Տնտեսական մոդել, տնտեսական զանազան երևույթների ու գործընթացների բանաձևված նկարագիր։

Տնտեսական մոդելները հնարավորություն են ընձեռում վերանալու երկրորդական տարրերից և կենտրոնանալու համակարգի գլխավոր տարրերի ու վերջիններիս փոխադարձ կապերի վրա։ Տնտեսական մոդելները հանդես են գալիս որպես իրականության վերացարկված (աբստրակտ) արտացոլում և այդ պատճառով էլ չեն կարող լինել համընդգրկուն։

Դասակարգում խմբագրել

Տնտեսական մոդելները դասակարգվում են՝

  • ըստ ընդհանրացման աստիճանի (վերացարկված/աբստրակտ - տեսական և որոշարկված/կոնկրետ - տնտեսական)
  • ըստ որոշարկման (կոնկրետացման) աստիճանի
  • ըստ մասշտաբայնության (ընդգրկման աստիճանի)
  • ըստ տարրերի փոխկապակցման բնույթի
  • ըստ կառուցակարգման (ստրուկտուրիզացիայի) աստիճանի (փոքրաչափ և բազմաչափ)
  • ըստ ներառման աստիճանի (փակ և բաց)
  • ըստ այն ժամանակամիջոցի հաշվառման, որը որպես գործոն ազդում է երևույթների ու գործընթացների վրա
  • ըստ տարրերի փոխադարձ կապերի բնույթի։

Մակրոտնտեսագիտության բնագավառում տարածում գտած մոդելներ խմբագրել

Մոդելներից յուրաքանչյուրին հատկացվում է փոփոխականների երկու տիպ.

  • էկզոգեն փոփոխականներ — դրսից տրվող փոփոխականներ, որոնց իմաստն ու նշանակությունը տրվում են արտամոդելային կարգով
  • էնդոգեն փոփոխականներ — փոփոխականներ, որոնց իմաստն ու նշանակությունը ձևավորվում է մոդելի ներսում

Տրված փոփոխականները բաժանվում են երկու խմբի՝ 1. հոսքերի ցուցիչներ, 2. պահուստների ցուցիչներ։

  • Հոսքը այն ցուցանիշն է, որը բնորոշում է որոշակի ժամանակահատվածում առկա քանակությունը։
  • Պահուստը այն ցուցանիշն է, որը բնորոշում է որոշակի պահի, որոշակի ամսաթվին առկա քանակությունը։

Մոդելներ ստեղծելիս կիրառում են գործառութային կախվածությունների չորս տարատեսակ.

  • դեֆինիցիոն. սրանք արտացոլում են ուսումնասիրվող երևույթի կամ գործընթացի կառուցվածքը կամ բովանդակությունը
  • վարքային. սրանք ցույց են տալիս տնտեսական սուբյեկտների նախընտրելիությունը
  • տեխնոլոգիական. սրանք բնորոշում են տեխնոլոգիական կախվածությունները տնտեսության բնագավառում, արտացոլում են այն կապերը, որոնք որոշվում են արտադրության գործոններով, արտադրական ուժերի զարգացածության մակարդակով, գիտատեխնիկական առաջընթացով
  • ինստիտուցիոնալ. սրանք արտահայտում են ինստիտուցիոնալ կարգով սահմանված կախվածությունները, որոշում այն կապերը, որ առկա են տնտեսական այս կամ այն ցուցանիշների և տնտեսական գործունեությունը կարգավորող պետական ինստիտուտների միջև։

Ի տարբերություն միկրոտնտեսության՝ մակրոտնտեսության բնագավառում հսկայական դեր է խաղում ժամանակի գործոնը։ Բացի այդ, կարևոր նշանակություն է տրվում տնտեսական սուբյեկտների ակնկալիքներին։

Ակնկալիքների խմբեր խմբագրել

  • Ակնկալիք ex post- անցյալի կուտակված փորձի գնահատումը սուբյեկտների կողմից.
  • Ակնկալիք ex ante- տնտեսական իրավիճակի նախկին գնահատումները։ Արդի ժամանակներում առանձնացվում է ex ante ակնկալիքի երեք տեսակ՝ ստատիկ, ադապտիվ (հարմարողական, հարմարեցվող) և ռացիոնալ ակնկալիքներ։ Առաջինները գերազանցապես կիրառվում են քեյնսական, երկրորդները՝ մոնետարիստական, երրորդները՝ նոր դասական (նեոկլասիկ) համադրույթներում (կոնցեպցիաներում)։ Եթե ակնկալիքները ստատիկ են, նշանակում է՝ տնտեսական սուբյեկտները ապագայի համար կողմնորոշվում են կոնյուկտուրայի այն նույն պարամետրերով, որոնք գոյություն ունեն ներկայում։ Ադապտիվ ակնկալիքները կարելի է մեկնաբանել «սխալների վրա են սովորում» հանրահայտ ասացվածքով։ Այսինքն՝ տնտեսական սուբյեկտները իրենց գործելակերպը կարգավորում են՝ ելնելով անցյալի փորձից, ակնկալիքներում շտկումներ են կատարում՝ առաջին հերթին ելնելով անցյալի իրենց սխալ գնահատումներից, ապա՝ հաշվի առնելով նաև տնտեսական կոնյուկտուրայի ակնհայտ փոփոխությունները։ Կարելի է ասել, որ ադապտիվ ակնկալիքները վերաբերում են տնտեսական այնպիսի սուբյեկտների մեծ մասին, ինչպիսիք են տնային տնտեսությունները, մասամբ՝ նաև ֆիրմաները, այսինքն՝ նրանց, ովքեր բավարար ճշգրիտ տեղեկություններ չունեն տնտեսական կոնյուկտուրայի փոփոխությունների մասին։ Ռացիոնալ ակնկալիքների դեպքում ենթադրվում է, որ տնտեսական սուբյեկտները իրենց պլանները ձևավորում և գործելակերպը առաջ են տանում՝ ելնելով տվյալ պահին հասանելի ողջ տեղեկույթի վերլուծությունից։ Ռացիոնալ գործող սուբյեկտները ոչ միայն հաշվի են առնում անցյալում թույլ տրված սխալները, այլև հայացք են գցում ապագային։ Որոշումներ ընդունելիս հենվում են տնտեսության կառավարման մոդելի մասին իրենց պատկերացումների վրա և ի մի են բերում հասանելի ամբողջ տեղեկույթը սպասվող այն իրադարձությունների մասին, որոնք կարող են ազդել տնտեսական կոնյուկտուրայի վրա։ Դա նրանց հնարավորություն է ընձեռում անակնկալ ցնցումների բացակայության դեպքում բավականին ճշգրիտ կանխատեսել գալիք փոփոխությունները։ Արդյունքում ստացվում է, որ գների ապագա մակարդակի կանխատեսումները ձևավորելիս սուբյեկտները դա անում են հենց այն նույն կերպ, ինչպես որ շուկան է ձևավորում փաստացի գները։

Տնտեսական մոդելի ստեղծման փուլեր խմբագրել

  1. Տնտեսական մոդել ստեղծելիս առաջին հերթին փոփոխականների ընտրություն է կատարվում։ Տարբերակվում են Էկզոգեն և էնդոգեն փոփոխականները։ Էկզոգեն փոփոխականները տնտեսական մոդել են ներմուծվում դրսից և տրվում են առաջին հերթին, այսինքն՝ մոդելի ստեղծման սկզբնական փուլում։ Իսկ էնդոգեն փոփոխականներն ի հայտ են գալիս գլխավորապես մոդելի ստեղծման ընթացքում։
  2. Փոփոխականների ընտրությանը հաջորդում է զանազան թույլատրելիությունների որոշումը՝ տնտեսական մոդելը չբարդացնելու նպատակով։ Օրինակ՝ արտադրական հնարավորությունների կորագծի մոդելում դիտարկվում են արտադրվող ապրանքների ընդամենը երկու տեսակ, ռեսուրսների չփոփոխվող քանակություն և արտաքին տնտեսական կապերի բացակայություն։
  3. Այնուհետև իրականացվում է այն վարկածի առաջքաշումը, որը պետք է հաստատվի կամ ժխտվի տնտեսական մոդելով։ Տնտեսագիտության բնագավառում դա հակիրճ ձևակերպված առաջարկություն է, որտեղ փորձ է արվում բացատրելու, թե ինչ կապերով և ինչպես են միմյանց կապված էնդոգեն փոփոխականները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «МОДЕЛЬ БАУМОЛЯ—ТОБИНА». studepedia.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.(չաշխատող հղում)
  2. «Экономическая модель». www.grandars.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն խմբագրել

Вечканов Г. С., Вечканова Г. Р. Макроэкономика. — СПб.: Питер, 2008. — 240 с.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնտեսական մոդել» հոդվածին։