Ցամաքի հիդրոլոգիա, հիդրոլոգիայի բաժին, ուսումնասիրում է ցամաքի մակերևութային ջրերը։ Ցամաքի հիդրոլոգիան ստորաբաժանվում է պոտամոլոգիայի (ուսմունք գետերի մասին, լիմնոլոգիայի (լճագիտություն), ճահճագիտության և գլացիոլոգիայի (ուսմունք սառցադաշտերի մասին)։ Ցամաքի հիդրոլոգիան զբաղվում է ջրային հաշվեկշռի և հոսքի ձևավորման պրոցեսների ուսումնասիրությամբ, հիդրոլոգիական սարքերի կոնստրուկցիաների մշակմամբ, հիդրոլոգիական ռեժիմի կանխագուշակմամբ, գետային հոսքերի կառուցվածքի, ջրի քիմիական բաղադրության հետազոտությամբ և այլն։ Ցամաքի հիդրոլոգիան ընդգրկում է՝ հիդրոմետրիան, հիդրոլոգիական հաշվարկները և հիդրոլոգիական կանխագուշակումները, հիդրոֆիզիկան, հիդրոքիմիան, հիդրոգրաֆիան (ջրագրությունը)։ Ցամաքի հիդրոլոգիաի հիմնական մեթոդը հիդրոլոգիական ռեժիմի ստացիոնար ուսումնասիրությունն է կայանների հենակետային ցանցում։ Ցամաքի հիդրոլոգիայի՝ ջրային օբյեկտների և տարածքների հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ եզրակացությունները օգտագործվում են ջրատնտեսական միջոցառումների իրականացման համար (ջրամբարների և մելիորատիվ համակարգերի կառուցում, արդյունաբերական և կենցաղային ջրամատակարարում, ձկնատնտեսության զարգացում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։