Տնայնագործություն

Տնայնագործություն, գյուղացիական տնտեսության մեջ ընտանիքի ուժերով հայթայթվող հումքով կազմակերպվող և միայն այդ ընտանիքի կարիքները բավարարող արտադրություն։ Տնայնագործությունը անխզելիորեն կապված է երկրագործությանը և բնատնտեսության անհրաժեշտ պարագան է։ Առաջացել է նախնադարյան համայնական կարգերի դարաշրջանում, մարդկանց արտադրագործունեության հիմնական ճյուղերի՝ անասնապահության և երկրագործության ձևավորմանը զուգահեռ։ Տնայնագործությունյան արտադրանքի այս կամ այն տեսակի զարգացումը կախված է եղել տեղական պայմաններից և առկա հումքից։ Տնայնագործությունյան առավել վաղ և համապարփակ տեսակներն են եղել մորթու, կաշվի, Փայտի, փայտակեղևի զանազան մշակումները, թաղիքի պատրաստումը։ Նախնադարյան դարաշրջանում ծղոտից, մազից, բնաթելերից և այլ հումքերից հյուսվածքների (պարան, ցանց, զամբյուղ, ամաններ և այլն) արտադրությամբ սկիզբ է դրվել մանածագործության զարգացմանը։ Թելերի հյուսումից սկիզբ է առել մանումը, իսկ վերջինից՝ պարզունակ դազգահներով (ուղղահայաց և հորիզոնական) ջուլհակությունը (ոստայնանկությունը)։ Տնտեսական կարևոր նշանակություն է ունեցել կավագործ, կամ բրուտագործ, արտադրությունը։ Տնայնագործությունը եղել է ֆեոդ տնտեսության բաղկացուցիչ մասը։ Գյուղացիական տնային արտադրանքների և նահապետական (բնատնտեսական) երկրագործության միատեղությունը բնորոշ է եղել վաղ միջնադարյան տնտեսակարգին։ Տնայնագործությունյան արտադրանքները չեն հանվել շուկա, դրանք օգտագործել են իրենք՝ արտադրողները, այսինքն՝ արտադրությունները դեռևս չեն եղել արդյունաբերության ինքնուրույն ձևեր։ Տնայնագործությունյան արտադրանքները գյուղացու տնտեսության սահմաններից դուրս՝ հողատիրոջը, հասել են սոսկ բնահարկի տեսքով։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում Տնայնագործությունը աստիճանաբար վերաճել է արհեստների, բայց իսպառ դուրս չի մղվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png