Տիցիանո Վեչելլիո կամ Տիցիան (իտալ.՝ Tiziano Vecellio[2], մոտ 1490[6][7], Պիևե դի Կադորե, Վենետիկի հանրապետություն[4][5] - օգոստոսի 27, 1576[3][4][5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5][8][9]), իտալացի գեղանկարիչ։ Վերածննդի դարաշրջանի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր Վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։

Տիցիան
Tizianо Vecellio
Դիմանկար
(գեղանկարիչ)
Ծնվել է1477
ԾննդավայրՊյեվե դի Կադորե, (Իտալիա)
Մահացել էՕգոստոսի 27, 1576
Մահվան վայրՎենետիկ, (Իտալիա)
ԳերեզմանSanta Maria Gloriosa dei Frari[1]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Կրոնկաթոլիկություն
ԵրկերԿինը հայելու առաջ, The Crowning with Thorns?, Madonna of the Rabbit?, Ուրբինյան Վեներա, Կառլոս V-ի ձիավոր դիմանկարը, Pope Paul III and His Grandsons? և Tarquin and Lucretia?
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, գծագրող և նկարիչ-փորագրող
ԱմուսինCecilia Soldano?
Ծնողներհայր՝ Gregorio Vecellio?
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
ԵրեխաներOrazio Vecellio?, Տիզիանելո և Lavinia Vecellio?
Ստորագրություն
Изображение автографа
 Titian Վիքիպահեստում
Վեներան հայելու առջև, 1555
Շիրիմը Տիտիան է Վենետիկի.

Կենսագրություն խմբագրել

Տիցիանը 10 տարեկանում Վենետիկում խճանկարչության դասեր է առել Սեբաստիան Ձուկատոյից, մի քանի տարի անց աշակերտել է նկարիչ Ջովաննի Բելլինիին՝ Ջորջոնեի և ապագա նշանավոր այլ նկարիչների հետ։ Մոտ 1508 թ-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմանական իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս մահից (1510 թ.) հետո ավարտել է նրա «Քնած Վեներան» կտավը։ Տիցիանն աշխատել է հիմնականում Վենետիկում, նաև Պադուայում (1506 թ.), Ֆեռարայում (1516 և 1523 թթ.), Մանտուայում (1536-37 թթ.), Ուրբինոյում (1542-44 թթ.), Հռոմում (1545-46 թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550-1551 թթ.)։ Ստեղծել է աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով նկարներ, հայտնի է նաև որպես դիմանկարիչ։ Տիցիանը 30 տարեկանում Վենետիկի լավագույն նկարիչն էր։ Նրա արվեստն աչքի է ընկնում կյանքի բազմակողմանի ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ։ 1510-ական թվականների կեսից Տիցիանը մշակել է ուրույն ոճ. նրա կերպարներին բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝ մաքուր գույների ներդաշնակությունը։ 1510-1530-ական թվականներին նկարիչն առավելապես ստեղծել է պաթոսով և դինամիկայով օժտված գործեր՝ «Սալոմե» (1515 թ.), «Ֆլորա» (մոտ 1515 թ.), «Երկնային և երկրային սեր» (մոտ 1515-1516 թթ.), «Աստվածամոր համբարձվելը» (1518 թ.), «Կեսարի դինարը» (1518 թ.), կենսալի կերպարներ, սլացիկ շարժումներով հորինվածքներ («Բաքոսը և Արիադնան», 1523 թ.)։ Տիցիանը կրոնական և դիցաբանական թեմայով նկարներում հաճախ ներմուծել է ճարտարապետական ֆոն և կենցաղային մանրամասներ («Պեզարո ընտանիքի տիրամայրը», 1526 թ., և այլն)։ 1519-1526 թթ-ին որմնանկարել է մի շարք Ավագ խորաններ։ Տիցիանի դիմանկարչական արվեստը ծաղկել է 1530-40-ական թվականներին. ժամանակակիցների կերպարներում ընդգծել է նրանց բնավորության գծերը, յուրաքանչյուրի համար գտել հորինվածքային հնարամիտ, գունային յուրօրինակ լուծումներ («Հիպպոլիտո Մեդիչի», 1532-33 թթ., «Վեներա», 1538 թ., «Պիետրո Արետինո», 1545 թ., «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ», 1545-46 թթ., և այլն)։ XVI դարի կեսից՝ ստեղծագործության ուշ շրջանում, Տիցիանը հասել է կատարյալ գեղանկարչականության և կրոնական ու դիցաբանական թեմաների մեկնաբանման բացառիկ խորության։ Մարդու մարմնի գեղեցկությունը նկարչի գործերի առանձնահատուկ թեմաներից է («Դանայա», մոտ 1554 թ., «Վեներան հայելու առջև», 1550-ական թվականներ, «Եվրոպայի առևանգումը», մոտ 1559 թ., և այլն)։ Այդ շրջանի կրոնական թեմայով նկարներին («Սուրբ Հիերոնիմոս», մոտ 1552 թ., «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին», 1560-ական թթ., «Սուրբ Սեբաստիանոս», 1570 թ., և այլն) բնորոշ են գունային նուրբ ելևէջներն ու ազատ կերպավորումը։ Տիցիանը գեղանկարչության մեջ մշակել է նոր տեխնիկա. ներկերը կտավին քսել է և՜ վրձնով, և՜ մատներով, և՜ քսաթիակով։ Նա ստեղծել է նաև գծանկարներ։ Տիցիանի նկարներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու դարաշրջանների նկարիչներ (Տինտորետո, Էլ Գրեկո, Ռեմբրանդ, Էդուարդ Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս և ուրիշներ)։ Նրան անվանել են Աստվածային Տիցիան։ Տիցիանի գործերից պահվում են Լոնդոնի ազգային, Բեռլինի, Հռոմի Բորգեզե, Ֆլորենցիայի Պալատին պատկերասրահներում, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ և այլ թանգարաններում։ Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

Իսպանիայի Կառլոս V թագավորը Տիցիանին հրավիրել է իր մոտ և արժանացրել հատուկ պատվի ու հարգանքի։ «Ես կարող եմ ունենալ հերցոգ, սակայն չեմ կարող գտնել երկրորդ Տիցիան», - ասել է նա։ Մի անգամ նկարելու ժամանակ Տիցիանի ձեռքից վրձինն ընկել է։ Կառլոս V-ը բարձրացրել է այն և ասել. «Տիցիանին ծառայելը պատիվ է նույնիսկ թագավորի համար»։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Էլի Ֆոր, Արվեստի պատմություն (վերածնվող արվեստ), հատոր 3, Ե., «Սարգիս Խաչենց», 2008։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիցիան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 19