Ցեղասպանության հոգեբանական հետևանքները
Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում թուրք ջարդարարների կատարած հայերի ցեղասպանությունը հայ ժողովրդին հասցված անասելի մարդկային կորուստներից, հայ մշակույթին հասցված վիթխարի վնասից բացի հոգեբանական ու սոցիալ-հոգեբանական խոր ազդեցություն գործեց նաև հայ ազգի կյանքի ամենատարբեր կողմերի հետ։ Այդ ազդեցության սևեռումը հայերի ոչ միայն ընդհանուր, այլև սոցիալական, քաղաքական, էթնիկ, ու քրեածին հոգեբանության վրա առաջադրում է մի շարք կոնկրետ հարցեր և պահանջում հստակ ընդհանրացումներ։ Հայերի ցեղասպանության հոգեբանական հետևանքները անբավարար են հետազոտված։ Այդ խնդրին են նվիրված արտասահմանյան հայ հետագոտոդներ Ա. Պոդոսյանի, Լ. Բոյաջյանի, Վ. Տատրյանի, Ա. Գրիգորյանի մի քանի աշխատություններ։
Համաշխարհային գիտության մեջ ձևավորվել է բնական երևույթների (երկրաշարժ, ջրհեղեղներ, փոթորիկներ և այլն), տեխնոլոգիական (արտադր. օբյեկտների խոշոր վթարներ, զանգվածային թունավորումներ և այլն) վթարների հոգեբեբանական հետևանքներն ուսումնասիրող մի ուղղություն՝ վիկտիմոլոգիան (լատին․՝ victima զոհ)՝ գոհաբանությունը, որն ընդգրկում է նաև ցեղասպանության հետևանքների ուսումնասիրությունը։ Մարդկանց զանգվածային ոչնչացման, ինչպես նաև այդ ցնցումն ապրած բնակչության սոցիալ-հոգեբանակաան խնդիրները հետազոտված են արտասահմանյան մի շարք հոգեբանների, հոգեբույժների ու սոցիոլոգների (Ա. Բոմ, Ո. Բոլին, է. Քուարենտելի, Ո. Քիսթ և ուրիշներ) աշխատություններում։ Հայերի ցեղասպանությունը անմիջական ու հեռավոր հետևանքներ է թողել հայ ազգի կենսագործունեության, հոգևոր կերտվածքի ու բնավորության, սերունդների հետագա ողջ սոցիալական գործունեության, նրա իղձերի ու ձգտումների վրա։ Դեռևս մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները հայ ժողովրդի հոգեկան ու հոգեբանական կերտվածքի մեջ ձևավորվել էին հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններով, նախ և առաջ, պետականության վաղ կորստով և օտարերկրյա տևական տիրապետությամբ պայմանավորված գծեր, օրինակ, սեփական անձի ապահովությանը սպառնացող մշտական վտանգի, իր իսկ հայրենիքում ազգային արժանապատվության ու կրոն, համոզմունքների խոցելիության զգացողությունը։ Դարեր շարունակ հայերի հոգեբանությանը, անկախ նրանց սոցիալական, կրոն, և տարիքային պատկանելությունից. հատուկ են եղել այդ զգացումները, որոնց ամբողջականությունն էլ ձևավորել է հայերի հավաքական և անհատական վարքագիծը։ Դրանցով են պայմանավորված հայ ժողովրդի բուռն ընդվզումը ճնշողների դեմ, նրա համառ ազատագրական ձգտումները։ Ցեղասպանության հոգեբանական հետևանքները մի տևական բարդ գործընթաց է, որը մշտապես հղի է հայերի զգացմունքների և մտածողության մեջ՝ նախատեսելի և աննախատեսելի փոփոխություններով։
Ցեղասպանության անմիջական հետևանք է ֆիզիկապես բնաջնջվելու հավաքական վախ ը, որը հաճախ վերածվել է ախտաբանական վախի, խելացնոր զգայախաբությունների, մղձավանջների, մոտալուտ ջարդի սպասումի կամ խուճապահար փախուստի։ Սա հատկապես վերաբերում է ցեղասպանություն և տեղահանություն ապրած սերնդին։ Մյուս կողմից, սակայն, այդ նույն զգացումները նպաստել են հայերի պաշտպանական եռանդի ուժեղացմանը, նրան մղել ինքնապաշտպանության։ Ինքնապաշտպանությունը իր բոլոր ձևերով բնական օրինաչափություն է՝ պայմանավորված ապրելու, սեփական ընտանիքը, ազգային իրավունքներն ու արժեքները պաշտպանելու ձգտումով ու վճռականությամբ։ Ինքնապաշտպա նության դիմելիս հայ ժողովուրդը հենվել է իր ազգային-հոգեբանական ու բարոյա-կամային հատկությունների, ավանդույթների և մարտունակության կենսափորձի վրա։
