Ջոխար և Թամերլան Ցարնաևներ

(Վերահղված է Ցարնաև եղբայրներից)

Ջոխար Անզորովիչ Ցարնաև (չեչЦарнаев Анзор-кIант ДжовхΙар, ռուսДжохар Анзорович Царнаев, անգլDzhokhar Anzorovich Tsarnaev, ծնվ.՝ հուլիսի 22, 1993) և Թամերլան Անզորովիչ Ցարնաև (չեչЦарнаев Анзор-кIант Тамерлан, ռուսТамерлан Анзорович Царнаев, անգլTamerlan Anzorovich Tsarnaev, հոկտեմբերի 21, 1986ապրիլի 19, 2013), 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ մեղադրվող ամերիկաբնակ չեչեն եղբայրներ[1][2][3]։ Պայթյունների պատճառով սպանվել էր 3 և վիրավորվել 264 մարդ[4]։

Թամերլան (ձախից) և Ջոխար Ցարնաևները

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից ահաբեկչական գործողության կասկածյալների կարգավիճակ ստանալուց և լուսանկարների հրապարակումից հետո, եղբայրները ենթադրաբար արդեն սպանել էին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ոստիկանության սպայի, գողացել ամենագնաց ավտոմեքենա և Բոստոնի Ուոթերթաուն արվարձանում կրակահերթի բռնվել ոստիկանության գնդերի հետ։ Կրակահերթի ժամանակ ոստիկաններից մեկն ստանում է ծանր վնասվածք, իսկ ավագ եղբայր Թամերլանն սպանվում է։ Նույն ժամանակահատվածում հրազենային վնասվածք է ստանում նաև Ջոխարը, սակայն կարողանում մեքենայով հեռանալ տեղամասից։ Հայտարարված մարդաորսի ժամանակ ոստիկանության հազարավոր աշխատակիցներ ձեռնամուխ են լինում կրտսեր Ցարնաևի ձերբակալման աշխատանքներին։ Ապրիլի 20-ին ոստիկանությանը հաջողվում է բերման ենթարկել Ցարնաևին, ով զինաթափված թաքնվել էր բնակիչներից մեկի տան բակում գտնվող նավակի մեջ։ Ձերբակալումից հետո ծանր հրազենային վնասվածքներ ստացած Ցարնաևին տանում են հիվանդանոց։ Ավելի ուշ հայտարարվում է, որ Ցարնաևը որոշում է հանձնվել, երբ բանակցող սպան մեջբերում է ըմբշամարտի նախկին մարզչի՝ դիմադրությունը դադարեցնելու մասին հրապարակային աղերսանքները[5]։

Նախնական հարցաքննությանը Ջոխար Ցարնաևը մասնակցում է իր հիվանդասենյակից՝ հեռուստահամաժողովի ռեժիմով։ Ապրիլի 22-ին կրտսեր Ցարնաևին առաջադրվում են մեղադրանքներ 30 կետով[6], ներառյալ՝ զանգվածային ոչնչացման զենքի կրում, հանրային գույքի ծրագրված ոչնչացում՝ մահվան ելքով և մի շարք այլ մեղադրանքներ[7]։ 2015 թվականի ապրիլի 8-ին դատարանն հաստատում է Ցարնաևի մեղքը բոլոր կետերով և նույն թվականի մայիսի 15-ին դատապարտում նրան մահապատժի[8]։ Ըստ փաստաթղթերի, հարցաքննության ժամանակ Ցարնաևը նաև պնդել է, որ գործողությունն հաջող կատարելու դեպքում ուղևորվելու էին Նյու Յորք և ռմբակոծության էին ենթարկելու նաև Թայմս Սքուերը։ Ջոխարը նաև նշում է, որ նա և Թամերլանը (առնվազն ինչ-որ չափով) ծայրահեղականացվել էին դիտելով ամերիկյան եմենցի ծայրահեղական իսլամիստ Անվար ալ-Ավլակիի առցանց դասախոսությունները[9] ։

2013 թվականի ապրիլի 23-ին ամերիկյան «ABC» հեռուստաալիքով հայտարարվում է, որ Թամերլան Ցարնաևը եղել է 2011 թվականին Ուոլթեմ (Մասաչուսեթս նահանգ) քաղաքում Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության 10-ամյա տարելիցի օրը սպանված երեք զոհերից մեկի մոտ ընկերը, և իշխանությունները ենթադրում էին, որ Ցարնաևն ինչ-որ կապ է ունեցել կատարվածի հետ։

Եղբայրների տարիքային տարբերությունը կազմել է 7 տարի։ Ցարնաևների ընտանիքը Միացյալ Նահանգներ է գաղթել 2002 թվականին։ Թամերլանը ծնվել է Կալմիկիայի ԻԽՍՀ-ում, իսկ Ջոխարը՝ Ղրղզական ԽՍՀ-ում։ Եղբայրները հայրական կողմից ունեն չեչենական, իսկ մայրական կողմից՝ ավարական ծագում[10]։ Թամերլանը եղելը հեռանկարային բռնցքամարտիկ, ով սակայն կյանքի վերջին տարիներին սկսել է տարվել ծայրահեղ իսլամիստական գաղափարներով։ Ռմբակոծության ժամանակ Ջոխարը սովորում էր Մասաչուսեթսի համալսարանում և 2012 թվականի սեպտեմբերի 11-ին ստացել էր Միացյալ Նահանգների քաղաքացիություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Օբսկուրա, Ատլաս. «Բոստոնյան ռմբակոծության մեջ կասկածվող անձնանց անունները՝ Ջոխար Ցարնաև, Թամերլան Ցարնաև». Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  2. Աբատ-Սանտոս, Ալեքսանդր (2013 թ․ ապրիլի 19). «Ո՞վ է Ջոխար Ցարնաևը՝ բոստոնյան մարդաորսի կենտրոնում հայտնված անձը». «Ատլանտիկ ուայր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Ժամանակացույց. հայացք Թամերլան Ցարնաևի անցյալին». «CNN». 2013 թ․ ապրիլի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  4. Քոթզ, Դեբորա (2013 թ․ ապրիլի 24). «Մարաթոնի վիրավորների քանակը նվազեցվել է մինչև 264». «Բոստոն գլոբ».
  5. «Հինգ բացահայտում «Ռոլինգ սթոունի»՝ բոստոնյան ահաբեկչի մասին արված հոդվածից». «Ռոլինգ սթոուն». 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Ջոխար Ցարնաև․ պայթյունների գլխավոր կազմակերպիչը Թամերլանն է եղել». «Սիվլինեթ». 2013 թ․ ապրիլի 20.
  7. «Միացյալ Նահանգներն ընդդեմ Ջոխար Ցարնաևի, գործ № 1:13-mj-02106-MBB» (PDF). «Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտ». 2013 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.()
  8. «Ցարնաևը մեղավոր է ճանաչվել բոլոր հոդվածներով, նրան մահապատիժ է սպառնում». «Այլուր». 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  9. «Բոստոնի ռմբակոծության կազմակերպիչները ներշնչվել են Անվար ալ-Ավլակիի գաղափարներով». «Հակադիֆամացիոն լիգա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. «Բոստոնի ահաբեկչություն՝ կասկածյալների մայր Զուբեյդաթն ասում է, որ այստեղ հավատք է գտել, այլ ոչ թե ահաբեկչություն». «Սթար». Տորոնտո. 2013 թ․ ապրիլի 28. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել