Խեթեր, հաթթեր, քաթեր, խաթթեր, հնագույն Հայ ժողովուրդ Մերձավոր Արևելքում։

Խեթական թագավորությունից պահպանված առյուծե դարպասներ

Գիտնականների մեծ մասի պնդմամբ III հազարամյակում Փոքր Ասիայի տարածքը բնակեցված է եղել հնդեվրոպական նախալեզվի կրող ժողովուրդներով՝ խաթթերով[1], ապա՝ խեթերով։ Որպես խեթերի քաղաքակրթության գոյության ապացույց ավելի ուշ խեթական աղբյուրներում հանդես են գալիս նախահնդեվրոպական լեզվով մեզ հասած մի քանի աղբյուրներ (հիմնականում կրոնա-ծիսական բնույթի), որտեղ խեթերի լեզվով հանդես է գալիս hattili –(գրավոր տարբերակով՝ խաթթիից) տերմինը։ Մի շարք աղբյուրներում հանդես են գալիս խաթթերից հայտնի աստվածությունների անուններ ու տեղանուններ[2]։

Ոչ վաղ անցյալում, երբ հիմնարար ներդրումներ ու հաջողություններ կային Բրոնզե դարի քաղաքակրթությունների, բնակչության տեղաշարժերի, մշակույթի և այլ բագավառների պատմության ուսումնասիրության շրջանակներում՝ Միջագետք, Եգիպտոս և այլն, խեթերը համարվում էին այդ շրջանից հայտնի մի ինչ-որ փոքրիկ ցեղային միություն։ Սակայն, աստիճանաբար, հայտնաբերված գրավոր աղբյուրների արդյունքում պատկերը էապես փոխվեց․ այժմ մենք գիտենք, որ խեթերն ու Խեթական թագավորությունը Ուշ բրոնզի դարի ամենաազդեցիկ ուժերից մեկն էին, որը ժամանակի հզորագույն կայսրությունների ( Եգիպտոս, Միտաննի, Ասորեստան ) վտանգավոր մրցակիցն էր Ք․ա․ II հազարամյակում և շատ հաճախ գերիշխող դիրք ուներ նրանց հանդեպ։

Խեթական թագավորությունը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ (ամենայն հավանականությամբ)։ Նրա մայրաքաղաքը համարվում էր Հաթթուսասը ( Hattusa, Hattusas ), ներկայիս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը՝ Բողազքյոյ հնավայրը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։

Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը[3], իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[4]։

Խեթական թագավորության տարածքում իրականացվող առաջին հնագիտական պեղումների արդյունքում՝ 1906, 1907, 1911 և 1912 թթ․ հնագետ պատմաբաններին հաջողվեց գտնել մոտավորապես 10000 սեպագիր աղյուսներ, որոնք վերաբերում էին խեթական թագավորության ամենատարբեր բնագավառներին՝ կրոնականից մինչև միջթագավորական պայմանագրեր, ինչպես նաև պեղումների արդյունքում սեպագիր տեքստերից բացի հայտնաբերվել են մի շարք կնիքներ ու դրոշմանիշեր[5]։ Այսօր (2015) մենք ունենք մոտավորոպես 24․000 սեպագիր աղյուսներ, տարբեր չափերի, որոնց հիմնական մասը հայտնաբերված է մայրաքաղաք Հաթթուսասում (Բողազքյոյ

Ինչ վերաբերում է խեթական թագավորության կործանմանն ու փլուզմանը, ապա սույն հարցի շուրջ ևս կարելի է ծավալվել բավականին երկար, սակայն ի վերջո դեռևս չենք հանգի մի տեսակետի, որին կողմ կլինեն այս բնագավառի ուսումնասիրողների գոնե մեծ մասը։ Մեզ հայտնի խեթական վերջին արքան Սուպիլուլիումաս II-ն է, որի թագավորության սկիզբը դնում ենք մոտավորապես 1207 թվականից սկասած՝ չունենալով կոնկրետ ավարտի տարեթիվ։ Սկզբնական շրջանում անգամ Սուպիլուլիումասի մասին մենք ունեինք բավականին սուղ տեղեկություններ, որոնք, սակայն, լրացվեցին բոլորովին վերջերս հայտնաբերված նոր սեպագրերից քաղված նյութերով, որոնք ևս որևէ հստակություն չմտցրեցին Խեթական թագավորության անկման պատմության լուսաբանման մեջ։

