Փամբակի գոգավորություն

(Վերահղված է Փամբակի գոգհովիտից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)

Փամբակի գոգավորություն, Փամբակի հովիտ, Փամբակու դաշտ, Փամփակի հովիտ, Գոգհովիտ (գոգավորություն, հովիտ, միջլեռնային տեկտոնական իջվածք Հայաստանի Լոռու մարզում ՝ Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջև։

Փամբակի գոգավորություն

Ձգվում է Ջաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը՝ 1300-1600 մ/բարձրության վրա։ Մոտ 42 կմ երկարություն։ Մակերեսը՝ 92,4 կմ²[1]։ Ընդգրկում է Փամբակ գետի վերին հոսանքի, Չիչխան, Վանաձոր ու Տանձուտ գետերի հովիտները։ Երիտասարդ իջվածք է՝ լցված նեոգենի ու ստորին անթրոպոգենի նստվածքներով։ Դեպի արևելք աստիճանաբար ցածրանում ու նեղանում է։ Արևմուտքում ընդարձակ ու հարթ մասը զբաղեցնում է Պարնիի գոգհովիտը։ Կան շինանյութերի (գրանիտ և այլն) հանքավայրեր, տորֆի ու լիգնիտի պաշարներ։ Կլիման բարեխառն է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային ու լեռնաանտառային։ Փամբակի գոգավորությունում են Վանաձոր և Սպիտակ քաղաքները։ Մշակում են հացահատիկ, կերաբույսեր, բանջարեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը։ Հովտի արևմտյան մասը լայն (5-6 կմ) իջվածք է՝ 1-3 կմ լայն հատակով։ Հյուսիսային մասը գնալով նեղանում է։ Փամբակի գոգավորությունը լցված է նեոգենի լճային և չորրորդականի գետային նստվածքներով, որտեղ տեդ-տեղ առաջացել են դարավանդներ և խոշոր արտածման կոներ։ Հարուստ է մակերեսային ջրերով, անտառներով, փարթամ բուսականությամբ[2]։

Ունի տեկտոնական ծագում։ Երիտասարդ իջվածքների և իջվածք սինկլինալների շարք է՝ լցված վերին պլիոցենի ու պլեյստոցենի լճագետային հզոր նստվածքներով։ Փամբակի գոգհովիտի եզերող լեռնաշղթաների հարաբերական բարձրությունը մինչև 1700 մ է, ջրբաժանները հովտի առանցքային մասից հեռու են 8-12 կմ։ Հյուսիսում լանջերն ավելի մեղմաթեք ու մասնատված են, քան հարավում։ Փամբակի գոգհովիտի հատակը լեռնաշղթաների ճյուղավորությունների միջև տեղ-տեղ լայնանում, ապա սեղմվում ու վերածվում է կիրճերի։ Արևմտյան մասը՝ Պարնիի գոգհովիտը, ամենալայն ու հարթ մասն է։ Դեպի արևելք Փամբակի գոգհովիտն աստիճանաձև ցածրանում է, Չիչկանի գետաբերանից ներքև՝ նեղանում, Սպիտակ քաղաքի մոտ քիչ լայնանալուց հետո նորից նեղանում և ընդարձակվում է Կիրովականի մոտ։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր, քիչ քանակությամբ՝ լիգնիտ և տորֆ։ Փամբակի գոգհովիտի կլիման բարեխառն է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3 °C–ից մինչև -6 °C է, հուլիսինը՝ մոտ 18 °C, առավելագույնը՝ 32-33 °C։ Տարեկան տեղումները 400-700 մմ են։ Տարածված են լեռնատափաստանային սևահողերն ու լեռնաանտառային գորշ հողերը, գետային ողողատներում՝ դարչնամոխրագույն հողերը։ Բուսածածկույթը տափաստանամարգագետնային և անտառային է։ Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ, բանջարեղեն։ Կան պտղատու այգիներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 226 — 916 էջ։