Փախուստ դեպի Եգիպտոս (նկար, Էլսհայմեր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փախուստ դեպի Եգիպտոս (այլ կիրառումներ)

«Փախուստ դեպի Եգիպտոս» (գերմ.՝ Flucht nach Ägypten), գերմանացի գեղանկարիչ Ադամ Էլսհայմերի նկարներից։ Հեղինակը ստեղծագործությունը վրձնել է 1609 թվականին[5]։ Նկարի սյուժեում ընկած է Աստվածաշնչի այն դրվագը, երբ Հիսուս Քրիստոսի ընտանիքը փախուստի է դիմում դեպի Եգիպտոս՝ Հերովդես թագավորի հրամանով իրականացվող երեխաների կոտորածից խուսափելու համար։ 31 × 42 սմ չափեր ունեցող «Փախուստ դեպի Եգիպտոս» նկարն այսօր պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում՝ Մյունխենում։

Փախուստ դեպի Եգիպտոս
տեսակգեղանկար
նկարիչAdam Elsheimer?[1]
տարի1609[1]
բարձրություն30,6 սանտիմետր[2]
լայնություն41,5 սանտիմետր[2]
ուղղությունմաներիզմ[3] և բարոկկո[3]
ժանրհոգևոր արվեստ[4]
նյություղաներկ[4] և պղինձ[4]
գտնվում էAlte Pinakothek, upper floor, small gallery 13?
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու
հիմնական թեմաՓախուստ Եգիպտոս
https://www.wga.hu/html/e/elsheime/egypt-e.html, http://www.adam-elsheimer.com/www.adam-elsheimer.com/Werke_files/Artikel%20aus%20P%20M%20%20History%201_2012.pdf, http://www.adam-elsheimer.com/www.adam-elsheimer.com/Uber_uns.html կայք
Ծանոթագրություններ
 The Rest on The Flight into Egypt (Elsheimer) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

«Փախուստ դեպի Եգիպտոս» ստեղծագործության սյուժեում ընկած է ավետարանական այն պատմությունը, ըստ որի, Հիսուս Քրիստոսի ընտանիքը հարկադրված փախուստի է դիմում դեպի Եգիպտոս՝ խուսափելու համար Հերովդես թագավորի հրամանով սանձազերծված Մանուկների կոտորածից։

Մատթեոսի ավետարանում գրված է.

  Եվ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը և այնտեղ մնա՛ մինչև որ քեզ ասեմ. քանի որ Հերովդեսը փնտրում է այդ մանկանը կորստյան մատնելու համար»։ Եվ նա վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը, գիշերով, և գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց, մինչև Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը, թե՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն
- Մատթեոս. 2:13-15
 

Փախուստի վերաբերյալ, բացի վերոնշյալ նկարագրումից, ավելի մանրակրկիտ տեղեկություն չկա։ Միայն Ապոկրիֆներում ներկայացված են ճանապարհորդության որոշ մանրամասներ՝ հանդիպում ավազակների հետ ճանապարհին, կամ էլ այն ծառի մասին, որը պատսպարեց Սուրբ ընտանիքին սաստիկ շոգերի ժամանակ։

Որպես կանոն, «Փախուստ դեպի Եգիպտոս» ստեղծագործության սյուժեում ներառված են Մարիամ Աստվածածինը էշի վրա նստած՝ մանուկ Հիսուսին գրկած, ինչպես նաև էշին ուղեկցող Հովսեփը։

Նկարագիր խմբագրել

«Փախուստ դեպի Եգիպտոս» նկարը դիտելիս հանդիսատեսը սկզբում հայտնվում է ականակիր մթության մեջ, սակայն, քիչ անց աչքն սկսում է հարմարվել՝ ադապտացիայի ենթարկվել։ Ամենից առաջ յուղաներկին նայելիս աչքի են ընկնում երկնակամարն ու Ծիր կաթինը, համաստեղություններն ու լիալուսինը, որն արտացոլվել է խաղաղ մակերևույթով ջրի հայելիում։ Նկարում պատկերված են նաև վիթխարի մթին ծառեր, որոնց ֆոնին Սուրբ ընտանիքը՝ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսի հետ։ Նրանք կտավի ստորին հատվածում են պատկերված, ու դիտողն անմիջապես բարձր ծառերին ու երկնքին է նայում, հետո նոր Ընտանիքին։

Հովսեփի ձեռքին թույլ բոցավառվող ջահ է նկարված։ Քիչ այն կողմ, կտավի ձախ հատվածում, վառ բոցերով խարույկն է պատկերված, որը վառել են տարածքի հովիվները։ Նկարում թագավորում է գիշերը, որը փախուստը դարձնում է առավել գաղտնածածուկ, խարույկը՝ անհարմար, անտառը՝ խոր լռությամբ պարփակված, ջուրը՝ խորհրդավոր հայելային։ Ադամ Էլսհայմերն այնպես է վրձնել «Փախուստ դեպի Եգիպտոս» ստեղծագործությունը, որ դիտողն իրեն անմիջապես զգում է նկարի ներսում և փորձում մթության մեջ դիտել բոլոր առարկաները և աչքերը փակելով՝ ականջալուր լինել նաև ձայներին։ Նկարչի շնորհիվ բնության թեման մուտք գործեց իր ժամանակի գեղանկարչության ասպարեզ, որպես առանձին ապրող տարր։

Ի դեպ, Ադամ Էլսհայմերն առաջին նկարիչներից մեկն է աշխարհում, որ կարողացել է բավականին ճշգրտորեն պատկերել երկնակամարն ու լուսատուները։ Ըստ հավանականության, որին հանգել են գիտնականները, Ադամ Էլսհայմերը 1609 թվականի հունիսի 16-ին, մոտավորապես ժամը 21:45 Հռոմում հեռադիտակով հետևել է երկնակամարին[6]։ Այս եզրահանգման են եկել մյունխենյան Գերմանական թանգարանի գերմանացի գիտնականները 2005 թվականին։ Նկարում պատկերված Լուսինն ու Հարդագողի ճանապարհը համապատասխանում են Հռոմի աշխարհագրական լայնությանը բնորոշ փոխադարձ տեղադրությանը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/adam-elsheimer/die-flucht-nach-aegypten
  3. 3,0 3,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/images/221658
  5. Howard, Deborah (1992). «Elsheimer's Flight into Egypt and the Night Sky in the Renaissance». Zeitschrift für Kunstgeschichte. 55 (2): 212–224. doi:10.2307/1482611. JSTOR 1482611.
  6. Andrews, Keith (1977). Adam Elsheimer: Paintings, Drawings, Prints. Phaidon. ISBN 9780714815756.
  7. Когда живопись открыла млечный путь Արխիվացված 2007-09-21 Wayback Machine(գերմ.)

Գրականություն խմբագրել

Lien externe խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախուստ դեպի Եգիպտոս (նկար, Էլսհայմեր)» հոդվածին։