Ցածր ֆունկցիոնալ աուտիզմ

Ցածր ֆունկցիոնալ աուտիզմ (ՑՖԱ), վերաբերում է աուտիզմ ունեցող այն մարդկանց, որոնք իմացական ոլորտի դժվարություններ ունեն։ Նշանները կարող են ներառել խաթարված սոցիալական հաղորդակցումը կամ փոխազդեցությունները, տարօրինակ վարքագիծը, սոցիալական և հուզական փոխադարձության անբավարարությունը։ Քնի խանգարումները, ագրեսիվությունը և ինքնավնասման վարքը ևս հաճախ հանդիպող դրսևորումներից են[1]։

Բնութագիր խմբագրել

Ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ սովորաբար «խանգարումներ ունեն հոգեախտաբանության բոլոր երեք ոլորտներում. փոխադարձ սոցիալական փոխազդեցություն, հաղորդակցում և սահմանափակ, կարծրատիպային, կրկնողական վարք»[2]։

Ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդկանց մոտ կարող են սոցիալական հմտությունների լուրջ խանգարումներ նկատվել։ Սա կարող է ներառել տեսողական (աչքի) կոնտակտի անբարարարություն, մարմնի լեզվի անհամարժեքություն և այլոց վարքերին և հույզերին հուզական կամ ֆիզիկական արձագանքի անբավարարություն։ Թվարկված սոցիալական հմտությունների անբավարարության հետևանքով նրանց համար կարող է բարդ լինել ուրիշների հետ հարաբերություններ ձևավորելը կամ պահպանելը[1]։

Ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձանց մոտ դրսևորվող հաղորդակցական խանգարումները (և՛ խոսքային հաղորդակցումը, և՛ մարմնի լեզվի անհամապատասխանությունը ոչ վերբալ աուտիզմի ժամանակ) ներառում են բառերի և արտահայտությունների կրկնողական գործածությունը և երևակայական խաղի հմտությունների բացակայությունը[1]։ Նրանք նաև կարողանում են պատասխանել ուրիշների կողմից խիստ ուղղորդված արտաքին սոցիալական ազդեցություններին։ Ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձնավորության մոտ յուրահատուկ վարքային խանգարումները կարող են ներառել կառչածությունը ոչ ֆունկցիոնալ ծիսակարգերից կամ ամենօրյա կենցաղային գործողություններից, կրկնողական շարժողական ֆունկցիաները, ինչպես օրինակ ձեռքերը թափահարելը կամ ողջ մարմնի ամբողջական շարժումները, արտասովոր իրերի կամ երևույթների նկատմամբ սահմանափակ կամ կախվածության հասնող հետաքրքրությունը։ Այլ նշանները կարող են ներառել տարվածությունը խաղային նյութերի ոչ ֆունկցիոնալ տարրերով, ինչպիսին է դրանց հոտը, մակերևույթը, կամ դրանց արձակած ձայնը[3]։

Պատճառներ խմբագրել

Աուտիզմի հստակ պատճառներն անհայտ են, սակայն համոզմունք կա, որ և՛ ժառանգական, և՛ միջավայրային գործոնները դերակատարում ունեն դրա զարգացման գործընթացում[4]։ Որոշ հետազոտություններ տարբեր կառուցվածքային առանձնահատկություններ են հայտնաբերել աուտիզմ ունեցող անձանց գլխուղեղում[1]։ Փորձարկումները կազմակերպվում էին բացահայտելու, թե արդյոք գլխուղեղի կառուցվածքային փոփոխություններն աուտիզմի բարդության աստիճանի հետ որևէ կապ ցույց տալիս են, թե ոչ։ Էլիայի և այլոց (2000) կողմից իրականացված մի հետազոտություն, որն օգտագործել է մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՏ) գլխուղեղի միջսագիտալային բաժնում, միջին ուղեղում, ուղեղիկի որդում, կոշտուկավոր մարմնում, և ուղեղիկի IV և VI բլթերում՝ չափելու համար ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող երեխաների գլխուղեղի յուրահատկությունները։ Արդյունքները վկայում են, որ միջին ուղեղի կառույցները կապված են զարգացման որոշակի վարքային կողմերի հետ, ինչպես մոտիվացիան է, հիշողության և սովորելու գործընթացները, սակայն հետագա հետազոտությունների կարիք կա հաստատելու այս արդյունքները[5]։ Ավելին, հետազոտությունը ցույց է տվել, որ զարգացման բազմաթիվ գործընթացներ կարող են նպաստել աուտիզմի ժամանակ գլխուղեղի խնդիրների տարբեր տեսակների առաջացմանը, այդ պատճառով նմանատիպ կառուցվածքային խանգարումների և աուտիզմի բարդության միջև կապի հիմնավորումը և ապացույցը բավականին դժվար է[1]։