Չնայած կոնկրետ տեղեկությունների բացակայության փաստի, այնուամենայնիվ պարզ է, որ արդեն XII դարում խեթական թագավորության մի զգալի մասում խեթական թագավորությունը արդեն գոյություն չուներ՝ զիջելով իր տեղը մի շարք մեծ ու փոքր այլ պետական կազմավորումներին։ Սա արդեն վկայում է թագավորության մի քանի մեծ ու փոքր թագավորությունների տրոհման մասին։ Բնականաբար, հաշվի առնելով ապստամբական բազմաթիվ օրինակներն ու ընդհանրապես, այդ ժամանակաշրջաում գոյություն ունեցող թագավորությունների պատմության օրինակները, պարզ է, որ Խեթական թագավորությունում ևս այդ շրջանում պետք է հանդես գային ուժեղ ապստամբ հպատակներ, որոնք սկիզբ պետք է դնեին թագավորության անկմանը։ Դեռևս Ք․ա․ XIII դարում նկատում ենք, որ խեթական թագավորության արքաները դժվարությամբ էին դիմակայում հպատակ ապստամբների հակախեթական գործողուոթյուններին, որոնք էլ, իրենց հերթին, օգնություն էին գտնում խեթական թագավորության թշնամի թագավորությունների կողմից։ Բնականաբար, ստեղծված պայմաններում արտաքին նոր նվաճումների մասին խոսք լինել չի կարող։ Մի շարք խեթագետներ գտնում են, որ խեթական թագավորության փաստացի անկումը դրվել է Խաթթուսիլիս III-ի ժամանակ, երբ Փոքր Ասիայի հարավում ստեղծվում է արտակարգ լիազորություններով օժտված Թարխունտասսայի քույր պետությունը, որի հետ հետագայում խեթերը շարունակաբար թշնամական հարաբերությունների մեջ էին։ Ինչևէ, թագավորության անկումը շարունակում է մնալ գիտնական պատմաբանների ուշադրության կենտրոնում այնպես, ինչպես թագավորության հիմնադրումն ու բազմաթիվ այլ հարցեր կապված խեթերի հետ։

Խեթերն ու Աստվածաշունչը

խմբագրել
 
Խեթական թագավորության ժամանակաշրջանից պահպանված կրոնական տաճարի հիմքը

Խեթական թագավորության և խեթերի շուրջ եղած հետաքրքրությունը էլ ավելի է մեծանում Աստվածաշնչում նրանց մասին գոյություն ունեցած տեղեկություններից ելնելով։ Ինչքանո՞վ համուզված կարող ենք պնդել, որ Աստվածաշնչյան քաթերը, դրանք սույն հոդվածի մեջ հիշատակվող խեթերն են, ինչքանո՞վ է հավանական, որ Աստվածաշնչում հիշատակվող քաթերը հանդիսանում են մեզ ծանոթ խեթերի նախնիները կամ որևէ կապ ունեն նրանց հետ․ սրանք հարցեր են, որոնց անդրադարձել են խեթերի պատմությամբ զբաղվող գրեթե յուրաքանչյուր ուսումնասիրող։ Աստվածաշնչյան հեղինակները խեթերի ներքո ի նկատի ունեին Պաղեստինի նախաիսրաելյան (pre-Israelite) բնակիչներին, սակայն թե ինչքանո՞վ են Պաղեստինյան նախաիսրաելյան բնակիչները նույնանում մեզ հայտնի խեթերի հետ, դեռևս հայտնի չէ։ Եբրայերեն ḥittî տերմինը օգտագործվել է Աստվածաշնչում կամ որպես մակդիր անհատի էթնիկական տարրի որոշման հարցում, կամ որպես հոգնակի ձև՝ Պաղեստինյան նախաիսրաելյան բնակիչների թվում մի խմբին՝ քաթերին առանձնացնելու համար։ Սակայն, մի շարք պատմաբաններ էլ գտնում են, որ Աստվածաշնչյան խեթերի հիշատակությունը սոսկ հնչյունաբանական պատահականություն է, որը որևէ էթնիկ կամ պատմական նշանակություն չունի, ուստի և որևէ կապ չունի վերոհիշյալ խեթերի հետ[6]։