Հայերի հոգեկան աշխարհի վրա իր բացասական ազդեցությունն է ունեցել հայերի մի որոշ մասի բոնիկրոնափոխությունը մահմեդականացումը։ Ջարդերի ընթացքում բազմաթիվ հայերի բռնի հրաժարեցրել են իրենց դավանանքից։ Հաճախ դա եղել է կյանքը փրկելու միակ միջոցը։ Եվ, այդուհանդերձ, հայասպանությունը չի սասանել հայ ժողովրդի հավատարմությունն իր բազմադարյան ազգային կրոնին քրիստոնեությանը։
Ցեղասպանության անմիջական հետևանք է նաև հայ ազգի վրիժառության զգացումը ջարդարարների ու դահիճների նկատմամբ։ Այդ զգացումը միաժամանակ հայերի ազգային ինքնագիտակցության նոր զարթոնքի արտահայտությունն է։ Հոշոտված, հուսահատության դուռը հասած ժողովուրդը ծնունդ տվեց ոչ միայն հերոս անհատների, այլև ինքը, անցնելով արհավիրքների, ջարդերի, հոգեկան տվայտանքների բովով, կռեց սեփական անմեղության, ոտնահարված արդարության գիտակցումից զորացող վրիժառության կամքը։
Ցեղասպանության հեռավոր հետևանքներից է ժողովրդի պատմական հիշող ու թյան նոր շերտի առաջացումը, որում նստվածք են տվել ու արմատներ նետել ցեղասպանության հետ կապված բոլոր երևույթները, ահավոր կորուստների, ավերված տների անհատնում ցավը, ապրածի մղձավանջը, սերնդի կրած արհավիրքը, բազմահազար որբերի ու հարազատների չհատուցված ատելությունը ջարդարարների հանդեպ։ Իր ծագումով, բնույթով ու բովանդակությամբ այս հետևանքն աչքի է ընկնում խոր գգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ։ Սերնդից սերունդ հաղորդվող պատմական հիշողությունը ցեղասպանության իրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի գիտակցականի և անգիտակցականի ոլորտներում, որը նրան դարձնում է դյուրազգաց սեփական ազգային արժանապատ վության նկատմամբ ամեն մի ոտնձգության, իր իրավունքների ամեն մի ոտնահարման հանդեպ։ Դա հատկապես հստակ դրսևորվեց ադրբեջանցի ծայրահեղականների կազմակերպած Սումգայիթի (1988 թվականի փետրվարին) և Ադրբեջանի այլ վայրերի, Բաքվի (1990 թվականի հունվարին) հայերի ջարդերի ժամանակ, որոնք ժողովրդի հիշողության մեջ արթնացրին նրա ոչ հեռավոր անցյալի մռայլ էջերը։ Միաժամանակ ժողովրդի պատմական հիշողությունը, մասնավորապես կապված հայերի ցեղասպանության իրադարձությունների հետ, նպաստեց հայերի ազգային համախմբման գործընթացին, իրենց ինքնությունը պահպանելու, սոցիալ-տնտեսական ոլորտներում և հոգևոր կյանքում վերածնության ու ինքնահաստատման հասնելու նրանց ձգտմանը։ Հայերի զանգվածային ցեղասպանությունը, իրականացված տարբեր ժամանակներում, միջազգային լայն արձագանք գտավ։ Մարդկային կարեկցանքը, համերաշխության ոգին, բարոյական ու նյութ, օգնությունը, հայանպաստ ելույթները, միջազգային օրենսդրության նորմերի գործադրումը թուրք ջարդարարների նկատմամբ ոչ միայն մարդասիրական զգացմունքների դըրսևորում էին, այլև նպաստեցին հայերի գիտակցության մեջ այն համոզմունքի ձևավորմանը, որ հայ ժողովրդի ճակատագիրը, հայկական հարցը պետք է պահել միջազգային հարաբերությունների ոլորտում, պետք է գտնել արդարացի լուծում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |