Տնտեսական ինտեգրացիան տնտեսական կյանքի միջազգայնացման ձև է, որը նկարագրվում է որպես արտադրողական ուժերի զարգացմամբ պայմանավորված օբյեկտիվ պրոցես։ Ուղղված լինելով տնտեսական հարաբերությունների ստեղծմանը և արտասահմանում մասնաճյուղերի հիմնադրմանը՝ միկրոմակարդակում այս գործընթացը իրականացվում է հարևան երկրների ինստիտուտների միջև։ Միջպետական մակարդակում ինտեգրացիոն գործընթացը պայմանավորված է պետությունների տնտեսական միությունների ձևավորմամբ և ազգային քաղաքականությունների համակարգմամբ։
Ինտեգրացման սոցիալ-տնտեսական էությունը, նպատակները, իրականացման մեթոդները և հետևանքները պայմանավորված են այն հասարակարգի բնույթով, որի պայմաններում իրականացվում է այն։ Տնտեսական ինտեգրումը, որպես տնտեսական կյանքի միջազգայնացման ձև, որը ձևավորվեց 20-րդ դարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հանդիսանում է ազգային տնտեսությունների ներգրավման օբյեկտիվ գործընթաց։ Այն ներառում է արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության, առևտրի, տնտեսական և դրամավարկային կապերի զարգացում, քաղաքական և տնտեսական բնույթի տարբեր միջպետական միությունների, տարածաշրջանային տնտեսական խմբերի, ազատ առևտրի գոտիների, մաքսային միությունների, տնտեսական և արժութային միությունների ստեղծում։

Տնտեսական կյանքի միջազգայնացումն այսօր լայն, համապարփակ բնույթ է ստանում։ Տնտեսությունների փոխկապվածությունն ավելի զգալի է դառնում, փոխկապվում են արտադրության, կրթության և գիտության, արտադրական ռեսուրսների օգտագործման, կադրերի պատրաստման, արժութային հարաբերությունների կարգավորման, բնապահպանական հիմնախնդիրների համատեղ լուծման ոլորտները։ Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը, վերազգային կորպորացիաների գործունեության մասշտաբների աճը ավելի են ուժեղացնում տնտեսական կյանքի փոխկապվածության գործոնի ազդեցությունն ամբողջ աշխարհում[փա՞ստ]։

Գիտատեխնիկական հեղափոխությունը տնտեսական կյանքի միջազգայնացումը հասցնում է էլ ավելի բարձր մակարդակի։ Միջազգայնացվում է արտադրությունը, հաստատվում են սերտ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանի մակարդակով, ստեղծվում են տնտեսական համակարգեր, որոնցում մեծանում է ազգային տնտեսությունների սերտ փոխկապվածությունը։ Տնտեսական ավանդական կապերի կողքին ծնունդ են առնում գիտատեխնիկական համագործակցությունը, համատեղ տեխնոլոգիական ծրագրերի իրագործմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, աշխատուժի միգրացիայի տնտեսական կարգավորմանն ուղղված համագործակցության նոր ոլորտներ[փա՞ստ]։


Միջազգային տնտեսական ինտեգրման նպատակներն ու հետևանքները խմբագրել

Ինտեգրացիայի հետևանքներն են.

  • շուկայի ընդլայման և տրանսակցիոն ծախսերի նվազման արդյունքում գոյացող առավելությունների օգտագործում,
  • փոխադարձ առևտրի, ինչպես նաև բարենպաստ արտաքին քաղաքական միջավայրի, այսինքն՝ քաղաքական, ռազմական, սոցիալական, մշակութային և այլ ոչ-տնտեսական ոլորտներում մասնակից երկրների համագործակցության ամրապնդման գործում, ավելի կայուն և կանխատեսելի միջավայրի ստեղծում,
  • բազմակողմանի արևտրային և այլն բանակցություններին մասնակցելու համար երկրների խմբերի ստեղծում,
  • խորը տնտեսական բարեփոխումներ իրականացնող երկրների տնտեսության վերակառուցման նպաստում՝ տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի միջոցով կապակցելով դրանց շուկայական զարգացման ավելի բարձր մակարդակի վրա գտնվող երկրների հետ,
  • ազգային արդյունաբերության երիտասարդ ոլորտների աջակցում, որոնց համար գոյանում է ավելի լայն տարածաշրջանային շուկա,
  • արտադրության արդյունավետության աճ,
  • սոցիալ-տնտեսական գործընթացների կարգավորման հնարավորություն տարածաշրջանային մակարդակում,
  • շուկայի հագեցվածության ապահովում,
  • տնտեսական և քաղաքական համախմբման և միջազգային ռազմական անվտանգության ապահովում։


Ինտեգրացիայի նպատակներն են.

  • Լայնածավալ տնտեսության առավելությունների օգտագործում, ինչը հանգեցնում է շուկայի չափի ընդլայնմանը, տրանսակցիոն ծախսերի կրճատմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի։
  • Արտաքին քաղաքականության բարենպաստ միջավայրի ստեղծում։
  • Առևտրային քաղաքականության խնդիրների լուծում։
  • Տնտեսական վերակազմավորման խթանում։ Շուկայական փորձի փոխանցման արդյունավետ մեթոդ է համարվում է շուկայական տնտեսություն ստեղծող կամ խորը տնտեսական բարեփոխումներ իրականացնող երկրների ներգրավումը շուկայի զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող երկրների տարածաշրջանային առևտրային համաձայնագրերին։ Ավելի զարգացած երկրները, որոնք իրենց հարևաններին ներգրավում են ինտեգրացիոն գործընթացներում, նույնպես շահագրգռված են զարգացնել իրենց շուկայական բարեփոխումները և ստեղծել նոր հզոր շուկաներ։
  • Ազգային արդյունաբերության երիտասարդ ոլորտների աջակցում, քանի որ դրանք առաջացնում են ավելի լայն տարածաշրջանային շուկաներ։


Ինտեգրացիայի նախադրյալները խմբագրել

Կան նաև մի շարք նախադրյալներ, որոնք նպաստում են ինտեգրացիոն գործընթացների առաջացմանը.

  • տնտեսական զարգացման մակարդակների և ինտեգրող երկրների շուկայական հասունության աստիճանի մոտեցում,
  • ինտեգրվող երկրների աշխարհագրական հարևանություն, ընդհանուր սահմանի և պատմականորեն հաստատված տնտեսական հարաբերությունների առկայություն,
  • երկրներում զարգացման, ֆինանսավորման, տնտեսական կարգավորման, քաղաքական համագործակցության և այլ բնագավառներում ընդհանուր տնտեսական և այլ խնդիրներ,
  • ցուցադրական էֆֆեկտ,
  • «դոմինոյի էֆֆեկտ»։


Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ձևերը և փուլերը խմբագրել

Միջազգային տնտեսական ինտեգրման արդի տեսության մեջ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը առանձնացվում է հինգ փուլերով.

  1. Ազատ առևտրի գոտի
  2. Մաքսային միություն
  3. Ընդհանուր շուկա
  4. Տնտեսական միություն
  5. Քաղաքական և տնտեսական միություն


Ժամանակակից ինտեգրացիոն կազմավորումները խմբագրել

2000-ականների սկզբին Համաշխարհային առևտրի կազմակերպության (ՀԱԿ) քարտուղարության համաձայն, աշխարհում գրանցվել է ինտեգրացիոն բնույթի 214 տարածաշրջանային առևտրային համաձայնագրեր։ Միջազգային տնտեսական ինտեգրման ասոցիացիաները գոյություն ունեն աշխարհի բոլոր շրջաններում, որոնք ընդգրկում են զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներ և սոցիալ-տնտեսական համակարգեր։
Բազմաթիվ ինտեգրացիոն խմբերից են հետևյալները. Արևմտյան Եվրոպայում Եվրամիությունը (ԵՄ) և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան, Հյուսիսային Ամերիկայում Ազատ առևտրի հյուսիսամերիկյան ասոցիացիան (ՆԱՖՏԱ),Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը (ԱԽՏԽ), Ասիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ASEAN), Լատինական Ամերիկայում Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիան և Mercosur, Աֆրիկայում Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունը (ECOWAS) և Կենտրոնական Աֆրիկայի մաքսային և տնտեսական միությունը (UDEAC): «Երրորդ աշխարհում» կան մի քանի տասնյակ տարածաշրջանային տնտեսական միություններ, սակայն դրանց արժեքը համեմատաբար փոքր է։
Ինտեգրացման առաջին քայլերն արվել են 1951 թվականին, երբ Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան (ԳՖՀ), Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը ստեղծեցին Ածխի և պողպատի եվրոպական միավորումը, այնուհետև, նույն երկրների կողմից 1957 թվականին կազմակերպվեց Եվրոպական տնտեսական համագործակցությունը (ԵՏՀ)՝ «Ընդհանուր շուկան», և, միաժամանակ, Ատոմային էներգիայի եվրոպական ընկերակցությունը։ 1960 թվականին Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ կազմակերպվեց Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան (ԱԱԵԱ)՝ Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի մասնակցությամբ։ Արևմտաեվրոպական Ինտեգացիան ամրապնդեց արևմտյան երկրների միջազգային տնտեսական կապերը։ Շուկաների ընդլայնմամբ արագացավ արտադրության և կապիտալի համակենտրոնացումը, որը խթանեց կապիտալի արտահանումը խմբավորումների ներսում և երրորդ երկրներից (հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներից)։ Պետական ինատեգրացիոն խմբավորումների առաջացումը նպաստեց երկրների միջև կապիտալի մասնավոր արտահանման հետագա զարգացմանը, միջազգային և բազմազգ ընկերությունների արագ աճին՝ որպես ինտեգրացման պրոցեսի կարևոր տարր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 352