Տրաֆարետ, (իտալ․traforetto, < trafore — ծակծկել), մետաղե, փայտե, ստվարաթղթե, պլաստմասսայե կամ այլ նյութից պատրաստված թիթեղ, որում վերարտադրվող տառերին, նշաններին կամ նկարի տարրերին համապատասխանող տեղամասերը բաց են թողնում ներկը, իսկ բացատային տեղամասերը ներկի համար անթափանցելի են։ Տրաֆարետը կիրառվում է գովազդային պաստառների, փաթթոցային տարբեր շինվածքների տեքստի կամ պատկերազարդումների վերարտադրման համար։

Տրաֆարետային նախազգուշացնող նշան (Սինգապուր)

Գծագրական, գծագրաֆիկական աշխատանքներն արագացնող հարմարանք․ որը գծագրերում հաճախ կրկնվող դետալների կամ դրանց տարրերի, նշանների, պայմանական նշանակումների, տարբեր սխեմաների չափսերին և ձևին համապատասխանող անցքերով սկավառակ է։ Տարբերում են ընդհանուր (հեղույսների, պտուտակների, մանեկների, գամերի և այլ դետալների գծագրման համար), հատուկ նշանակման (ստանդարտային պրոֆիլներից հանգույցների ու տարրերի կոնստրուկցիաների, զսպանակների, առանցքակալների, ինչպես նաև էլեկտրական, հիդրավլիկական սխեմաների տարրերի նախագծման համար), գծագրահաշվարկային (պարունակում են մեխանիզմների հանգույցների և դետալների մշակման ժամանակ անհրաժեշտ զանազան ինֆորմացիա) տրաֆարետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։