Պողոս Փալաբըյըքյան

հայ բժիշկ
(Վերահղված է Փալաբըյըքյան Պողոսից)

Պողոս Փալաբըյըքյան (ոչ վաղ քան 1880 և ոչ ուշ քան 1885, Կոստանդնուպոլիս - 1915), հայ բժիշկ։

Պողոս Փալաբըյըքյան
Ծնվել էոչ վաղ քան 1880 և ոչ ուշ քան 1885
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1880/1885 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի թաղային ազգային վարժարաններից մեկում։ 1912 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ 1912 թվականից Վանի նահանգի Վանի գավառի Արճեշ քաղաքի թաղապետական բժիշկ է աշխատել և թուրք ու հայ բնակչության հարգանքը վայելել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, զորակոչվել է օսմանյան բանակ և Համիդիե հեծելազորի զինվորական բժիշկ ծառայել։ Թուրք հրամանատարներից սիրված և հարգված է եղել համեստ բնավորության և բացառիկ ծառայությունների համար։ 1915 թվականի հունվարին Էնվեր փաշայի բանակը ծանր պարտություն է կրել Սարիղամիշի ռազմաճակատում, իսկ ինքը՝ Էնվերը փրկվել է սեբաստացի սպա Հովհաննես Ակինյանի և հայ զինվորների հերոսական ու անձնազոհ դիմադրության շնորհիվ։ Ի «հա­տու­ցում», Էնվերը հրամայել է օսմանյան բանակի հայ զինվորներին զինաթափել։

1915 թվականին Բաղեշի և Մուշի միջև ընկած մի անմարդաբնակ վայրում, մոտ 33 տարեկանում գնդակահարվել է գազազած թուրք հրամանատարի կողմից, որն իմացել է, թե բժիշկը վիրավոր թուրք զինվորների հետ միասին նույնպիսի հոգատար բժշկական օգնություն է ցուցաբերել նաև հայ զինվորներին։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։