Բացել գլխավոր ցանկը
Շուկայի արտաքին տեսքը
Շուկայի ներքին հարդարանքը նախքան վերակառուցումը

Փակ շուկա կամ Կենտրոնական ծածկած շուկա, 1952 թվականին կառուցված շուկայի շենք Երևանում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում (Մաշտոցի պողոտա 3)։ Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, ճարտարագետ՝ Հ․ Առաքելյան։

Ճարտարապետական առանձնահատկություններԽմբագրել

Շուկայի շենքը Մաշտոցի պողոտայի (կառուցման ժամանակ Ստալինի պողոտա) կարմիր գծից մի փոքր ետ է ընկած, որը մի փոքր հրապարակ է ստեղծել գլխավոր մուտքի առաջ։ Հեղինակները շենքի ֆունկցիոնալ նշանակության հետ մեկտեղ, հասել են բարձր գեղարվեստական արտահայտչականության[1]։

Հատակագծում ուղղանկյուն շինությունը բաղկացած է կենտրոնական 2300 մ² տարածքով առևտրի դահլիճից և նույն հարթության վրա դահլիճին երկու կողմից հարակից առևտրի կետերի և խանութների շարքերից և նրանց վերևում սրահներից։ Վաճառասրահի կամարակապ առաստաղը ունի 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն։ Միջնադարյան քարավանատների օրինակով ծածկված է մեկ թաղով, որը 4 մետրը մեկ 19 կամար ունի[2]։ Ծածկած շուկայի մուտքի հակառակ ճակատային մասում կառուցված է մսի պասսաժը, որը կամարաձև խոշոր բացվածքով միանում է գլխավոր վաճառասրահ հետ։

Հզոր կամարային բացվածքով ճակատային պատը երկու կողմից ամփոփված է ավելի ցածր ծավալներով։ Դրանք երկրորդ հարկի սրահներ են, ուր կարելի է բարձրանալ գլխավոր մուտքի երկու կողմերում տեղադրված բաց աստիճաններով։ Կամարի վերևի հարթությունում բացվածքներ կա, որոնք ընդգծում են կամարի ծավալը։ Գլխավոր կամարի բացվածքում ագուցված է չուգունե վիտրաժ, որը գեղեցիկ քանդակներից կերտված մի ընդհանուր բրոնզապատ հյուղվածք է[3]։ Վիտրաժի մոտիվները վերցված են Մակարավանքի բեմի զարդաքանդակներից և մեկնաբանված են մետաղական կոնստրուկցիայով և հարստացված նոր ձևերով[4]։ Վիտրաժի մեջ է գտնվում գլխավոր դուռը։

Շուկայի պատմությունիցԽմբագրել

 
Շուկայի, որպես ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շինության, անձնագիրը
  • Նախկինում Փակ շուկայի տարածքում առևտրային հրապարակ է եղել՝ 50-60 կրպակներով և սրճարաններով։
  • Հանձնվել է շահագործման 1952 թվականի ապրիլի 28-ին։
  • Շինարարության ժամանակ օգտագործել են Կիևյան կամուրջի կամարների կաղապարները[5]։
  • Շուկայի ներսում փոքրիկ շատրվանով ջրավազան կար, և այնտեղ մանրադրամ գցելու ավանդույթ էր առաջացել։[5]
  • 1968 թվականին Կենտրոնական ծածկած շուկայի շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։
  • Այժմ մասնավոր սեփականություն է, գործում է որպես առևտրի կենտրոն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. В. М. Арутюнян, К. Л. Оганесян, Архитектура советской Армении, Ереван, 1955 (ռուս.)
  2. Տվյալները 1981 թվականին ճարտարապետ Կարեն Բալյանի կազմած Փակ շուկայի անձնագրից են, Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
  3. Երևանի Ծածկած Շուկան, Սովետական Հայաստան, Ապրիլի 27, 1952 թ.
  4. Դավիթ Ստեփանյան, «Հայերեն խոսող հուշարձաններ», 2015
  5. 5,0 5,1 Մեդիամաքս, Լոլա Դոլուխանյանը Փակ շուկայի ստեղծման մասին