Տ.Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան

Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը (ավազանի անունով Հակոբ) ծնվել է 1955 թ. Քեսաբում (Սիրիա)։ Ավարտել է տեղի Ուսումնասիրաց միացյալ վարժարանը, ապա միջնակարգ կրթություն ստացել Լիբանանում։

1972 թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան։ 1974 թ. ձեռնադրվել է սարկավագ եւ մեկ տարի հետո ավարտել ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ՝ «Պաշտամունքը ըստ Հայ Եկեղեցու կանոնների» թեմայով։ Այնուհետեւ մեկ տարի աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում եւ վեհարանի ընդունարանում։ 1977 թ. Վազգեն Վեհափառի կարգադրությամբ մեկնել է Գերմանիա՝ ուսանելու Ռեգենսբուրգի համալսարանում։ 1976 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ Գերմանիայում իր ուսումնառության չորս տարիների ընթացքում վարել է տեղի հոգեւոր հովվի պաշտոնը։ 1980 թ. ներկայացրել է վարդապետական թեզ՝ «Մեկնություն աստվածահայտնության» թեմայով եւ արժանացել մասնավոր վարդապետական աստիճանի։ 1983 թ. գրել եւ պաշտպանել է համալսարանի ավարտաճառը՝ «Ծննդոց գրքի հնագույն աղբյուրները» թեմայով։ 1985 թ. ներկայացրել է ծայրագույն վարդապետական թեզ՝ «Արարչագործությունը ըստ Յահվեական եւ քահանայական պատումների» թեմայով եւ ստացել ծայրագույն վարդապետի աստիճան։ 1984 թ. փետրվարին նշանակվել է Ուրուգվայի հայոց նորակազմ թեմի առաջնորդական տեղապահ, միաժամանակ ութ տարի շարունակ վարել է տեղի Ներսեսյան դպրոցի ընդհանուր տնօրենի պաշտոնը։ 1990 թ. հունիսին ընտրվել է թեմի առաջնորդ, նույն թվականի հոկտեմբերի 7-ին ձեռնադրվել եպիսկոպոս՝ ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա. Հայրապետի։ 1988 թ. իսպաներեն լեզվով հրատարակել է «Հայ Եկեղեցու պատմության եւ վարդապետության մասին» աշխատությունը՝ ձոնելով այն Վազգեն Ա. Վեհափառի ծննդյան 80-ամյակին։ 1994 թ. հրատարակել է Մարտին Լյութեր «Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը» աշխատությունը, իսկ 1995 թ. «Մեկնություն արարածոց», 2000 թ.` «Կոհելեթ կամ Գիրք ժողովողի» գործերը։2003 թ. սրբազանը հրատարակել է «Հավատի եւ բանականության հետքերով» վերնագրով հոդվածների ժողովածուն՝ նվիրնած Ս. Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրման 1700-ամյակին։ 2001 թ. հունիսին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետի կողմից արժանացել է արքության պատվի։