Ցկյանս ուսումնառություն

«Շարունակական կրթություն» (ողջ կյանքի ընթացքում ուսումնառություն), հասկացություն, որը դարձել է ինչպես Արևմտյան երկրներում, այնպես էլ ազգային և միջազգային մակարդակներում կրթական քաղաքականության զարգացման հիմնարար նպատակ։

Պատմություն խմբագրել

Ողջ կյանքի ընթացքում ուսումնառության գաղափարն առավել ամբողջականացրել է առաջատար տեսաբան Փոլ Լենգրանդը, ով 1965 թ. ցկյանս ուսումնառության հայեցակարգը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Նրա մեկնաբանությունը հիմնված է մարդուն բոլոր ուսումնառական գործընթացների կենտրոնում դիտարկելու գաղափարի վրա։ Լենգրանդի տեսությունը նորովի է լուսաբանել ուսումնառության դերը՝ վերացնելով մարդկային կյանքի ավանդական բաժանումը կրթական, աշխատանքային և ետաշխատանքային փուլերի և կարևորելով ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառության գործընթացը, որտեղ զուգորդվում են մարդկային գործունեության անհատական և սոցիալական կողմերը։

Իսկ արդեն 1980-ականներին ՑՈՒ-ն որպես ազատ, արդար և ժողովրդավարական հասարակության զարգացման միջոց է դիտարկվել՝ կոչ անելով հնարավորություն տալ հասարակության ոչ արտոնյալ անդամներին օգտվելու կրթության լայն հնարավորություններից և, ըստ այդմ, բարելավելու իրենց կյանքի որակը։ Այսպես, «Ցկյանս ուսումնառություն» հասկացության զարգացումն ու գործնական կիրառությունը լրջորեն (որոշ գնահատականներով՝ արմատապես) փոխել է կրթության, այդ թվում նաև համալսարանական կրթության տեսությունն ու պրակտիկան։ Կարելի է ասել, որ մինչև 1996 թվականը Եվրոպայում համալսարանական կրթությունը մեծ մասամբ էլիտար էր, բուհ ընդունվողների թիվը սահմանափակված էր ընդունելության ընթացակարգով, ընդ որում՝ ուսանողների ընտրությունը խիստ էր ոչ միայն ընդունելության, այլև սովորելու ընթացքում։ Ըստ էության՝ մարդը կարող էր համալսարանական կրթություն ստանալ միայն որակավորման և մտավոր ունակությունների որոշակի աստիճան ունենալու դեպքում, ինչը շատ հաճախ նշանակում էր պատկանելիություն հասարակության որոշակի շերտին։ Այս երևույթը հիմք հանդիսացավ հիմնական շեշտը մասսայականության և բոլորի համար կրթության գաղափարների իրականացման վրա դնելու համար։

Միաժամանակ, ՑՈՒ գաղափարն իր արտացոլումը գտավ երեք հիմնական միջազգային կազմակերպությունների՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպական Խորհրդի փաստաթղթերում՝ հետևյալ վերնագրերով. «պարբերական կրթություն», «մշտական կրթություն» և «մեծահասակների կրթություն»։

Այս փաստաթղթերի առանցքային գաղափարը մեկն էր՝ մշակել և ստեղծել ռազմավարություններ բոլորի համար ողջ կյանքի ընթացքում կրթության և ուսուցման հնարավորություններ ապահովելու նպատակով։ Այսպիսի մոտեցման արդյունքում գրեթե բոլոր եվրոպական երկրներն անցան մեծահասակների կրթությունից դեպի շարունակական կրթություն, այնուհետև՝ ողջ կյանքի ընթացքում ուսուցման ճանապարհը՝ բարձրագույն կրթության զարգացման և բարեփոխումների քաղաքականության մշակման գործընթացում հաշվի առնելով պատմական և սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները։

Ողջ կյանքի ընթացքում ուսումնառություն խմբագրել

Ողջ կյանքի ընթացքում ուսումնառությունը (անգլ.՝ life-long learning) ենթադրում է, որ մարդուն անհրաժեշտ է շարունակաբար սովորել, գիտելիքները, հմտությունները և կարողությունները թարմացնել ողջ կյանքի ընթացքում, ընդ որում՝ ոչ միայն բնական հաղորդակցության, կենսափորձի միջոցով (ինչն ինքնաբերաբար տեղի է ունենում յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում), այլև շարունակաբար գիտակցված բազմազան կրթական հնարավորություններ իրացնելու միջոցով։ Ողջ կյանքի ընթացքում ուսումնառելով՝ մարդիկ սովորում են նաև դպրոցական, նախնական ու միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունից դուրս՝ աշխատավայրում, համացանցում, թանգարաններում, հանրային կենտրոններում, մարզական ակումբներում և այլն։ Այս տեսակի ուսումնառությունը կոչվում է «ոչ ֆորմալ կրթություն» և կարող է իրականացվել ինչպես լսարանում, այնպես էլ դրանից դուրս՝ հարմարեցվելով տարբեր տարիքային խմբերի ուսումնական կարիքներին։ Ըստ այդմ, «ողջ կյանքի ընթացում» ուսումնառելը պետք է ընկալվի ոչ միայն որպես մարդու՝ կրթության մի մակարդակից կամ տեսակից մյուսին անցնելու և համապատասխան հմտություններ ձեռք բերելու գործընթաց, այլև որպես տարաբնույթ փոխկապակցված կրթական հնարավորությունների բարդ համակարգ։

Անցումը կրթության այսպիսի՝ ցկյանս ուսումնառության համակարգի, պահանջում է կրթության հանդեպ մոտեցման վերանայում՝ ներառյալ՝

  • կրթության տարբեր մակարդակների և ձևերի (օրինակ՝ հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն, հետբուհական կրթություն, մեծահասակների կրթություն, ոչ ֆորմալ կրթություն և ուսուցում) միջև շարժունության ճկունությունը.
  • այնպիսի մեխանիզմների ձևավորումը, որոնք դյուրին կդարձնեն յուրաքանչյուր անհատի շարժունակությունը ինչպես կրթության համակարգի ներսում, այնպես էլ կրթությունից դեպի աշխատաշուկա և հակառակը։

Համընդգրկուն ուսումնառություն խմբագրել

Համընդգրկուն ուսումնառությունը (անգլ.՝ life-wide learning) ենթադրում է մարդու կենսագործունեության շրջանակի ընդլայնում ուսումնառության միջոցով, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական հմտությունների ձեռքբերման, այլև կենսական կարևորություն ունեցող կամ պարզապես մարդուն հետաքրքրող կարողությունների ձեռքբերման միջոցով։ Ընդ որում՝ այդ ուսումնառությունը չպետք է սահմանափակվի միայն նոր գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորություններով։ Համընդգրկուն ուսումնառության շրջանակներում պետք է ճանաչվեն կրթության և ուսումնառության բոլոր ձևերն ու եղանակները՝ ընդգրկված լինելով մեկ ճկուն համակարգի մեջ, որտեղ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությամբ ձեռք բերված գիտելիքների ճանաչումը հավասարապես արժեքավոր և հավասարազոր է։ Եթե ուսումնառությունը «համընդգրկուն» է, ապա դրա կազմակերպման, կանոնակարգման, ֆինանսավորման և այլ հարցերը պետք է լինեն ինչպես կրթական այնպես էլ տնտեսական, երիտասարդական, սոցիալ-մշակութային, առողջապահության և զբաղվածության ոլորտները տնօրինող պետական և թե՛ ոչ պետական կառույցների իրավասությունների շրջանակներում։

Ցկյանս ուսումնառության իրավիճակը Հայաստանում խմբագրել

Ցկյանս ուսումնառության ոլորտը Հայաստանում հիմնականում հիմնված է ֆորմալ կրթության համակարգի վրա, որը ներառում է՝

  • հանրակրթությունը,
  • նախնական և միջին մասնագիտական կրթությունը,
  • բարձրագույն կրթությունը,
  • հետբուհական կրթությունը։

Միաժամանակ, յուրաքանչյուր վերոնշյալ կրթական մակարդակի համար «Կրթության մասին» Հայաստանի օրենքը նախատեսում է նաև լրացուցիչ կրթություն։ Սակայն ցկյանս ուսումնառության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է նաև գործազուրկների՝ ոչ ֆորմալ հանդիսացող, մասնագիտական ուսուցումը, որը կարգավորվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի օրենքով (2005 թ.)։

Ոչ ֆորմալ կրթության օրինակներ են՝

  • կազմակերպություններում աշխատողների համար իրականացվող վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները.
  • մասնագիտական ու ոչ մասնագիտական ուսուցման դասընթացները, որոնք իրականացվում են ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններում, այդ թվում՝ պետական ուսումնական հաստատություններում.
  • տարբեր միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի կողմից իրականացվող թիրախային դասընթացները, այդ թվում՝ բարեգործական բնույթի.

տարաբնույթ նախապատրաստական դասընթացները, այդ թվում՝ մասնավոր կրկնուսույցների գործունեությունը։

Ցկյանս ուսումնառության համակարգի բաղադրիչներ են նաև մասնագիտական ու ոչ մասնագիտական ուսումնական գործունեության բազմաթիվ այլ տեսակներ, որոնք ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության և ուսուցման վերը նշված տեսակներին զուգահեռաբար, Հայաստանում իրականացվում են բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների կողմից, ինչպես նաև քաղաքացիների ինքնակրթության միջոցով (ինֆորմալ ուսումնառություն)։

Այսպիսով, խոսելով Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության համակարգի մասին, անհրաժեշտ է նկատի ունենալ ուսումնառության բոլոր տեսակները՝ ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ, մասնագիտական և ոչ մասնագիտական՝ ներառյալ ինչպես տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից մատուցվող ծառայությունները, այնպես էլ անձանց ինքնակրթությունը։ Այս դաշտում չկարգավորվածության տեսանկյունից հատկապես առանձնանում է ոչ ֆորմալ կրթությունը, որի արդյունքների գնահատման համար գործնականում բացակայում է նաև պետական քաղաքականությունը։

Հայաստանում ցկյանս ուսումնառության առկա հիմնախնդիրները պայմանավորված են մի շարք գործոններով, որոնցից իրենց ազդեցությամբ հատկապես առանձնանում են՝

  • ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գիտական ու տեխնոլոգիական արագընթաց փոփոխությունները,
  • Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը,
  • երկրում աշխատաշուկայի ընթացիկ և կանխատեսվող պահանջների վերաբերյալ տվյալների անբավարարությունը,
  • ցկյանս ուսումնառության ներդրման ու զարգացման համար անհրաժեշտ պայմանների (այդ թվում՝ իրավական դաշտի, ենթակառուցվածքների, մասնագիտական և մեթոդական ապահովման, պետության ու հասարակության անհրաժեշտ վերաբերմունքի) անբավարարությունը,
  • ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) համակարգի ոչ բավարար ձևավորվածությունը,
  • կրթական համակարգի ոչ բավարար ճկունությունը,
  • ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքում ձեռք բերված գիտելիքների ու կարողությունների ճանաչման մեխանիզմների բացակայությունը,
  • անբավարար ֆինանսավորումն ու առկա ռեսուրսների ոչ միշտ արդյունավետ օգտագործումը,
  • ցկյանս ուսումնառության խնդիրներին հասարակության տեղեկացված և հոգեբանորեն նախապատրաստված չլինելը։

Այս խնդիրները բարդացնում ու հակասական են դարձնում ներկա իրավիճակը, ինչն էլ ավելի է խոչընդոտում կրթություն և ուսուցում իրականացնող հաստատությունների ընդհանուր համակարգի բարելավումը։ Ավելին, ցկյանս ուսումնառության ոլորտում (բացառությամբ հանրակրթության և մասնակիորեն՝ մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի) որոշված և լիարժեք ձևավորված չեն կրթություն և ուսուցում մատուցող ենթակառուցվածքները։

Շատ տեղերում կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները չունեն պահանջվող ժամանակակից նյութատեխնիկական բազա, արդիական ուսումնամեթոդական փաստաթղթեր, ձեռնարկներ, երաշխավորություններ, ուսուցումն իրականացնում են հին դասագրքերով, ձեռնարկներով կամ դասավանդողների կողմից մշակված ուսումնական նյութերով, որոնք հաճախ չեն համապատասխանում ուսուցանվողների կամ աշխատաշուկայի պահանջներին։

Ցածր է նաև ցկյանս ուսումնառության ոլորտում ընդգրկված դասավանդողների մասնագիտական որակական հատկանիշները, իսկ նրանց վերապատրաստման կամ որակավորման բարձրացման դասընթացներ կազմակերպող կառույցները դեռևս լիարժեք ձևավորված չեն, ինչն ի վերջո հանգեցնում է ուսուցման ոչ բավարար արդյունքների։ Մտահոգիչ հանգամանք է նաև դասավանդողների միջին բարձր տարիքը (55 տարեկան)։

Թեև Հայաստանի Հանրապետությունում արդեն շուրջ երեք տարի է, ինչ աշխատանքներ են տարվում Որակավորումների ազգային շրջանակ մշակելու ու ներդնելու ուղղությամբ, սակայն վերջինս դեռևս բացակայում է, իսկ երկրի աշխատաշուկայում գոյություն ունեցող զբաղմունքների նկարագրերը և կրթական համակարգի շրջանավարտների որակավորումների բնութագրերը լիարժեք չեն բավարարում միջազգային, և հատկապես եվրոպական, պահանջներին։ Դրանք միանշանակ չեն կարող հիմք հանդիսանալ որակավորումների փոխճանաչման համար, քանի որ այս որակավորումների՝ գիտելիքների և հմտությունների նկատմամբ պահանջները ամրագրված չեն որևէ օրենքում, իրավական ակտերում կամ մեթոդաբանական փաստաթղթում և պայմանավորված չեն աշխատաշուկայի պահանջարկով։ Այսպիսի իրավիճակը հանգեցնում է անորոշության՝ կապված մասնագիտական ուսուցման պահանջների հետ, ինչպես նաև կրթության ցածր մակարդակի, որը ամբողջությամբ չի բավարարում աշխատաշուկայի պահանջարկը և խոչընդոտում է զբաղվածության մակարդակի աճը և առհասարակ տնտեսական զարգացումը։

Հայաստանի Հանրապետության ներկայիս կրթական համակարգի խիստ կենտրոնացվածության արդյունքում ցկյանս ուսումնառության ոլորտում բավարար զարգացած չէ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը, որոնց ձևավորման համար անհրաժեշտ են մեծ թվով գործընկերների՝ կառավարության, սոցիալական գործընկերների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության լայն խավերի համագործակցություն։ Միաժամանակ, կրթական գործընթացը դեռևս ուսանողակենտրոն չէ և հաճախ բխում է ֆորմալ պահանջների վրա հիմնված մոտեցումներից։

Այնուամենայնիվ, անկախ վերը նշված խոչընդոտներից և ոլորտի՝ դեռևս չլուծված հիմնախնդիրներից, ցկյանս ուսումնառության կարևորության ճանաչումն ու գործնական կիրառումը Հայաստանում առաջնահերթ խնդիր է մի քանի պատճառով՝

  • աշխարհը շարժվում է դեպի գիտելիքի հասարակարգ և տնտեսություն։ Ժամանակին համընթաց քայլելու, տեղեկատվություն և գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը, այդ ռեսուրսներն օգտագործելու հմտության ու մոտիվացիայի հետ մեկտեղ, անհրաժեշտ է Հայաստանի մրցունակությունն ուժեղացնելու, աշխատուժի ճկուն համակերպման, ինչպես նաև զբաղվածության բարելավման համար.
  • մեր հասարակությունն ապրում է բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական ժամանակաշրջանում՝ ստիպված լինելով արագ հարմարվել կյանքի փոփոխվող պահանջներին։

Աղբյուրներ խմբագրել