Ախտորոշում խմբագրել

Աուտիզմի ախտորոշման ամենաարդի չափորոշիչներն ընդգրկված են Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրության ուղեցույցի 5-րդ վերանայված տարբերակում (DSM-5), որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից, և Հիվանդությունների միջազգային դասակարգչում (ՀՄԴ-10)՝ հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից[2]։

Աուտիզմի ախտորոշման չափորոշիչները ըստ Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրության ուղեցույցի 5-րդ վերանայված տարբերակի բաժանվում են բարդության երեք աստիճանի։ «3-րդ մակարդակը» բնութագրում է ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձնավորությանը։ Անձնավորության մոտ աուտիզմի 3-րդ մակարդակի ախտորոշման հատուկ չափանիշներն են հաղորդակցական հմտությունների ծանր խանգարումները (խոսքային և ոչ խոսքային), ոչ ճկուն վարքը, ծայրահեղ դժվարությունները փոփոխություններին հարմարվելու և ուշադրությունն ու կենտրոնացումը տեղափոխելու հարցերում։

Ցածր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման համար սահմանված չափորոշիչներ ցուցաբերած մարդիկ ըստ DSM-5 ստանդարտների «շատ զգալի աջակցության» կարիք կունենան։ Նրանք սոցիալական փոխազդեցությունների խիստ սահմանափակ ձևեր կնախաձեռնեն և կպատասխանեն ուրիշների միայն ուղղակի սոցիալական նախաձեռնություններին[3]։

ՀՄԴ-10 չափանիշները մանկական աուտիզմի ախտորոշման համար սահմանում են ոչ նորմալ կամ հապաղած զարգացում, որը պետք է ի հայտ գա մինչև 3 տարեկանը սոցիալական հաղորդակցման ժամանակ կիրառվող ընկալական կամ արտահայտչական խոսքում, ընտրողական սոցիալական կապվածություններում կամ փոխադարձ սոցիալական փոխազդեցություններում, ֆունկցիոնալ կամ սիմվոլիկ խաղում։ Հետազոտվողները պետք է ևս վեց այլ նշաններ ցուցաբերեն ախտորոշման երեք հիմնական ոլորտներում՝ կապված սոցիալական փոխազդեցությունների որակական խանգարումների, հաղորդակցման քանակական թերությունների, վարքի, հետաքրքությունների և գործունեության սահմանափակ/կրկնողական/կարծրատիպային նմուշների հետ։ ՀՄԴ-10 տարբերակում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ և ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդկանց՝ ավելացնելով մտավոր հետամնացության լրացուցիչ դասիչը[6]։

