Տրանսուրանային տարրեր, քիմիական տարրեր, որոնք պարբերական համակարգում գտնվում են ուրանից հետո (ատոմային թվերը մեծ են 92-ից)։ Բոլոր տրանսուրանային տարրերը սինթեզվել են միջուկային փոխազդեցությունների շնորհիվ (բնության մեջ հայտնաբերվել են միայն նեպտունիումի և պլուտոնիումի միկրոքանակություններ)։ Տրանսուրանային տարրերը ռադիոակտիվ են։ Ատոմային թվի մեծացմանը զուգընթաց դրանց կիսատրոհման պարբերությունը կտրուկ նվազում է։ 1932 թ. նեյտրոնի հայտնագործումից հետո կարծիք արտահայտվեց, որ նեյտրոններով ճառագայթվելուց ուրանից պետք է ստացվեն առաջին տրանսուրանային տարրերի իզոտոպները։ Եվ 1940 թ. Էդվին ՄաքՄիլանը և Ֆ. Էիբլսոնը միջուկային ռեակցիայի ստացան նեպտունիում (ատոմային թիվը՝ 93) և հետազոտեցին դրա կարևորագույն քիմիական ֆիզիկական հատկությունները։ Հենց այդ ժամանակ էլ կատարվեց մյուս տրանսուրանային տարրի՝ պլուտոնիումի հայտնագործությունը։ Երկու տարրերն էլ անվանվել են Արեգակնային համակարգի համանուն մոլորակների պատվին։