Փառքի շքանշան (Հայաստան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառքի շքանշան (այլ կիրառումներ)
Փառքի շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2010 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2011 թ. հունվարի 11-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2011 թ. հունվարի 29-ին ուժի մեջ մտած «Փառքի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում շքանշանի կարգավիճակը, պարգևատրվողների շրջանակը և կրելու կարգը մնացել են անփոփոխ։
Փառքի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Պարգևատրող | Հայաստանի Նախագահ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 22, 2010 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Հայաստանի ազգային հերոս | ||||
Կրտսեր պարգև | Տիգրան Մեծի շքանշան |
Շքանշանի կարգավիճակը Խմբագրել
Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար[1]։
Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Շքանշանով պարգևատրվողները Խմբագրել
Շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները)։
Պարգևատրման միջնորդությունը Խմբագրել
2011-2014 թթ. Խմբագրել
2011 թ. ընդունված օրենքի համաձայն, Փառքի շքանշանով պարգևատրելու միջնորդության ընթացակարգ սահմանված չէր։
Ներկայումս Խմբագրել
2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Փառքի շքանշանով պարգևատրելու միջնորդության ներկայացման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության վարչապետին[2]։
Կրելու կարգը Խմբագրել
Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա՝աջից ձախ հաջորդականությամբ։
Շքանշանի նկարագրությունը Խմբագրել
Շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է Փառքի շքանշանի նկարագրությունը։ Փառքի շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է։ Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են։ Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ։ Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ պատված եռագույն արծնով։ Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է սպիտակ արծնով։ Շքանշանը ոսկե պատված է 999 հարգի ոսկով։ Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ՝ ժապավենին ամրանալու համար։ Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը՝ 110 մմ։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկը մուգ կարմիր է, կենտրոնում ամրացված է ուղղանկյունաձեւ պատվանդան՝ ութաթև աստղով[3]։
Պարգևատրման վիճակագրությունը Խմբագրել
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
- 2011 թ. - 2,
- 2012 և 2013 թթ. շքանշանը չի շնորհվել,
- 2014 թ. - 2։
Փառքի շքանշանի ասպետները Խմբագրել
Հիմնական հոդված՝ Փառքի շքանշանի ասպետների ցանկ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ
- ↑ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