Փիտարեթի վանք (վրաց.՝ ფიტარეთის მონასტერი), XIII դարի գործող վանական համալիր Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի Թեթրիծղարոյի շրջանում։ Գտնվում է Քռի վտակ Խրամի կիրճում, Թեթրիծղարո քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, երկրի մայրաքաղաք Թբիլիսիից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա։ Պատկանում է վրացական ուղղափառ եկեղեցու Բոլնիսի թեմին[1]։ Վանքում պահվում է XVII դարի Ավետարան, որը գրչագրել է Բեդիսմծերլիշվիլին[2]։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վանքը կառուցվել է 1213—1222 թվականներին՝ վրաց թագավոր Գիորգի Լաշայի օրոք։ Գիորգի Լաշան՝ Կաչաբիձե-Բարաթաշվիլիների իշխանական տոհմի նախահայրերից մեկը[3], սկզբում կառուցել է Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին[4]։ Վանքը եղել է Կաչիբաձե-Բարաթաշվիլիների իշխանական տոհմի սեփականությունն ու հանգստարանը (1536 թվականից փոխանցվել է նրանց տոհմական մի ճյուղը հանդիսացող Օրբելիշվիլիներին (Օրբելիանիներին)։

Խորեզմցիների ու մոնղոլների արշավանքներից վանքը մասամբ ավերվել է, XIV դարի առաջին կեսին՝ վրաց Գիորգի V թագավորի օրոք, վերականգնվել։ XVII դարում Ղափլան Բարաթաշվիլու ջանքերով վանքը նորոգվել ու նորացվել է. կառուցվել են զանգակատունը, պարիսպները, մառանը (թվագրվում է 1696-ով), հանգստարանը, տնտեսական շինություններ։

1750 թվականին վանքը ենթարկվել է լեզգիների հարձակմանը, մեծապես վնասվել և 1752 թվականին փակվել։ Հետագայում Փիտարեթի գյուղում բնակություն են հաստատել օսերը, որոնք էլ սկսել են օգտագործել վանքը։ Պաշտամունքային այս կառույցը վնասվել է նաև 1988 թվականի երկրաշարժից. վնասվել են Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցու գմբեթն ու ծածկերը։

1990-ական թվականներին օսերը լքել են Փիտարեթի գյուղը՝ հիմնականում տեղափոխվելով Հյուսիսային Օսեթիա։

1990-ական թվականների վերջերին վանքը վերականգնվել է, դեկտեմբերի 4-ին վեստին օծվել, դասվել գործողների շարքին։

Մի ժամանակ եկեղեցու ներսն ամբողջությամբ զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից միայն պատառիկներ են տեղ-տեղ պահպանվել։

Վանքի գլխավոր կառույցը՝ Սրբասուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին, հունական խաչի տեսք ունեցող հատակագծով, գմբեթավոր շինություն է։ Ունի 15 մետր երկարություն, 13 մետր լայնություն, 23 մետր բարձրություն[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Десять причин посетить регион Квемо Картли». Sputnik Грузия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  2. თეა ცაგურიშვილი. «გადავარჩინოთ ფიტარეთის უნიკალური ტაძარი თავისი უნიკალური ფრესკებით - კარიბჭე». კარიჭე. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  3. Джанашия С. Н. Генеалогия рода Бараташвили Արխիվացված 2021-05-03 Wayback Machine // Этнографическое обозрение. — 1999. — № 1. — С. 125—136.
  4. Питаретский монастырь // Этнографическое обозрение. — 1999. — В. 1—3.
  5. Pitarethi. In: Nodar Janberidze, Irakli Tsitsishwili: Architectural Monuments of Georgia. Strojizdat, Moskau 1996, S. 272–277 ISBN 5-274-02223-5

Գրականություն խմբագրել

  • Zakaraia, P. (1990), ქართული ხუროთმოძღვრება XI-XVIII სს. (11-18-րդ դարերի վրացական ճարտարապետությունը). Tbilisi: pp. 96–113.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիտարեթի վանք» հոդվածին։