Տրանսցենդենտ (լատին․՝ transcendent-այնկողմնային), միջնադարյան սխոլաստիկական փիլիսոփայությունից ժառանգված տերմին, նշանակում էր այն, ինչը գտնվում է փորձնական ճանաչողությանը մատչելի աշխարհից այն կողմ, իբրև ինքնուրույն և ինքնաբավ (այս իմաստով՝ բացարձակ) էություն, որը կարող է ճանաչվել միայն մտահայեցողական ճանապարհով։

Հակադրություն

խմբագրել

Տրանսցենդենտը հակադրվում է իմանենտին, որը թեպետև նույնպես անմիջականորեն տրված չէ փորձի մեջ, բայց ներհատուկ է առարկայական աշխարհի իրերին, ունի փորձնական դրսևորումներ և ճանաչելի է դրանց միջոցով։

Կիրառություն

խմբագրել

Իմանուիլ Կանտը «Տրանսցենդենտ» տերմինն օգտագործել է իմացաբանական առումով, բանականության գաղափարները (այսինքն, ըստ էության, սուբստանցին, հոգուն, աշխարհին, որպես ամբողջության, վերաբերող փիլիսոփայական գաղափարները) բնութագրվում են իբրև տրանսցենդենտ, եթե դրանք կիրառվելիս ըմբռնվում են որպես իրական առարկաների հասկացություններ։

Կարծիքներ

խմբագրել

Կանտի հետևողությամբ, XIX-XX դարերում տեսական բնագիտության և փիլիսոփայության մեջ սուբյեկտիվիստական էմպիրիզմի կողմնակիցները գտնում էին, որ փիլիսոփայության վերացական գաղափարներին (մատերիա, սուբստանց, պատճառականություն և այլն), ինչպես և բնագիտական տեսություններում փորձնական երևույթների բացատրության համար մուծվող վերացական էություններին (եթեր, ատոմ, քվարկ, բազմաչափ և անվերջչափանի տարածություն և այլն) երբեք չպետք է վերագրել բացարձակ օբյեկտիվ, ինքնուրույն, այսինքն՝ տրանսցենդենտ, գոյություն, այլ, քանի որ դրանք արտափորձային են, պետք է ընդունել որպես աշխատանքային միջոցներ (հիպոթեզներ) փորձի բացատրության համար։ Նրանք հետևողական մատերիալիստներին և իդեալիստներին կշտամբում էին տրանսցենդենտ էություններ ընդունելու համար։ Դիալեկտիկամատերիալիստական մեկնաբանությամբ, այդ գաղափարներն ու էություններն օբյեկտիվ, իրական բովանդակություն ունեն, բայց տրանսցենդենտ (ինքնուրույն և ինքնաբավ) չեն, որքանով որ կոնկրետի և վերացականի, երևույթի և էության, փորձի և տեսության միջև սահմանագիծը բացարձակ չէ, դրանց հարաբերությունը դիալեկտիկական է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։