Փիլարտոս Վարաժնունի

(Վերահղված է Փ. Վարաժնունիից)

Փիլարտոս Վարաժնունի (հուն․՝ Φιλάρετος Βραχάμιος, 11-րդ դար - 1092 կամ 1086, Մարաշ, Փիլարտոս Վարաժնունու պետություն), հայ իշխան, բյուզանդական զորավար, սեբաստոս, դոմեստիկոս, իր սեփական իշխանապետության միապետ, Վասպուրականում հաստատված Վարաժնունիների նախարարական տոհմից։ Հունական աղբյուրները նրան անվանում են Ֆիլարետոս Վրախամիոս, իսկ տոհմը՝ Վահրամյան։ Ըստ Նիկողայոս Ադոնցի, նա եղել է Վարդաս Սկլերոսի ապստամբությանը մասնակցած Սահակ-Վահրամ զորավարի սերնդից։

Փիլարտոս Վարաժնունի
հունարեն՝ Φιλάρετος Βραχάμιος
(1-րդ) Միապետ
1071 - 1086
Դրոշ
Դրոշ
Բյուզանդական դոմեստիկոս
1068 - 1078
Դրոշ
Դրոշ
Բյուզանդական սեբաստոս
1078 - 1086
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 11-րդ դար
Վախճանի օր 1092 կամ 1086
Վախճանի վայր Մարաշ, Փիլարտոս Վարաժնունու պետություն
Դինաստիա Վարաժնունիներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն և Փիլարտոս Վարաժնունու պետություն

Կենսագրություն խմբագրել

Փիլարտոս Վարաժնունին ըստ Մատթեոս Ուռհայեցու վկայության մեծացել է հորեղբոր խնամակալությամբ, Զովրի Կոզեռն վանքում (Եփրատի ափին, Սամոսատից արևմուտք)։ Ծառայության անցնելով բյուզանդական բանակում՝ հասել է «դոմեստիկոս»-ի տիտղոսի։ 1068 թվականին Ռոմանոս IV Դիոգենես կայսեր կողմից նշանակվել է Եփրատի առափնյա շրջանների սահմանապահ զորքերի հրամանատար։

Փիլարտոս Վարաժնունու պետություն խմբագրել

 
Փիլարտոսի կողմից վերահսկվող տարածքը

1070 թվականին Ռոմանոս Դիոգենեսը Խլաթ կատարած արշավանքի ժամանակ Փիլարտոս Վարաժնունուն է վստահել իր բանակի գլխավոր հրամանատարությունը։ Ձեռք բերելով մեծ ազդեցություն և հեղինակություն, 1071 թվականին, Ռոմանոսի սելջուկների դեմ Մանազկերտի ճակատամարտում պարտվելուց և գահընկեց արվելուց հետո՝ դուրս է եկել բյուզանդական կենտրոնական իշխանությունների հպատակությունից և աստիճանաբար տիրապետություն հաստատելով Հարավային Կապադովկիայի և Հյուսիսային Ասորիքի նշանավոր քաղաքների վրա (Անտիոք, Մելիտենե, Սամոսատ, Եդեսիա և այլն), հիմնել անկախ հայկական իշխանապետություն՝ Մարաշ կենտրոնով՝ հաջողությամբ լեզու գտնելով սելջուկների հետ։ Զինված ուժերը համալրելով հայազգի զինվորներով, Փիլարտոս Վարաժնունին կարողացել է առժամանակ կասեցնել սելջուկ թուրքերի առաջխաղացումը դեպի Միջերկրական ծով։ Բյուզանդական կայսրությունը ստիպված ճամաչել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությունը, նրան շնորհելով «սեբաստոս»-ի տիտղոս։ Փոխարենը Փիլարտոս Վարաժնունին ընդունել է քաղկեդոնականություն։ 1073 թվականին Փիլարտոս Վարաժնունին փորձել է գրավել նաև Սասունը, բայց Ալելուա դաշտի (Անձիտ գավառ) ճակատամարտում պարտություն է կրել Թոռնիկ իշխանի զորքերից։ 1077 թվականին նրան հաջողվել է բյուզանդացիներից նվաճել Ուռհան (Եդեսիա)։ 1076 թվականին իր իշխանությանը հայկական պետականության տեսք տալու նպատակով Փիլարտոս Վարաժնունին Ջհան գավառի Հոնի քաղաքում կաթողիկոս է ձեռնադրել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի քեռորդուն՝ Սարգսին։ Անտիոքի դուքս Վասակ Պահլվունու սպանությունից (1078) հետո տիրել է նաև Անտիոքին։ Ըստ պատմիչ Միքայել Ասորու, Փիլարտոս Վարաժնունու ձեռքն են անցել Կիլիկիայի գրեթե բոլոր ամուր բերդերը, հավանաբար նաև Տարսոնը, որտեղ մինչև 1080 թվականը իշխում էր Աբլղարիբ Արծրունին։ 1083 թվականից Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությունն սկսել է թուլանալ, սելջուկյան թուրքերը շուտով զավթել են Ադանան, Տարսոնը, Մսիսը, Անարզաբան, Անտիոքը։ Չնայած Փիլարտոս Վարաժնունու իշխանապետության կործանմանը, Կիլիկիայում պահպանվեցին հայկական մանր իշխանությունները, որոնք հիմք դարձան Կիլիկիայի հայկական պետության ստեղծման համար։ 1086 թվականին Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությունը նվաճվում է սելջուկյան սուլթան Մելիքշահ Ա-ի կողմից։

Ժամանակակից պատմիչները հակասական կարջիքներ են հայտնել Փիլարտոս Վարաժնունու վերաբերյալ։ Հակառակ Հովհաննես Սկիլիցեսի և Մատթեոս Ուռհայեցու, բյուզանդական արքայադուստր Աննա Կոմնենան նրան բնութագրում է որպես արիությամբ և խոհեմությամբ աչքի ընկնող անձնավորություն։

Պահպանվել են Փիլարտոս Վարաժնունու արճճե կնիքները։

Աղբյուրներ խմբագրել

  • «Ժամանակագրություն», Անանուն Եդեսացի, Երևան, 1982
  • «Ժամանակագրություն», Մատթեոս Ուռհայեցի, Երևան, 1973
  • «Համառոտություն պատմությանց», Հովհաննես Սկիլիցես, Երևան, 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3), էջ 230, 270
  • «Ժամանակագրություն», Միքայել Ասորի, Երուսաղեմ, 1871
  • «Алексиада», Աննա Կոմնենա, Մոսկվա, 1965
  • «История Киликийского Армянского государства», Գ. Միքայելյան, Երևան, 1952
  • «Эрмитажные печати Филарета Врахамия (Варажнуни)», Վ. Շանդրովսկայա, «ԼՀԳ», 1975, թիվ 3․