինակել է Ռտուսամհարան, Շիմալա-Դանդակամը, Սրնգարատիլական և այլն։

Սաստրին նշում է վեց այլ գրական գործիչների ևս, որ հայտնի են եղել Կալիդասա անունով։ Նրանք են Պարիմալա Կալիդասան Պադմագուպտա կեղծանունով (հեղինակել է Նավասահասանկա Չարիտան), Կալիդասան Ըամակակավի կեղծանունով (Նալոդայայի հեղինակը), Նավա Կալիդասան (Չամպու Բհագավատայի հեղինակը), Կալիդասա Ակբարիյան (մի շարք սամասյաների կամ հանելուկների հեղինակ), Կալիդասա VIII-ը (Լամբոդարա Պրահասանայի հեղինակը) և Աբհինավա Կալիդասան Մադհավա կեղծանունով (Սանկշեպա Սանկարա Վիջայամի հեղինակը)[17]։

Ըստ Կ. Կրիշնամոորթիի՝ Վիկրամադիտյա և Կալիդասա բառերն օգտագործվել են որպես ընդհանուր անուններ՝ կոչելու համար ցանկացած հովանավոր թագավորի և ցանկացած պալատական բանաստեղծի համապատասխանաբար[18]։

Ստեղծագործություն խմբագրել

Կալիդասայի ստեղծագործությունը համարում է դասական սանսկրիտական պոեզիայի գագաթնակետ։ Այլ գրողներից Կալիդասան տարբերվում է ոճով և ստեղծագործական թռիչքի ազատությամբ, ինչը նրան թույլ է տվել իր ստեղծագործություններում արտացոլել մարդկային էության բարդությունն իր ողջ հարստության մեջ։ Հոգեկան պոռթկումների մանրամասն նկարագրությունները համատեղվել են իր դարաշրջանի ընդհանուր դիտարկման մասշտաբայնության հետ։ Դրա շնորհիվ Կալիդասայի ստեղծագործությունների կերպարները ոչ միայն ինքնատիպ վառ անհատականություններ են, այլև բնութագրում են հնդկական ժողովրդի ոգին անխախտ կապի մեջ իր երկրի աշխարհագրության և մշակույթի հետ։

Կալիդասան չի ստեղծել ոչ մի նոր հնարք և օգտագործել է ավանդական ու կանոնների վրա հիմնված միջոցներ, որոնք ստեղծվել էին դեռ դասական ժամանակաշրջանի սկզբում, երբ հնդկական գրականության մեջ սկսել են ի հայտ գալ աշխարհիկ ժանրեր։ Սակայն Կալիդասային բնորոշ անհատականությունն այնքան ուժեղ է, որ նրա պոեզիան հարուստ է այնպիսի գույներով, ինչպես իր դարաշրջանի ոչ մի ուրիշ գրողինը։

Հենց այդ գույների հարստությամբ է պայմանավորված այն հետաքրքրությունը, որ եղել է գրական Եվրոպայում «Շակունտալա» դրամայի նկատմամբ նրա անգլերեն թարգմանվելուց հետո։ Եթե անտիկ և հին հրեական բանահյուսությունների հարստությունն արդեն հայտնի էր, ապա հնդկական գրականության գանձերը, որ իրենց նշանակությամբ չեն զիջում Հին Հունաստանի և Հռոմի արժեքներին, դեռ պետք է բացահայտվեին։

Կալիդասային վերագրվել են տարբեր բնույթի և նշանակության բազմաթիվ ստեղծագործություններ, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ գոյություն են ունեցել այդ անունը կրող մի քանի գրողներ։ Ներկայում եվրոպական գիտաքննադատության կողմից Կալիդասան համարվում է հեղինակ երեք դրամաների և մի քանի պոեմների։

Դրամաներ խմբագրել

Կալիդասան գրել է երեք դրամա, որոնցից «Աբհիջնյանաշակունտալամ» («Շակունտալան, որ ճանաչվեց նվերից») պիեսը համարվում է գլուխգործոց։ Այն եղել է սանսկրիտով առաջին ստեղծագործություններից մեկը, որ թարգմանվել է անգլերեն, իսկ դրանից հետո էլ թարգմանվել է բազմաթիվ այլ լեզուներով[19]։

