Փախուստ Սոբիբորից (անգլ.՝ Escape from Sobibor), ամերիկացի գրող Ռիչարդ Ռաշկեի փաստավավերագրական գիրքը՝ ստեղծված նացիստական Սոբիբոր մահվան ճամբարից փրկված մի քանի նախկին կալանավորների հուշերի հիման վրա։ Առաջին անգամ հրատարակվել է 1982 թվականին անգլերենով։

Փախուստ Սոբիբորից
անգլ.՝ Escape From Sobibor
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվավերագրական արձակ
ՀեղինակՌիչարդ Ռաշկե
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1982
ՏեսարանԼեհաստան
ՀրատարակչությունHoughton Mifflin
Հրատարակվել է1982

Գրքի հիման վրա 1987 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։

Նախապատմություն խմբագրել

Սոբիբորը եղել է օկուպացված Լեհաստանի տարածքում Ռեյնհարդ գործողության շրջանակներում հրեաների ոչնչացման նպատակով նացիստների կողմից ստեղծված երեք մահվան ճամբարներից ամենագաղտնին։ Այն գործել է 1942 թվականի մայիսի 15-ից մինչև 1943 թվականի հոկտեմբերի 15-ը։ Այդ ընթացքում ճամբարում սպանվել է շուրջ 250 հազար հրեա։

1943 թվականի հոկտեմբերի 14-ին ճամբարի շուրջ 300 կալանավորներ Կարմիր բանակի սպա Ալեքսանդր Պեչերսկու գլխավորությամբ ապստամբություն են բարձրացրել՝ սպանելով տասնյակ պահակների և իրականացնելով զանգվածային փախուստ։ Ճամբարից փախածների մեծ մասը զոհվել է, մինչ պատերազմի ավարտը կենդանի է մնացել տարբեր տվյալներով 53 կամ 47 մարդ։ Գրքի հրատարակության ժամանակ՝ 1982 թվականին, նրանցից կենդանի էին 46-ը[1]։

Բովանդակություն խմբագրել

Գիրքը կազմված է նախաբանից, 44 գլուխներից և վերջաբանից։ Հիմնական բովանդակությունը բաժանված է չորս մասի՝

  • Կալանավորները (գլուխ 1-18)
  • Փախուստ (գլուխ 19-31)
  • Անտառ (գլուխ 32-37)
  • Անձնական ճակատագրեր (գլուխ 38-44)

Առաջին բաժնում հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես են կալանավորները հայտնվել ճամբարում, ինչպես են նրանցից շատերը փրկվել մահվանից առաջին ժամերի ընթացքում և ինչպես են պահպանել իրենց գոյությունը ճամբարի այս կամ այն ծառայողական ենթակառույցներում։ Ճամբարի կյանքի նկարագրության հետ միասին ներկայացվում են նաև նրա հետ կապված պատմական փաստեր։ Մասնավորապես Ռաշկեն ներկայացնում է լեհական դիմադրության մասնակից Յան Կարսկու առաքելությունը, ով փորձում էր դաշնակիցներին հասցնել տեղեկություններ գետտոների ու մահվան ճամբարների մասին[2]։

Երկրորդ բաժնում Ռաշկեն ներկայացնում է ճամբարից փախչելու մի քանի փորձ, որոնք ավարտվում են մահապատիժներով։ Մնացողները վախենում էին, որ ճամբարը շուտով կփակվի, իսկ իրենց բոլորին կոչնչացնեն։ Իրադարձությունների ընթացքն արագացրեց Կարմիր բանակի զինվորներից վերցված ռազմագերիների էշելոնի ժամանումը 1943 թվականի սեպտեմբերի 23-ին։ Նրանցից ութսունն ընտրվել են աշխատանքի համար։ Լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկին ղեկավարել է ապստամբության ու փախուստի նախապատրաստությունը։ Հոկտեմբերի 14-ին, մի շարք պահակների հերթով ստիպելով մտնել ճամբարի շենք, կալանավորները սպանում են նրանց ու վերցնում զենքերը։ Շուրջ 300 կալանավորներ ջարդում են գլխավոր դարպասներն ու կրակոցների ներքո փախչում դեպի անտառ։

Երրորդ մասում հեղինակը նկարագրում է առանձին կալանավորների արկածները փախուստից հետո։ Հաջորդ օրը Պեչերսկին ինը նախկին զինվորականների խմբի հետ հեռանում է մյուս կալանավորներից և շարժվում դեպի արևելք՝ հույս ունենալով անցնել ռազմաճակատի գիծը[3]։ Մյուս կալանավորների մի մասը բռնվել է գերմանացիների կողմից կամ սպանվել հակասեմական լեհերի կողմից, իսկ մյուս մասը կարողացել է թաքնվել մինչև Լեհաստանի ազատագրումը Կարմիր բանակի կողմից։