Թերապիա խմբագրել

Աճող և այլընտրանքային հաղորդակցում խմբագրել

Աճող և այլընտրանքային հաղորդակցումը կիրառվում է աուտիզմ ունեցող այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում բանավոր, խոսքով հաղորդակցվել։ Այն մարդիկ, որոնք խոսելու դժվարություններ ունեն, կարող են ուսուցանվել հաղորդակցման այլ ձևերի գործածության, ինչպիսին է մարմնի լեզուն, համակարգիչները, ինտերակտիվ սարքերը և նկարները[7]։ Նկարների փոխանակման հաղորդակցական համակարգը (PECS) հաճախ կիրառվող աճող և այլընտրանքային հաղորդակցման ձև է այն երեխաների և մեծահասակների համար, որոնք չեն կարողանում լավ հաղորդակցվել խոսքով։ Նրանք սովորում են՝ ինչպես նկարներն ու նշանները կապել իրենց զգացմունքների, ցանկությունների և դիտարկումների հետ և կարող են սովորել նախադասություններ կազմել և կապակցել դրանք իրենց ունեցած բառապաշարի շրջանակներում[8]։

Խոսքային-լեզվական թերապիա խմբագրել

Խոսքային-լեզվական թերապիան կարող է օգնել աուտիզմ ունեցող այն մարդկանց, որոնք կարիք ունեն զարգացնել հաղորդակցական հմտությունները[2]։ Ըստ

«Աուտիզմը խոսում է» կազմակերպության՝ «խոսքային-լեզվական թերապիան նախատեսված է համապատասխանեցնելու խոսքի մեխանիզմները խոսքի նշանակության և սոցիալական օգտագործման հետ»[8]։ Ցածր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ հնարավոր է չկարողանան հաղորդակցվել բանավոր խոսքով։ Խոսքի թերապիստները (լոգոպեդները) կարող են սովորեցնել ավելի արդյունավետ հաղորդակցվել ուրիշների հետ կամ աշխատել խոսքի բաղադրիչների զարգացման վրա[9]։ Խոսքի թերապևտը պլան է կազմում, որը կենտրոնացած է երեխայի կարիքների վրա։

Էրգոթերապիա խմբագրել

Էրգոթերապիան աուտիզմ ունեցող երեխաներին և մեծահասակներին սովորեցնում է ամենօրյա հմտություններ, որոնք օգնում են հաղթահարել առօրյա խնդիրները, ինչպես օրինակ անձնական հիգիենան և շարժումները։ Այդ հմտություններն այնուհետև տեղափոխվում են նրանց տուն, դպրոց կամ աշխատավայր։ Թերապևտները շատ հաճախ օգնում են այցելուներին իրենց միջավայրը հարմարեցնել իրենց հմտությունների մակարդակին[10]։ Թերապիայի այս տեսակը կարող է օգնել աուտիզմ ունեցող մարդկանց ավելի ներգրավված լինել իրենց միջավայրում[8]։ Էրգոթերապևտը պլանը կազմում է՝ հենվելով այցելուի կարիքների և ցանկությունների վրա և աշխատում է այդ նպատակների ձեռքբերման ուղղությամբ։

Զգայական ինտեգրացիա խմբագրել

Զգայական ինտեգրացիան օգնում է աուտիզմ ունեցող մարդկանց հարմարվել տարատեսակ զգայական ազդակներին։ Աուտիզմ ունեցողներից շատերը կարող են գերզգայուն լինել որոշակի ազդակների նկատմամբ, ինչպես օրինակ լույսերը և ձայները, ինչը նրանց չափազանցված արձագանքի պատճառ է դառնում։ Մյուսները կարող են չարձագանքել կոնկրետ ազդակի, օրինակ երբ մեկը խոսում է իրենց հետ[11]։ Թերապիաների շատ տեսակներ ներառում են խաղի տարբեր ձևեր, ինչպես ճոճանակները, ցատկարանները և այնպիսի խաղալիքները, որոնք օգնում են ներգրավվել զգայական ազդակների մեջ[8]։ Թերապևտները պետք է այնպիսի պլան կազմեն, որը կենտրոնացած լինի խթանման այն տեսակների վրա, որոնց մեջ անձը կարիք ունի ինտեգրվելու։

