Տրամաբանական իմաստաբանություն
Տրամաբանական իմաստաբանություն, տրամաբանական սեմանտիկա, տրամաբանության բաժին, որի մեջ տրվում է լեզվական արտահայտությունների (և առհասարակ նշանային համակարգերի ու նրանց արտահայտությունների) նշանակության խնդրի հետ կապված հասկացությունների (իմաստաբանական հասկացությունների) տրամաբանական վերլուծությունը։ Տրամաբանական իմաստաբանությունը այսպիսով հանդես է գալիս իբրև մետատեսություն բուն իմաստաբանության նկատմամբ։ Իմաստաբանական հասկացությունների տրամաբանական վերլուծության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանք սկզբում մուծված լինելով բնական լեզուների օրինակով և ինտուիտիվ ակնհայտության չափանիշներով, կարիք ունեն հստակեցման ու ճշգրտման, այլապես դրանց գործառությունը կշռադատության մեշ առաջ է բերում տրամաբանական (այսինքն՝ ճշմարտային գնահատականի հետ կապված) դժվարություններ, որոնց մեծ մասը հայտնի է իմաստաբանական անտինոմիաներ (պարադոքսներ) անունով։ Այսպես, անվանման հարաբերության դեպքում ենթադրվում է «փոխարինելիության սկզբունքը» (եթե լեզվական երկու արտահայտություններ անվանում են միևնույն օբյեկտը, այսինքն՝ նույնական անուններ են, ապա նախադասության մեջ դրանցից մեկի տեղադրումը մյուսի փոխարեն չի փոխում նախադասությամբ արտահայտված դատողության ճշմարտային արժեքը), մինչդեռ պարզվում է, որ այս սկզբունքը համապարփակ չէ, մասնավորապես, չի գործում անուղղակի խոսքի մեջ։ Նույնպիսի տրամաբանական դժվարություններ են ծագում գոյության եզակի ասույթների, «դատարկ» անունների, փաստահակադրական ասույթների գործածության ժամանակ։ Հենց անունների նույնականության խնդիրն էր, որ Հոտլոբ Ֆրեգեին դրդեց տարբերակելու նշանակության երկու կողմեր՝ դենոտատ (նշանակյալ) և իմաստ։ Ռ․ Կառնապը զարգացրեց նշանակության այս տեսությունը՝ տարածելով լեզվական բոլոր արտահայտությունների վրա՝ ներառյալ անուղղակի խոսքը։ Ընդհանուր առմամբ այս ամենը կազմեց տրամաբանական իմաստաբանության մի հատուկ բաժին՝ «իմաստի տեսությունը», որի մեջ ճշգրտվում են «իմաստ», «իմաստավորություն», «հոմանիշություն» («իմաստով նույնական»), «տրամաբանական ճշմարտություն», «վերլուծական ճշմարտություն» և այլ հասկացություններ։ Նշանակման հարաբերության քննության ժամանակ («ռեֆերենցիայի տեսության» մեջ) ի հայտ բերվող տրամաբանական դժվարությունները դրդում են լեզվի մեջ տարբերակելու բուն լեզվական արտահայտությունների մակարդակը (օբյեկտ լեզու) և նրանց վերաբերող անունների ու տրամաբանական բնութագրությունների («ճշմարիտ է», «կեղծ է» և այլ պրեդիկատների, մոդալությունների և այլն) մակարդակը (մետալեզու)։ Տրամաբանական իմաստաբանության մեջ որպես մեթոդ կիրառվում է ձևականացված լեզուների կառուցումը։ Ավելին, մտքի լեզվական արտահայտության և նրա տրամաբանական կառուցվածքի տարամիտության հետևանքով, ինչպես ցույց է տվել Ա․ Տարսկին, իմաստաբանական հասկացությունների խիստ սահմանումներ հնարավոր է տալ միայն ձևականացված լեզուների համար, որոնց միջոցով արդեն կարելի է հստակեցնել ու ճշգրտել բնական լեզուների տրամաբանական կառուցվածքը։ Տրամաբանական իմաստաբանության մշակման գործում մեծ ավանդ են մուծել նաև Բերտրան․ Ռասելը, Կ․ Այդուկևիչը, Ս․ Լեսնևսկին, Ու․ Քուայնը, Ջ․ Քեմենին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 74)։ |