 
Շակունտալան կանգ է առել, որ հետ նայի Դուշյանտային, Ռաջա Ռավի Վարմա (1848-1906)
  • Աբհիջնյանաշակունտալամ[20] («Շակունտալան, որ ճանաչվեց նվերից», «Ճանաչված Շակունտալան») դրաման պատմում է թագավոր Դուշյանտայի և Շակունտալայի սիրո մասին։ Դաշյանտան որսի ժամանակ հանդիպում է Շակունտալային՝ նիմփա Մենակայի և իմաստուն Վիշվամիտրայի որդեգրյալ դստերը և ամուսնանում նրա հետ։ Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ նրան հետ են կանչում պալատ։ Շակունտալան, որ հղի էր, մտքերի մեջ խորասուծված, չի նկատում ծեր իմաստուն Դուվասայի ժամանումը և արժանանում է նրա անեծքին, ըստ որի՝ Դուշյանտան բոլորովին կմոռանա նրան և կհիշի միայն այն ժամանակ, երբ կտեսնի իր նվիրած մատանին։ Պալատ գնալու ճանապարհին Շակունտալան կորցնում է մատանին, և Դուշյանտան չի ճանաչում նրան։ Մատանին գտնում է մի ձկնորս, որ ճանաչում է թագավորական կնիքը դրա վրա և այն վերադարձնում Դուշյանտային։ Վերջինս հիշում է կնոջը և ուղևորվում որոնելու նրան։ Ինդրայի երկնքում հանդիպելով միմյանց՝ Դուշյանտան ու Շակունտալան, որ արդեն որդի էր ունեցել, միավորվում են արդեն ընդմիշտ։
  • Մալավիկագնիմիտրամ[21][22] («Մալավիկա և Ագնիմիտրա») դրամայում ներկայացվում է Ագնիմիտրա թագավորի պատմությունը, որ սիրահարվում է արտաքսված աղախնի՝ Մալավիկայի նկարին։ Թագուհին, իմանալով այդ աղջկա նկատմամբ իր ամուսնու վերաբերմունքի մասին, զայրանում է և բանտարկում աղջկան։ Սակայն մինչ այդ թագավորը հասցրել էր խոստովանել նրան իր սերը և իմանալ, որ իր զգացմունքները փոխադարձ են։ Պարզվում է, և Մալավիկան նույնպես ունի ազնվական ծագում, և թագավորը ամուսնանում է նրա հետ։
  • Վիկրամորվաշի[23][24] դրաման պատմում է մահկանացու Պուրուրավաս թագավորի և երկնային հավերժահարս Ուրվաշիի սիրո մասին։ Որպես անմահ ոգի՝ աղջիկը ստիպված է վերադառնալ երկինք, որտեղ պետք է մասնակցի թատերական ներկայացման։ Ներկայացման ընթացքում Ուրվաշին, տարված լինելով իր սիրելիի մասին մտքերով, պատահաբար արտասանում է նրա անունը։ Ներկայացումը խափանելու համար աղջիկը վտարվում է երկնքից. նա վերադառնում է երկիր որպես մահկանացու՝ անիծված լինելով մեռնել (վերադառնալ երկինք) այն պահին, երբ նրա սիրելին հայացք կնետի իրենց որդու վրա։ Մի շարք փորձություններից հետո Ուրվաշին ազատվում է անեծքից և իր սիրելիի հետ մնում երկրում։

Պոեմներ խմբագրել

Էպիկական խմբագրել

Կալիդասան հեղինակել է երկու էպիկական պոեմներ՝ Ռագհուվամշա («Ռագհուի դինաստիա») և Կումարասամբհավա («Կումարայի ծնունդը» կամ Սուբրահմանյա)։

  • «Ռագհուվամշա» պոեմը պատմում է Ռագհու դինաստիայի թագավորների մասին,
  • «Կումարասամբհավա» պոեմում պատմվում է Պարվատի աստվածուհու ծննդի ու դեռահասության և Շիվա աստծո հետ նրա ամուսնության մասին[25]։

Փոքր պոեմներ խմբագրել

Կալիդասան հեղինակել է նաև երկու կհանդակավյասներ (փոքր պոեմներ).

  • Նկարագրական պոեմը[26] կոչվում է «Ռտուսամհարա» («Ռիտուսամհարա»[27][28]) և պատմում է վեց եղանակների մասին՝ նկարագրելով երկու սիրահարների ապրումները այդ եղանակներից յուրաքանչյուրի ընթացքում,
  • Էլեգիական պոեմ – Կալիդասան ստեղծել է ուրույն բանաստեղծական ժանր իր «Մեգհադուտա» պոեմով[26] (անգլերեն թարգմանվել է «Սուրհանդակ ամպը», անգլ.՝ «The Cloud Messenger»[26])։ Այն պատմում է Յակշայի մասին, որ փորձում է լուր ուղարկել իր սիրելիին ամպի միջոցով։ Կալիդասան ստեղծագործությունը գրել է «մանդակրանտա» չափով, որ հայտնի է իր քնարական հաճելիությամբ։ Այն Կալիդասայի ամենահայտնի ստեղծագործություններից է, և դրա մասին գրվել են բազմաթիվ մեկնաբանություններ։

Մեկնաբանություններ և գնահատականներ խմբագրել

Բազմաթիվ գիտնականներ գրել են Կալիդասայի ստեղծագործությունների մեկնաբանություններ։ Առավել շատ ուսումնասիրված մեկնաբանությունների թվում է Կոլաչալա Մալինատհա Սուրի հեղինակածը, որ գրվել է 15-րդ դարում Վիջայանագարի թագավոր Դևա Ռայա II-ի իշխանության տարիներին։ Ամենավաղ ստեղծված և պահպանված մեկնաբանությունը 10-րդ դարում գրվել է քաշմիրյան գիտնական Վալլաբհադևայի[29][30] կողմից։ Սանսկրիտական գրականության հայտնի ներկայացուցիչներ Բանաբհատան, Ջայադևան և Ռաջասեկհարան նույնպես բարձր են գնահատել Կալիդասային։ Սանսկրիտով գրված «Ուպամա Կալիդասասյա...») հայտնի բանաստեղծության մեջ գովաբանվում է ուպամա կամ համեմատությունների օգտագործման նրա վարպետությունը։ Նշանավոր քննադատ Անանդավարդհանան Կալիդասային համարել է սանսկրիտով երբևէ ստեղծագործած մեծագույն բանաստեղծներից մեկը։

Կալիդասայի աշխատանքների՝ նախաժամանակակից շրջանում գրված հարյուրավոր մեկնաբանություններից տպագրվել է միայն մի մասը։ Այդ մեկնաբանությունների շնորհիվ պարզ է դառնում, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխությունների են ենթարկվել Կալիդասայի ստեղծագործությունները արտագրությունների և բանավոր փոխանցման ընթացքում։

Կալիդասայի «Աբհիջնյանաշակունտալամը» հնդկական գրականության առաջին նմուշներից է, որ ճանաչում է գտել Եվրոպայում։ Այն առաջինը թարգմանվել է անգլերեն, ապա անգլերենից գերմաներեն՝ այնտեղ արժանանալով հայտնի բանաստեղծների հիացմունքին, որոնց շարքում էին Յոհան Գոթֆրիդ Հերդերն ու Գյոթեն[31]։

Կալիդասայի աշխատանքները շարունակել են ոգեշնչել եվրոպական գրական շրջաններին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում, ինչպես վկայում է Կամիլ Կլոդելի «Շակունտալա» քանդակը։

Կուուդիյատտամի դերասան և Նատյա Շաստրայի գիտակ Մանի Մադհավա Չակյարը (1899-1990) բեմադրել (խորեոգրաֆիա) և ներկայացրել Կալիդասայի հայտնի պիեսները, ներառյալ՝ «Աբհիջնյանաշակունտալամ», «Վիկրամորվաշի» և «Մալավիկագնիմիտրամ» դրամաները։