Չորրորդ բաժնում Ռաշկեն ներկայացնում է պատերազմից հետո կենդանի մնացածների կյանքը։

Վերահրատարակումներ և արձագանքներ խմբագրել

Գիրքը բազմիցս վերահրատարակվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, մասնավորապես 1995[4] և 2012[5] թվականներին, ինչպես նաև այլ երկրներում[6]։ 2010 թվականին այն թարգմավել է ռուսերեն։ 1987 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։

Ռուսերեն հրատարակության առաջաբանում «Հոլոքոստ» գիտալուսավորական կենտրոնի աշխատակից Լեոնիդ Տերուշկինը նշում է, որ Ռաշկեն առաջինն էր, ով լայն հասարակության ուշադրությունը հրավիրել է Սոբիբոր ճամբարի ու այնտեղ տեղի ունեցած ապստամբության թեմայի վրա։ «Փախուստ Սոբիբորից» գիրքը մի շարք համալսարանների կողմից երաշխավորվում է որպես գրականություն Հոլոքոստի շրջանում հրեաների դիմադրության ուսումնասիրման համար[7][8]։

Յուրի Սոլոդովը «Лехаим» ամսագրում գրում է, որ Ռաշկեի գիրքը տալիս է կյանքի ճշմարտության զգացում, հատկապես ֆիլմի հետ համեմատած[9]։ Ամերիկացի հայտնի պատմաբան Յեհուդա Ռեյնհարցը (անգլ.՝ Jehuda Reinharz[10] Library Journal-ում գովաբանում է Ռաշկեին թեմայի նկատմամբ ցուցաբերած հիմնավոր մոտեցման համար։ Նրա կարծիքով՝ «գիրքը լավ է մշակված ու լավ գրված»[11]։

Kirkus Reviews-ի գրախոսականում, ընդհակառակը, քննադատվում է ոճը։ Նյութի հեղինակի կարծիքով՝ Ռաշկեի «կեղծ-վիպագրական» մոտեցումը ընդարձակ երկխոսություններով ու կենդանի մնացածների հետ զրույցների վրա կենտրոնացվածությամբ նվազեցնում է հավաստիությունը։ Իսկ պատմական փաստերը ներկայացնող բաժինները խանգարում են տեմպը և շեղում ընթերցողի ուշադրությունը[12]։

Պատմական Կարլ Շչուլկինը (անգլ.՝ Carl Р. Schulkin) նշում է Ռիչարդ Ռաշկեի թեզիսը, որ բերում է «Փախուստ Սոբիբորից» գրքի 1995 թվականի հրատարակության վերջաբանում. Ռաշկեն գրում է, թե Հոլոքոստի մասին գրող շատ հեղինակներ աղավաղում են իրական պատմությունը՝ հրեաներին պատկերելով սոսկ որպես զոհեր՝ «որպես հնազանդ հոտ՝ նման կոտորվելու գնացող ոչխարների»։ «Փախուստ Սոբիբորից» գիրքը մարտահրավեր է նետում այդ մոտեցմանը՝ հիշեցնելով նրանց մասին, ովքեր մարտնչել են ու պայքարել։ Շչուլկինը համաձայնում է Ռաշկեի բերած փաստարկների հետ և պատմություն դասավանդողներին կոչ անում վերանայել իրենց հայացքները, որ վերաբերում են հրեական դիմադրության դերին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рашке, 2010, էջ 285
  2. Рашке, 2010, էջ 57—73
  3. Рашке, 2010, էջ 181—183
  4. Richard Rashke. Escape from Sobibor. — University of Illinois Press, 1995. — 391 p. — ISBN 9780252064791
  5. Richard Rashke. Escape from Sobibor. — Open Road Media, 2012. — 416 p. — ISBN 9781453286258
  6. Rashke R. «Escape de Sobibor». Editorial Planeta. España. 2004
  7. «Young Adult Selections - Center for Holocaust & Genocide Studies» (անգլերեն). University of Minnesota — This list is compiled by Lillian Polus Gerstner, Executive Director - Holocaust Memorial Foundation of Illinois. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. Paul Shankman. (Spring 2013). «The Holocaust: An Anthropological Perspective» (PDF) (անգլերեն). University of Colorado. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. Солодов Ю. (2011). «Тюрьма, рождённая тюрьмой». Лехаим. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  10. «Jehuda Reinharz» (անգլերեն). Brandeis University. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. Reinharz Jehuda. Escape from Sobibor (Book)(անգլ.) // Library Journal. — 01-10-1982. — В. 17. — Vol. 107. — P. 1878.
  12. «Reviews: Escape from Sobibor» (անգլերեն). library.villanova.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. Carl R. Schulkin. «Escape From Sobibor: A Personal Review Essay» (անգլերեն). schulkin.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Рашке Р. Побег из Собибора = Escape from Sobibor / Пер. с англ. А. Свердлова. — М.: Полимед, 2010. — 288 с. — ISBN 588832-018-8

Արտաքին հղումներ խմբագրել