Որոշակի նույնականություն է հայտնաբերվել նաև հատուկ անունների վերաբերյալ․ Աստվածաշնչյան Աբրահամի ժամանակներում հիշատակվող մի առաջնորդ/թագավորի անունը համապատասխանում է Խեթական թագավորությունից մեզ հայտնի թագավորի անվանը՝ Թուդխալիյաս։ Չնայած այս դեպքում էլ արդեն ծագում է մեկ այլ հարց՝ խեթական թագավորությունից հայտնի Թուդխալիյաս անունը կրող թագավորոներից որի մասին է խոսքը[7]։

'Խեթական թագավորությունից մեզ հայտնի թագավորների ցանկը'

խմբագրել
 
Սուպիլուլիումաս II

Հին Թագավորություն

  • Լաբառնա/Տաբառնայի ․․․- 1650
  • Խաթթուսիսլիս I 1650 - 1620
  • Մուրսիլիս I 1620 - 1590
  • Խանտիլիս I 1590 - 1560
  • Ցիդանտաս I
  • Ամմունաս 1560-1525
  • Խուցցիյաս I
  • Տելեպինուս 1525- 1500
  • Ալլուվամնաս
  • Տախուրվաիլիս
  • Խանտիլիս II
  • Ցիդանտաս II 1500-1400
  • Խուցցիյաս II
  • Մուվատալի I
 
Հասիր երկնքին

Նոր Թագավորություն

  • Թուդխալիյա I/II
  • Առնուվանդաս I
  • Խաթթուսիսլիս II ? 1400- 1350
  • Թուդխալիյա III
  • Սուպպիլուլիումաս I 1350 -1322
  • Առնուվանդաս II 1322-1321
  • Մուրսիլի II 1321-1295
  • Մուվատալի II 1295-1272
  • Ուրհի-Թեշուբ 1272-1267
  • Խաթթուսիսլիս III 1267-1237
  • Թուդխալիյա IV 1237-1228
  • Կուրունտա 1228-1227
  • Թուդխալիյա IVբ 1227-1209
  • Առնուվանդաս III 1209-1207
  • Սուպպիլուլիումաս II 1207-․․․[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Macqueen J.G., The Hittites and their contemporaries in Asian Minor, 1986, London, p 26-33.
  2. Haas V., Ein hurritischer Blutritus und die Deponierung der Ritualruckstande nach hethitischen Quellen, Hamburg 1990, p. 67-87
  3. Miller J., Royal Hittite Instructions and Related Administrative Texts, Atlanta/USA, 2013, p. 43-55.
  4. Beckman G., The Religion of the Hittites, Biblical Archaeologist, 1989, p. 98-107; Beckman G., Some Aspects of Hittite Religion, JNES, 1982, N. 41, p. 76-78.
  5. Beckman G., Hittite Diplomatic Texts, JSS 44, 1999, Manchester/Oxford p.108-110; Van den Hout, Seals and sealng Practices in Hatti-Land
  6. Collins B., The Hittites and their world, p. 197-199
  7. Singer I., The Hittites and the Bible Revisited, “I Will Speak the Riddle of Ancient Times”, p. 723-756.
  8. Bryce T., The Kingdom of the Hittites (New Edition), Oxford New York, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 46