Կաննադա լեզվով երկու ֆիլմեր՝ «Մահակավի Կալիդասա» (1955), որում նկարահանվել են Հոննապա Բագավատարը, Վ. Սարոջադևին, ինչպես նաև «Կավիրատնա Կալիդասա» (1983), որում նկարահանվել են Ռաջկումարը և Ջայապրադան[32], նվիրված են Կալիդասայի կյանքին։ «Կավիրատնա Կալիդասա» ֆիլմում օգտագործվել է «Շակունտալա» պիեսը՝ որպես ենթասյուժե։ Վ. Շանտարամը ստեղծել է հինդիով «Stree» (1961) ֆիլմը, որ հիմնված է Կալիդասայի «Շակունտալա» պիեսի վրա։ Ռ. Ռ. Չանդրանն ստեղծել է թամիլերենով «Մահակավի Կալիդաս» (1966) ֆիլմը՝ նվիրված Կալիդասայի կյանքին։ Չևալիեր Նադիգար Թիլագամ Սիվաջի Գանեսանը կատարել է բանաստեղծի դերը։ «Մահակավի Կալիդասու» (Տելուգու, 1960) ֆիլմը, որում նկարահանվել է Ակկինենի Նագեսվարա Ռաոն[33], նվիրված է Կալիդասայի կյանքին ու աշխատանքին։

Սուրենդրա Վերմայի «Ատհավան Սարգա» հինդիով պիեսը, որ հրատարակվել է 1976 թվականին, հիմնված է այն լեգենդի վրա, թե Կալիդասան չի կարողացել ավարտել «Կումարասամբհավա» էպիկական պոեմը, որովհետև անիծվել էր Պարվատի աստվածուհու կողմից իր ութերորդ կանտոյում նրա և Շիվա աստծու ամուսնական կյանքի անպարկեշտ նկարագրության համար։ Պիեսում Կալիդասան ներկայացվում է որպես Չանդրագուպտայի պալատական բանաստեղծ, որ կանգնում է դատարանի առաջ հոգևորականի և իր ժամանակի բարոյականություն քարոզող մի քանի մարդկանց պնդմամբ։

«Աստի Կաշչիդ Վագարտհիյամ» սանսկրիտով հինգ գործողությամբ պիեսը գրվել է Կրիշնա Կումարի կողմից 1984 թվականին։ Այդ պատմությունը Կալիդասայի մասին հայտնի լեգենդներից մեկի տարբերակն է, որում որպես Կալիդասայի վերափոխման պատճառ ներկայացվում է նրա կինը։ Կալիդասան, որ ոչ խելացի հովիվ էր, խաբեությամբ ամուսնանում է Վիդյոտտամայի՝ կրթված արքայադստեր հետ։ Իմանալով իր խաբված լինելու մասին՝ Վիդյոտտաման վտարում է Կալիդասային՝ նրան հանձնանարելով ձեռք բերել գիտելիք և ճանաչում, եթե ցանկանում է, որ իրենց հարաբերությունները շարունակություն ունենան։ Վերադարձին նա պետք է պատասխաներ «Աստի Կաշչիդ Վագարտհահ» («Կա՞ ինչ-որ արտասովոր բան արտահայտության մեջ»)։ Ժամանակի ընթացքում Կալիդասան ձեռք է բերում գիտելիքներ և ճանաչում որպես բանաստեղծ։ Կալիդասան սկսել է իր «Կումարասամբհավա», «Ռագհուվամշա» և «Մեգհադուտամ» ստեղծագործությունները Աստի («կա»), Կաշչիտ («ինչ-որ բան») և Վագարտհահ («ասված բառն ու դրա իմաստը») բառերով։

 
ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ «Կալիդասա՝ հին Հնդկաստանի մեծ բանաստեղծ»

Բիշնուպադա Բհատտաչարյայի «Կալիդաս օ Ռոբինդրոնաթ» աշխատանքում համեմատվել են Կալիդասան ու բենգալի բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորը։

«Աշադհ Կա Եկ Դին» պիեսը հիմնված է Կալիդասայի կյանքի գեղարվեստականացված դրվագների վրա։

Ազդեցություն խմբագրել

Կալիդասան մեծ ազդեցություն է ունեցել սանսկրիտով գրված մի շարք ստեղծագործություններ, ինչպես նաև ողջ հնդկական գրականության վրա[34]։ Նա մեծ ազդեցություն է թողել նաև Ռաբինդրանաթ Թագորի վրա։ Կալիդասայի՝ սանսկրիտով գրված պիեսները ազդեցություն են թողել 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի Եվրոպական գրականության վրա[35]։ Ըստ Դեյլ Քարնեգիի՝ ժամանակակից բժշկության հայր սըր Ուիլյամ Օսլերն իր գրասեղանի վրա միշտ պահել է Կալիդասայի կողմից գրված պոեմը[36]։

Հիշատակ խմբագրել

Կալիդասայի պատվին կոչվել է խառնարան Մերկուրիի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kalidasa - Kalidasa Biography - Poem Hunter». www.poemhunter.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Kālidāsa (2001). The Recognition of Sakuntala: A Play In Seven Acts. Oxford University Press. էջեր ix.
  3. Kalidasa at Encyclopædia Britannica
  4. Pollock, Sheldon, ed. (2003). Literary Cultures in History: Reconstructions from South Asia. էջ 79.
  5. 5,0 5,1 Chandra Rajan (2005). The Loom Of Time. Penguin UK. էջեր 268–274.
  6. Vasudev Vishnu Mirashi and Narayan Raghunath Navlekar (1969). Kālidāsa; Date, Life, and Works. Popular Prakashan. էջեր 1–35.
  7. Ram Gopal. p.14
  8. C. R. Devadhar (1999). Works of Kālidāsa. Vol. 1. Motilal Banarsidass. էջեր vii–viii. ISBN 9788120800236.
  9. Gaurīnātha Śāstrī 1987, էջեր. 77–78
  10. Ram Gopal p.8
  11. Gaurīnātha Śā ihihhistrī 1987, էջ. 80
  12. Культурология. История мировой культуры и религии (PDF). под ред. К.В. Фадеева. - Томск : Изд-во Том. гос. архит.-строит. ун-та. 2016. էջ 114.(չաշխատող հղում)
  13. Ram Gopal p.3
  14. P. N. K. Bamzai (1994 թ․ հունվարի 1). Culture and Political History of Kashmir. Vol. 1. M.D. Publications Pvt. Ltd. էջեր 261–262. ISBN 978-81-85880-31-0.
  15. M. K. Kaw (2004 թ․ հունվարի 1). Kashmir and It's People: Studies in the Evolution of Kashmiri Society. APH Publishing. էջ 388. ISBN 978-81-7648-537-1.
  16. «About Kalidasa». Kalidasa Academi. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. 17,0 17,1 M. Srinivasachariar (1974). History of Classical Sanskrit Literature. Motilal Banarsidass. էջեր 112–114. ISBN 9788120802841.
  18. K. Krishnamoorthy (1994). Eng Kalindi Charan Panigrahi. Sahitya Akademi. էջեր 9–10. ISBN 978-81-7201-688-3.
  19. Kalidas, Encyclopedia Americana
  20. Stephan Hillyer Levitt (2005), «Why Are Sanskrit Play Titles Strange?» (PDF), Indologica Taurinensia: 195–232, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին
  21. Kalidasa (1891). The Malavikágnimitra: A Sanskrit play by Kalidasa. Charles Henry Tawney (trans.). Thacker, Spink and Company, Calcutta.
  22. Kalidasa (2009). Málavika and Agni mitra. Translated by Dániel Balogh & Eszter Somogyi. New York University Press and JJC Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  23. Pandit, P. S. (1879). The Vikramorvashiyam: A Drama in Five Acts by Kalidasa (Ed.) The Department of Public Instruction, Govt. Central Book Depot, Bombay.
  24. Викраморваши. Драма. [Действие 1-е]. Пер. с санскрита и предисл. В.Миллера. В кн.: Братская помощь, пострадавшим в Турции армянам. Изд. 2-е, вновь обработ. и доп. М., 1898. С.373-384.
  25. «Kumarasambhavam by Kalidasa - Synopsis & Story». ILoveIndia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  26. 26,0 26,1 26,2 Kalidasa Translations of Shakuntala, and Other Works. J. M. Dent & sons, Limited. 1920 թ․ հունվարի 1.
  27. Павел Александрович Гринцер, Александр Борисович Куделин Поэтика средневековых литератур Востока: традиция и творческая индивидуальность / Институт мировой литературы имени А.М. Горького. — Наследие, 1994. — С. 25. — 299 с.
  28. Георгий Петрович Бердников, Юрий Борисович Виппер История всемирной литературы в девяти томах / Институт мировой литературы имени А.М. Горького. — Изд-во «Наука», 1983. — Т. 2. — С. 44.
  29. Vallabhadeva
  30. Dominic Goodall and Harunaga Isaacson, The Raghupañcikā of Vallabhadeva, Volume 1, Groningen, Egbert Forsten, 2004.
  31. Maurice Winternitz and Subhadra Jha, History of Indian Literature
  32. Kavirathna Kalidasa (1983) Kannada Film at IMDb
  33. Mahakavi Kalidasu, 1960 Telugu film at IMDb.
  34. Ram Gopal. P 8
  35. «Translations of Shakuntala and Other Works - Online Library of Liberty». oll.libertyfund.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  36. How To Stop Worrying And Start Living By Dale Carnegie

Գրականություն խմբագրել

  • Raghavan, V. (January–March 1968). «A Bibliography of translations of Kalidasa's works in Indian Languages». Indian Literature. 11 (1): 5–35. JSTOR 23329605.
  • Gaurīnātha Śāstrī (1987). A Concise History of Classical Sanskrit Literature. Motilal Banarsidass Publ. ISBN 978-81-208-0027-4.
  • Ram Gopal (1984 թ․ հունվարի 1). Kālidāsa: His Art and Culture. Concept Publishing Company.
  • Miller, Barbara Stoler, ed. Theater of Memory: The Plays of Kalidasa. NY: Columbia University Press, 1984.
  • K. D. Sethna. Problems of Ancient India, p. 79-120 (chapter: "The Time of Kalidasa"), 2000 New Delhi: Aditya Prakashan. 81-7742-026-7 (about the dating of Kalidasa)
  • V. Venkatachalam. Fresh light on Kalidasa's historical perspective, Kalidasa Special Number (X), The Vikram, 1967, pp. 130–140.
  • Калидаса. Потомки Рагху: Поэма (Песнь 1). Л., 1940
  • Калидаса. Избранное. М., 1956
  • Иванов Н. М. Калидаса. Биобиблиографический указатель. М., 1957
  • Калидаса. Избранное. Драмы и поэмы. М., 1974
  • Эрман В. Г. Калидаса. М., 1976
  • Калидаса. Шакунтала, или Перстень-примета: Фрагменты. — В кн.: Классическая драма Востока. М., 1976
  • Калидаса. Рождение Кумары. — В кн.: Классическая поэзия Индии, Китая, Кореи, Вьетнама, Японии. М., 1977
  • Калидаса. Род Рагху (Рагхуванша). СПб., 1996
  • Шор Р. Калидаса // Литературная энциклопедия: В 11 т. — [М.], 1929—1939. Т. 5. — [М.]: Изд-во Ком. Акад., 1931. — Стб. 60—63.
  • Кальянов В. И., Эрман В. Г. Калидаса. Очерк творчества. М.: Гос. изд-во художественной литературы, 1958.
  • Гринцер П. А. Санскритская литература IV—VIII вв. н. э. // История всемирной литературы: В 8 томах / АН СССР; Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1983—1994. — На титл. л. изд.: История всемирной литературы: в 9 т. Т. 2. — 1984. — С. 41—66.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 171