Կիրառական վարքային վերլուծություն (ԿՎՎ) խմբագրել

Կիրառական վարքային վերլուծությունը (ԿՎՎ) կենտրոնանում է անհատի վարքի փոփոխությունների վրա։ Մասնագետը պետք է հատուկ պլան կազմի, որն օգտագործում է վարքային ուսուցման տեխնիկաները, ինչպիսիք են դրական և բացասական խրախուսանքը, ժամանակի ընթացքում ավելացնելու կամ պակասեցնելու կոնկրետ վարքերը[12]։ Որոշ ուսուցանվող հմտություններ ներառում են սոցիալական, խաղային և հաղորդակցական կարողությունները[13]։

Դեղորայքներ խմբագրել

Աուտիզմի բուժման համար հատուկ ստեղծված դեղամիջոցներ չկան։ Դեղերը հիմնականում օգտագործվում են աուտիզմի հետ կապված այլ նշանների դեպքում, ինչպես դեպրեսիան է, տագնապայնությունը կամ վարքային խնդիրները[14]։ Դեղերը սովորաբար օգտագործվում են բուժման մյուս այլընտրանքային ձևերի ձախողումից հետո[15]։

Ֆունկցիոնալության պիտակների քննադատություն խմբագրել

Աուտիզմի հետ կապված իրավունքների բազմաթիվ ակտիվիստներ անհամաձայնություն են հայտնում «բարձր ֆունկցիոնալ աուտիզմ» և «ցածր ֆունկցիոնալ աուտիզմ» դասակարգումների գործածման վերաբերյալ, պնդելով, որ «ցածր ֆունկցիոնալ» պիտակը պատճառ է դառնում երեխայից քիչ սպասումների ձևավորման և նրան որպես նվազ կարողունակ դառնալու[16]։ Ավելին, ֆունկցիոնալության պիտակների քննադատները պնդում են, որ անձնավորության ֆունկցիոնալությունը կարող է օրից օր տատանվել, իսկ դասակարգումներն այս հանգամանքն ի նկատի չեն առնում[17][18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brambilla, P (2003). «Brain anatomy and development in autism: Review of structural MRI studies». Brain Research Bulletin. 61 (6): 557–569. doi:10.1016/j.brainresbull.2003.06.001.
  2. 2,0 2,1 2,2 «What is Autism, Asperger Syndrome, and Pervasive Developmental Disorders?». US Autism and Asperger Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «DSM-5 Diagnostic Criteria». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «Autism Spectrum Disorder: Fact Sheet». National Institute of Neurological Disorders and Stroke. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. Elia, M; Ferri, R; Musumeci, S; Panerai, S; Bottitta, M; Scuderi, C. «Clinical Correlates of Brain Morphometric Features of Subjects With Low-Functioning Autistic Disorder». Journal of Child Neurology: 504–508. doi:10.1177/088307380001500802.
  6. Strunecká, A (2011). Cellular and molecular biology of autism spectrum disorders. Bentham e Books. էջեր 4–5.
  7. «Augmentative and Alternative Communication (AAC)». American Speech-Language-Hearing Association.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «What Treatments are Available for Speech, Language and Motor Issues?». Autism Speaks. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. for you/parents-and-cares/pc speech and language therapy.aspx «Speech and Language Therapy». Autism Education Trust. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  10. fact sheet.ashx «Occupational Therapy's Role with Autism». American Occupational Therapy Association. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. Smith, M; Segal, J; Hutman, T (2007). «Autism Spectrum Disorders». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Applied Behavioral Strategies - Getting to Know ABA». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. «Applied Behavioral Analysis (ABA): What is ABA?». Autism partnership.
  14. National Institute of Mental Health. «Medications for Autism». Psych Central. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. Pope, J; Volkmar, F (2014 թ․ նոյեմբերի 14). «Medicines for Autism». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «More Problems with Functioning Labels». Ollibean (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. «Identity-First Autistic». Identity-First Autistic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. Amythest Schaber (2014 թ․ ապրիլի 3), Ask an Autistic #8 - What About Functioning Labels?, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին